ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԻՆՉՈ՞Ւ ԱՆՑԱԾ 20 ՏԱՐՈՒՄ ՉՍՏԵՂԾՎԵՑ ՈՐևԷ ԼՈՒՐՋ ԳՈՐԾ

ԻՆՉՈ՞Ւ ԱՆՑԱԾ 20 ՏԱՐՈՒՄ ՉՍՏԵՂԾՎԵՑ ՈՐևԷ ԼՈՒՐՋ ԳՈՐԾ
12.07.2011 | 00:00

Իսկական հեղափոխությունները միշտ էլ աչքի են ընկել վեհ գաղափարներով, կատարողական բարձր արվեստով, երկաթյա կարգապահությամբ, դաժան պայքարով և գաղափարին անմնացորդ նվիրվածությամբ: Իսկական հեղափոխականների կերպարները ոչ միայն գերել են ազնիվ մարդկանց իրենց հպարտությամբ, այլև կամովին կառափնարան գնալու իրենց անձնազոհությամբ: Ո՞վ չի հիացել թշնամու զենքից պարտված, բայց հոգով, արիությամբ հաղթած, մահվան պատրաստ շարք կանգնած Փարիզի կոմունայի հերոսներով, որոնք թշնամուն չհանձնվելու համար, որովհետև սպառվել է փամփուշտը, նույն դանակով ինքնասպան էին լինում: Ո՞վ չի հիացել Հյուգոյի վեպերի հերոսներով, պատանի Գավրոշի կերպարով, որը պատրաստ էր կանգնելու պատի տակ, միայն թե կատարի թշնամուն տված իր վերադարձի խոստումը: Մի՞թե առանց ծով զգացմունքի, փղձկոցդ հազիվ զսպող արցունքների հնարավոր է նայել հպարտորեն դեպի մահ գնացող, պատահականորեն հեղափոխական դարձած լեյտենանտ Շմիդտին և վերջին անգամ իր սիրած տղամարդուն փակ դատավարության ժամանակ հանդիպելու համար ամեն ինչի պատրաստ, անգամ ատելի ժանդարմի ցինիկ առաջարկությանը` տրվել իրեն, Զինաիդա Պավլովնայի հոգու գեղեցկությամբ:
Մի՞թե հնարավոր է թվարկելով սպառել նման անհատների մասին ստեղծված արվեստի, գրականության, տաղանդավոր գրողների, կինոռեժիսորների, դրամատուրգների գործերը:
Անցել է արդեն քսան տարի, բայց հետխորհրդային տարածքում կատարված անարյուն (եթե այն կարելի է այդպես անվանել) հեղափոխությունների մասին առայսօր չի ստեղծվել որևէ վեհ, գաղափարին նվիրված, կրծքով հրակնատը փակող զինվորի, գեներալի, գյուղացու գերող կերպար: Ինչո՞ւ: Այդ հարցը հաճախ եմ տվել ինքս ինձ և շարունակ մտածել եմ պատասխանը գտնելու համար: Ինչո՞ւ: Մի՞թե արցախյան պատերազմի հերոսները պակաս քաջ էին, երբ որսորդական հրացաններով հաղթում էին մինչև ատամները զինված թշնամուն: Մի՞թե Շուշիի անառիկ բերդի գրավումը հերոսական չէր: Մի՞թե ակամայից զինվոր դարձած հայուհիները հերոսներ չէին, և գերող ոչինչ չկար, ռոմանտիկա չկար նրանց սրտերում։ Ինչո՞ւ քսան տարում ի հայտ չեկան մեր նորագույն պատմության հերոսական էջերը գեղարվեստի աստիճանի բարձրացնող գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ, արվեստագետներ:
Երևի սովը, մութ ու խավար տարիներն էին պատճառը` հաճախ եմ փորձել ինքս ինձ համոզել, սակայն, վայրկյաններ չանցած, ժխտել եմ ինքս ինձ: Ինչ է, ֆրանսիական հեղափոխության տարիներին սով ու խավար չի՞ եղել, կոմունայի գոյատևման 91 օրը կուշտ ու խրախճանքի օրե՞ր են եղել: Դեռ նոր էր ապաքինվել երկիրը քաղաքացիական 5-ամյա պատերազմից, բայց կարճ ժամանակ անց ի հայտ եկան Շոլոխովի դարակազմիկ գործերը, դատարկ տեղում ստեղծվեցին Դովժենկոյի, Բեկնազարյանի անմահ ֆիլմերը: Իսկ պատերազմից բզկտված երկրում ինչպիսի թափով էին զարգանում գիտությունը, արդյունաբերությունը, ինքնաթիռաշինությունը, տիեզերագնացությունը, կինոն, թատրոնը: Գուցե ոմանք դա բացատրեն Ռուսաստանի հարստություններով… Հազիվ թե: Այսօր էլ Ռուսաստանը հարուստ է, բայց