ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ժողովրդագրական ու քաղաքական հիմնախնդիրները Սամցխե-Ջավախեթիում

Ժողովրդագրական ու քաղաքական հիմնախնդիրները Սամցխե-Ջավախեթիում
17.02.2009 | 00:00

ՋԱՎԱԽՔ
Ներկայումս Վրաստանի հայաբնակ մարզում` Ջավախքում, ստեղծվել է բավականին լարված էթնո-քաղաքական իրավիճակ` կապված ավանդական էթնիկ, քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, ինչպես նաև պայմանավորված ռուսական զորքերի դուրսբերումով Վրաստանից։ Հայկական էթնիկ անջատականությունը Ջավախքում ունեցել է զգալի ներուժ նաև խորհրդային ժամանակաշրջանում։ Հայ բնակչությունը միշտ ակտիվ է եղել ինչպես ռուսաստանյան հեղափոխական շարժումների ժամանակ, այնպես էլ հայկական ազգային ազատագրական պայքարի տարիներին` 1918-20-ին, նկատի ունենալով պայքարն ընդդեմ թուրքական ագրեսիայի, ինչպես նաև ավելի ուշ` Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ժամանակ։ Ջավախքի ներկայացուցիչները ներկայանալի դեր են ունեցել Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի, ԽՍՀՄ մի շարք տարածաշրջանների մշակույթի, գիտության, արդյունաբերության զարգացման մեջ, աչքի են ընկել Հայրենական մեծ պատերազմին իրենց մասնակցությամբ։
1828-ին, երբ այս տարածաշրջանը միացվեց Ռուսաստանին, Արևմտյան Հայաստանից 140 հազար հայեր վերաբնակվեցին արդեն ռուսական սահմաններում։ Նրանք այսօր էլ կազմում են Սամցխե-Ջավախեթիի մարզի բնակչության 48-51 տոկոսը, իսկ Ջավախքի երկու շրջանների` Ախալքալաքի և Նինոծմինդայի հայ բնակչությունը համապատասխանաբար կազմում է ընդհանուր բնակչության 94,3 և 95,8 տոկոսը։ Այդ ժամանակաշրջանում մի շարք հայտնի վրացական գործիչներ փորձել են Ջավախքում վերաբնակեցնել վրացի գյուղացիներին Իմերեթիայի և Մեգրելիայի խիտ բնակեցված շրջաններից, սակայն այդ ծրագիրը չիրագործվեց տվյալ բնակչության` վերաբնակվելուց կտրականապես հրաժարվելու պատճառով, քանի որ նրանք չէին ցանկանում բարեբեր շրջաններից տեղափոխվել անհամեմատ ավելի դաժան կլիմայական գոտի։ Այսպիսով, Ջավախքն ու Մեսխեթի հարևան շրջանները գործնականում զուրկ էին վրաց բնակչությունից։ Սա շատ կարևոր է էթնոհոգեբանական հիմնախնդիրները հասկանալու համար, քանի որ հայ բնակչությունը փաստացի մինչև 1992-ը ծանոթ չի եղել վրացական պետականություն երևույթի հետ` որպես այդպիսին։ Ամբողջ Սամցխե-Ջավախեթիի մարզից միայն Ախալցխայի հայ բնակչությունն է բավարար չափով տիրապետում վրացերենին։
Վրաց բնակչությունն այս տարածաշրջանում վերաբնակեցվել է հիմնականում ԽՍՀՄ-ի ժամանակներում` Վրաստանի տարբեր շրջաններից։ Որոշակի իմաստով Սամցխեում ապրող վրացիներն այսօր էլ լիովին չեն հարմարվել տեղի բնակլիմայական պայմաններին։ 1930 և 1950-ականներին, ինչպես նաև 1970-ականների վերջին Վրաստանի ղեկավարությունը, տարբեր գաղափարաքաղաքական շարժառիթներից ելնելով, փորձում էր վրացիներին վերաբնակեցնել հատկապես Աբխազիայում և Սամցխեի տարածաշրջանում։ Այս քայլերն ամրապնդվում էին զգալի պետական դոտացիաներով, արմատական ազգայնական հավակնություններով ու քարոզչությամբ տեղի ոչ վրացի ազգաբնակչության նկատմամբ։ Դա հանգեցրեց նրան, որ Աբխազիայում վրաց բնակչությունը 2 տոկոսից հասավ 42 տոկոսի, իսկ Սամցխեում` 8-ից 66 տոկոսի։
