ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ` ԽԱՐԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ` ԽԱՐԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
13.11.2009 | 00:00

«Հեղափոխությունը ծրագրում են հանճարները, իրականացնում` մոլեռանդները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները» արտահայտության մեջ պարփակված տրամաբանությունը ժամանակի ընթացքում մի տեսակ աննկատ, առանց առանձնակի ճիգեր գործադրելու, թափանցել է կյանքի բոլոր բնագավառները։ Միանգամից չես էլ կարողանում մտաբերել որևէ գաղափար, որն իր կիրառման ճանապարհին բյուրեղացել է, դարձել ավելի բարձր ու լուսավոր։ Հակառակ օրինակներին թիվ ու հաշիվ չկա։
Երբ 1896 թվականին շվեդ քիմիկոս ու գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահից հետո բացեցին նրա կտակը, աշխարհում ավելացավ տարբեր բնագավառներում շնորհվող մի մրցանակ ևս, որը ժամանակի ընթացքում դարձավ ամենահեղինակավորն ու բաղձալին։ Եվ իսկապես էլ, երկար ժամանակ նման մրցանակներ շնորհվում էին լավագույններից լավագույններին, արժանավորներից արժանավորներին։ Սակայն ինչ-որ մի պահի այդ մեխանիզմը խափանվեց, ու մասնավորապես գրականության և առանձնապես խաղաղության համար պայքարում Նոբելյան մրցանակի դափնեկիրներն սկսեցին ավելի շատ տարակուսանք, քան ակնածանք հարուցել։ Իսկ վերջին մի քանի տասնամյակներում երբեմնի հեղինակավոր այս մրցանակը, առանց չափազանցության, վերածվել է հակամրցանակի։ Ես ընդամենը կներկայացնեմ առանձին բնորոշ մանրամասներ մրցանակակիրներից մեկ-երկուսի քաղաքական ու մարդկային նկարագրից, իսկ ձեզանից յուրաքանչյուրը թող իր խղճի մտոք արժևորի դրանք։
«Ողջ կյանքիս նպատակը եղել է կոմունիզմի կործանումը,- 1999-ին թուրքական համալսարաններից մեկում իր ունեցած ելույթի ժամանակ անկեղծացել է Մ. Գորբաչովը։- Երբ անձամբ ծանոթացա Արևմուտքի հետ, հասկացա, որ չեմ կարող հետ կանգնել այդ նպատակից... Ինձ հաջողվեց զինակիցներ գտնել դրանք իրականացնելու համար։ Նրանց շարքում առանձնակի տեղ են զբաղեցնում Ա. Ն. Յակովլևը և Էդ. Շևարդնաձեն»։
Իսկապես, ոչ ոք ավելի շատ չի ատում որևէ գաղափար կամ գործ, քան նա, ով դավաճանել է երկուսին էլ։
Մ. Գորբաչովն ու Էդ. Շևարդնաձեն բանակցում էին ԳՖՀ-ի կանցլեր Հ. Կոլի հետ խորհրդային զորքերը ԳԴՀ-ի տարածքից դուրս բերելու հարցի շուրջ։ Կոլը հանդիպմանը ներկայացել էր նախապատրաստված. նա համաձայն էր որպես փոխհատուցում վճարել 160 մլրդ մարկ։ Հնարավորի արվեստի հմուտ կիրարկումը միանգամայն իրական կդարձներ գերմանական կողմի հետագա` է՛լ ավելի զգալի զիջումները, ընդ որում, ոչ միայն նյութական, այլև ռազմա-քաղաքական բնագավառներում։ Իսկ ինչպե՞ս վարվեցին Գորբաչովն ու Շևարդնաձեն։ Գորբաչովը ժամանակ խնդրեց խորհրդակցելու համար, Շևարդնաձեի հետ դուրս եկավ բանակցությունների սենյակից, ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության եկավ նրա հետ, վերադարձան և ասացին... «Մենք համաձայն ենք 14 մլրդ փոխհատուցմանը»։
