ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը

Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը
13.02.2009 | 00:00

«ՔՅՈՌՕՂԼԻ» ՆԱԽԱԳԻԾԸ
Հարավային Կովկասում դաշինքների ու անվտանգության համակարգերի ձևավորման հետ կապված խնդիրների շրջանակում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում արդի ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանի երկրների մտադրությունները` հակամարտությունների գոտիներում ռազմական օպերացիաների վերսկսման առումով։ Հարավկովկասյան տարածաշրջանը հակամարտությունների առաջացումից գրեթե անմիջապես հետո ընդգրկվեց միջազգային քաղաքական հարաբերությունների ոլորտում, ինչը հանգեցրեց հակամարտությունների «ինտերնացիոնալացմանը» և խոշոր տերությունների ու միջազգային քաղաքական կազմակերպությունների ակտիվ միջամտությանը։
Հարավային Կովկասին վերապահված է բուֆերային տարածաշրջանի դեր, որը, սակայն, ենթարկվելով տոտալ սոցիալական մարգինալացման, այնուհանդերձ, միջազգային ասպարեզում չի ընկալվում իբրև մարգինալ գոտի։ Հայտնի չափանիշներին համապատասխան, տարածաշրջանի պետություններն ընդգրկված են միջազգային ֆինանսական և ընդհանուր տնտեսական հարաբերություններում, իրականացվել են զգալի ներդրումներ, Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին տրամադրվել է զգալի ֆինանսական և նյութական օգնություն առաջատար պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից։ Նույնիսկ ԱՊՀ-ի նորանկախ մյուս պետությունների ֆոնի վրա, որոնց նկատմամբ նույնպես առկա է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և, առհասարակ Արևմուտքի որոշակի ուշադրությունը, այնուհանդերձ, Հարավային Կովկասը հատուկ ուշադրության առարկա է իբրև Եվրասիայում բացառիկ ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող տարածաշրջան։ Տարածաշրջանի պետությունները ստորագրել են մի շարք պայմանագրեր Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի, Թուրքիայի ու բազմաթիվ այլ պետությունների հետ և ունեն փոխադարձ քաղաքական պարտավորություններ։ Այդ իրողությունից ելնելով էլ տարածաշրջանի պետությունները զգալիորեն կորցրել են կարևոր արտաքին քաղաքական որոշումներ ընդունելու ինքնուրույնությունը և հարկադրված են իրենց ներքին ու արտաքին քաղաքականությունն իրագործել առաջատար պետությունների և միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխան։ Այսինքն` իրավիճակի զարգացման հեռանկարները դիտարկելու պարագայում շատ կարևոր է պատկերացնել տարածաշրջանի պետությունների` քաղաքական որոշումներ կայացնելու իրական հնարավորությունները։
Հաշվի առնելով այնպիսի կարևոր նախանշաններ, ինչպիսիք են վերլուծական ու հետազոտական կազմակերպությունների և կենտրոնների ստեղծումը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտում և եվրոպական երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններում համապատասխան ստորաբաժանումների առկայությունը, Թուրքիայում ԱՊՀ գործերի նախարարության ստեղծումը և թուրքալեզու պետությունների հետ կապերի հաստատման համար գործող պետական կառույցների առկայությունը, կարելի է պնդել, որ Արևմուտքի արտաքին քաղաքական ռազմավարության մեջ Հարավային Կովկասը դիտարկվում է իբրև եվրասիական կարևորագույն «պոլիգոն»։ Ըստ էության, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ողջ ներքին հասարակական-քաղաքական կյանքը կոմպյուտերացված է, իսկ առանձին