Ինչպես ժամանակին տողերիս հեղինակի հետ զրույցում նշեց Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան, «դարերի ընթացքում վրաց պետականության կրողները միշտ էլ բախվել են Վրաստանի պատմական նահանգների անկառավարելիության և օտարացման պրոբլեմին` պայմանավորված էթնիկական խնդիրներով»։ 1918-ին անկախ Վրաստանը Ջավախքի հետ կապված իր հավակնությունները ներկայացրեց, բայց այդպես էլ, ընդհուպ մինչև 1921 թվականը, չկարողացավ իր իշխանությունը հաստատել այդ հայաբնակ տարածաշրջանում։ Շատ կարևոր պատմաքաղաքական հանգամանք է այն, որ 1918-ին ու 1920-ին, թուրքական երկու արշավանքների ժամանակ, Վրաստանը ոչ մի գործնական միջոց չձեռնարկեց իր տարածքը թուրքերից պաշտպանելու ուղղությամբ։ Թուրքական զորքերին Հարավային Կովկասում դիմադրություն ցույց տվեցին միայն հայկական զինված ուժերը, և դա ամբողջությամբ վերաբերում է նաև Ջավախքին, որտեղ թուրքական արշավանքի ժամանակ վրացական զորքերն այդպես էլ չհայտնվեցին, իսկ դիմադրությունը կազմակերպվեց միայն հայկական ինքնապաշտպանական ջոկատներով։ Մեսխեթի թրքալեզու բնակչությունն այն ժամանակ մեծ աջակցություն ցուցաբերեց Թուրքիային։
Ջավախքը Խորհրդային Վրաստանի կազմ է մտցվել 1921-ին, բոլշևիկների Կովկասյան բյուրոյի որոշումով։ Այսինքն, ընդունվել է զուտ կուսակցական որոշում` առանց հանրաքվե անցկացնելու։ Խորհրդային շրջանում Ջավախքը, չնայած առհասարակ բարձր գյուղատնտեսական արտադրողականությանը, հատկապես անասնապահության և կարտոֆիլի արտադրության ոլորտում, մնում էր որպես Վրաստանի սոցիալապես ամենահետամնաց շրջաններից մեկը, ինչն էլ պայմանավորեց տարածաշրջանից բնակչության զգալի արտագաղթը դեպի Հայաստան ու ԽՍՀՄ-ի արդյունաբերական կենտրոններ։ Հետխորհրդային տարիներին, 1996-2001-ին, Ջավախքի երկու հիմնական հայաբնակ շրջաններում գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրությունը կրճատվեց 49,7 տոկոսով, իսկ Սամցխեի 4 շրջաններում` 28,3 տոկոսով։ ՈՒժեղացավ մշտական ու սեզոնային արտագաղթը հատկապես երիտասարդության ու աշխատունակ բնակչության շրջանում։ Վերջին տարիներին, երբ բնակչությունը քիչ թե շատ հարմարվեց նոր տնտեսական պայմաններին, ինչպես նաև խնդիրներ առաջացան Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մեկնելու առումով, որոշ արտագաղթյալներ վերադարձան։ Ախալքալաքի շրջան, ըստ տարբեր գնահատականների, վերադարձել է մինչև 6 հազար մարդ, Նինոծմինդայի շրջան` մինչև 2 հազար։