Մեկ հարվածով փակել բոլոր արտաքին պարտքերը, մնացած գումարով բարեկարգ կացարաններ ու զորանոցներ կառուցել ԳԴՀ-ից դուրս բերվող սպաների և շարքայինների համար, պետբյուջեի խնայված միջոցներն ուղղել կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտներ ու էլի բազմաթիվ առավելություններ տվող այս տարբերակն էր դրված կշեռքի նժարներից մեկին։ Թե ինչ էր դրված մյուս նժարին` կռահեք ինքներդ։
Մյուսը. եթե հիշում եք, ժամանակին հեռուստաէկրանների վրա շարունակ առկայծում էին լայնորեն ժպտացող Մ. Գորբաչովի ու Ջ. Բուշ-ավագի երջանիկ դեմքերը, որոնց յուրաքանչյուր տեսակցություն երկար ժամանակ իրար կորցրած ու վերջապես գտած հարազատների հանդիպում էր հիշեցնում։ Նման մի հանդիպումից հետո, թե ինչ զրուցեցին «բարձր բանակցող կողմերը», ավելի շուտ, ինչ տվեցին-առան անդրկուլիսյան գործարքների վարպետները, իրենք կիմանան, սակայն արդյունքում, իբր թե խորհրդա-ամերիկյան ծովային սահմանի ճշգրտման համար, Բերինգի ծովի ձկնային և այլ բիոռեսուրսներով անասելի հարուստ, նավթի հնարավոր հսկայական պաշարներ պարունակող ընդերքով մի աներևակայելիորեն մեծ ջրատարածք անցավ ԱՄՆ-ի տնօրինության տակ։ Հակիրճ շարադրեմ այդ համաձայնագրի ամենաէական մասը. ԱՄՆ-ի տնօրինության տակ անցավ` ա) բացառապես ԽՍՀՄ-ի տնտեսական գոտում գտնվող մի տարածք` 31,4 հազար քառ. կմ մակերեսով, բ) Բերինգի ծովի կենտրոնական բաց մասում գտնվող մայրցամաքային ստորջրյա մի հողաշերտ` 46,3 հազ. քառ. կմ մակերեսով, որը ձգվում էր շատ ավելի հեռու, քան ելման գծից մինչև 200 ծովային մղոն ընկած ԱՄՆ-ի սահմանն էր։ Ընդ որում, Բերինգի ծովի այդ հատվածի մայրցամաքային ստորջրյա հողակտորը, որն անցավ Ռուսաստանի Դաշնությանը, ընդամենը 4,6 հազ. քառ. կմ էր, ինչն ուղիղ 74 հազ. քառ. կմ պակաս էր նման դեպքերում ավանդաբար անցկացվող այն սահմանազատիչ գծից, որն անցնում էր ուղիղ մեջտեղով։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, սակայն օրենքի ուժ ստանալու համար այն պետք է վավերացնեին երկու երկրների ներկայացուցչական մարմինները։ Ամերիկյան Կոնգրեսը, ինչ խոսք, անմիջապես վավերացրեց այն, իսկ պաշտպանության նախարարությունը ռազմածովային մեծ ուժեր մտցրեց այնտեղ, իսկ մյուս` սկզբում խորհրդային, այնուհետև ռուսական կողմը մինչև այժմ ո՛չ վավերացնում է այդ փաստաթուղթը, ո՛չ էլ համարձակվում չեղյալ համարել այն ու իր հերթին ռազմանավեր ուղարկել այնտեղ։ Ավելին, մինչ օրս ՌԴ պաշտոնական քարոզչամեքենան ծպտուն անգամ չի հանել այդ ամենի վերաբերյալ։ Թե ինչն էր պատճառը, որ այդքան լայն ժպտում էր ԱՄՆ-ի նախագահը, ակնհայտ է, իսկ թե ի՞նչն էր այդքան երջանկացրել ԽՄ ղեկավարին, թողնենք անպատասխան։
