ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՍՊԵ՞Լ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՍՊԵ՞Լ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
06.11.2009 | 00:00

«Ցանկացած առասպել սնուցման կարիք ունի։ Լավ սնուցվելու դեպքում այն դառնում է իրականություն»։
ՖՈՒՇԵ
Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակը կարելի է առանձնացնել ոչ միայն իշխանություն-ընդդիմություն հակադրությամբ կամ պայքարով, այլև բուն իշխանության ներսում տարբեր, իրարամերժ բևեռների առկայությամբ։ Նախագահական ընտրություններից հետո իշխանական բուրգի ամբողջացում առայսօր տեղի չի ունեցել։ Այսինքն, այն, ինչ կոչվում է կառավարման բուրգ կամ համակարգ, նույնիսկ իր ամենաբարձր օղակի պարագայում չի կարող բնորոշվել իբրև գործող նախագահի միասնական թիմ։ Իշխանության ներսում իրենց գոյությունն ու ազդեցությունը պահպանում են նաև այլ բևեռներ։
Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍՈՒՄ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐՈՒԳՈՒՄ»
Օրերս մամուլը գրեց այն մասին, որ հոկտեմբերի վերջին տասնօրյակում շատ խորհրդավոր այցով Հայաստանում է եղել ռուսական վերլուծաբաններից ամենավերլուծաբանը և քաղտեխնոլոգներից ամենաքաղտեխնոլոգը` Գլեբ Պավլովսկին։ Այս այցը, իսկապես, շղարշված է եղել խորհրդավորության քողով, որովհետև, ըստ մամուլի պնդումների, Պավլովսկին հանդիպել է բարձրաստիճան տարբեր քաղաքական դեմքերի հետ, բայց այդպես էլ պարզ չեղավ, թե կոնկրետ` ում։ Սակայն այցի նպատակի առումով նշվում է, որ ռուսաստանյան քաղտեխնոլոգին առավել հետաքրքրել են քաղաքական դաշտի տրամադրությունները և խորհրդարանում ընդդեմ Հայաստանի նախագահի ծանրակշիռ ընդդիմության ձևավորման հնարավորությունը։ Ընդ որում, խորհրդարանական փաստացի ընդդիմությունը` ՀՅԴ-ն և «ամերիկյան պրոյեկտ» «Ժառանգությունը», Պավլովսկուն առանձնապես չեն հետաքրքրել։ Չեն հետաքրքրել նաև իշխանական դաշտում գործող «ֆրանսիական պրոյեկտ» ՕԵԿ-ը և, բնականաբար, ՀՀԿ-ն։ Մնում է միայն «ենթադրել», թե որ քաղաքական ուժն է առավել հետաքրքրել հեռավոր Մոսկվայից ժամանած հյուրին։
Ի դեպ, Պավլովսկու այցը զարմանալիորեն համընկավ ՌԴ Պետդումայի նախագահ Գրիզլովի` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Մոսկվա այցելելու հրավերի հետ։ Գուցե դրանում տարօրինակ ոչինչ չկա, որովհետև ԲՀԿ-ն միջկուսակցական համագործակցության համաձայնագիր ունի Գրիզլովի գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, բայց այդպիսի համաձայնագիր ունի նաև ՀՀԿ-ն, մինչդեռ այս քաղաքական ուժի կողմից ոչ ոք վաղուց արդեն նման հրավերի չի արժանանում։ Այս իրադարձություններին անմիջապես հետևեցին լուրեր, թե առաջիկայում հնարավոր է, որ տեղի ունենա ռուսական «Բիլայն» ընկերությանը պատկանող հայկական «ԱրմենՏելի» հերթական վաճառք, ու, ըստ շրջանառվող լուրերի, այն կարող է գնել Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխներից մեկը, բայց փաստացի սեփականատերը լինելու է էքսնախագահը։ Իսկ դա աննախադեպ մեծ ազդեցություն կապահովի նրա համար Հայաստանի տնտեսական կյանքում (որն առանց այդ էլ փոքր չէ)` համապատասխանաբար մեծացնելով նաև քաղաքական ազդեցության հնարավորությունները։
Ինչ վերաբերում է խորհրդարանի խոսնակին, ապա վերջինս ակնհայտորեն սկսել է վերցնել հանրապետության նախագահի «աթոռի չափսերը»։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ Հայաստանից Սերժ Սարգսյանի բացակայության ժամանակ ԱԺ խոսնակն իրեն գրեթե ՀՀ նախագահ է զգում, դեսպաններին ընդունում ու ճանապարհում է այնպիսի տեսքով, որ կարծես էսօր-էգուց...
