ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՍԼԱՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՍԼԱՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
10.11.2009 | 00:00

Գիտական և հրապարակախոսական գրականության մեջ ձևավորվել է կայուն կարծրատիպ այն մասին, որ թուրքական քաղաքական ավանդույթներին օտար են իսլամական արժեքները։ Մինչդեռ քաղաքական իսլամը միշտ կարևոր տեղ է զբաղեցրել Թուրքիայի հասարակական և քաղաքական գործընթացներում և ունի զարգացած ենթակառուցվածքներ։ 2000-ական թվականներին խատիբ-իմամների դպրոցներում սովորում էր 134224 մարդ, ինչը 58562-ով զիջում էր 1999-ի ցուցանիշներին։ Չնայած դրան, «իսլամի քարոզիչների» քանակն ավելանում է, նրանք շարունակում են համապատասխան պատրաստություն անցնել 74356 մզկիթներում, 40000 մարդ մասնակցում է Ղուրանի ուսումնասիրման կուրսերին, գործում է խատիբ-իմամների 609 դպրոց։ Այդ հաստատությունների շրջանավարտների թիվն արդեն գերազանցում է 511 հազարը և 8 անգամ ավելի է իսլամական կրոնական միջոցառումները սպասարկելու համար անհրաժեշտ հոգևորականների քանակից։ 2001-ին Թուրքիայի կրոնի գործերի վարչության բյուջեն կազմել է 424 մլն ԱՄՆ դոլար։ Իսլամական ֆունդամենտալիստներին բարոյական և նյութական մեծ աջակցություն են շարունակում ցուցաբերել 501 կրոնական ֆոնդերը, ինչպես նաև 19 համաթուրքական և ավելի քան 7 հազար տեղական նշանակության թերթեր, 110 ամսագիր, 51 ռադիոկայան, 20 հեռուստաալիք, շուրջ 1000 ֆիրմա և շուրջ 30 կրոնական աղանդ։ Դա հաստատում է Թուրքիայի բարձրագույն ռազմական ղեկավարության ենթադրությունները, թե քաղաքական իսլամը երկրում հենված է 17 մլն ակտիվ հավատացյալների վրա և շարունակում է մնալ թիվ մեկ սպառնալիքը հանրապետական, աշխարհիկ պետական կառուցվածքի համար։
Նպատակահարմար կլիներ Թուրքիայի իսլամական շարժումը տարաբաժանել երկու մասի, որոնցից առաջինն «արմատական քաղաքական իսլամն» է, իսկ երկրորդը` «խորհրդարանական քաղաքական իսլամը»։ Թուրքիայի քաղաքական շրջանակները, սկսած 1970-ականներից, որոշակի մասնակցություն են ունեցել երկրում իսլամական շարժման ստեղծմանը և հետապնդել են մի շարք նպատակներ։ Մասնավորապես, դրվել է նպատակ դուրս բերել ձախ հայացքներ ունեցող ակտիվ երիտասարդությանը ձախ արմատական կազմակերպությունների ազդեցության ուղեծրից, որոնք կարող էին կապեր ունենալ ԽՍՀՄ-ի հետ։ Հաջորդ նպատակը իսլամական քաղաքական գաղափարների տարածումն էր քրդական միջավայրում թուրք-քրդական միասնության ապահովման և թուրքական պետության ամբողջականության պահպանման համար։ Հաջորդ խնդիրը չափավոր իսլամի տարածումով արմատական իսլամական կազմակերպությունների դուրսմղումն էր, այդ կազմակերպությունների միջավայրում գործակալական ցանցի ստեղծումը` Իրանի և մասամբ Սաուդյան Արաբիայի ազդեցությանը դիմակայելու համար։ Եվ վերջապես, իսլամական կազմակերպությունների ու ֆոնդերի միջոցով խնդիր էր դրված ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը նրա հետաքրքրության դաշտում գտնվող տարածաշրջաններում։