դեպքերում` նույնիսկ կանոնակարգված արևմտյան հանրության կողմից, եթե նկատի ունենանք, որ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների օրինականության վերաբերյալ վերջնական դատավճիռն իրականացվում է Արևմուտքում։ Տարածաշրջանում Արևմուտքն իրականացնում է առավել արդիական ու դինամիկ գեոտնտեսական և կոմունիկացիոն ծրագրեր, որոնց իրագործումը պայմանավորված է նաև Արևմուտքի տնտեսապես զարգացած պետությունների ռեսուրսային ապահովմամբ։ Հատուկ նշանակություն է ձեռք բերում Արևմուտքի ռազմաքաղաքական համագործակցությունը Վրաստանի ու Ադրբեջանի, Ռուսաստանի դեպքում` Հայաստանի հետ։ Տարածաշրջանի պետությունների ընդգրկումը Եվրոպայի խորհրդում, ըստ էության, արձանագրում է, որ դրանք եվրոպական պետություններ են, ինչը ժամանակի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրանց ավելի խոր ընդգրկման ռազմական ինտեգրացիայի ոլորտում։
Եթե բնութագրելու լինենք ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Եվրամիության նպատակները տարածաշրջանի պետություններում, ապա կարելի է ենթադրել, որ արևմտյան հանրությունը, դիտարկելով Հարավային Կովկասն իբրև «որոշիչ» տարածաշրջան իր եվրասիական քաղաքականության մեջ, փորձում է Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև այլ պետությունների պարտադրել բուֆերային գոտու դերակատարությունը։ Դա ենթադրում է, որ տարածաշրջանի երկրներն առանց ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության պետք է կարողանան պաշտպանել իրենց անկախությունը, ապահովել անվտանգությունը և ստեղծել համապատասխան պայմաններ արևմտյան կապիտալի արդյունավետ ներդրման ու գործունեության համար։ Այս նպատակին են ենթակայացված բոլոր տնտեսական, քաղաքական և ռազմատեխնիկական մեթոդները, որոնցով փորձ է արվում ներազդել տարածաշրջանի վրա, և որոնք, բնականաբար, լիովին տեղավորվում են արևմտյան հանրության ընդհանուր քաղաքականության մեջ։ Բավական կարևոր է նաև Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությունը` ռազմավարական տեսանկյունից, քանի որ Անկարան փորձում է զուգահեռ իրագործել իր երկու արտաքին քաղաքական դոկտրինները` պանթուրքիզմն ու նեոօսմանիզմը։ Թուրքիայի քաղաքականությունն Անդրկովկասում ու Կենտրոնական Ասիայում շատ կողմերով ինքնուրույն է և հետապնդում է քաղաքական ու տնտեսական կայսրության ստեղծման նպատակ։ Սակայն այդ քաղաքականությունը գնալով ավելի քիչ է համապատասխանում Արևմուտքի շահերին ու պահանջներին։
Ադրբեջանում ստեղծվել է շատ ավելի անկայուն իրավիճակ, քան Վրաստանում կամ Հայաստանում։ Դա զգալիորեն պայմանավորված է ընդդիմության բացարձակ ջախջախումով ու նրա շարքերում նախագահի` մեծ ժողովրդականություն վայելող հավակնորդի բացակայությամբ։ Ներքաղաքական պայքարն Ադրբեջանում ունի խիստ ընդգծված կլանային բնույթ և սերտ կապված է հարստություն կուտակելու աղբյուրների համար մղվող պայքարին։ Իհարկե, պայքարող կլանների գլխավոր նպատակը նավթային եկամուտների հասանելիությունն է։ Քաղաքական պայքարում ղարաբաղյան գործոնն օգտագործվում է միշտ, սակայն վերջին շրջանում` հատկապես քարոզչական նպատակներով։ Ընդդիմադիր լիդերները նախագահական վերջին ընտրությունների ընտրարշավից սկսած փորձում են վերակենդանացնել ազգայնական տրամադրությունները և մեղադրել կառավարությանը Ղարաբաղի կորստի հետ հաշտվելու համար։ Դա իր հերթին հարկադրում է Ի. Ալիևին` մշտապես հանդես գալ ագրեսիվ հայտարարություններով։ Ժամանակին Հեյդար Ալիևը շահագրգռված էր Հայաստանի հետ բանակցություններով, ինչն ավելի շատ պայմանավորված էր դա քարոզչական նպատակներով օգտագործելու ցանկությամբ և չէր համապատասխանում Ադրբեջանի այնժամյա առաջնորդի իրական ու հռչակված նպատակներին։ Կան հիմքեր պնդելու, որ Հ. Ալիևն ուներ որոշակի թույլ հույս ղարաբաղյան հիմնախնդրի մասնակի կարգավորման, ինչն իր հերթին կդառնար իր որդու համար քաղաքական պրոբլեմատիկայի նվազեցման նախապայման։ Հ. Ալիևը լիովին բացառում էր ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծումը, ինչը, սակայն, պայմանավորված չէր զգալի կորուստների հնարավոր վտանգով։ Ավելի շուտ նա ընդհանրապես չէր հավատում հաղթանակի կամ էլ զգալի ռազմական հաջողությունների հնարավորությանը։ Կան հիմքեր կարծելու, որ 1993-ին նրա կողմից պատերազմի նոր փուլի նախաձեռնումը նպատակ ուներ պարզապես ապացուցել բնակչությանը, որ այդ ճանապարհով անհնար է հասնել դրված նպատակներին։ Այլ բան է, որ նա էլ չէր պատկերացնում, թե այդ համոզմանն անհրաժեշտ կլինի հասնել այդպիսի մեծ գնով։
Ի. Ալիևը նախընտրում է ավելի արմատական մեթոդները` Ղարաբաղը վերադարձնելու հարցում, բայց այդ ամենն ավելի շատ քաղաքական-քարոզչական նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի միլիտարիզացիային, ապա այն կարևոր է նաև փողերի «լվացման», բյուջեից այդ նպատակով լրացուցիչ եկամուտներ ապահովելու առումով։ Կա վարկած, որ ադրբեջանական ղեկավարության մեջ երկրի միլիտարիզացիայի գործընթացը դիտարկվում է իբրև նոր սոցիալական մոդեռնացման միջոց։ Այսինքն, դրա արդյունքում պետք է ձևավորվի նոր միջին խավ, երկրում ներդրվեն զինված ուժերի, սպայական կորպուսի էլիտարության թուրքական ավանդույթները։ Միանգամայն հնարավոր է, որ այդ նպատակն էլ դրված է իրականում, սակայն ադրբեջանական հասարակությունը չի առանձնանում ուժեղ միլիտարիստական տրամադրություններով ու ամենևին պատրաստ չէ ընդունելու հասարակական կառուցվածքի այդպիսի նոր մոդելը։
Ադրբեջանը, անշուշտ, իրագործում է միլիտարիզացիայի լայն ծրագիր, ձեռք է բերվում ռազմական տեխնիկա, պատրաստվում են կադրեր։ Ռազմական փորձագետների գնահատմամբ, Բաքուն նպատակ ունի ստեղծելու տարածաշրջանում ամենաբազմաքանակ և մարտունակ բանակը։ Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբը խնդիր է դրել ռազմական գործողությունների պարագայում կարողանալ ձևավորել 125-165 հազարանոց բանակ` ներառյալ պահեստազորը։ Այս պարագայում, իհարկե, հասկանալի չէ, թե ինչպես է դա համադրվելու ՆԱՏՕ-ի պահանջների հետ, թեպետ Ադրբեջանն արդեն վաղուց ունի այդպիսի բանակ զինելու հնարավորություն։ Ադրբեջանական ռազմական գաղափարախոսությունն ու դոկտրինը ձևավորվել են Թուրքիայի կողմից, որն էլ գործնականում զբաղված է Ադրբեջանի զինված ուժերի և հատուկ ծառայությունների ձևավորմամբ։ Իրանական ԶԼՄ-ներում` իշխանությունների նախաձեռնությամբ, բազմիցս տեղ են գտել հրապարակումներ այն մասին, որ Թուրքիան զբաղված է Ադրբեջանում իր սեփական զինված ուժերը ստեղծելով։ Ռուսական փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանում ստեղծվում է հարձակողական նպատակներ ունեցող մոբիլ բանակ, որի գաղափարախոսությունը, կառուցվածքն ու օպերատիվ պլանները հաստատում են դա։ Նույն աղբյուրի գնահատմամբ, չնայած բազմաթիվ պրոբլեմներին զինված ուժերի կառուցման գործում, Ադրբեջանին հաջողվել է լուծել գլխավոր խնդիրներից մեկը` հրամանատարական