ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պարտավոր ենք ազգովին երկիրը հանել ներկա խառնափնթոր վիճակից

Պարտավոր ենք ազգովին երկիրը հանել ներկա խառնափնթոր վիճակից
19.12.2008 | 00:00

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻԶՄ
Սովորաբար «սոցիալիզմ» բառից ընթերցողի մոտ մարքսիզմ-լենինիզմի մասին լավ կամ վատ հուշերից հետո պատկերվում է ԽՍՀՄ-ը, ոմանց մոտ` դրական, ոմանց մոտ` բացասական կողմերով, իսկ «նացիոնալիզմ» բառից` արիական գաղափարախոսությունն ու ֆաշիստական Գերմանիան: Երկուսի միաձուլումից ծնված նացիոնալ-սոցիալիզմ հասկացությունը մեծամասնության մոտ միայն բացասական պատկերացումներ է առաջացնում` կապված հիմնականում Հիտլերի և նրա կուսակցության հետ:
Ասվածը վերաբերում է ոչ միայն հասարակության քիչ թե շատ իրազեկված մասին, այլ նաև ազգայնականներին, որոնց համար դեռևս մշակված չեն հայ ազգային սոցիալիզմի հիմնական դրույթները և մատչելի ձևով դեռ ներկայացված չեն հասարակությանը:
Սոցիալիզմի և ազգայնականության վերաբերյալ իշխող կարծրատիպերը հաղթահարելու այս փորձն ինքնանպատակ չէ, քանզի համոզված ենք, որ հայ ազգայնականը երես չպիտի թեքի սոցիալիստական գաղափարներից, իսկ սոցիալիստը` ազգայնականից, առավել ևս հայ ժողովուրդը` նացիոնալ-սոցիալիզմից:
Կարելի է նկատել, որ եթե նացիոնալիզմ տերմինը մեծամասնության մոտ միայն բացասական զգացողություն է ծնում, ապա դրա ազգային կամ ազգայնական հայերեն տարբերակներն այլ կերպ, ավելի մեղմ և, ընդ որում, դրական իմաստով են ընկալվում: Դրա բացատրությունն այն է, որ ազգայնականությունը, ազգային հարցի վերաբերյալ քաղաքական գաղափարախոսություն լինելուց բացի, հայի համար նաև ազգային առանձնահատկություններով պայմանավորված և ինքնապաշտպանական բնույթ ունեցող հոգեբանություն է: Սիրել կամ պաշտել սեփական ազգը, չի նշանակում չհարգել կամ ատել մյուսներին: Այն, որ ազգայնականը սեփական ազգի բարեկեցությունն իր արժեհամակարգի բարձր սանդղակում է տեղադրում, չի կարող հանցագործություն լինել, որովհետև դրանով որևէ կերպ դեմ չի գնում ընդունված համամարդկային արժեքներին:
Նույնը կարելի է ասել և սոցիալիզմի դեպքում, որի արևմտահայերենում կիրառվող «ընկերվարություն» թարգմանությունը թեև բոլորովին չի համապատասխանում բովանդակությանը, բայց դրական վերաբերմունք է ծնում, ինչպես համայնավարությունը, որպես կոմունիզմ բառի հայերեն թարգմանություն: Իր երկրի ունեցվածքից համայնավարական սկզբունքներով մասնաբաժին ունենալու հասարակ ժողովրդի բնական ձգտումը հանցագործություն չէ, որովհետև դրանով չեն ժխտվում ո՜չ մասնավոր սեփականությունը, ո՜չ համամարդկային արժեքները:
Ներկա հայ ազգայնականությունը, ինքնուրույն պետություն ունենալու ցանկությունը բավարարելուց հետո, ցավոք, որևէ քայլ չարեց ժողովրդին սոցիալական հավասարություն ապահովելու գործում: Սակայն մի՞թե այդ հարցը նրան չէր հուզում ու վերաբերում: Ազգային և պետական զգացողությունը յուրաքանչյուր հայրենասերի թելադրում է գերապատվություն տալ պետական սեփականությանը մասնավորի նկատմամբ, ինչը սոցիալիստների հիմնական դրույթներից մեկն է: Դա նշանակում է, որ երբեմն անթաքույց հակադրվելով ժողովրդավարությանը` սոցիալիստներն ու ազգայնականները վաղ թե ուշ կհամատեղեն իրենց ջանքերը:
Վերջին քսան տարին կարծես լրիվ բավարար էր, որ հայ ժողովուրդն իր կաշվի վրա զգար կապիտալիզմի «համն ու հոտը», ազատականացման ներկա «գաղութային» լուծը համեմատեր նախորդի` «տոտալիտարի» հետ:
Արդյո՞ք ԽՍՀՄ-ի փլուզումից և պարտադիր կամ ակամա «անկախանալուց» հետո ժողովրդին տրված էր զարգացման հետագա ուղու ընտրության հնարավորություն: Հարցին «այո» կամ «ոչ» պատասխանելուց առաջ նախ պետք է ընդունել, որ ընտրված այս ուղու հետևանքով մեր երկրի պետականության հիմքերը, մեղմ ասած, չեն ամրանում:
Պետք է համաձայնել նաև, որ դրա կարևոր պատճառներից մեկն էլ բնակչության մեջ առկա սոցիալական բևեռացումն է, ինչն արհեստականորեն, բայց հետևողականորեն է խորացվում:
Հարուստներ և աղքատներ միշտ էլ եղել են, սակայն նրանց միջև տարբերությունը երբեք այն աստիճանի չի հասել, որ վերջիններիս մոտ ատելի դառնան ոչ միայն հարուստներն ու նրանց սատարող կուսակցություններն ընդհանրապես, այլ հենց պետությունը` առաջին հերթին իր ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու անկարողության համար: Նախկինում էլ են եղել նման իրավիճակներ, և այդ առիթով Վարպետը գրել է.
Ատում եմ, ավաղ, և հայրենիքը-պերճ արոտավայր հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:

Վտանգի մեջ գտնվող երկրում, երբ երկրի ունեցվածքը պատկանում է մի քանի «ընտրյալների», հայրենասիրությունն անկում է ապրում: Հայրենիքի համար կռվելու պատրաստ կամավորների մի մասը, որոնց անձնազոհության շնորհիվ արցախյան գոյամարտում հաղթանակներ ապահովվեցին, խոստովանում է, որ պատերազմի ժամանակ պետական ունեցվածքի և հողի մեջ զգում էր նաև սեփականության իր մասը, իսկ այժմ, չունենալով որևէ անձնական սեփականություն և պետական սեփականությունն էլ իր դիրքերում չտեսնելով, կորցնում է վստահությունն իշխանությունների և պետության հանդեպ, ինչի հետևանքով էլ թերահավատորեն է մոտենում հայրենասիրության պահանջներին: Արդեն հաճախակի են լսվում նրանց տարակուսած հարցերը, թե ո՞ւմ համար պետք է կռվեն` «սրա՞նց» (անվանական տալով մակդիրավոր հարուստների անունները), սրա՞նց ունեցածը պաշտպանելու համար, որ ամբողջ երկիրը դարձրել են միայն իրենցը, ուրեմն, թող իրենք էլ կռվեն…
Ամենատարբեր, ներառյալ և քրեական եղանակներով հարստացած առանձին մարդկանց, նրանց խմբավորումների միջև, որքան էլ նմանություն և ընդհանուր շահեր լինեն, միևնույն է, նույնպիսի բնական պայքար կա, ինչպիսին կա վիշապի երկու գլուխների միջև, որն այժմ երևակվել է «իշխանության և ընդդիմության հակամարտություն» անունով: Նրանց` իրար հանդեպ առկա անհանդուրժողականությունը նույնպես տանում է ազգային պառակտման, հետևաբար և պետականության թուլացման, բայց հակադիր համարվող այդ ուժերը, ժողովրդի անունից խոսելով, ժողովրդին խաբելու և շահագործելու հաշվին հարստանալու գործելաոճով, արդեն իրարից այնքան էլ չեն տարբերվում: Հատուկ ունակություններ պետք չեն հասկանալու համար, որ լավ կամ վատ «ժողովրդավարների» տեղերը փոխելիս ժողովրդի կենսամակարդակն ու խղճալի վիճակը, որում հայտնվել է վաղուց, բոլորովին էլ չեն փոխվի:
Պետք է համաձայնել նաև, որ 1988-ին թափ առած արցախյան շարժումը զուտ ազգային էր և որպես ազգային ազատագրական պայքար ոչ թե սոցիալական խնդիրներ լուծելու համար էր կամ ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ, այլ հայկական հողերը` տվյալ դեպքում Արցախը, օտար լծից (տվյալ դեպքում` Ադրբեջանից) ազատագրելու համար: Ժամանակին պետական մեքենաները պատերազմի դաշտ ուղարկելու համար օրինական տերերից բռնի խլելով` հայտարարեցին դրանց «ազգայնացման» մասին, և միայն հետագայում դրանք (և ոչ միայն) «սեփականաշորթվեցին» որոշ «ընտրյալների» կողմից:
Այլ հարց է, որ ԽՍՀՄ-ը կազմալուծողներն իրենց հեռակա նպատակներն իրականացնելու ճանապարհին կարողացան ճարպկորեն օգտագործել ազգայնական ուժերին, ապա նաև ներգրավեցին ժողովրդին` նրա սոցիալական խնդիրները լուծելու գեղեցիկ խոստումներ տալով:
Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անմիջապես պարզ դարձավ, որ մեր «անկախ» հանրապետության ղեկավարման հարցում ազգայնականներն արդեն գործ չունեն, իսկ ժողովուրդը խաբված է:
Սպասվող դժգոհություններից խուսափելու և դեպքերի չնախատեսված զարգացումները կանխելու, նաև ժողովրդավարության տպավորություն թողնելու նպատակով, ազգային որոշ, հիմնականում «ժողովրդավարացված» ուժեր, իսկ հետագայում` նաև համայնավարների ներկայացուցիչներ, ձևականորեն ընդգրկվեցին իշխանական կառույցների մեջ, և հենց նրանց լուռ համաձայնությամբ էլ իրականացվեցին պետական ունեցվածքի վերջնական գիշատչական մասնավորեցումը, թալանն ու կողոպուտը:
Սակայն երբ կատարվեց պետական քաղաքականության որոշիչ ուժերի` էներգետիկայի, կապի, երկաթուղու, ջրի, բանկերի, հանքերի և այլնի «նվիրաբերումն» օտարներին, ակնհայտ դարձավ, որ մեր երկրին թելադրված քաղաքականության հատկանիշները ապապետական են և ապազգային:
Եթե «դասական» ընկալումներով գաղութատիրությունը մեկ երկրի կողմից էր (ասենք, Հնդկաստանը գաղութն էր Անգլիայի, կամ ՀԽՍՀ-ն` ԽՍՀՄ-ի), ապա «անկախանալուց» հետո գաղութատերերը բազմացան` Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, այլ և այլ երկրներ:
Ամենազավեշտալին այն է, որ ժողովրդի ունեցվածքն անհավասար բաշխելով և աղքատությունն ավելի խորացնելով` փորձում են ապացուցել, թե «ժողովրդավարության» պայմաններում մի բուռ մարդկանց դիզած հարստություններով (կամ Արևմուտքի ողորմություն-օգնություններով) ժողովրդի դրությունը կբարելավվի, երկրի հետամնացությունը կհաղթահարվի, տնտեսությունը կծաղկի և այլն: Իհարկե, դա մերկապարանոց սուտ է, բացարձակ խաբեություն, որն անընդհատ մատուցվում է և՜ իշխանության, և՜ արմատական կոչվող ընդդիմության կողմից: «Մի բուռ» հարուստների մեջ իրոք կան ու կլինեն այնպիսիք, որոնք անձնական շահերի հետ կհետապնդեն նաև ազգային շահեր և կձևավորեն ազգային բուրժուազիա: Օրինակ, նրանց ձեռնտու չէ, որ էժան ու շատ արտադրանք ներմուծվի, որն իրենք տեղում կարող են արտադրել կամ որ էժան ու շատ հումք արտահանվի, որն իրենք կարող են օգտագործել և այլն: Խոշոր կապիտալի մրցավազքում նրանք կմնան նույնքան անզոր, որքան իրենց համեմատ ներկա գործազուրկներն են:
Այսպիսով, թեև «ազգային բուրժուազիայի» և ազգի շահերը տեղ-տեղ համընկնում են հիմնականում նրանում, որ օտար կապիտալը և օտար մշակույթը տիրապետող դեր չունենան (ընդ որում, նաև դրա համար են հայ ազգայնականների և հայ գործարարների երբեմնի փոխադարձ հարգալից շփումները), այնուամենայնիվ, երկրի ներսում խորացող «հարուստներ և աղքատներ» հակադրության աճը կհանգեցնի նրան, որ բուրժուազիան կգնա զիջման և կենթարկվի օտար տնօրեններին:
Իսկ գուցե ընդվզի՞ երկիրը գաղութի վերածող ուժերի դեմ, դիմադրի՞ նրանց հակապետական-հակազգային պարտադրանքին և համաձայնության գա ազգային ու համայնավարական ուժերի հե՞տ:
Չպետք է անտեսել, որ նման մի «ընդվզում» նկատվեց մոտ 10 տարի առաջ` Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի շուրջը համախմբվածներով, ինչին պետք է հետևեր ազգայնականների ու համայնավարների լուրջ դաշինքը` ժողովրդի համար խիստ դրական դրսևորումներով:
Առողջ և սթափ վերլուծաբանները եզրահանգում են, որ երկրների ապագան տանում է դեպի սոցիալիզմ, և վկայակոչում են համայնավարական Չինաստանի հաջողությունները: Վերջերս հայտարարված համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում նկատելի էր, որ կապիտալիստական երկրների ֆինանսիստները ստիպված էին դիմելու ատելի Չինաստանի օգնությանը: Ողջունելի է, որ Չինաստանը, նախօրոք իր հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելով, աշխուժացրել է շփումները նաև մեր երկրի հետ: Իհարկե, հայ-չինական տնտեսական մերձեցումներն իրենց հետևում նաև քաղաքական նպատակներ ունեն: Կարևորն այժմ այն է, որ հայ «գերհարուստները» վերջ ի վերջո իրենց գոյությունը պահպանելու ցանկությունից և ազգային պատկանելությունից բխող պատճառներով հասկանան Չինաստանի հաջողությունների իրական գաղտնիքը և գիտակցեն իրենց ունեցած մասնավոր խոշոր սեփականությունը հօգուտ պետական սեփականության տրամադրելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Իսկ թե դա ինչպե՞ս կկայանա, տեխնիկայի հարց է:
Ժողովրդի հետագա ճակատագրով մտահոգված բոլոր ազգային, հայրենասեր, գործարար ուժերը պարտավոր են ժողովրդավարացվող և գաղութացվող երկիրը հանել ներկա խառնափնթոր վիճակից: Մեր առաջարկությունը նրանց հստակ է` պետք է կողմնորոշվել դեպի ազգային սոցիալիզմ, ապա համատեղ ջանքերով կողմնորոշել և ողջ ժողովրդին:
Հայ ազգային սոցիալիզմի տեսությունն իր էությամբ հեղափոխական չէ, մոտ է նժդեհյան ցեղակրոնության գաղափարախոսությանը և դեմ է վայ հայրենասերների այնպիսի ծայրահեղական տրամադրություններին ու կոչերին, ըստ որոնց պետք է շտապ անցում կատարել ցեղակրոնությունից դեպի ցեղիշխանություն: Ոչ էվոլյուցիոն եղանակով Հայաստանում ղեկավարման նոր տեսակ` էթնոկրատ դիկտատուրա հաստատելով, իհարկե, երկիրը կհասցվի արդարության քաղաք Արշակավանի վախճանին: Գեղեցիկ, բայց սին նոր խոստումներով կարելի է կործանել եղածն էլ, ինչպես Ծապլվարի հետ վարվեց «ընկեր յեղափոխական Փանջունին»: Հնարավոր է, որ առողջ առաջարկներ վիժեցնող և ազգային համարվող մի քանի փանջունի-առաջնորդիկներ այնպիսի հայտարարություններ անեն, որոնցով խաթարեն ազգայնականներին միավորող իրատեսական ծրագրերը` ազնիվ հայրենասերների ուշադրությունը շեղելով տիեզերաքաղաքացի-համամարդկային, «տիեզերաքաղաքացի-համաարիական» կամ «հոգևոր-միստիկ» ոլորտներում խճճված այլ տեսություններով: Սակայն, միևնույն է, նրանք անկարող կլինեն կանխել բնականոն ընթացքով զարգացումները` տվյալ դեպքում հայ ազգայինների, համայնավարների և գործարարների անխուսափելի միավորումը:
Պետք է հաշվի առնել նաև, որ միջազգային ներկա իրավիճակում նոր պետություններ են ծնվում, և նրանց զարգացման ուղու հնարավորությունները կարող են տարբեր լինել: Ակնհայտ է, որ միջազգային իրավունքներով օժտված տարածքային միավորների` պետությունների թիվն աճում է: Եթե 1900 թվականին դրանք մոտ 100-ն էին, այժմ հասել են մոտ 200-ի: Սակայն ինչո՞ւ նրանց թիվը չպետք է շարունակի աճել, ոչ թե միայն ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի, Ադրբեջանի կամ թեկուզ Վրաստանի, այլ, ասենք` ԱՄՆ-ի քայքայման և նրա նահանգներից առանձին ազգային պետությունների առաջացման հաշվին: Ժողովրդավարությունը, որպես պետական իշխանության ձև, մի տեսակ պարտավորություն ունի ազգային խորհրդանիշների, օրինակ, օրհներգի, դրոշի, լեզվի, զինանշանի, դրամատեսակի և այլնի նկատմամբ, իսկ ԱՄՆ-ում այնպիսի ազգեր կան (բնիկ հնդկացիները, սևամորթները, չինացիները, մեքսիկացիները, ռուսները, նաև հայերը և այլք), որոնք հասունացել են իրենց պատմական հայրենիքներից դուրս ժողովրդավարական եղանակներով ինքնուրույն պետություններով դրսևորվելու համար:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամերը կարող են կրկնվել ավելի մեծ ամպլիտուդներով ու հաճախականությամբ, բնականաբար, ունենալով ավելի աղետալի հետևանքներ: ՈՒրեմն, չպետք է զարմանալ, որ նորաստեղծ ազգային պետությունները կա՜մ Չինաստանի օրինակով, կա՜մ ուղղակի հիմնվելով հայրենասիրության և ազգային գաղափարախոսության սկզբունքների վրա, բռնեն սոցիալիստական, ավելի կենսանպաստ զարգացման ուղին:
Ազգային սոցիալիզմը զարգացման տարբեր մակարդակների վրա գտնվող ժողովուրդների համար կարող է ապահովել և՜ տնտեսության, և՜ մշակույթի արագ վերելք ու կայունություն: Այդ ուղին ընտրած երկրում վերջ կգտնեն այնպիսի դաժան պատիժներ, ինչպիսիք են գործազրկությունը, էժան աշխատուժի շահագործումը, չարչիությունը և այլն:
Որպես հասկացություն, իր բնույթով և էությամբ ազգային սոցիալիզմը շատ հարազատ է հայ մարդու տեսակի մտածելակերպին: Գիտական մոտեցման ու ճիշտ կիրառության դեպքում այն կարող է միավորել աշխարհի հայության աշխատանքային և ստեղծագործ ջանքերը` հօգուտ հայ ազգային ու պետական շահերի:
Իրականում զարգացման ո՞ր ուղին ընտրել` ժողովուրդների ներքին գործն է, եթե, իհարկե, նրանց այդպիսի հնարավորություն ընձեռվի: Սակայն մի բան պարզ է, որ պարտադրված քսանամյա կապիտալիստական, իսկ ավելի ճիշտ` գաղութացման ուղին իր «քաղցր» պտուղներով անհարիր է հայ ժողովրդի ոգուն և արդեն չի համապատասխանում հայ ազգի շահերին:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հանուն հայրենիքի» հասարակական հայրենասիրական կազմակերպության նախագահ

Դիտվել է՝ 3992

Մեկնաբանություններ