ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վրաստանի հետաքրքրվածությունը ղարաբաղյան խնդրով

Վրաստանի հետաքրքրվածությունը ղարաբաղյան խնդրով
03.02.2009 | 00:00

ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ
Վրաստանի ավանդական մեծամիտ վերաբերմունքը «վասալական» Հայաստանի և անգամ նավթագազային Ադրբեջանի նկատմամբ վերջացավ։ Պատրանքները ցրվեցին, և ամեն ինչ ավարտվեց բացարձակ հուսախաբությամբ։ Հասկանալով Վրաստանի հասարակական ու քաղաքական պահվածքի որոշ բնութագրական գծերի անանց նշանակությունը, ամեն դեպքում կասկածներ չկան, որ Թբիլիսիում սկսել են ավելի ուշադիր դիտարկել գործընթացներն ու իրադարձությունները, որ տեղի են ունենում Հարավային Կովկասում։ Վրացական ԶԼՄ-ները, թբիլիսյան փորձագետների ու մեկնաբանների ելույթները գնալով ավելի շատ են ներառում հայ-թուրք-ադրբեջանական և ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերություններին առնչվող թեմաներ։
Վրաստանի առաջին արձագանքն այդ առումով միանգամայն կանխատեսելի էր. Թբիլիսիում ակնհայտորեն շատ մտահոգված են Վրաստանի խնդիրների նկատմամբ միջազգային ուշադրության նվազումից և դրա կենտրոնացումից «ղարաբաղյան» իրադարձությունների վրա, ինչը, սակայն, չբերեց իրական արդյունքներ, բայց հանգեցրեց որոշակի շրջադարձի Հարավային Կովկասում։ Քաղաքական գործընթացների վրացական ընկալման համար միանգամայն տրամաբանական է, որ վրացիներն ամենից առաջ հետաքրքրված են արտաքին աղմկարարությամբ, ինչը շատ կարևոր է Վրաստանի գոյատևման, արտաքին օգնություն ու աջակցություն ստանալու համար։ Ի բավարարություն վրացական քաղաքագետների, Վրաստանը շարունակում է մնալ արտաքին ուշադրության կենտրոնում, թեկուզ և արդեն ոչ այն տոնայնությամբ, ինչ նախկինում, ու, ըստ այդմ, Թբիլիսին ստիպված է լինելու տեղեկատվության միջազգային հոսքի մեջ հանդուրժել տարածաշրջանի այլ երկրների ու խնդիրների առկայությունը։
Միաժամանակ վրացական քաղաքական գործիչներն ու փորձագետները սկսել են մտորել այն հարցի շուրջ, որ ԱՄՆ-ի ռազմավարական ճամբարից Թուրքիայի «դասալքության» և Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու Անկարայի փորձերը տարածաշրջանում կարող են ստեղծել այլ իրադրություն, ուր Վրաստանը կհայտնվի նախկինից ավելի խոցելի վիճակում։ Վրաստանը, որոշակի դիրքորոշում ձևավորելով Ռուսաստանի նկատմամբ, միշտ հասկացել է, որ Թուրքիան առնվազն չի խրախուսելու ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում և նախընտրելու է որդեգրել այս կամ այն ձևով կամ ուժերի հարաբերակցության մեջ Վրաստանին աջակցելու դիրքորոշում։ Չի կարելի պնդել, թե Վրաստանում չեն զգուշացել Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունից և նրա էքսպանսիայի հավանականությունից, բայց այդ կասկածներն ու մտահոգությունները միշտ վերագրվել են անցյալին` հուսալով, թե թուրքական քաղաքականությունն այժմ մոդեռնացված է։ Թուրքիայի զսպվածությունը աջարական, աբխազական և թուրք-մեսխեթցիների խնդիրների հետ կապված, նրա ընդհանուր շահերը Վրաստանի հետ Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, Անկարայի աջակցությունը վրացական զինված ուժերի բարեփոխման ու մոդեռնացման հարցում վրացիներին հանգեցրին այն հետևության, որ Թուրքիայի քաղաքականությունն անփոփոխ է լինելու նաև 2008-ի ամռանը ստեղծված բարդ տարածաշրջանային իրավիճակում։