քաղաքացիական ինքնաթիռներ է գնում Արևմուտքից: Հետևաբար, ինչո՞վ բացատրենք այն մեծ մտավոր դատարկությունը, որն այսօր ստեղծվել է անարյուն հեղափոխություններից հետո: Ինչ է, մարդը ծարավ՞ է արյան: Մի՞թե արյուն հեղելը զարգացման պայման է: Ո՛չ: Թեպետ պատմությունը ցույց է տալիս, որ մարդկային ցեղի պատմությունը պատերազմների պատմություն է: Արվեստի, գրականության լավագույն գործերն ստեղծվել են այդ թեմայով: Ասածիս լավագույն ապացույցը ցանկացած ժողովրդի ազգային էպոսն է: Մշակույթի մարդը կույր չէ, և ոչ միայն մշակույթի մարդը, նա սեփական աչքերով տեսնում և հոգով զգում է, որ անարյուն հեղափոխությունը չի կրում հեղափոխության որևէ ատրիբուտ, և պատճառը ոչ թե անարյուն հեղափոխությունն է, այլ ագահ, արյունռուշտ, անգաղափար, դատարկ «հեղափոխականների» սկսած ավերիչ, թալանող, անցյալի ամեն լավն անգամ ծաղրող հոգեբանությունը: Հեղափոխական սուրը չի պատժում ոչ մեկին, իսկ յուրայինն ընդհանրապես խաղից դուրս է: Համաշխարհային պատմությանը փոքր-ինչ գիտակ մարդը (մեծ պատմաբանի մասին չէ խոսքը) գիտի, որ մարդկային ցեղի պատմության մեջ ոչ մի թագավոր, ոչ մի կուսակցություն, ոչ մի անհատ այդպես չի ավերել ու թալանել սեփական երկիրը, ինչ կատարվել ու կատարվում է հիմա` հետխորհրդային տարածքում: Պատմության գիտակը տարիներ առաջ իր ելույթում անհեթեթության հասնող եզրահանգում արեց, թե խորհրդային երկիրն էլ սկզբում դժվարություններ է ունեցել, մոռացավ սակայն ասել, որ խորհրդային երկիրը զրոյից էր սկսել, ոչ թե իրենց պես նստել պատրաստի տորթի վրա և, չկշտանալով, ոչնչացրել այն: Երկրում մի կողմում ծաղկում է ծախվածությամբ, բարոյական անկմամբ, կաշառքով չնչին փոքրամասնության հարստությունը, իսկ մյուս կողմում` նվաստացումով, ծանր, տանջալից աշխատանքով, չարչիությամբ, գաղթականությամբ հաց հանապազօրյան աշխատողը: Վտանգավոր չափերի են հասնում աղանդավորությունը, մարմնավաճառությունը, արվամոլությունը, մանկապղծությունը: Հեռուստաէկրանից ցուցադրվում են մարդու հոգին ապականող, գռեհիկ, սեքսուալախառն, իգական սեռին որպես ապրանք ներկայացվող շոուները: Ազնվությունը, ասպետությունը, կնոջ մայրական էությունը, նրա խոր ներաշխարհը, սիրած աղջկա համար հերոսության պատրաստ տղամարդը վաղուց են անհետացել էկրանից: Նման պայմաններում հարց է առաջանում. ի՞նչ պետք է փառաբանի ստեղծագործող մարդը (եթե համընդհանուր քաոսում ինքն էլ չի ապականվել)` գրողը, բանաստեղծը, արվեստագետը։
Թատրոնն ո՞ւմ համար է, եթե չկա հանդիսատեսը: Գիրքն ո՞ւմ համար է, եթե չկա ընթերցողը: Գրողն ո՞ւմ ծաղրի, ո՞ր քաղաքական կուսակցության լիդերին, երբ այդ լիդերն ինքն է ծաղրում իրեն, և ամբոխն ինքնամոռաց ծափահարում է այդ կուռքին։ Խեղճ կոմպոզիտորն ինչպե՞ս գրի հերոսական սիմֆոնիա պրիմիտիվ ոճաբանությամբ խոսող քաղաքական գործչի մասին, որ լսողը հավանի: Որքան էլ պարտադրված լիներ կոմունիստական կուսակցության առաջնորդների փառաբանումը, միևնույն է, եթե չլիներ նրանց կերպարներում ռացիոնալ հատիկ, ոչինչ չէր գրվի։ Դեռ որքան կշարունակվի այդ ամորֆ վիճակը, դժվար է ասել:
Չգիտեմ, ստացվեց թե ոչ, բայց սա է, իմ կարծիքով, երկրում ստեղծված մտավոր մտքի վակուումի պատճառը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