«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բաց նամակ տիար Տարոն Մարգարյանին

Բաց նամակ տիար Տարոն Մարգարյանին
18.09.2012 | 01:32

Արգո տիար, նախ կեցցե՛ք Ազնավուրի հրապարակի դեկորատիվ ջրավազանի վերականգնման ու Երևանի կենտրոնը գեղաշեն նստարաններով զարդարելու համար։ Քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ, զորօրինակ, քաղաքապետեր Ալբերտ Բազեյանը, Սուրեն Աբրահամյանը և Երվանդ Զախարյանն այդպես էլ իրենց կառուցողական հետքը չթողեցին «քաղաքամոր» պատմության մեջ։ Չմոռանանք` Գագիկ Բեգլարյանն էլ Երևանի կամուրջները զարդարեց հոլանդական վարդակակաչների (կամ կակաչավարդերի) հազարավոր թաղարներով, բնակչությունն իր հերթին «ընդառաջ գնաց» յուր քաղաքագլխին, և երկու շաբաթ ու երեք օր անց ծաղիկներն անհետացան։ «Ընդունելի» է, զի միակ բանը, որը մայրաքաղաքի բնակիչները չեն յուրացնում հետընտրական օրերին, քաղաքում թափված նախընտրական բյուլետեններն են։ Բեգլարյանին հաջորդեց ոչ անհայտ Կարեն Կարապետյանը։ Վերջինս «դրայվեց-դրայվեց» և, ի վերջո, «դրեյֆեց»։ Մի խոսքով, Դուք, տիար Մարգարյան, ունեք աննախադեպ հնարավորություն պատմության մեջ մնալու ոչ միայն նստարան-մստարաններով, այլև Ծիծեռնակաբերդի անտառի վերածնունդով։ Հառա՜ջ։
Կիրակի օրը Վրաստանից ժամանած և յուրօրինակ ազգամիջյան խառնուրդ ներկայացնող հյուրիս իր ցանկությամբ ուղեկցեցի հուշաբլուր։ Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո Շոթա Վրթանեսի Ամիրէջիբին ցանկացավ շրջել Ծիծեռնակաբերդի անտառում։ Ի դեպ, Շոթայի պապերից մեկը վրացի է, մյուսը` մեգրել, մի տատը հայ է, մյուսը` եզդի։ Երևի այս «կոկտեյլն» է պատճառը, որ նրա մի աչքը կանաչ է, մյուսը` երկնագույն, մազերը շեկ են, բեղերը` կարմիր։ Մի խոսքով, շրջեցինք։ Ավելի լավ կլիներ` Կիևյան կամրջից գլխիվայր նետվեի Հրազդանում խեցգետին որսացող վետերան ձկնորս Բարեղամի գլխին։ Շոթայի բերանը բաց էր մնացել։ ՈՒ այդպես էլ չփակվեց, մինչև որ գնացքը չանցավ Սադախլոյի անցակետը։ Քանզի ամենուր (եթե չգիտեք, իմացեք) ծառերը տառապում են ծարավից, մացառուտներ են, աղբ և նախորդ աշնանը չորացած տերևներ։ Անտառի խորքերից պարբերաբար լսվում է ոչ պլատոնական սիրով ջերմացած զույգերի մռլտոցը։ Այնպես որ, գեղեցիկ մի օր համեցեք Ծիծեռնակաբերդ, շրջեք հարավից հյուսիս և անցեք գործի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Շոթան, ի դեպ, ընդդիմադիր կայքի խմբագիր է և խոստացավ այս մասին գրել-մրել։

Դիտվել է՝ 3194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