Մինչդեռ Թուրքիան միշտ Վրաստանին վերաբերվել է որպես իրենից վասալական կախում ունեցող պետության, ուր կարելի է հաջողությամբ իրականացնել երկարաժամկետ կտրվածքով էքսպանսիա և այդ երկիրը վերածել Թուրքիայի հումքային կցորդի։ Թուրքիան զգուշացել է և խուսափել ավելի խոր խցկվելուց վրացական պրոբլեմների մեջ, քանի որ դա անխուսափելիորեն պիտի հանգեցներ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պարզաբանման։ Հարկ է նշել, որ Թուրքիան չի կարողացել մշակել և արդյունավետ օգտագործել իր ազդեցության լծակները նույնիսկ Ադրբեջանի նկատմամբ, չխոսելով արդեն Վրաստանի մասին։ Բայց, մյուս կողմից, դրա անհրաժեշտությունն էլ չկար, քանի որ Թբիլիսիի հետ շատ հարցեր գործնականում ինքնաբերաբար էին լուծվում։ Վրաստանի հետ հարաբերական առումով ոչ բարդ հարաբերությունների ստեղծումը պայմանավորեց այն, որ Թուրքիան ցանկություն չդրսևորեց ավելի համառորեն պահանջել թուրք-մեսխեթցիների վերադարձի հարցի լուծումը, հատկապես Սամցխե-Ջավախեթի։ Բայց այդ ամենն այժմ կարող է անցյալ դառնալ, եթե տարածաշրջանում ձևավորվի ռուս-թուրք-ադրբեջանական դաշինք։ Հարկ է նշել, որ վրացական քաղաքական հրապարակումներում այս դաշինքի մեջ են ներառում նաև Հայաստանը, որը, իբր, պետք է խաղա ճակատագրական դեր Վրաստանի շուրջ այս աշխարհառազմավարական «օղակը» փակելու և նրան վերջնականապես խեղդելու գործում։ Այս դեպքում նույնիսկ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը դառնում է անիմաստ, քանի որ Վրաստանի դրությունը կդառնա հուսահատական, իսկ «կովկասյան ավիակրի» նրա դերակատարությունը` խիստ աննախանձելի։ Վրացական ԶԼՄ-ները բավական մանրամասն սկսել են զբաղվել ղարաբաղյան խնդրով և վերջին իրադարձություններով` փորձելով այդ շրջանակում իրենց համար պարզել հնարավոր միտումներն ու զարգացումները։ Սակայն վրացական կողմի առավել մեծ ուշադրությանն է արժանանում Անկարայի քաղաքականությունը, և վրացական փորձագետները հազիվ են իրենց զսպում, որպեսզի Թուրքիային չբնորոշեն իբրև հակառակորդ և նույնիսկ պատմական թշնամի պետություն։ Անգամ անդրադարձ է կատարվում անցյալին, և վերհիշվում են Թուրքիայից ունեցած տարածքային պահանջները։ Մասնավորապես հետաքրքրական է «ИноСМИ» ինտերնետային կայքում տեղադրված նյութերից մեկը։
«Մի անգամ վրացական ավանդական իրավունքի հայտնի ուսումնասիրող, այսօր հանգուցյալ Միխայիլ Կեկելիան տեղեկացրեց, որ թուրքական դպրոցական դասագրքերում Վրաստանը հիշատակվում է որպես Թուրքիայի կազմում գտնվող պետություն, որի հյուսիսային մասը ժամանակավորապես օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Իսկ դա եղել է մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը։ Իսկ ահա թե ինչ է ասված Վրաստանի մասին թուրքական նոր ուսումնական ձեռնարկներում։ 1990-ականների սկզբին Անկարայում տպագրվեց լավ ձևավորված պլակատ, ուր մատնանշված էին Մեծ Թուրքիայի տարածաշրջանները։ Դրանց մեջ կենտրոնական տեղ էին զբաղեցնում թուրքալեզու պետությունները. Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Կիպրոսը։ Ներկայացված էին նաև Թուրքիայի կազմում ինքնավար կարգավիճակ ունեցող երկրները և դրանց թվում` Վրաստանը, Բաշկիրիան, Բոսնիան, Չեչնիան, Խակասիան, Ղրիմը, Թաթարստանը, Տուվան, Ադիգեան, Աֆղանստանը, Ալանիան (Օսեթիան), Դաղստանը, Կաբարդինո-Բալկարիան, Կալմիկիան, Մակեդոնիան, Մոնղոլիան։ Հետաքրքիր է, որ Թուրքիային հարազատ հանրույթների մեջ, ովքեր ունեն իրենց դրոշը, արժանի տեղ են զբաղեցնում Աբխազիան և Վրաստանը, բայց ոչ Աջարիան` հավանաբար դրոշի բացակայության պատճառով։ Ամբողջ այդ տարածաշրջանային գծագրության մեջ միայն Հայաստանն է առանց որոշակի կարգավիճակի, և ընդհանրապես գոյություն չունի քարտեզի վրա։ Այսպիսով, ակնհայտ է, որ հասել է ժամը վրացիների «մեծ համախմբման»։ Հավանաբար, կվերադարձնենք մեզ համար ցանկալի Թաո-Կլարջեթին, Վերին Քարթլին և Սայնիգիլոն` Մեծ Թուրքիայի դրոշի ներքո և մոլլայի օրհնությամբ։ Հենց այդ պատճառով է հրատապ դարձել թուրքերի հետնորդների վերադարձի հարցը Վրաստան, որոնց արտաքսել էին Մեսխեթիից։ Հիշենք թաթարների վերաբնակեցումը Ղրիմում, պատերազմը Չեչնիայում և ամենակարևորը` եղբայրասպան բախումներն Աբխազիայում և Վերին Քարթլիում։ Պատմությունը կրկնվում է, և մենք կրկին ընտրության առջև ենք` Ռուսաստանը կամ Թուրքիան։ Բայց մեզ ոչ ոք չի հարցնում, դա որոշում են միայն գերտերությունները։ Բոլորս տեսնում ենք, որ ամերիկացիների փոխարեն գալիս են թուրքերը, ճիշտ է, ժպիտով ու «ընկերաբար», բայց պարզ է նաև, որ ռուսները չեն պատրաստվում հեռանալ։ Երբ Ռուսաստանը փակեց իր ռազմակայանները Ախալքալաքում և Բաթումում, մենք շատ ուրախացանք, բայց այսօր այդ նույն բազաները տեղակայվում են Աբխազիայում և Վերին Քարթլիում։ Դա էլ է ռուսական ռազմավարության մի մասը, որ հակասում է ամերիկյան ռազմավարական շահերին, ու այդ շահերի բախման հրապարակն այսօր Վրաստանն է»,- գրում է հեղինակ Մերաբ Ջիբլաձեն «Մեր Աբխազիան» թերթում։
Անկասկած, թուրք-վրացական հարաբերություններում տրամադրությունների լարման փուլը կանցնի և Թբիլիսիում կսկսեն դատել ավելի հանգիստ ու սթափ։ Մանավանդ որ այս իրադրությունում Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կնախընտրի Վրաստանի վերաբերյալ հանդես գալ սեփական նախաձեռնություններով։ Թուրքիայում հասցրել են մանրամասն ուսումնասիրել վրացիների քաղաքական պահվածքի և առաջնահերթությունների բնութագիրը և նախկինի պես փորձելու են առանց իրադարձություններից առաջ ընկնելու Վրաստանին առաջարկել երկկողմ փոխհարաբերությունների զարգացման մի շարք պայմաններ։ Նախկինում Վրաստանի նկատմամբ թուրքական քաղաքականությունն իրագործվում էր «ինքնուրույն» ռեժիմում, սակայն ելնելով ԱՄՆ-ի ու Եվրամիության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի քաղաքականության պայմաններից։ Վրաստանի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը դիտարկելիս կարելի է գտնել ստրատեգիական կուրսի բազմաթիվ տարրեր։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան 1990-ականներին Վրաստանի և ընդհանրապես Հարավային Կովկասի նկատմամբ բոլորովին այլ քաղաքականություն էր նախապատրաստել։
