«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աջափնյակ, հակադրությունների հանգրվան

Աջափնյակ, հակադրությունների հանգրվան
11.09.2012 | 02:56

Աջափնյակում զբոսայգու հիմնարկեք է սպասվում, և մինչ երջանկությունից կիսաշնչահեղձ աջափնյակցիներն սպասում են սույն դարակազմիկ իրադարձությանը, այս «անբախտ» վարչական շրջանում, ավելի ստույգ, Ջանիբեկյան-Շինարարների փողոցների հատման վայրում, կանաչ մի օազիս «վարի գնաց»։ Վայրի կառուցապատման հերթական զուռնան փչեց, և հսկա մի փոս փորվեց։ Անշուշտ, հերթական բազմաբնակարան բազմահարկը կզարդարի այս վարչական շրջանը։ ՈՒ ի՞նչն է այստեղ էականը. վստահաբար այս կառուցապատման թույլտվության հեղինակները վաղուց են լքել քաղաքապետարանը։ Եվ հանգիստ ու անվրդով պաշտոնավարում են այս ու այնտեղ, տեղները` տաք, փորները` կուշտ։ Խղճներն էլ, հավանաբար, հանգիստ։ Ինչո՞ւ է Աջափնյակն «անբախտ»։ Նախ` չունի գյուղմթերքի շուկա։ Երկրորդ` քսան տարվա հեռանկարով կառուցված նշանավոր «խրուշչովկաներն» արդեն բոլորել են կես դարը։ Բազմաթիվ վթարային շենքեր կան Աջափնյակում, որոնք այսօր չէ, վաղը պետք է որ «իրենց մահկանացուն կնքեն»։ Այսինքն, Աջափնյակում հիմնարար կառուցապատման խնդիր կա, մի բան, որը վեր է վարչական շրջանի լիազորություններից ու հնարավորություններից։ Եվ համապետական լուծում է պահանջում։ Բայց Աջափնյակում մեկ այլ թնջուկ է առկա։ Հինգ տարի առաջ Սուրբ խաչ եկեղեցու հիմնարկեքն էր, սակայն հիմնարկեքով էլ ավարտվեց Սուրբ խաչի շինարարությունը։ Հուսանք` առայժմ։ Այսպիսով, չկա հոգևոր տաճարը, չկա աշխարհիկ զվարճանքը, բանջարաբոստանային և մրգապտղային հանգրվանը` շուկան։ Բարեբախտաբար, վերջին տարիներին վարչական շրջանում հոգատար ձեռք է զգացվում, շրջանն օր օրի հարդարուն է դառնում։ Եվ այս համատեքստում անգամ «խրուշչովկաներն» են ոչ այնքան վանող։ Չմոռանանք մեկ այլ խնդիր, որն առավոտյան «դժբախտացնում է» աջափնյակցիներին, երեկոյան` «երջանկացնում»։ Խոսքը բուն Աջափնյակի մասին է, այսինքն` «խրուշչովկաների» հայրենիքի։ Բանն այն է, որ առավոտյան ժամերին Աջափնյակ մտնող ուղևորատար տրանսպորտը լցված է Սիլիկյան 17, 16, 15 և «ֆիզգարադոկ» թաղամասերի աննկուն բնակչությամբ, ովքեր ավտոբուսի և միկրոավտոբուսի պատուհանից ոտից գլուխ չափում են հնաբնակ աջափնյակցիներին։ Ժամանակին բուն Աջափնյակից դուրս գտնվող շենքերը, բակերն ու այգիները միավորված էին արհամարհական «Ջհանդամուշկա» անվան տակ։ Սակայն հետդարձի ճանապարհին Աջափնյակի աբորիգենները տրանսպորտային երանության մեջ են. նախ, իրենք են լքում շարժակազմը, հետո` «ջհանդամուշկեցիները»։
Մի խոսքով, սա Աջափնյակն է` հակադրությունների հանգրվանը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