«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Նյութապաշտի հայրենիքը մի երկրամաս է լոկ և ուրիշ ոչինչ». Նժդեհ

«Նյութապաշտի հայրենիքը մի երկրամաս է լոկ և ուրիշ ոչինչ». Նժդեհ
11.09.2012 | 03:03

Հայի զարմանալի մարդկայնության և ասպետական ոգու մասին է բանաստեղծում հայ հեթանոսական ֆոլկլորը. «Աշխարհի ո՞ր մեծ, ո՞ր աշխարհակալ ազգը պիտի չուզենար իր ֆոլկլորի մեջ ունենալ այս իմաստալից պատառիկը» (Նժդեհ):

Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ հավանեաց բանից աչագեղոյ
դստերս ալանաց`
տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու
Ոչ է օրէն դիուցազանց`
Զայլոց դիուցազանց զարմից
Բառնալ զկենդանիություն
կամ ծառայացուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եվ թշնամություն հավիտենական
Ի մէջ երկոցունց
Ազգաց քաջաց հաստատել...

Կարդում ես` «ոչ է օրէն» քաջի համար օտար դյուցազնին վերացնել, ստրկացնել, ծառայեցնել, ազգերի մեջ հավերժական թշնամություն ստեղծել և խորապես հպարտանում ես հեթանոս հայի զարմանալի մարդկայնության, ասպետական ոգու համար:
Իսկ մի՞թե այսօրվա հայի համար օրինակ չեն ծառայում Արտաշես արքան, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, զորավար Անդրանիկը, մեծ հայրենասեր Մոնթեն, որոնք այսօր էլ ապշեցնում են իրենց ասպետական ոգով, զարմանալի մարդկայնությամբ, մեծահոգությամբ, հանդուրժողությամբ:
Հիշո՞ւմ եք, ինչպիսի մեծահոգությամբ էր Մոնթեն խնդրում իր զինվորներին` չկրակել վառվող տանկից փախչող ադրբեջանցի պատանիների վրա. ինչպես էր իր արյունը տալիս ներարկելու մահամերձ ադրբեջանցի զինվորին, ինչպես էին Արցախում մարտնչող հայ մարտիկներն իրենց օրաբաժնով կերակրում հսկայամարմին, հյուծված ադրբեջանցի զինվորին, իսկ իրենք մնում կիսաքաղց, ինչպես էր ադրբեջանցի գերի զինվորն ուրախ-ուրախ թրևում մեր զորամասի տարածքում` վայելելով հայ աղջիկների ու կանանց հյուրասիրած շոկոլադը:
Այս ամենը, անշուշտ, հեթանոս, թե քրիստոնյա հայի ասպետական ազնվագույն ոգու վկայությունն է: Իսկ ինչո՞ւ այսօր և վաղը մենք մարդկային, ասպետական, հանդուրժող, ներողամիտ, սիրալիր վերաբերմունք չպետք է ցուցաբերենք հայ մարդու նկատմամբ, թեկուզ երբեմն մեղավոր, երբեմն սխալական. չէ՞ որ մարդկությունը դեռ Արիստոտելից, Պլատոնից, Ցիցերոնից, Մխիթար Գոշից ու Սմբատ Գունդստաբլից սկսած օրենքներ է սահմանել մարդկանց ճիշտ ուղի ցույց տալու, միայն իրենց հանցանքին համապատասխան պատժելու համար:
Սակայն ինչո՞ւ մեր օրերում «Հարսնաքարում» դաժանորեն ծեծեցին ու սպանեցին մեր հայրենակիցներին. ինչո՞ւ Իջևանի ռեստորանում սեղանակիցը, պատկերացնո՞ւմ եք` հացընկերը, ինչպիսի՜ սրբապղծություն, մի «արա» բառի համար դանակը խրում է ընկերոջ սիրտը:
Ինչո՞ւ նորանկախ հայրենիքում հայ մարդն այդպիսի դաժանություններ է գործում: Թերևս հայ հանրությունը հեռացել է հոգևոր հայրենիքի` հայրենապաշտության սրբազան գաղափարից: Հաճախ ասում են` պատճառները սոցիալական են: Դա համոզիչ չէ. հայ ժողովուրդը սոցիալական ավելի ծանրագույն վիճակներում է եղել, բայց նման բարոյական անկում չի ապրել:
Այո, հայրենապաշտությունը պետք է դրսևորվի ամենուր և ամեն քայլափոխի, որ ծաղկի ու հզորանա մեր փոքրիկ հայրենիքը:
Պետականորեն, ֆինանսների նախարարի մակարդակով հայտարարում ենք` տնտեսության 30-40 տոկոսը ստվերում է. բայց չէ՞ որ այդ անիծյալ ստվերի գոնե կեսը եթե բացահայտենք, ապա հազար-հազարներ աշխատանք կունենան, կթուլանա սոցիալական լարվածությունը, տասնյակ հազարներով չեն լքի հայրենիքը:
Չէ՞ որ այս հուսահատեցնող արտագաղթը յուրատեսակ ցեղասպանություն է, հայրենադավություն: Արդեն 1,2 միլիոն հայ հեռացել է հայրենիքից. ամեն տարի հեռանում են ևս 50-60 հազարը` օտարության մեջ մի քիչ ավելի վաստակելու, մի քիչ ավելի հարմարավետ ապրելու, մի քիչ ավելի փառք ձեռք բերելու համար: Լավ, իսկ եթե ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը դռները լայն բացեն, ազգովին պետք է լքե՞նք հայրենիքը և օտարության մեջ գինետնային հայրենասիրություն խաղա՞նք: Սա ժողովրդագրական մեծ աղետ է, պետական ու ազգային անվտանգության խնդիր. ուրեմն մի՞թե չարժե վճռականորեն բացահայտել տնտեսության ստվերը և ինչ-որ չափով կանխել ահագնացող աղետը. թե՞ իշխանություններն ի զորու չեն կամ... Եթե իրոք այդպես է, ուրեմն չափազանց տարակուսելի է, և ենթատեքստում տխուր մտորումներ են արթնանում:
Ազգային ու պետական անվտանգության խնդիր է նաև այն, որ մեր երկրի 360 հազար քաղաքացի դարձել է աղանդավոր, որոնց 42 տոկոսը քայքայիչ աղանդին է պատկանում` լրջորեն պառակտելով հայ հանրությունը` բարոյաքաղաքական, տնտեսական հենարան դառնալով օտարերկրյա նենգավոր խարդավանքներին: Բայց չէ՞ որ հայրենապաշտությունը կարող է արմատախիլ անել այս ազգադավ գործընթացը:
Այո, հայրենապաշտություն ամենուր և ամեն քայլափոխի։ Ակնհայտ է, որ անպատժելիությունը հանցանք է ծնում: Իսկ մենք ի՞նչ ենք արել և ի՞նչ ենք անում. դեռ խորհրդային իշխանության տարիներին Արփա-Սևան ջրատարի գործարկումով նախատեսված էր Սևանա լճի մակարդակը հասցնել 1908 մետր ցուցանիշի: Իսկ ի՞նչ է կատարվել վերջին 20 տարում. մի խումբ մեծահարուստներ ու իշխանավորներ` հանրապետական ու տեղական պաշտոնյաների հանցագործ թողտվությամբ ջրամերձ տարածքներում կառուցել են հյուրանոցներ, ռեստորաններ, դղյակներ` լուրջ խնդիրներ ստեղծելով տնտեսական ու քաղաքական մարտահրավերներից շփոթահար ներկա իշխանությունների համար: Եվ տարօրինակ է, որ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, այն դեպքում, երբ Եվրոպայում 10-20 տարվա վաղեմության մեղքերի համար պատժվում են հանրահայտ նախագահներ, վարչապետեր: Իսկ մենք ինչո՞ւ հաշիվ չենք պահանջում նրանցից, ովքեր այսպես անխղճորեն, զզվելի նյութապաշտությամբ պղծել են մեր ազգային խորհրդանիշը` Սևանա լիճը. չէ՞ որ այսօր պարզից էլ պարզ է, որ առանց Սևանի, հատկապես մաքրամաքուր Սևանի, Հայաստան գոյություն ունենալ չի կարող: Ակնհայտ է, որ տասնամյակներ անց խմելու ջուրը, այսինքն` Սևանի մաքրամաքուր ջուրը, ավելի թանկ կլինի, քան ցանկացած հանքանյութ: Մի՞թե այսօր էլ ազգովին չենք հասկանում, որ աչքի լույսի պես պետք է փայփայել մեր հույսը` Սևանը, նաև նրա կենդանական աշխարհը:
Ցավոք, ի՜նչ փայփայելու մասին է խոսքը, երբ նախկին նախարարը, որն այսօր պատասխանատու պաշտոն է զբաղեցնում խորհրդարանում, «Երկիր մեդիա» հեռուստաալիքով կայացած հարցազրույցում, արձագանքելով լրագրողի հարցին, խրոխտաբար պատասխանում է` ասենք ու Սևանի մակարդակը բարձրացավ, ի՞նչ եք անելու։ Պարոնն այսքան ժամանակ դեռ չի հասկացել, որ մաքուր Սևանա լիճը խմելու ջրի անսպառ աղբյուր է. եթե լճի մակարդակը բարձրացնենք 6 մետրով, թերևս նույնիսկ 12 մետրով և ապահովենք մաքրամաքուր վիճակը, ապա այն ապագա սերունդների համար կդառնա հարստության անսպառ աղբյուր: Հարևան երկրները, մասնավորապես արաբական աշխարհը, ոսկով կգնեն այն: Դե, պարոնի համար ի՜նչ ապագա սերունդ. նրան հետաքրքրում է միայն սեփական բիզնեսը, նա թքել է Սևանա լճի վրա էլ, ապագա սերունդների բախտին էլ:
Իսկ հանքերի մասին խոսելիս պարոնն ուղղակի նետում է` բերեք մի դուխով տղա, տեսնենք ո՜նց է մշակում, մոռանալով, որ դուխով տղերքը ինքն ու իր շրջապատն են, որոնք քաջություն չունեն ասելու` այ տղա, էդ ո՞նց ես խոսում ժողովրդիդ հետ:
Այո, հայրենապաշտություն ամեն քայլափոխի ու ամեն պարագայում։ Մեր ժողովրդի խորհրդանիշն է նաև մայրաքաղաք Երևանը: Իսկ ինչպե՞ս ենք վարվում նրա հետ։ Երբ ունկնդրում ես Երևանին նվիրված բազմաթիվ հրաշալի երգերը, հոգիդ հրճվում է, որ ունես այսպես գեղեցկորեն փառաբանված մայրաքաղաք, բայց հենց կարդում ու ունկնդրում ես ճարտարապետների, բնապահպանների, ազգային անվտանգությամբ անհանգստացող մասնագետների անժխտելի փաստարկները, հոգիդ նվաղում է ափսոսանքից, ցավից ու երկյուղից. այո, հենց երկյուղից, քանզի հայտնի է, որ տասնյակ բազմահարկ շենքեր վթարային են, շատերը հանցավոր թողտվությամբ կառուցվել և այժմ էլ կառուցվում են միմյանց անթույլատրելի մերձությամբ: Պարոնայք իշխանավորներ ու պատասխանատուներ, չէ՞ որ քաղաքն ակտիվ երկրաշարժային գոտում է, մի՞թե դուք երկյուղ չունեք. հապա մի պահ մտովի պատկերացրեք հնարավոր աղետը... Ցավոք, ոչ ոք պատասխանատվություն չի կրում, ոչ մեկը չի պատժվում այս ազգավնաս քաղաքաշինության համար:
Այո՛, հայրենապաշտություն ամեն քայլափոխի, ամեն պարագայում։ Ժողովրդին ճանաչում են առաջին հերթին իր մշակույթով: Իսկ մենք ի՞նչ ենք մատուցում ունկնդրին, օրինակ, Հ1, Հ2, «Արմենիա» հեռուստաալիքներով: Մատուցում ենք ոչ հայեցի, սրտխառնոց առաջացնող կլկլոցներ, և զարմանալի է, որ շնորհալի երգիչները, որոնք ունեն հրաշալի ձայն, հաճախակի շեղվում են իրենց ազգային նկարագրից` տհաճ կլկլոցով փչացնում երգը:
Վերջապես ժողովրդին ինչո՞ւ չենք մատուցում դասական երաժշտություն` Կոմիտաս, Խաչատրյան, Սպենդիարյան, ինչո՞ւ մեր հրաշալի օպերաներից հատվածներ չենք հաղորդում, նաև հանրամատչելի սիմֆոնիկ ստեղծագործություններ` զարգացնելու համար ժողովրդի ճաշակը:
Չեմ կարող չարտահայտվել նաև հեռուստաալիքներով, հատկապես Հ1-ով օրուգիշեր ամոթալիորեն բազմիցս կրկնվող անորակ սերիալների ու «կարուսելների» մասին: ՈՒնկնդրելով այդ անորակությունները, տպավորություն է ստեղծվում, թե հայ տղամարդը հակված է բռնությունների, պատրաստ է ամեն առիթով բռնաբարելու և, որ նողկալի է, բռնաբարելու իր աղջկա ընկերուհուն, ընկերոջ կնոջը և էլ ում ասես։ Պարոնայք սցենարիստներ, ամոթ է, դա պարզապես հայերեն չէ: Եվ մի բան էլ` հիշյալ սերիալների հերոսները մեծ մասամբ կրում են օտար, հայի համար անհարազատ անուններ, որոնք էլ օրինակ են դառնում կիսագրագետ, ազգային արժանապատվությունից զուրկ քաղաքացիների համար. չէ՞ որ մեր հրաշալի ուստրերն ու դուստրերը մի օր կարող են դառնալ երկրի նախագահ, վարչապետ, արտգործնախարար, հայոց վեհափառ:
Պարոնայք իշխանավորներ, այսպիսի անօրինականությամբ, թողտվությամբ, անտարբերությամբ, անհայրենասիրությամբ հայրենիք չի հզորանա ու ծաղկի:
Այո, ամենուր իշխում է կործանարար, ապականող նյութապաշտությունը։ «Նյութապաշտի հայրենիքը մի երկրամաս է լոկ (մի «Հարսնաքար», մի սուպերմարկետ- Ա. Ծ.) և ուրիշ ոչինչ. նմանը սիրում է իրեն կերակրող, սպասարկող երկիրը և դա անվանում է հայրենասիրություն» (Նժդեհ):
Այո, «ոչ էօրեն»` տմարդի վարվել հայրենակցի, ընդհանրապես մարդու հանդեպ. չէ՞ որ յուրաքանչյուր հայ մեր հայրենիքի մասնիկն է, մեր ժողովրդի, մեր ընտանիքի պաշտպանն ու ապավենը։ ՈՒրեմն ինչո՞ւ...
Վերջապես ի՞նչ անել անընդունելի երևույթները կանխելու, «հայի լավագույնը» ոգեկոչելու համար։ Թերևս հարկ է ամենուր հետևողականորեն ու վճռականորեն քարոզել ու ներարկել հայրենասիրություն, ոչ, հայրենապաշտություն։
Անժխտելի է, որ հայրենապաշտ հայը` լինի «Հարսնաքարի», թե սուպերմարկետի տեր, դրանց անվտանգությունն ապահովող բարձրաստիճան պաշտոնյա, ոստիկան, շարքային քաղաքացի, երբեք բռնություն չի գործադրի, թալանով ու կաշառակերությամբ չի զբաղվի, որպես ազնվագույն քաղաքացի կպաշտի ողջ հայաշխարհը, կհարգի յուրաքանչյուր հայի:
«Եթե չես կարող ապրել ուրիշի հոգսերով, մի լինիր առաջնորդ», դեռևս ո՜ր դարում է գրել Եզնիկ Կողբացին: Թերևս, յուրաքանչյուր բիզնեսմեն, «Հարսնաքարի» ու սուպերմարկետի տեր յուրովի առաջնորդ է, քանզի սպասարկում է հասարակությանը, ուրեմն պետք է հայրենասիրություն տարածի, որ ազնվորեն ծաղկի իր բիզնեսը, և երբեք «Հարսնաքար» չպատահի: Վերջապես, հանրապետական դիրքի, թե տեղական յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է լինել հայրենապաշտ և հասարակությանը դաստիարակել այդ ոգով, այլապես այս խուժադուժ թշնամական շրջապատում մենք ամեն ինչ տանուլ կտանք:
Հայրենապաշտ զորավար ու փիլիսոփա Նժդեհը հայ մարդուն պատգամել է. «Քեզնից զատ, խրատում է պատմությունը, ոչ ոք չի կարող փոխել քո դրությունը»։
«Չկա հայրենասիրություն` չկա հոգևոր հայրենիք: Եղածը լոկ աշխարհագրական սահմաններ են, իսկ նմանը ավազահիմն է, դյուրակործան, անապագա»։
«Չկա հրեշ, որ կարողանար գերազանցել անհայրենասերին, որ հոգեբանորեն անտարբեր է դեպի իր երկիրն ու ժողովուրդը»։
«Անհայրենասեր ժողովուրդը, եթե ոչ այսօր, անհայրենիք կդառնա վաղը»։
«Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա` անհայրենասերը»:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 3300

Մեկնաբանություններ