ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պատերազմի կացինը կթաղվի, բայց ոչ Կովկասում

Պատերազմի կացինը կթաղվի, բայց ոչ Կովկասում
12.05.2009 | 00:00

ԽՆԴԻՐԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐՆ ԵՆ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկան վերջին ժամանակներս ենթադրում է, որ դրանք մտնում են խիստ ակտիվ և վճռական փուլ։ Ի տարբերություն նախկին ժամանակների, ի հայտ են գալիս նոր նրբերանգներ։ Արդեն անցյալում են ԱՄՆ-ի նախորդ վարչակազմին բնորոշ զգացմունքային բնութագրումները, թե ինչպես պետք է նայել «ընկեր Վլադիմիրի» աչքերին և այդպիսով թափանցել նրա հոգու խորքերը, հետո էլ զայրանալ նրա անկանխատեսելիությունից։ Հիմա ավելի շատ փորձեր են արվում պրագմատիկ հարաբերություններ կառուցելու, թեկուզև քաղաքական տարաձայնություններն ամբողջությամբ չեն վերացել։ Այնուհանդերձ, Մոսկվան և Վաշինգտոնը, գոնե նախագահների մակարդակներով, փորձում են հրաժարվել հակադրությունից և պարզաբանել համաշխարհային գլոբալ հիմնախնդիրների հետ կապված հարցերը։
Համենայն դեպս, այդ մթնոլորտում անցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վաշինգտոնյան վերջին հանդիպումը, որ Բարաք Օբամայի Մոսկվա կատարելիք այցի նախապատրաստական փուլն էր։ Որ կողմերը նախապատրաստվում են «ճեղքման», փաստում է և այն, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մինչև իր գործընկեր Քլինթոնի հետ հանդիպումը առանձնազրույցի հրավիրվեց Սպիտակ տուն և հանդիպեց նախագահ Օբամայի հետ։ Ամերիկյան փորձագետները տեղի ունեցածը դիտարկում են իբրև ազդանշան ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից, որ իրենք պատրաստ են ռուսներին լուրջ վերաբերվել և առնվազն լսել նրանց։
Լավրովի այցի հիմնական թեմաներից մեկը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման վերաբերյալ նոր պայմանագիրն էր։ Այսպիսի նրբերանգը բանակցություններում շատ կարևոր է, քանի որ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա դեկտեմբերին։ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Օբաման և Մեդվեդևը հռչակեցին նոր, համապարփակ, իրավաբանորեն պարտադիր կատարում պահանջող համաձայնագրի ստեղծման անհրաժեշտությունն այս ոլորտում, որը պետք է փոխարինի 2002-ին ստորագրված պայմանագրին։ Ենթադրվում է, որ հուլիսին, Օբամայի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, աշխատանքային խմբերն արդեն պատրաստ կլինեն առաջարկելու կոնկրետ միջոցառումներ ռազմավարական նշանակության միջուկային զենքերի կրճատման վերաբերյալ։ Անկասկած, այս խնդիրը ոչ միայն ամենահրատապն է գլոբալ աշխարհակարգի կառուցման գործընթացում, այլև դառնալու է այդ աշխարհակարգի և համաշխարհային քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը։ Եթե նախկինում «սարսափի հավասարակշռության» դոկտրինն ապահովում էր կանխատեսելիություն, իսկ կանխատեսելիությունը համարժեք էր անվտանգությանը, ապա այսօրվա մարտահրավերները, թեկուզև սահմանափակ ծավալներով, իրենց մեջ անկանխատեսելիության մեծ չափաբաժին են պարունակում։ Հետևաբար, այս աննախադեպ պատմական փուլում, համընդհանուր ոչնչացման սպառնալիքին այլընտրանք դարձավ փոխզիջումների որոնումը։ Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման խնդրին Մոսկվայում մոտենում են «պրագմատիզմով», իսկ Վաշինգտոնում` «առողջ լավատեսությամբ»։ Լավրովի այցը, ըստ էության, հաստատեց, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը փորձում են սպառազինությունների մրցավազքը փոխարինել ապասպառազինման կամ ապառազմականացման «մրցավազքով»։ Պատահական չէր, որ Ռուսաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, թե «նոր առաջնորդների էներգիան և բարի կամքը ԱՄՆ-ին և Ռուսաստանին կբերեն այս հարցի քննարկման որակական այլ մակարդակի, որտեղ ավելի քիչ կլինեն պատրանքները և ավելի շատ` աշխատանքային պրագմատիզմը»։ Իր հերթին Հիլարի Քլինթոնը կարծիք հայտնեց, որ ռազմավարական նշանակության միջուկային պոտենցիալի կրճատումը կնպաստի առհասարակ աշխարհում վստահության աստիճանի բարձրացմանը, քանի որ ռուս-ամերիկյան միջուկային ներուժը համաշխարհային պոտենցիալի 90 տոկոսն է կազմում։ Հետևաբար, այլ երկրներ ևս կարող են կամ դադարեցնել այս ուղղությամբ իրենց նախաձեռնած ուսումնասիրություններն ու աշխատանքները, կամ էլ ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիր։
Ռուսաստանի նախագահը ոչ շատ վաղուց երեք կարևոր սկզբունք էր նշել ռազմավարական նշանակության հարձակողական հրթիռները կրճատելու նոր պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։ «Առաջին` պետք է կանխել տիեզերքում միջուկային զենքի տեղակայումը։ Երկրորդը անթույլատրելի է փոխհատուցել միջուկային զենքի կրճատումը սովորական զինատեսակներով համալրված ռազմավարական համակարգերի ստեղծումով։ Երրորդ` պայմանագիրը պետք է երաշխավորի միջուկային պոտենցիալի վերականգնման անհնարինությունը։ Մեր պատկերացմամբ, պայմանագիրը, որը կգա փոխարինելու այսօր գործող փաստաթղթին, պետք է սահմանափակի նաև միջուկային մարտագլխիկները «տեղ հասցնելու» միջոցների զարգացումը և ոչ թե վերաբերի միայն մարտագլխիկների կրճատմանը»,- հայտարարեց Ռուսաստանի նախագահը։ Բնութագրական է նաև այն, որ ԱՄՆ-ն առաջարկում է ռազմավարական նշանակության միջուկային հրթիռների թվաքանակը կրճատել 80 տոկոսով, այդ դեպքում Ռուսաստանի ներուժը կկազմի ընդամենը 670 մարտագլխիկ։ Սակայն խնդիրը նաև դրանք տեղ հասցնելու համար նախատեսված հրթիռների թվաքանակն է, իսկ Ռուսաստանը տնտեսական ճգնաժամի պատճառով այս պահին չի կարողանում դրանց անհրաժեշտ թվակազմն ապահովել։
Բնութագրական է և այն, որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից մեկ օր անց ռազմավարական նշանակության հարձակողական զենքերի կրճատման հարցով ամերիկյան գլխավոր բանակցող Ռոուզ Գոտմոլլերը հայտարարեց, թե ամերիկյան կառավարությունը պատրաստ է համաձայնել ռուսական կողմի հետ` իրականացնելու հաշվառում ինչպես միջուկային մարտագլխիկների, այնպես էլ դրանք «տանելու» համար նախատեսված հրթիռների։ «Սպիտակ տունը բաց է պահում դռները ռուսների այն առաջարկի համար, որ կարելի է Լեհաստանում և Չեխիայում նախատեսված հակահրթիռային պաշտպանության ռադարն ու հրթիռային համակարգը փոխարինել Ադրբեջանում տեղակայված ռադարով»,- հայտարարեց Ռոուզ Գոտմոլլերը։ Տարբեր փորձագետների բնորոշմամբ, համարժեք հայտարարություններ արդեն հնչում են Ռուսաստանի Պետական դումայում, թեպետ ռուս պատգամավորները կարծում են, որ Վաշինգտոնը ռազմավարական գերակշռություն ունի Մոսկվայի նկատմամբ միջուկային զենքերի մոդեռնացման առումով, և բնական կլինի, որ զինանոցի կրճատումը սկսվի ԱՄՆ-ից։ Այլ կերպ ասած, մոտենում է «մեծ առևտրի» ժամանակը։