Թուրքիան մեծ ակտիվություն չի ցուցաբերել 2003-ի վրացական իրադարձություններում, ընտրությունների ընթացքում և առհասարակ Հարավային Կովկասի քաղաքական կարևոր գործընթացներում։ Նույնը` 2004-ին, և դա պայմանավորված էր Հայաստանի դեմ Ադրբեջանի նախաձեռնություններով, բայց գլխավորը, այնուամենայնիվ, Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական պրոբլեմներն էին։ Սակայն ակտիվության բացակայությունը դիրքորոշման բացակայություն չէ։ Թուրքիան մտահոգ է տեղի ունեցող իրադարձություններով, ԱՄՆ-ի ռազմավարության մեջ իր դերի նվազման հեռանկարով և նրանով, որ Վաշինգտոնը նոր հենարաններ և տարածաշրջանային գործընկերներ է որոնում, որոնք Անկարային դուրս կմղեին ամերիկյան արտաքին քաղաքականությունից։ Այդ կապակցությամբ Թուրքիան ներկայումս մի փոքր այլ կերպ է դիտարկում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ամրապնդումը։ ԱՄՆ-ը փորձում է ընդգծել իր մտադրությունները Վրաստանում ու Ադրբեջանում ոչ մեծ բազաների ստեղծման վերաբերյալ, որոնք կդառնային Թուրքիայի տարածքում գտնվող բազաների այլընտրանք։ Իրաքում ռազմական գործողության նախապատրաստման և անցկացման քաղաքական և ռազմական փորձը հուշում է, որ թուրքական Ինջիրլիքում գտնվող ավիաբազան այլևս նախկին նշանակությունը չունի։ Եվրոպայից դեպի Բալկաններ ու Լեհաստան ամերիկյան զորքերի տեղափոխումը հաստատում է Թուրքիայի մտահոգությունը` իր տարածքում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման կամ, առհասարակ, դադարեցման վերաբերյալ։ ԱՄՆ-ի համար Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Կատարի, Օմանի նման երկրների վերահսկողությունն արդեն իսկ բավարար հիմք է` անտեսելու Թուրքիայի ռազմավարական դերը տարածաշրջանում և աշխարհում։ Ամերիկացիների կողմից օդանավակայանների, նավահանգիստների ու այլ օբյեկտների շահագործումը Վրաստանում ու Ադրբեջանում հանգեցրել է Թուրքիայի աշխարհաքաղաքական «շրջանցմանը»։ Դրանից ելնելով էլ ԱՄՆ-ը չի ցանկանում Թուրքիայի ռազմական ներկայության և քաղաքական ազդեցության ընդլայնումը Վրաստանում ու Ադրբեջանում։ ԱՄՆ-ի կողմից Իլհամ Ալիևին աջակցելը և ադրբեջանական ընդդիմությանը զսպելը պայմանավորված են արմատական թուրքամետ քաղաքական ուժերի հզորացումը թույլ չտալու ցանկությամբ, ամենից առաջ` «Մուսաֆաթ» կուսակցության։ Թուրքիան իր հերթին չի ցանկանում ամերիկյան ներկայության ընդլայնումն Ադրբեջանում, քանզի նվազում է իր դերակատարությունը։ Թուրքիայի այս կեցվածքը շատ հակասական է, եթե նրա ռազմավարական շահերը դիտարկենք ավելի լայն հեռանկարով։ Հասկանալի է, որ Անկարան հույս ուներ, ամերիկյան էքսպանսիայի ուղեծրում ընդգրկվելով, չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Սակայն առաջիկա հինգ տարիների կտրվածքով ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը տարածաշրջանում ձեռնտու չէ Անկարային։