Թուրքիայի ղեկավարությունը նպատակ ուներ ստեղծելու իսլամական-ազգայնական դաշինք արտաքին ու ներքին խնդիրները լուծելու համար։ Թուրքիայում առավել գործունակ արմատական-իսլամական կազմակերպություններն էին «Հիզբ ուտ-Թահրիրը», որի գործունեության գագաթնակետը 1960-70-ական թվականներն էին, «Իսլամական ջիհադը», որն ակտիվացավ 1980-ականներին, «Իսլամական ազատագրական բանակը», «Իսլամական ազատագրության ճակատը», «Իսլամական հեղափոխության մարտիկները», «Իսլամական ազատագրական միությունը», «Շարիաթի աշխարհի ազատագրության բանակը», «Միասնական իսլամական ազատագրական բանակի թուրք մարտիկները»։ Չնայած այն իրողությանը, որ գործնականում բոլոր արմատական իսլամական կազմակերպությունները Թուրքիայում «Եղբայր մուսուլմաններ» համաշխարհային մուսուլմանական ասոցիացիայի կանոնավոր օթյակներն էին, դրանք իրենց բնույթով մնում էին ոչ միայն գավառական, այլև մարգինալ էին` աշխարհում իսլամական շարժման հիմնական կենտրոնների համեմատությամբ։ Այս հանգամանքը մտահոգում էր թուրքական իշխանություններին։ 1970-ականների վերջից և հատկապես 1980-ականների կեսերից Թուրքիայում իր գործունեությունը սկսեց ծավալել իրանամետ «Հզբոլլահ» կազմակերպությունը, որը գործում էր ողջ երկրով մեկ, բայց հիմնականում բազավորված էր Թուրքիայի հարավ-արևելքում գոյություն ունեցող շիա մահմեդական համայնքներում։ Այդպիսով, Թուրքիայի քաղաքական կյանքում ի հայտ եկավ «իրանական գործոնը», թեկուզ և արմատական ձևով։ Իսլամիստները նպատակ ունեին հասարակության և պետության հետևողական իսլամացման և հանդես էին գալիս ընդդեմ իսլամիզմի քաղաքական հակառակորդների։ Թուրքիայում իսլամական կազմակերպությունների համար բնորոշ են ձախ հայացքները, քանի որ այդ կազմակերպություններից շատերը ծնունդ են առել ձախ ծայրահեղական շարժումներից։
Իսրայելական «Meria» ամսագրի 1998-ի թիվ 4-ում Է. Կարմոնի հեղինակությամբ լույս տեսավ հոդված, ուր մասնավորապես նշված է. «1983-ից հետո Թուրքիայի առաջին քաղաքացիական կառավարության վարչապետ Թուրգուտ Օզալն անմիջական և բավական ամուր կապեր ուներ «Նակշբանդիա» միստիկ կրոնական միաբանության հետ։ Նա ձգտում էր թուլացնել քեմալիզմի ու աթեիստական քաղաքականության ազդեցությունը, փորձում միաժամանակ իսլամը ներկայացնել որպես թուրքական ինքնության էական ու անհրաժեշտ բաղադրիչ։ Իբրև վարչապետ, իսկ հետո որպես երկրի նախագահ, նրա կառավարման երկարատև ժամանակահատվածում ստեղծվեցին բազմաթիվ իսլամական ասոցիացիաներ, կրոնական արժեքների քարոզչության նպատակով երևան եկան բազմաթիվ հրապարակումներ, հեռուստածրագրեր, գործունեություն ծավալեցին ռադիոկայանները»։ Ավելացնենք, որ ոչ միայն Թուրգուտ Օզալը, այլև Սուլեյման Դեմիրելը և շատ այլ «աշխարհիկ» քաղաքական գործիչներ Թուրքիայում պատկանել են «Նակշբանդիա» միստիկ կրոնական միաբանությանը։ Տողերիս հեղինակն առիթ է ունեցել 1996-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կոստանդնուպոլսի Ֆանար թաղամասում, որ հույների արտաքսումից հետո դարձել էր «Նակշբանդիայի» հետևորդների օջախը, Ն. Էրբաքանի լուսանկարով կրոնական բովանդակությամբ պաստառների կողքին տեսնելու Ս. Դեմիրելի լուսանկարով պաստառներ։ Սակայն բոլորովին էլ ոչ բոլոր իսլամական կազմակերպություններն ու խմբավորումներն են գտնվում թուրքական իշխանությունների վերահսկողության տակ, ավելի շուտ` շատ քչերը։ Իշխանությունները Թուրքիայում ավելի շուտ կանխատեսում և հրահրում են իսլամիստների գործունեությունը, քան վերահսկում նրանց։
Էթնիկական գործոնը միշտ կարևոր է եղել Թուրքիայում իսլամիստների գործունեության մեջ։ Իսլամական քաղաքական գաղափարախոսությունը հարմար էր Թուրքիայում ապրող շատ էթնիկ փոքրամասնությունների համար, ովքեր խնդիր ունեին պաշտպանելու իրենց իրավունքները։ Թուրքական իշխանությունները միշտ օգտագործել են իսլամական քաղաքական կազմակերպությունների գոյության փաստը շիա մահմեդական համայնքներում` երկրի արևելքում ռեպրեսիաներ կիրառելու համար։ Թուրքիայում այժմ ծնունդ է առել բավական բազմաքանակ կազմակերպություն` «Դաշնային իսլամական Անատոլիան», որն իր մեջ ներառում է բազմաթիվ էթնիկ ու կրոնական խմբավորումներ, այդ թվում` ալավիներին։ ԱՄՆ-ը, սակայն, երբևէ չի զգուշացել Թուրքիայի իսլամական արմատական կազմակերպություններից։ Ամերիկյան վերլուծաբանները միշտ համարել են, որ այդ կազմակերպությունները միշտ էլ կմնան մարգինալ և սպառնալիք չեն ներկայացնի Թուրքիայի սահմանադրական կարգին։ Սակայն ԱՄՆ-ն ավելի շատ զգուշացել է խորհրդարանական տիպի կազմակերպված իսլամից։
Թուրքիայում խորհրդարանական քաղաքական իսլամի զարգացումը վերջին 10-15 տարիներին ունեցել է մի քանի փուլ։ Դեռ 1970-ին ստեղծվեց «Ազգային կարգ ու կանոնի կուսակցությունը», որը հետագայում երևան եկած «Բարօրության» (Ռեֆախ) կուսակցության ժամանակից շուտ նախաձեռնված նախատիպն էր։ Այդ կուսակցության հաջողությունը 1996-ի ընտրություններում շատ կողմերով պայմանավորված էր Թուրքիայի ներսում սկսված լուրջ ներքաղաքական ճգնաժամով, որը հետևանք էր վարչակազմի թույլ տված խոշոր չարաշահումների։ Էրբաքանին և «Բարօրություն» կուսակցությանն իշխանությունը փոխանցեց Թանսու Չիլերի և «Ճշմարիտ ուղի» կուսակցությունը, որն աջ և ընդգծված արևմտամետ քաղաքական խմբավորում էր։ Հնարավոր է, որ այս փորձարարությունն այն ժամանակ իրագործվեց բազմաթիվ քաղաքական ուժերի, այդ թվում և` զինվորական շրջանակների մասնակցությամբ։ Եվ այդ փորձարարության սկզբից ևեթ պարզ էր, որ դա միայն առաջին փուլն է Թուրքիայում իսլամական ազգայնական սինթեզի ձևավորման։ Քաղաքական իսլամի այդ ալիքն ուղեկցվեց որոշակի ոգևորությամբ, սակայն, միաժամանակ, առկա էր անհետևողականություն ներքին քաղաքականության մեջ, ինչպես նաև ակնհայտ տապալումներ արտաքին դաշտում։ «Բարօրություն» կուսակցությունը չկարողացավ բնակչության լայն զանգվածներին և ամենից առաջ միջին խավին պարզաբանել իր նպատակներն ու մտադրությունները, չառաջարկեց քիչ թե շատ հասկանալի տնտեսական ծրագիր։ Գտնվելով իշխանության գլուխ, կուսակցության առաջնորդները շարունակում էին իրենց զգալ ընդդիմության մեջ, նրանք չկարողացան ստեղծել խորհրդարանից դուրս իրենց աջակցող քաղաքական ուժերի լայն միավորում։ Միջին խավն ու թուրքական վերնախավը վախեցած էին ԱՄՆ-ի և Եվրամիության հետ վստահելի ու պարտավորեցնող գործընկերությունը կորցնելու հեռանկարից։ «Բարօրություն» կուսակցության բախտը չբերեց նաև տնտեսական իրավիճակի առումով, թեկուզ այն կայուն էր, սակայն արդեն իսկ առկա էին խոր ճգնաժամի նախանշանները։ Վարչապետ և միաժամանակ կուսակցության առաջնորդ Էրբաքանը չկարողացավ ձևավորել համոզիչ իսլամամետ արտաքին քաղաքականություն, ինչն էլ զրկեց նրան արաբական երկրների ու Իրանի հնարավոր աջակցությունից։ ԱՄՆ-ի ճնշման տակ 1997-ին նա հարկադրված էր ընդունել Իսրայելի արտաքին գործերի նախարար Լևիին և անցկացնել համատեղ ամերիկա-իսրայելա-թուրքական զորավարժություններ։ Երբ «Բարօրություն» կուսակցությունն արգելվեց, ստեղծվեց «Թազիլեթ» կուսակցությունը, սակայն այն չկարողացավ հանդես գալ քաղաքական լուրջ նախաձեռնություններով։