Վրաստանի ղեկավարությունը 1991-ից տարածաշրջանում իրականացրել է հայերի դուրսմղման քաղաքականություն։ Սակայն եթե Է. Շևարդնաձեի ռեժիմի ժամանակ դա բավական պասիվ դրսևորում ուներ և բացատրվում էր կառավարության թուլությամբ, ռեսուրսների բացակայությամբ ու անարդյունավետ մենեջմենտով, ապա Մ. Սաակաշվիլու թիմի իշխանության գալուց հետո այն ընդունել է ագրեսիվ բնույթ։ Եվ եթե Շևարդնաձեի քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ չափավոր ճնշման քաղաքականություն էր, ապա Մ. Սաակաշվիլու թիմն անցավ ավելի վճռական գործողությունների։ Վրաստանի ժողովուրդները նոր, երիտասարդ ղեկավարությունից սպասում էին դրական տնտեսական և հասարակական փոփոխություններ։ Սակայն, հռչակելով նոր սկզբունքներ ներքին քաղաքականության մեջ, Մ. Սաակաշվիլին ու իր թիմը որդեգրեցին երիտթուրքերի մեթոդները, որոնք, ճարպկորեն օգտագործելով ճնշված ազգային փոքրամասնություններին հակասուլթանական հեղափոխության մեջ, հետագայում կազմակերպեցին քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանություն։
Մինչդեռ ո՛չ հայերը, ո՛չ էլ Վրաստանում բնակվող ադրբեջանցիները շահագրգիռ չէին, որ Վրաստանը կորցնի Աբխազիան ու Հարավային Օսիան, քանզի նրանց չի ուրախացնում վերջին փոքրամասնությունները լինելու հեռանկարը։ Այդ իսկ պատճառով հայկական ու ադրբեջանական շրջանակները նոր իշխանությունից սպասում էին ողջամիտ քաղաքականություն` անջատված ինքնավարությունների նկատմամբ։ Պարզվեց, սակայն, որ նոր իշխող թիմին այդ հարցերի կարգավորումը, որպես այդպիսին, պետք չէ։ Նոր ռեժիմը նպատակ է դրել ուժային մեթոդներով դուրս մղել սկզբում օսերին, հետո աբխազներին։ Այսինքն, ամբողջ ժողովրդավարական հռետորաբանությունը պարզապես սին դուրս եկավ։ Արևմտյան հանրության աջակցությունը զգալով` Մ. Սաակաշվիլու թիմը որոշեց, որ այն կրելու է տոտալ և շարունակական բնույթ, ուստի դիմեց շովինիստական քաղաքականության իրագործման։ Վերջին իրադարձությունները Հարավային Օսիայում ցույց տվեցին, որ Վրաստանը միայն հետաձգեց այդ խնդրի լուծումը առնվազն մի քանի տասնամյակ։ Մինչդեռ նորմալ քաղաքացիական քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ կարող էր նրանց վերածել Վրաստանի ամենալոյալ քաղաքացիների ու հայրենասերների։ Վրացական «երիտթուրքերը» փաստորեն առաջարկեցին իրենց երկրի ինքնաոչնչացմանը բերող ռասիստական ուղի։
Ներկայումս Ջավախքի հիմնական սոցիալ-քաղաքական պրոբլեմներն են ինքնակառավարումը, լեզվակրթական խնդիրները և տնտեսական զարգացումը։ Երկար ժամանակ լուրջ պրոբլեմ էր ռուսական 62-րդ դիվիզիոնային բազայի դուրսբերման հարցը, քանզի խնդիրն առնչվում էր տարածաշրջանի կենսապահովմանն ու անվտանգությանը։ Ջավախքի հարցը ժամանակի ընթացքում ձեռք բերեց միջազգային հնչողություն, ինչը, սակայն, հիմնականում պայմանավորված էր դարձյալ ռուսական բազայի դուրսբերումով։ Վրաստանն ամեն կերպ շարունակում է խոչընդոտել Ջավախքի կապերի ամրապնդմանը Հայաստանի հետ, առանձնակի ցանկություն չի դրսևորում տարածաշրջանի հիմնախնդիրների շուրջ Երևանի հետ բանակցելու։ Բայց, այնուհանդերձ, Թբիլիսին հարկադրված է ավելի ու ավելի հաճախ անդրադառնալ այդ հարցին` հայաստանյան ղեկավարության հետ շփումների ժամանակ։