Միաժամանակ Թուրքիան ունի ճյուղավորված գործակալական ցանց և ազդեցության գործակալներ Վրաստանի շատ կառավարական ու քաղաքական կառույցներում, Ադրբեջանում և Հյուսիսային Կովկասում։ Կան տվյալներ, որ Թուրքիան հետաքրքրված է Վրաստանից Աջարիայի անջատմամբ, այդ ինքնավարության քաղաքական ինքնուրույնության մեծացմամբ։ Թուրքիան չի կարողացել ցանկալի դիրքեր զբաղեցնել Աջարիայում և փորձում է խաղալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հակասությունների վրա։ Թուրքիան շահագրգիռ է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դուրսմղմամբ, Աբխազիայում փորձում է ստեղծել ուժեղ ընդդիմություն, որի նպատակը պետք է լինի Թուրքիայի աբխազական սփյուռքի (մինչև 500 հազար մարդ) վերադարձը պատմական հայրենիք, թուրքամետ կլանների ձևավորումը, որի միջոցով էլ հնարավոր կլինի Աբխազիան վերադարձնել Վրաստանին և այդ ճանապարհով վերահսկել ամբողջ Վրաստանը։ Միաժամանակ Թուրքիան նպատակ է հետապնդում Աբխազիայում ստեղծել «պլացդարմ», այդ միջոցով իր ազդեցությունը տարածել Հյուսիսային Կովկասի հանրապետությունների վրա։ Այսինքն` քողարկվելով Աբխազիան Վրաստանին վերադարձնելու և վերջինիս տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործով, խնդիր է դրվում Աբխազիան վերածել Կովկասում թուրքական քաղաքականության ակտիվ գործիքի։ 2001-ին Թուրքիայի նախկին նախագահ Ահմեդ Սեզերի Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ եղել են բանակցություններ աբխազական հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։ Վրաստանում ստեղծված ներկա իրադրության մեջ Աբխազիայում կրկին նկատելիորեն ակտիվացել են թուրքամետ տարրերը, ինչպես նաև Թուրքիայում ու ԱՄՆ-ում աբխազական սփյուռքի ներկայացուցիչները։
Այսպիսով, նոր իրադրությունը Հարավային Կովկասում բնութագրվում է թուրք-ամերիկյան հակասությունների խորացմամբ, և սպասելի է, որ Թուրքիան, ԱՄՆ-ից անկախ, սեփական քայլերը կկատարի տարածաշրջանում։ Հազիվ թե դա հանգեցնի կտրուկ հակադրության, բայց կարող է նոր խնդիրներ ստեղծել տարածաշրջանում նոր գործընկերներ գտնելու ԱՄՆ-ի ռազմավարության համար։ Վաշինգտոնն ու Անկարան առայժմ ունեն լուրջ, եթե ոչ փոխլրացնող, ապա համատեղ շահեր, ինչը կարևոր քաղաքական ռեզերվ է։ Բայց այդ ռեզերվը սպառվում է աճող արագությամբ, և Թուրքիայի դերն ամերիկյան ռազմավարության մեջ հասցվելու է նվազագույնի, եթե Վաշինգտոնը Հարավային Կովկասում գտնի այլընտրանքներ, ինչպես նաև քիչ թե շատ կարգավորվեն հարաբերություններն Իրանի հետ։ Բայց փաստը մնում է փաստ. ամերիկացիները ռազմավարական որոշում են ընդունել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների վերանայման, ինչն իր հաստատումն է գտնում արդի քաղաքականության մեջ։ Միաժամանակ ինքնաբերաբար օրակարգից դուրս է գալիս Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև «հակադրության