Եվ վերջապես երրորդ դեպքում կողմերն արդեն գործում էին բաց խաղաքարտերով, համենայն դեպս, նրանցից մեկը։ Հարավային Կորեայում գտնվելու ժամանակ Մ. Գորբաչովը հավուր պատշաճի խոսում էր համաշխարհային քաղաքականության, Հարավարևելյան Ասիայում խաղաղության և համագործակցության ամրապնդման ու զարգացման, երկկողմ տնտեսական ու մշակութային կապերի խորացման ու այլ մեծ-մեծ բաների մասին, իսկ Կորեայի նախագահն աշխատում էր որսալ պահը` նրա գրպանը 100 հազար դոլարի չեկն աննկատ սահեցնելու։ Ըստ երևույթին նա այնքան էլ սովոր չէր կատարելու նման գործողություններ, ինչի արդյունքում բավականին թվով մարդիկ ականատեսը դարձան այդ մտերմիկ տեսարանի։ Եվ երբ ժամանակին «Ճշմարտության պահը» հեռուստահաղորդման հեղինակ Անդրեյ Կարաուլովը պարբերաբար անդրադառնում էր այդ հարցին, ճգնելով պատասխան կորզել այս կամ այն զրուցակցից, թե` «բա հետո ի՞նչ եղավ, կամ ի՞նչ է լինելու վերջը», ապա դրանք հատվում էին այս կետում. «Ոչինչ, բոլոր պատկան մարմինները քար լռություն են պահպանում, իսկ երբեմն-երբեմն կենդանի հանդիպումների ժամանակ ներկայացվող ճակատային մեղադրանքներին ի պատասխան Գորբաչովը միայն... մեղմ ժպտում էր»։
Կարծում եմ` այսքանից հետո ավելորդ է մանրամասնել, թե, ի վերջո, ինչ էր դրված կշեռքի մյուս նժարին։
ՈՒշադրության է արժանի նաև իսպանական կենտրոնական թերթերից մեկում 1993-ի հուլիսին Բաղդադի հրթիռակոծումից հետո Մ. Գորբաչովի հրատարակած հոդվածը։ Նա մեղմորեն հանդիմանում էր նախագահ Քլինթոնին «թույլ տված սխալի» համար, որը կարող էր բարդացնել ԱՄՆ-ի գլխավորությամբ համաշխարհային նոր կարգ հաստատելու բախտորոշ գործընթացը։ «Ախր, ինչո՞ւ Դուք այդպես վարվեցիք,- կտրիճ նախագահին կշտամբում է Մ. Գորբաչովը,- մի՞թե չէր կարելի այդ որոշումն անցկացնել ՄԱԿ-ով, ոչ ոք Ձեզ չէր մերժի»։ Այդպես էլ ասում է. «Չէ՞ որ կարելի էր, ի վերջո, այդ ակցիան իրականացնել նման որոշման կոլեկտիվ ու լեգիտիմ ընդունման հիման վրա։ Այդժամ ԱՄՆ-ի հեղինակությունն աշխարհում միայն կաճեր»։ Նոր մտածողության ջատագովը խնդրում էր սպանել մարդկանց միմիայն լեգիտիմ ճանապարհով, այլապես նա վշտանում է։ Իսկ եթե լեգիտիմ ճանապարհով, ապա` խնդրեմ։ Չէ՞ որ «միանգամայն արդարացիորեն ողջ համաշխարհային հանրությունը 1991-ին սատարեց ԱՄՆ-ին (ո՞վ տեղյակ չէ, որ «համաշխարհային հանրություն» ասվածն ընդամենը ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի կոդավորված ծածկանունն է- Ռ. Ա.)։ Չէ՞ որ կարելի էր, և դա բոլոր շահագրգիռ կողմերի պարտքն էր, կրկնել այն դրական փորձը, որը ձեռք էր բերվել ի պատասխան 1991-ին Սադամ Հուսեյնի իրականացրած ագրեսիայի»,- տրտնջում է Գորբաչովը։ Այդ «դրական փորձը» նա որակում է որպես «պատիժ», ինչի որոշումը կայացվել էր կոլեկտիվ և օրինական կերպով։ Գորբաչովը նման կարգը հանդիսավորապես անվանում է «միջազգային իրավունքով կայսրություն», որը ստեղծվում է ԱՄՆ-ի առաջնության ներքո։
