ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ձևի և բովանդակության համադրությամբ

Ձևի և բովանդակության համադրությամբ
12.08.2008 | 00:00

Անցած 2,5 ամիսների ընթացքում «Իրավունք de facto»-ի աշխատակազմը ձգտել է ստեղծել օբյեկտիվ լրատվամիջոց, որը Հայաստանում և նրա շուրջ ընթացող քաղաքական ու հասարակական զարգացումները լուսաբանում է ոչ թե իշխանության կամ ընդդիմության, ֆինանսա-տնտեսական տարբեր խմբերի կամ արտաքին ուժերի, այլ բացառապես մեր երկրի քաղաքացիների, հայ ժողովրդի շահերի համատեքստում։ Այդ ուղեգիծը մենք շարունակելու ենք նաև հետագայում։
Ցավոք, Հայաստանի լրատվական դաշտը նույնպես զերծ չէ բանսարկություններից, նախանձից և նենգությունից։ ՈՒ թերևս պատահական չէր, որ մեր թերթի դեմ հայտնի «գործ տվողի» և նրա քաղաքական պապա Հովիկ Աբրահամյանի անմիջական «ջանքերով» ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը «մանրակրկիտ» ուսումնասիրությունից հետո «պարզեց», որ «Իրավունք de facto»-ի անվանումը շփոթելու աստիճան նմանեցված է «Իրավունք» թերթի անվանն ու արտաքին տեսքին, ինչը սպառողների մոտ կարող է առաջացնել շփոթություն»։ Հետևանքը եղավ այն, որ ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) որոշում կայացրեց, համաձայն որի, «Իրավունք de facto»-ն իր շպիգելում որոշ փոփոխություններ պետք է կատարի։ Քանի որ բանսարկությունները, ինտրիգն ու դավադրությունը մեր ոլորտը չեն, որոշեցինք զերծ մնալ դատական քաշքշուկից և իրականացնել ՏՄՊՊՀ-ի որոշմամբ պահանջվող փոփոխությունները։ Այսուհետ, սիրելի ընթերցող, կարող եք կրպակավարներից խնդրել ու կարդալ սրբագրված շպիգելով «Իրավունքը de facto» թերթը։
Ի վերջո, կյանքում ցանկացած երևույթի որակը բնորոշվում է նրա ոչ այնքան ձևով, որքան բովանդակությամբ։ Ավելի շուտ. այդ երկուսի հաջող համադրությամբ, ինչը մենք փորձելու ենք իրականացնել նաև ապագայում։ Ընթերցողին մեր ասելիքը հասցնելու համար տարաբնույթ «միջնորդների» կարիքը չունենք, մեր խոսքն ուղիղ է, դիրքորոշումը՝ անկեղծ, ցանկությունը՝ Հայաստանը տեսնել իսկապես ազատ, արդար, սոցիալական և իրավական պետություն։ Այսուհետ էլ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ «Իրավունքը de facto»-ն կլինի ձեզ հետ։

Դիտվել է՝ 5731

Մեկնաբանություններ