եռանկյունի» ստեղծելու ամերիկյան ծրագիրը, ինչը փոխում է նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մրցակցության սխեմաները։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ինքը պետք է լուծի հարցերը Ռուսաստանի հետ` առանց Թուրքիայի մասնակցության։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ունեն ընդհանուր ակնկալիքներ` կապված Թուրքիայի հետ, քանի որ Անկարան կարող է ցանկացած տեղ ունենալ գեոտնտեսական դաշտում, բայց երբեք չի կարող դառնալ եվրասիական կայսրություն։ Այս հեռանկարի կտրվածքով է անհրաժեշտ վերանայել Վրաստանի դերը։ Շատ հնարավոր է, որ Վրաստանը նախընտրի ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերությունների շարունակումը, այլև նրա աջակցությունն ընդդեմ Ռուսաստանի` շատ սկզբունքային զիջումների գնով, այդ թվում` Հայաստանի շահերի հաշվին։ Այս իրողությունն ամերիկա-թուրքական հարաբերություններում հանգեցնում է այլ իրադրության։ ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերը` Թուրքիայի նկատմամբ եվրոպական հանրության բացասական դիրքորոշումից ելնելով, ենթադրում են Անկարան թողնել բուֆերի դերում մերձավորարևելյան ուղղությամբ։ Կորցնելով ռազմավարական նշանակությունը` Թուրքիան կվերածվի Եվրոպայի ու Արևելքի միջև «կախված երկրի», յուրային չդառնալով ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ Մերձավոր Արևելքում։
Թուրքիայի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ չի կարելի դիտարկել առանձնացված, ինչպես դա անում են վրացական փորձագետները` համարելով իրենց երկիրը կարևորագույնը Հարավային Կովկասում։ Նոր միտումները կբերեն իրենց հետ շատ նոր սպառնալիքներ Վրաստանի համար Թուրքիայի կողմից։ Թուրք-վրացական հարաբերությունները չեն կարող մնալ այս իրավիճակում։ Հազիվ թե Թուրքիան հետաքրքրված լինի կատարելու Ռուսաստանի բոլոր պահանջներն ու ցանկությունները, և Անկարայում կնախընտրեն իրագործել իրենց անկախ տարածաշրջանային քաղաքականությունը։ Բայց հենց այդ իրավիճակն էլ կնպաստի, որ Թուրքիան սկսի ճնշում գործադրել Վրաստանի վրա, նրանից նորանոր զիջումներ պահանջել էներգակիրների տրանզիտի, տարածաշրջանային խնդիրների, ազգային փոքրամասնությունների, ենթակառուցվածքների` ամենից առաջ նավահանգիստների վերահսկման և Հայաստանի հետ կապված խնդիրներում։ Նշված հանգամանքները նպաստելու են, որ հայ-վրացական հարաբերությունները դառնան ավելի լիարժեք և պարտավորեցնող։ Եթե Վրաստանը շարունակի օգտվել ԱՄՆ-ի լուրջ աջակցությունից, ապա հետագայում արդեն չի լինի Եվրամիության կողմից իր համար այդքան հուսալի դիրքորոշում։ Այդ իրադրությունում Վրաստանն ավելի շատ կունենա տարածաշրջանի պետությունների աջակցության կարիքը։ Չնայած վրացական հայտնի քաղաքական գործչի` «Վրաստանը Եվրոպայի մասն է` շպրտված Ասիա» արտահայտությանը, վրացական էլիտան գնալով ավելի է զգում, որ իրենց երկիրն Ասիայի մասն է, որ ձգտում է դեպի Եվրոպա, և դա այնքան էլ վատ չէ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3498

Մեկնաբանություններ