Նա իրեն բնավ նեղություն չի տվել խորհելու, թե այդ երբվանի՞ց է ՄԱԿ-ը սկսել «պատժի» թույլտվություններ բաժանել, երբ կառույցի հիմնական առաքելություններից մեկը «ագրեսիային հակահարված տալն է», ինչը բոլորովին էլ նույն բանը չէ։ Եվ այդ ո՞ր միջազգային իրավունքում է սահմանված, թե որքան խաղաղ բնակիչ է պետք սպանել և ինչ աստիճանի ավերել երկիրը` քեզ անհաճո քաղաքական գործչին պատժելու համար։ Իսկ ամենանողկալին այն է, որ այս ամենն ասվում էր այն բանից հետո, երբ լայնորեն հրապարակվել էին Հարվարդի համալսարանի բժիշկների հանձնաժողովի կատարած հետազոտությունների արդյունքները, որոնք 1991-ի սեպտեմբերին ուսումնասիրել էին Իրաքի ռմբակոծության հետևանքները։ Իրաքին «պատժելու» արդյունքում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության աստիճանն աճել էր 380 տոկոսով, իսկ ավելի քան 100 հազար երեխա, ըստ հանձնաժողովի գնահատականների, անխուսափելիորեն կմահանային հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո` մանկական սննդի բացակայության պատճառով (նրանք արդեն հատել էին կյանքի և մահվան միջև այն անտեսանելի սահմանը, որից հետո այլևս վերադարձ չկա)։ Իսկ անմիջականորեն ռմբակոծությունների արդյունքում, ինչի հետևանքով ավերվել էին կենսական ենթակառույցները (ջրմուղը, էլեկտրակայանները, կամուրջները և այլն), 1991-ին մահացել էր, ըստ ամերիկյան համալսարանի բժիշկների, 170 հազար մարդ։
Ահա այսպիսին էր այն «դրական փորձը», որն այդքան բարձր էր գնահատել 1990-ի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը։
Հիմա, երբ մենք արդեն գիտենք, թե «համաշխարհային հանրության» հաշվարկով որքան է արաբական արյան գինը, մեզ համար ավելի հեշտ կլինի «ըմբռնումով մոտենալ» ստորև շարադրվող հատվածին։ 1978-ին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի հետ համատեղ խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացավ նաև Իսրայելի 6-րդ վարչապետ Մենահեմ Բեգինը։ Թռուցիկ նշենք, որ արաբ ղեկավարին նման մրցանակի արժանացնելու միակ պատճառն արաբական աշխարհի այդ ամենահզոր երկիրը հակաիսրայելական ճակատից պոկելու իրողությունն էր, ինչի համար սակայն նա սեփական երկրում ստացավ բոլորովին այլ «պարգև»` նռնակներ ու ավտոմատի կրակահերթեր։ Սակայն խոսքը հիմա նրա մասին չէ։ ՈՒզում եմ պարզապես ձեր ուշադրությանը ներկայացնել մի հատված ԱՄՆ-ի Նոր Օռլեան նահանգից երկու անգամ կոնգրեսական ընտրված հայտնի քաղաքական գործիչ Դեյվիդ Դյուկի «Հրեական հարցն ամերիկացու աչքերով» աշխատությունից։
«Մեծ Բրիտանիան հայտարարեց տարածաշրջանում իր ռազմական ներկայության դադարեցման մասին` չդիմանալով տեռորիստների և նրանց հանցավոր գործունեությունը հովանավորող ԶԼՄ-ների ճնշմանը։ Այն բանից հետո, երբ անգլիացիները հեռացան, այլևս ոչինչ չէր կարող խանգարել սիոնիստներին հաշվեհարդար տեսնելու տեղաբնակների մնացորդների հետ, այն մարդկանց հետ, ովքեր դեռևս համարձակություն ունեին ապրելու իրենց տներում։