«Քաղաքական կրուգում» շրջանառվող թեմաներից մեկն էլ այն է, թե ինչպես այդքան անակնկալ թիվ 10 մեծամասնական ընտրատարածքում առաջադրվելու որոշում ընդունեց կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը։ Մինչ այդ նա ինքն էր հրապարակավ հրաժարվել իր թեկնածության առաջադրումից, և հիմա նրա այդ դիրքորոշման փոփոխությունը շատերը պայմանավորում են նրանով, որ նախկին նախարարին այդպիսի իմաստուն խորհուրդ է տվել ոչ այլ ոք, քան ինքը` խորհրդարանի խոսնակը։ Նույնիսկ ասում են, որ ոչ միայն խորհուրդ է տվել, այլև աջակցում է կարելվույն չափ։
ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Վերը նշվածն ամբողջությամբ կարելի էր ընդունել որպես անհիմն բամբասանք։ Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, էլ ի՞նչ կատակ կամ բամբասանք, որի կեսը ճշմարտություն չէ։ Բայց այդ ճշմարտությունը վերջին օրերին երևան եկավ իրենց գոյության ողջ ընթացքում բացարձակ իշխանամետ դիրքորոշում դրսևորած, որոշ օլիգարխների վերահսկողության տակ գտնվող մի շարք ԶԼՄ-ների կողմից հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ձեռնարկված «գրոհով»։ Ամենայն հավանականությամբ, եթե ոչ հաստատապես, պատճառը վարչապետի արձագանքն էր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայաստանի բանկային համակարգը լվացքի մեքենա է, միայն թե կեղտոտ սպիտակեղեն լվանալու փոխարեն փող է լվանում։ Իսկ դա, ի դեպ, լուրջ քրեական հանցագործություն է, և երբ կառավարության ղեկավարը մտադրություն հայտնեց զբաղվելու այս հարցով և համապատասխան հանձնարարականներ տալու իրավապահ մարմիններին, հանկարծ պարզվեց, որ նա վատ վարչապետ է և չի կարողանում երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու արդյունավետ ճանապարհ առաջարկել։ Ի դեպ, այս գաղափարն օրեցօր ավելի է տիրաժավորվում որոշ հեռուստաընկերություններով ու մամուլի միջոցներով։
Ընդ որում, այդ լրատվամիջոցները մինչ այժմ երբևէ չեն խոսել ո՛չ հանրապետությունում տիրող ծանր սոցիալական վիճակի, ո՛չ բյուջեի սղության, ո՛չ տարվա ընթացքում 15 տոկոս տնտեսական անկման և դրա պատճառների, ո՛չ կառավարման համակարգում տիրող կոռուպցիայի, և ամենակարևորը` տնտեսական մոնոպոլիաների մասին։ Այդ ամենը կարծես նրանց համար գոյություն չէր ունեցել, քանի դեռ Տիգրան Սարգսյանը ձեռքը չէր երկարել «կեղտոտ փողերի» թեմային։ Այսինքն, այս երկրում ստեղծված ստատիկ կոռուպցիոն վիճակը շատ ձեռնտու է որոշ մարդկանց, և եթե վարչապետը պատրաստակամություն է հայտնում որևէ ոլորտում ինչ-որ փոփոխություն մտցնելու կամ ինչ-որ բարեփոխում իրագործելու, անմիջապես հանդիպում է հակազդեցության` այդ նույն կառավարման համակարգի «համապատասխան» օղակներից, այն է` մարդկանցից, ովքեր ունեն համապատասխան հովանավորներ և, բնականաբար, գործում են նրանց հրահանգներից ելնելով։ ՈՒ թերևս պատահական չէ, որ կրկին խոսակցություններ են շրջանառվում Տիգրան Սարգսյանի «հնարավոր հրաժարականի» մասին և նույնիսկ նոր հավանական վարչապետերի անուններ են հնչում, այդ թվում` ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև Գագիկ Ծառուկյանի, Կարեն Կարապետյանի և նույնիսկ` Հովիկ Աբրահամյանի։