կազմի ու ընդհանուր առմամբ սպայական կադրերի նախապատրաստումը։ Ադրբեջանական բանակի սպայակազմը բաժանված է մի քանի խմբավորումների. նախկին խորհրդային բանակի ներկայացուցիչներ, ղարաբաղյան պատերազմի արդյունքում ձևավորված սպաներ և նոր սերնդի սպայակազմ, որը կրթություն է ստացել Թուրքիայում ու այլ երկրներում։ Վերջին խմբավորումն ավելի մեծ առավելություններ ու հեռանկարներ ունի, մյուսներից տարբերվում է կարգապահությամբ և սպայական պատվի գիտակցումով։ Սակայն այս խմբավորումների միջև կա պայքար։ Ներկայումս, չնայած քաղաքական գործիչների արմատական հայտարարություններին և արտաքին քաղաքականության մեջ ուժի դիրքերից խոսելու ձգտմանը, Ադրբեջանը չի կարող ընդունել ինքնուրույն որոշումներ Ղարաբաղում պատերազմ վերսկսելու վերաբերյալ։ Սա միանշանակ իրողություն է, քանի որ Բաքուն պարտավորեցնող ռազմավարական պայմանավորվածություններ ունի Թուրքիայի հետ, ինչի արդյունքում Ադրբեջանի ռազմաքաղաքական պոտենցիալը պետք է դիտարկել իբրև թուրքական բանակի «արևելյան միավորում»։ Նախկին նախագահներ Հեյդար Ալիևն ու Սուլեյման Դեմիրելը ժամանակին ստորագրել են ռազմավարական համագործակցության սկզբունքային պայմանագիր, որը ենթադրում է հետևյալը. Ադրբեջանը չի կարող առանց Թուրքիայի համաձայնության ընդունել ռազմական գործողություններ սկսելու որոշումներ, Անկարան երաշխավորում է Ադրբեջանի անվտանգությունը նրա դեմ ցանկացած ագրեսիայի պարագայում` ցուցաբերելով ռազմական ու քաղաքական աջակցություն, և ռազմավարական համագործակցության կառուցվածքը ենթադրում է երեք հավանական հակառակորդների առկայություն` Ռուսաստան, Իրան, Հայաստան։
Ցավոք, հնարավոր չէ այս հոդվածի շրջանակներում վերլուծական առումով կանխատեսել թուրք-ադրբեջանական պայմանագրի ու ամերիկա-ադրբեջանական ռազմական համագործակցության հարաբերակցությունը` այն երաշխիքների համատեքստում, որ ստանում է Ադրբեջանն իր դեմ ագրեսիայի պարագայում։ Սակայն տարբեր գնահատականների համադրումը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ եթե թուրքական երաշխիքները ենթադրում են երեք հավանական հակառակորդներ, ապա ամերիկյան երաշխիքներում խոսքը վերաբերում է միայն երկու հակառակորդների` Ռուսաստանին ու Իրանին։ Ներկայումս Թուրքիան ակտիվ մասնակցություն ունի Ադրբեջանի զինված ուժերի նախապատրաստման գործում` 19 ծրագրերով։ Դրանք ներառում են տարբեր զորատեսակների վարժանք, շտաբային աշխատանք, նոր մարտական տեխնիկայի տիրապետում, տարբեր ձևաչափերի զորավարժությունների անցկացում, սահմանային ծառայության վերապատրաստում, հետախուզական աշխատանք, ռազմակրթական ծրագրերի անցկացում։ Յուրաքանչյուր փուլում տվյալ ծրագրերի իրականացումից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալը, որպես կանոն, տարեկան երկու անգամ արդյունքների մասին զեկուցում է Թուրքիայի ռազմական ղեկավարությանը։ Եթե նախկինում թուրքական ռազմական մասնագետների ներկայությունն ադրբեջանական բանակում սահմանափակվում էր կորպուսների մակարդակով, ինչը շտաբներում առկա հրահանգիչների հետ կազմում էր 78 մարդ, ապա ներկայումս թուրքական հրահանգիչները տեղաբաշխված են գնդերի մակարդակում, և նրանց ընդհանուր թիվն անցնում է 230-ից։ 2004-ին թուրքական ռազմական մասնագետների մասնակցությամբ մշակվել է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների նոր օպերատիվ-տակտիկական պլան։ Այդ պլանը, որ կոչվում է «Քյոռօղլի», մշակված է