Ապակայունացման լուրջ գործոն է մնում թուրք-մեսխեթցիներին վերաբնակեցնելու Վրաստանի պարտավորությունը, որ ստանձնել է Թբիլիսին Եվրախորհուրդ ընդունվելիս։ Վրաց բնակչությունն ամբողջության մեջ խիստ բացասաբար է վերաբերվում թուրք-մեսխեթցիների հնարավոր վերադարձին, որոնց թիվն առնվազն 400 հազար է։ Նույնիսկ «իդեալական վերաբնակեցման» դեպքում նրանք կարող են կազմել Վրաստանի իրական բնակչության 8 տոկոսը։ Վրացիներով խիտ բնակեցված Իմերեթիայի ու Մեգրելիայի շրջաններում տարեկան 5 հազար մարդու վերաբնակեցնելու և այդպիսով նրանց տարրալուծելու Վրաստանի մտադրությունները չեն նվազեցնում բնակչության դժգոհությունը։ Միայն մտավորականների ու քաղաքական գործիչների մի փոքր խումբ է ողջունում թուրք-մեսխեթցիների վերադարձը։ Սակայն նրանց նույնիսկ ոչ մեծ թվակազմի հայտնվելը Ջավախքում կամ Մեսխեթում անմիջապես հայ և վրացի ազգաբնակչության հակազդեցությունը կառաջացնի։
Թուրքիայի համար շատ կարևոր է Եվրախորհրդի վերոնշյալ որոշման կատարումը։ Միաժամանակ, սակայն, ԱՄՆ-ը երբեք չի պնդել այդ որոշման իրագործումը, քանի որ այն բարդ կացության մեջ է դնում Մ. Սաակաշվիլու ռեժիմին, դիմադրության հանդիպում Հայաստանի և ԱՄՆ-ում հայկական լոբբիի կողմից, քանի որ հայաբնակ Ջավախքում կոնֆլիկտային իրավիճակի հավանականություն է ստեղծվում։ Ամերիկացիները համապատասխան աշխատանք տարան եվրոպական կառույցներում և օգնեցին Վրաստանին` հասնելու փոխզիջումային որոշման թուրք-մեսխեթցիներին արևմտյան Վրաստանի խիտ վրացաբնակ շրջաններում վերաբնակեցնելու և այդպիսով գործնականում նրանց ուծացումն ու տարրալուծումն ապահովելու համար։ Առհասարակ, թուրք-մեսխեթցիների ճակատագիրն ԱՄՆ-ին չի մտահոգում, նրանք շահագրգիռ չեն այդ էթնիկ խմբի վերաբնակեցմամբ Սամցխե-Ջավախեթիում, քանի որ լոկալ կոնֆլիկտների հավանականությունը կարող է վտանգել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործունեությունը։
Թուրքիան շահագրգիռ է Վրաստանի ինտեգրացիայով եվրոպական կառույցներ` վերոնշյալ խնդիրը լուծելու և թուրքալեզու բնակչության համար այդ երկրում ավելի լավ դիրքեր ապահովելու համար։ Թուրքիան մասնակից է եղել 1987-ին Ղրիմի թաթարների և 1989-ին թուրք-մեսխեթցիների` Կենտրոնական Ասիայից վերաբնակվելու պահանջներին։ Դրա արդյունքում Ղրիմում, ինչպես նաև մոլդովական Գագաուզիայում առաջացել է երկու թուրքական օջախ, որոնք վերածվում են Անկարայի տարածաշրջանային քաղաքականության հենակետերի։ Թուրքիան նպատակ ունի ամրապնդել նաև Վրաստանի Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում ադրբեջանցիների դիրքերը և ստեղծել Վրաստանի վրա ազդելու ուժեղ լծակ։ Չնայած թուրք-մեսխեթցիների վերադարձը Վրաստան չի ընթանում Թբիլիսիի ստանձնած պարտավորություններին համապատասխան, չի վայելում ԱՄՆ-ի ու եվրոպական հանրության իրական աջակցությունը, այդ ծրագիրը Թուրքիայի համար մնում է հրատապ։ Դրա իրագործմամբ Անկարան կարող է լուծել մի քանի խնդիր. թուրքական օջախի վերականգնում, թուրքերի մասնակցություն Վրաստանի քաղաքական կյանքին, գործակալական ցանցի համար բազայի ստեղծում, Վրաստանի և ամբողջ Հարավային Կովկասի գործերին միջամտելու նոր հնարավորություն։ Խնդիրներից մեկն էլ հայ բնակչության դուրսմղումն է, քանզի Անկարայում գիտակցում են, որ հայերի փոխարեն վրացիները չեն բնակվի Ջավախքում, և տարածքը կդառնա թուրքերի վերաբնակեցման նպաստավոր հրապարակ։
Չի բացառվում, որ Թուրքիան որոշակիորեն սրբագրել է Սամցխե-Ջավախեթիի հետ կապված իր ծրագրերը։ Այսինքն, կորցնելով տարածաշրջանը թուրք-մեսխեթցիներով արագ վերաբնակեցնելու հույսերը, Անկարան այժմ փորձում է ապահովել մոտ ապագայում ոչ մեծ համայնքների ստեղծումը տարբեր տեղերում և դրանով պայմաններ ստեղծել անմիջապես Անատոլիայից Թուրքիայի վերաբնակեցման համար։ Այսինքն, ստիպել Վրաստանին` համակերպվել այդ բնակչության գոյության հետ, քանի որ Վրաստանի շատ քաղաքացիներ էլ Թուրքիայում են ապրում։ Գործիքների ընտրությունը Թուրքիայի համար բարդություն չի ներկայացնում, գլխավորը կոնկրետ նպատակի իրագործումն է։ Թուրքիան միաժամանակ Սամցխե-Ջավախեթիի իներտ և թուլակամ վրացական բնակչությանը չի համարում իր ծրագրերի իրականացման խոչընդոտ, ինչպես նաև Թբիլիսիում գործող քաղաքական ուժերին, որոնք, Անկարայի կարծիքով, չեն կարող լրջորեն հակադրվել այս նախագծին։ Անկարայում իրենց համար պարզել են, որ Հարավային Վրաստանում իրենց ծրագրերի իրագործման հիմնական խոչընդոտը հայ բնակչությունն է, և այդ պատճառով էլ Անկարան կաշխատի Թբիլիսիի հետ համատեղել ջանքերը` տարածաշրջանը հայաթափելու համար։
Վրաստանի առջև կանգնած է հայերի ու թուրքերի միջև բախում հրահրելու խնդիրը, ինչը, սակայն, շատ վտանգավոր է նույն Վրաստանի համար։ Սակայն վրացական քաղաքական գործելաոճը ենթադրում է միայն մեկ քայլանոց, լավագույն դեպքում երկու քայլանոց խաղ, վրացական արտաքին ու ներքին քաղաքականության անհամարժեքության օրինակները քիչ չեն։ Եթե Թուրքիային հաջողվի Հարավային Վրաստանում ստեղծել թուրքական ազգային օջախ, ապահովել այդ բնակչության քաղաքական կարգավիճակը նրանց` ընտրություններին մասնակցելու և տեղական մարմիններում իրենց ներկայացուցիչներն ունենալու ձևով, ապա Թուրքիան կդառնա անմիջական խաղացող և նույնիսկ դիրիժոր այդ տարածաշրջանի բոլոր գործընթացներում։ Թուրք-մեսխեթցիների կազմակերպությունների ղեկավարության հետ շփումներն էլ որոշակի հետևությունների հանգեցնում են։ Վերաբնակեցման հարցը