Սակայն, որքան էլ վերջին շրջանում հայտարարվի, թե Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև գաղափարախոսական հակասություններ և, ըստ այդմ, նոր սառը պատերազմ սկսելու հիմքեր չկան, սատանան դարձյալ հայտնաբերվելու է մանրամասների մեջ։ Երկու երկրների համատեղ հետաքրքրությունների ցավոտ կողմերը հայտնի են, դա ոչ միայն հակահրթիռային պաշտպանության ոլորտն է, այլև Մոսկվայի էներգետիկ քաղաքականությունը, Կովկասը։ Եվ այդ մասին շատ արագ հիշեցրեց Ճապոնիա պաշտոնական այցի մեկնելու նախապատրաստվող Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ում կարծիքով` ԱՄՆ-ը չպետք է իրեն անպատժելի զգա։ «ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Ռուսաստանը փոխկապակցելու է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության և ռազմավարական սպառազինությունների կրճատման հարցերը։ Կարծում եմ` փորձագետ լինելու կարիք չկա, որպեսզի հասկանալի լինի, որ եթե մի կողմը ցանկանում է իր գլխին ունենալ հակահրթիռային «հովանոց» ընդդեմ բոլոր վտանգների, ապա նրա մոտ կարող է առաջանալ պատրանք, թե իրեն ամեն ինչ կարելի է։ Եվ այդ ժամանակ ագրեսիվությունն այդ կողմի գործողություններում աճելու է մինչև շատ վտանգավոր մակարդակ»,- հայտարարեց Ռուսաստանի վարչապետը։ Չնայած Լավրով-Քլինթոն պայմանավորվածություններին, որ Վրաստանի շուրջ ունեցած տարաձայնությունները պետք է մի կողմ դնել ավելի կարևոր հարցերում տեղաշարժ արձանագրելու համար, Պուտինը չխուսափեց հերթական անգամ ընդգծելուց. «Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններն իրենցից ներկայացնում են ազդանշան հակառակ ուղղությամբ։ Դա չի կարող դիտարկվել այլ կերպ, քան աջակցություն իշխող ռեժիմին։ Մենք մեծ հույսեր ունենք, որ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունն ինչպես պետք է կսեղմի ոտնակը և կարգելակի բացասական միտումները մեր միջպետական հարաբերություններում, քայլեր կձեռնարկի դրանց իսկապես նոր բովանդակություն տալու համար»։
Մկանունքի ցուցադրության այս խորապատկերի վրա շատ բնութագրական է արտգործնախարար Լավրովի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ը խոստացել է, որ եթե Վրաստանը մի անգամ էլ դիմի ռազմական ուժի կիրառմանը, ապա վերջնականապես հրաժեշտ կտա ՆԱՏՕ-ին։ Եթե նկատի ունենանք, որ ռուսական կողմն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ ամեն ինչ կանի Վրաստանի մուտքը ՆԱՏՕ թույլ չտալու համար, ապա Լավրովի վերոնշյալ պնդումը շատ հետաքրքրական է, և ԱՄՆ-ի հետ ամեն ինչ նոր էջից սկսելու Մոսկվայի առաջարկությունը, փաստորեն, միաժամանակ հակասում է «ազդեցության գոտիները» պահպանելու քաղաքականությանը։ Ամերիկացիներն ակնհայտորեն չեն ուզում կարևոր բանակցությունների շեմին գրգռել «հյուսիսային արջին» և նախապատվություն են տալիս երկխոսությանն ու դիվանագիտությանը։ Մի շարք կոնգրեսմեններ արդեն նախագիծ են պատրաստել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, կհետաքրքրի նաև Մոսկվային։ Սակայն չի բացառվում, որ կրկին կգա ժամանակը, երբ իրական տարաձայնությունների պատճառով ամերիկացիները կրկին ստիպված կլինեն որդեգրելու սկզբունքային դիրքորոշում։ Եվ խնդիրը բոլորովին էլ հարավկովկասյան պետությունների` համաշխարհային քաղաքականության վրա ունեցած ազդեցությունը չէ, այլ աշխարհագրությունն ու Արևմուտքի շահերն այս տարածաշրջանում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2797

Մեկնաբանություններ