Առաջանում է բնական հարց. ո՞վ է, ի վերջո, պատասխանատու հենց իշխանության ներսում պահպանվող այս երկիմաստ վիճակի, փաստացի երկիշխանության համար։ Եվ այս դեպքում անգամ Սերժ Սարգսյանին խնայելու ամենամեծ ցանկություն ունեցողները չեն կարող կրկին չմատնանշել հանրապետության նախագահին։ Որովհետև իշխանության ղեկը ստանձնելուց հետո անցած մեկուկես տարվա ընթացքում խոստացված բարեփոխումները որևէ ուղղությամբ դրական արդյունք չեն արձանագրել։ Հասկանալի է, որ այդ ընթացքում բավականին բարդ էին ընդդիմության հետ փոխհարաբերությունները, այնուհետև համապատասխան պրոբլեմներ առաջացան արտաքին հարաբերություններում, իշխանությունն ինքն էլ սեփական սխալներով բազմապատկեց դրանք, բայց գլխավոր հարցն այդպես էլ մնաց. ի վերջո, երկիրը կառավարող միասնական թիմ ձևավորվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ակնհայտ է, որ այս պայմաններում, երբ գործող նախագահը չի կարողացել կամ չի ցանկանում բոլորին ցույց տալ, որ գոնե կառավարման համակարգի ներսում իշխանության հարցը սկզբունքորեն լուծված է, և ոչ ոք չի կարող ստվերային ազդեցությամբ ուղղորդել գործընթացները կամ խոչընդոտել դրանք, փաստացի երկիշխանությունը պահպանվելու է, և նախորդ քաղաքական թիմի վերադարձի կամ ռեստավրացիայի առասպելը շարունակելու է ապրել ինքնուրույն և ինքնաբավ կյանքով, սպասելով համապատասխան արտաքին ու ներքին պայմանների ձևավորման, որպեսզի վերածվի իրականության։ Անիմաստ է աչք փակել այն իրողության վրա, թե մարդիկ, ովքեր նախորդ տասը և ավելի տարիներին արտոնյալ կարգավիճակ են ունեցել այս երկրում, մտադիր չեն հրաժարվել այդ կարգավիճակից ու այն պահպանելու և ընդլայնելու համար շարունակում են պայքարել տարբեր ձևերով ու մեթոդներով։ Դրսում` արտաքին հզոր հովանավորների որոնումներով, ներսում` նոր տնտեսական ու քաղաքական հենարաններ ստեղծելու ճանապարհով։
Ժամանակակից աշխարհում միայնակ իշխողներ չեն լինում։ Իշխանությունը թիմ է, մարդկանց համախումբ, ովքեր միավորվել են ընդհանուր գաղափարների, ընդհանուր ձգտումների ու նպատակների շուրջ։ Փաստ է, որ գործող նախագահին առայժմ չի հաջողվել ձևավորել այդպիսի թիմ, իսկ երկակի կամ երկիշխանության վիճակը կառավարման համակարգի ներսում երբևէ թույլ չի տա դա անել։ ՈՒրեմն, նախ պետք է փոխել այդ վիճակը, յուրաքանչյուր պատին խփել պետք եղած մեխը և հետո միայն որոշել, թե այդ մեխից ինչ է կախվելու։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