բարձրացնելու ժամանակ թուրք-մեսխեթցիների մեծամասնությունը նպատակ չուներ վերադառնալու նախնիների երկիրը, այլ ցանկանում էր մեկնել մասամբ ԱՄՆ ու Ավստրալիա, մասամբ էլ Թուրքիա։ Ներկայումս Սամցխեում բնակեցված թուրքերը, սակայն, ունեն ինքնուրույն գոյության ֆինանսական միջոցներ` առանց աշխատելու և տեղական տնտեսական գործընթացներին մասնակցություն ունենալու։ Իսկ դա հնարավոր է միայն Թուրքիայի կողմից շատ լուրջ աջակցության դեպքում։ Թուրք-մեսխեթցիների 20-25 տոկոսը ծագումով վրացիներ են, այսինքն` վրացի մահմեդականներ։ Եվ սպասվում էր, որ հենց նրանք կվերադառնան Հարավային Վրաստան։ Սակայն հենց այդ խումբն է ձգտում մեկնել ԱՄՆ ու Ավստրալիա, իսկ «պատմական հայրենիք» վերադառնալու ցանկություն ունեն տարբեր ծագումնաբանության էթնիկ թուրքերը։
Չի կարելի ասել, թե Վրաստանը հիացած է այս իրադարձություններով։ Թբիլիսին երբեմն փորձում է Թուրքիայից լրացուցիչ աջակցություն ստանալ Սամցխե-Ջավախեթիում թուրք-մեսխեթցիների բնակեցման համար, երբեմն էլ աշխատում հակադրել հայերին ու թուրքերին կամ էլ առհասարակ դադարեցնել վերաբնակեցումը։ Սակայն Վրաստանն ընդունակ չէ Սամցխե-Ջավախեթիում ստեղծելու այնպիսի սոցիալ-տնտեսական իրավիճակ, որը միանշանակ ամրապնդեր վրաց բնակչության դիրքերը։ Վրացի բնակչությունն այստեղ սոցիալ-քաղաքական առումով իներտ է, ենթակա արտագաղթի գայթակղությանը և առանց իշխանությունների շարունակական աջակցության չի կարող պահպանել իր ժողովրդագրական և սոցիալ-մշակութային դիրքերը Հարավային Վրաստանում։ Տեղի վրացի գործարարները մեծ մասամբ օլիգարխիական բիզնեսի ներկայացուցիչներ են, որ շարունակ ունեն իշխանության աջակցության կարիքը։ Դա խոշոր ու միջին բիզնեսն է, որն ազատ շուկայական պայմաններում արդյունավետությամբ աչքի չի ընկնում։
Հայերը, իրենց հերթին, մանր կամ ընտանեկան բիզնեսն են մարմնավորում, բայց այն վարում են ավելի ակտիվ ու ինքնուրույն։ Նրանց փոքր ձեռնարկությունները հիմնված են տեղական հումքի վրա և գործում են կարևոր սննդամթերքների արտադրության ոլորտում։ Տնտեսավարման բնագավառում պայմանների որոշակի բարելավումից հետո, երբ իշխանություններն ազատ տնտեսավարման հնարավորություն ընձեռեցին, պարզվեց, որ նույնիսկ Սամցխեի տարածաշրջանում հայերն ավելի նախընտրելի դիրքեր ունեն, քան վրացիները։ Տեղական վարչակազմը մեծ հաճույքով է ընդունում Հայաստանի խոշոր ընկերությունների նախաձեռնությունները Սամցխեում ներդրումների առումով, ինչն ամրապնդում է հայկական կապիտալն այդ նահանգում։ Սակայն քաղաքացիական հասարակության թույլ զարգացածության պայմաններում և իշխանությունների կողմից շովինիստական տրամադրությունները խթանելու պարագայում հնարավոր է, որ հայկական բիզնեսի տնտեսական հաջողությունները դառնան ազգամիջյան հակադրության գործոն։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3568

Մեկնաբանություններ