«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուսականից հրաժարվում են...շքեղությունից` նույնպես

Ռուսականից հրաժարվում են...շքեղությունից` նույնպես
30.07.2012 | 17:47

Գնալով Հայաստանում հետզհետե նվազում է ռուսական արտադրության ավտոմեքենաների պահանջարկը։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալների` 2012-ի առաջին վեց ամիսների ընթացքում ներկրվել է ՌԴ-ի արտադրության ընդամենը 617 տրանսպորտային միջոց, այն դեպքում, երբ 2011-ի նույն ժամանակահատվածում ներկրվել է 1,1 հազար ավտոմեքենա։

Սակայն, ՊԵԿ-ի տվյալներով, ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների քանակը շարունակում է ավելանալ։ Այլ կերպ ասած, մենք` հայերս, հրաժարվում ենք ռուսական արտադրության ավտոմեքենաներից` գերադասելով եվրոպական և ճապոնական արտադրության ավտոմեքենաները։ Արդյոք նշվածից կարելի՞ է ենթադրել, որ մեր բնակչության ֆինանսական հնարավորություններն այնքան են մեծացել, որ շքեղությունը հասանելի է դարձել։ Գուցե և այդպես մտածեինք, եթե չլիներ մեկ այլ տվյալ։ Նույն ՊԵԿ-ը փաստում է, որ Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների կեսից ավելին այս տարի եղել է էժանագին` դրանց գինը չի գերազանցել 5000 դոլարը։ Համաձայն նույն աղբյուրի տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում ներկրվել է 15,2 հազար ավտոմեքենա, որոնցից 8,4 հազարը` 5000 դոլար արժողությամբ։ Նկատենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի էժան ավտոմեքենաների ներմուծումն ավելացել է 83-ով։
Ավտոշուկայի փորձագետների գնահատմամբ` այս տենդենցը կպահպանվի մինչև տարեվերջ, և նրանք չեն բացառում, որ այն կարող է նաև շարունակական լինել։ Եթե չլիներ այն հանգամանքը, որ ներմուծվող ավտոմեքենաների տարիքը մեծ է, ապա կարելի էր ենթադրել, որ հայ ժողովուրդը, ի վերջո, հասկացել է, որ «Համմեր»-ները քաղաքի ավտոմեքենա չեն։ Բայց քանի որ նկատվում է մեծ տարիքի ավտոմեքենաների ներմուծման տենդենց, ապա պետք է ենթադրել, որ էժան մեքենաների ներկրումը պայմանավորված է բնակչության գնողունակությամբ։ Երբ փորձագետները կանխատեսում էին այդ գործընթացի շարունակականությունը, նրանք նկատի ունեին առաջին հերթին երկրի տնտեսական իրավիճակը։
Այն, որ մեր օրերում ավտոմեքենան շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն, փաստ է։ Բայց փաստ է նաև այն, որ նկատվում է բնակչության գնողունակության անկում։ Եվ ստեղծված իրավիճակում մարդը գերադասում է տարիքով մեծ, բայց էժան մեքենա ձեռք բերել։ Ներմուծվող ավտոմեքենաների արժեքը վերլուծելու դեպքում պարզ է դառնում ոչ միայն պահանջարկի պատկերը, որը թելադրված է ժողովրդի գնողունակությամբ, այլև ի հայտ է գալիս երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Համաձայնեք, որ հայկական մտածողության մեջ ամրագրված է, որ ավտոմեքենան պետք է շքեղ լինի, թանկարժեք, և եթե հայ մարդը հրաժարվում է իր նվիրական գաղափարից, նշանակում է, որ ոտքի տակի կարպետը կարճացել է։ Ինչը բնական է։ Եթե հետևենք երկրի տնտեսական զարգացումներին ոչ թե հիմնվելով ԱՎԾ-ի, այլ իրական տվյալների վրա, ապա կտեսնենք, որ Հայաստանի տնտեսությունում լուրջ զարգացումներ չկան։ Հակառակը, և՛ արդյունաբերությունում, և՛ շինարարությունում գործընթացները խիստ դանդաղ են ընթանում։ Այս պահին, սեզոնայնությամբ պայմանավորված, գյուղատնտեսության ոլորտում է աշխուժություն նկատվում։ Սակայն մեկ ոլորտի զարգացումը, որը սեզոնային բնույթ է կրում, դժվար թե լուրջ խթան լինի տնտեսության առողջության համար։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