Պաղեստինցիների նկատմամբ վայրագ վերաբերմունքի դրսևորումը դարձավ իսրայելական ռազմավարության բաղկացուցիչ մասը։ Երբ հրեա տեռորիստները բռնաբարում ու սպանում էին արաբական գյուղերի բնակիչներին, հարևան գյուղերի բնակիչները, բնականաբար, կենդանի մնալու համար աշխատում էին հնարավորինս հեռու փախչել այդ տեղերից։ Այն բանից հետո, երբ սիոնիստները հռչակեցին Իսրայել պետությունը և որոշեցին նրա նախնական սահմանները` ձերբազատվելով 630 հազար ձանձրացնող պաղեստինցիներից, իսրայելական կառավարությունն արգելեց փախստականների վերադարձն իրենց տները, իրենց դաշտերի ու նախիրների մոտ։ Այն պահին, երբ իսրայելցիներն ավարտեցին ազատության համար պատերազմը, երկրում մնացել էր միայն 170 հազար պաղեստինցի։
Հրեաները, բնականաբար, խիստ ազդեցիկ կողմնակիցներ ունեին աշխարհով մեկ` հատկապես ԶԼՄ-ներում, որոնք պատկերում էին Իսրայելը որպես փոքրիկ, բայց քաջարի երկիր։ 60-ականներին միլիոնավոր չափահասներ և երեխաներ, այդ թվում և` ես, հիացած էինք Իսրայելի հերոսական պատմությամբ, որը հմայիչ կերպով ներկայացված էր «Ելքը» ֆիլմում, որն արժանացել էր «Օսկար» մրցանակի։ Այն ժամանակ ես, ինչպես և ամերիկացիների մեծամասնությունը, շատ աղոտ պատկերացում ունեինք այն ահավոր անարդարության մասին, որ կատարվել էր պաղեստինցիների հանդեպ։
Առաջին իսրայելական պատերազմի ժամանակ ամենահայտնի վայրագությունը Դեիր Յասսինի հայտնի կոտորածն էր։ 1948-ի ապրիլի 9-ին, մարտական գործողությունների ավարտից հետո, «Իրգուչ Գանգ» սիոնիստական տեռորիստական կազմակերպության գրոհայինները, Մենահեմ Բեգինի գլխավորությամբ, սպանեցին 254 հոգու, հիմնականում կանանց, երեխաների և ծերերի։ Երկու օր շարունակ սիոնիստ տեռորիստները սպանում էին ու թալանում...»։
Այստեղ մի պահ ուղղակի կընդհատեմ մեջբերումը, շարունակությունը, ինչպես ասում են, նյարդայինների համար չէ։ Կասեմ միայն, որ վայրագության աստիճանով սրանք բնավ չէին զիջում թուրքերին։ Եվ դա բոլորովին էլ միակ դեպքը չէր։
«Զանգվածային սպանությունների կազմակերպիչ Մենահեմ Բեգինը հետագայում դարձավ Իսրայելի վարչապետ և նույնիսկ արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այդ պարգևի շնորհումը խիստ խորհրդանշական է, այն ավելորդ անգամ ցույց է տալիս, թե ինչ հսկայական ազդեցություն ունեն հրեամետ ԶԼՄ-ներն ամբողջ աշխարհում»,- եզրահանգում է Դեյվիդ Դյուկը։
Աստված վկա, մի տեսակ սկսում ես կարեկցել շվեդ գյուտարարին։ Խեղճ մարդը, երևի թե, ամեն տարի, խաղաղության իր անունը կրող մրցանակի դափնեկիրներ հռչակելու պահին, անհանգիստ շուռումուռ է գալիս գերեզմանում։ Իսկ «համաշխարհային հանրության» «ազատ մամուլը» շարունակում է իր անվերջանալի վազքը գերմանացի փիլիսոփայի` «փաստեր չկան, կան մեկնաբանություններ» հայտնի արտահայտության հետքերով։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1854

Մեկնաբանություններ