Ղարաբաղի տարածքները հետ խլելու համատեքստում և 2004-ի վերջին փորձարկում է անցել Թուրքիայի գլխավոր շտաբում։ Այն, ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հիմնական պլանն է պատերազմական ժամանակահատվածում։ 2006-ին ԱՄՆ-ի «Պաշտպանական տեղեկատվության կենտրոնը» ստացավ տեղեկատվություն, որ Պենտագոնը Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ ունեցած համաձայնագրերի շրջանակներում բացատրություններ է պահանջել Անկարայից` Ադրբեջանի հետ Թուրքիայի ռազմական համագործակցության ծրագրերի վերաբերյալ։ Ամերիկացիները նկատի են ունեցել այն, որ տվյալ համագործակցությունը թափանցիկ չէ մտադրությունների ու բովանդակության տեսակետից։ Համապատասխան հետաքրքրություն թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության նկատմամբ 2006-ին ցուցաբերել է ՆԱՏՕ-ն։ Բնութագրական է, որ ՆԱՏՕ-ի հատուկ խմբի զեկուցագրում կա կարծիք, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը դարձել է Ադրբեջանի կողմից Եվրոպայում «Սովորական սպառազինությունների մասին» պայմանագրի խախտման գործոն։
Սակայն կա վստահություն, որ ամենից առաջ Թուրքիան շահագրգռված չէ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ ու դրանցում ներգրավմամբ, ուստի առայժմ հանդես է գալիս իբրև զսպող գործոն։ Այդ համատեքստում կարելի է պնդել, որ Ի. Ալիևը երբեք չի դառնա ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսման նախաձեռնող։ Թեպետ կան սպասումներ, որ Ի. Ալիևի նախիջևանյան կլանն իշխանությունից հեռացնելու դեպքում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Ներկայումս Բաքվում չկա որևէ քիչ թե շատ ծանրակշիռ ընդդիմադիր գործիչ, որը չհայտարարի ղարաբաղյան հարցը պատերազմով լուծելու մասին։ Միաժամանակ լայնամասշտաբ պատերազմը Հայաստանի հետ աղետի առջև կկանգնեցնի ադրբեջանական բանակը և պետությունը, քանզի Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, ամենևին պատրաստ չէ մեծ պատերազմի։ Թեկուզ և երկրում կուտակված է ռազմատեխնիկական պոտենցիալ, ստեղծված է ռազմական ենթակառուցվածք, առկա է ակտիվ ռազմական քարոզչություն, պատերազմի կողմնակիցների թվում են առաջատար ընդդիմադիր կուսակցություններ` «Ադրբեջանի ժողովրդական ճակատը», «Մուսավաթը», անկախության և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, մի ամբողջ շարք կոմունիստական կուսակցություններ։ Բայց երկիրն իրականում զգալիորեն ապակազմակերպված է, հասարակությունը կորցրել է հավատը Ղարաբաղը վերադարձնելու և դրական սոցիալ-տնտեսական փոփոխությունների վերաբերյալ, չեն արդարացել Թուրքիայի ու Արևմուտքի հետ կապված դրական հույսերը։ Հասարակական բարոյազրկման մեջ մեծ դեր է խաղացել նավթային գործոնից հիասթափությունը, որովհետև կար հույս, թե Ադրբեջանը կվերածվի նոր Քուվեյթի։ Հաստատված գնահատականներով 3 մլն 250 հազար մարդ, այդ թվում` զինակոչային տարիքի երիտասարդության կեսը լքել է Ադրբեջանը։ Այս ամենին համադրվում է բոլոր ոլորտներում առկա ծայրահեղ «բեսպրեդելը», իշխանությունների ամենաթողությունը, ոչ մայրաքաղաքային բնակչության բացարձակ իրավազրկությունը, նոր խնդիրները լեզգիների ու թալիշների հետ։ Սակայն այս գործոնները միայն հիմնավորում են, որ ռազմական գործողությունները կլինեն պարզապես արկածախնդրություն, բայց չեն երաշխավորում հրադադարի շարունակականությունը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3207

Մեկնաբանություններ