«Արդարություն և զարգացում» նոր իսլամական կուսակցությունն արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հասարակությանն առաջարկեց սոցիալական ու տնտեսական հիմնախնդիրների լուծման իր տեսլականը, ինչպես նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Այս դեպքում ավելի հստակ ու որոշակի էին ձևակերպումները Եվրամիության հետ հարաբերությունների առումով, Մերձավոր Արևելքում և Եվրասիայում։ «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդները լուրջ փորձ կատարեցին իսլամական նպատակների և պրագմատիզմի համադրությամբ քաղաքական կուրս ձևավորելու առումով։ Թեպետ ավելի ճիշտ կլիներ դա բնորոշել իբրև փորձ` իսլամական գաղափարներն ու քաղաքական իսլամն ավելի պրագմատիկ դարձնելու։ Ռուս հեղինակներից Բորիս Փոցխվերիան թուրքական հասարակության մեջ այս ֆենոմենի առկայությունը գնահատում է հետևյալ կերպ. «Արդարություն և զարգացում» կուսակցության և նրա առաջնորդ Ռեջեբ Էրդողանի պարագայում բնորոշ է Արևմուտքի հետ մերձեցման և, առհասարակ, լիբերալիզմի միտումը։ Խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակից հետո Էրդողանն առաջին հերթին այցելեց մի շարք եվրոպական երկրներ, ԱՄՆ և Ռուսաստան։ Թուրքիայում ընդգծում են, որ Արևմուտքը նախապաշարումներ չունի այս կուսակցության նկատմամբ, որն իբրև նպատակ է հայտարարել «իսլամական ժողովրդավարության» հաստատումը, իսլամի «համատեղումը» մոդեռնիզմի և եվրոպական ինտեգրացիայի հետ»։ Միաժամանակ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանի միջոցով ընդունել տվեց սահմանադրական դրույթ, որը հանում է ընտրություններին մասնակցելու արգելքը սահմանադրությանը հակասող գործողությունների և անարխիստական ելույթների համար դատապարտված անձանց նկատմամբ։ Այս փոփոխության ընդունումը հնարավորություն տվեց Էրդողանին մասնակցելու 2003-ի արտահերթ ընտրություններին այն դեպքում, երբ 1998-ին նա դատապարտվել է միջկրոնական թշնամանք հարուցելու մեղադրանքով։
Դատելով այսօրվա կարգախոսներից ու հռչակագրային նպատակներից, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ձախակենտրոն քաղաքական ուժ է, թեկուզ և աջ գաղափարները նույնպես առկա են նրա նպատակներում, քանի որ իսլամական էթիկան և իսլամական տնտեսության սկզբունքները հիմնված են աջ կողմնորոշումների վրա։ Ընդ որում, իսլամական տնտեսության գաղափարն ինչ-որ օտար բան չէ աշխարհիկ թուրքական հասարակության համար։ 1980-90-ականներին Թուրքիայում զարգացել են իսլամական տնտեսության ինստիտուտները, որոնք շաղկապված են Սայիդ Նուրսիի կրոնագաղափարական ուսմունքին և Նաքշաբենդի միաբանության, ինչպես նաև Էրբաքանի քաղաքական գործունեությանը։ Բացի կրթական հաստատությունների լայն ցանցից, այս շարժման մեջ ստեղծվել է նաև տնտեսական բազա այն համայնքների համար, ուր քարոզվել են իսլամական պետության գաղափարները։ Այդ գործում կարևոր դեր է խաղացել իսլամական գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենը։ Այդ համայնքները, որոնք կոչվում են ջամահաթներ, տիրապետում են բազմաթիվ հոլդինգների և տարբեր ընկերությունների։ Բնութագրական է, որ ստեղծվել է իսլամական կողմնորոշում ունեցող գործարար անձանց ընկերակցություն` Մյուսիհադ։ Համարժեք նախաձեռնություններ են դրսևորվում Եվրոպայում բնակվող թուրքական էմիգրանտների շրջանում, որտեղից այս շարժմանը զգալի օգնություն է ցուցաբերվում` տարեկան մինչև 250 մլն դոլարի չափով։
Մի շարք հեղինակների վկայությամբ, իսլամական տնտեսությունը Թուրքիայում բնութագրվում է բավականին բարձր արդյունավետությամբ, նպաստում է հասարակության համախմբմանն ու կայունությանը։ Իսլամական կողմնորոշում ունեցող գործարարները հեղինակություն ունեն հասարակության մեջ որպես իսլամական բարոյագիտական գաղափարների կրողներ։ Հարկ է ընդգծել, որ մահմեդականների մեծ մասը Թուրքիայում պատկանում է խանիֆիստական մազխաբին, որն ավելի լիբերալ դպրոց է իսլամում, նպաստում է հասարակության մեջ գործարար ոգու, պատասխանատվության, հասարակական կարգ ու կանոնի գաղափարների ներդրմանը։ Ի տարբերություն իսլամի մյուս գաղափարախոսական «բևեռի», Խանբալյի և հատկապես նրա օրթոդոքս ձևի` վահաբիզմի, խանիֆիստական մազխաբը տալիս է իսլամում այլ քաղաքակրթությունների ձեռքբերման ներգրավման լայն հնարավորություններ։ Կասկած չկա, որ Անատոլիայի մահմեդական բնակչության մեծամասնության պատկանելությունը խանիֆիստական մազխաբին նպաստել է Թուրքիայում աշխարհիկ քաղաքական ռեժիմի հաստատմանը և կանխորոշել երկրի կողմնորոշումը դեպի Եվրոպա։ Այդ իսկ պատճառով թուրքական քաղաքական իսլամի գաղափարախոսների առջև խնդիր էր դրված ոչ այնքան հարմարեցնելու իսլամն արևմտյան արժեքային համակարգին, որքան այն համարժեք դարձնելու թուրքական հասարակությանը, նրա էթնոկրոնական ավանդույթներին։ Ակնհայտ է, որ քաղաքական իսլամը ժամանակի ընթացքում կդառնա կարևոր, եթե ոչ գերիշխող գաղափարախոսություն Թուրքիայում, և վերջին տասնամյակների փորձն այս իմաստով պատահական երևույթ չէ։ Միանգամայն հավանական է, որ այս միտումը ճիշտ են գնահատել նաև թուրքական պետականության երաշխավորները` զինվորական շրջանակները, որոնք շատ զուսպ են վերաբերվում «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությանը։ Չպետք է մոռանալ, որ այդ կուսակցության հաղթանակին խորհրդարանական ընտրություններում նախորդեց Անվտանգության խորհրդի քարտուղար գեներալ Թ. Քիլիջի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի համար նպատակահարմար է վերակողմնորոշվել դեպի Եվրասիա, իսկ Եվրամիության անդամ դառնալու փորձերը զուր են։
«Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո, որը, ըստ էության, նոր քաղաքական ուժ չէ, այլ «Բարօրություն» կուսակցության տրանսֆորմացված շարունակությունն է, պարզվեց, որ, ըստ էության, չի խոսվում իսլամական պետության կառուցման մասին։ Խնդիր է դրված բարեփոխել գոյություն ունեցող պետական կարգը, ուժեղացնել թուրքական պետության սոցիալական ուղղվածությունը։ Դրան զուգահեռ տեղի են ունենում աշխարհաքաղաքական տեղաշարժեր, որոնք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձնում են ավելի բազմակողմանի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