ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ
20.11.2009 | 00:00

1990-ականների երկրորդ կեսին շատերին թվում էր, թե Հայաստանի քաղաքականության եվրոպական ուղղությունը դառնալու է ավելի նախընտրելի, հեռանկարային ու հաջողված։ Հայաստանում գոյություն չուներ որևէ ընդդիմություն, որ դեմ հանդես գար եվրոպական հանրության հետ ինտեգրացիային, և եվրոպական պահանջները, ազգային օրենսդրության բարեփոխման ու քաղաքական «կեցվածքի» մասով, միանգամայն ձեռնտու էին բոլոր քաղաքական խմբավորումներին։ Ինտեգրացիան եվրոպական կառույցներ դիտարկվում էր իբրև որոշակի այլընտրանք այլ առաջնահերթ ուղղություններին` ռուսական և ամերիկյան։ Թեպետ պետք է ընդունել, որ ոչ ոք այդպես էլ չի ձևակերպել, թե որն էր այդ այլընտրանքայնությունը։
Եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում էին միանգամայն կոնկրետ ու առարկայական հողի վրա, ապա եվրոպական հանրության հետ փոխհարաբերությունները, չնայած կոնկրետ ինստիտուցիոնալ բազայի առկայությանը, զարգանում էին հայտնի իմաստով ներքին կռահումներից ելնելով։ Եվրոպական հանրության հետ հարաբերությունների զարգացումը երկրի ժողովրդավարական ու շուկայական հեռանկարների ընդունման կարևորագույն ցուցանիշ էր, այն իմաստով, որ Հայաստանն ուղղակի առնչություն էր ունենում ժողովրդավարական հասարակություններին։ Հայաստանի քաղաքական դասակարգի համար, անկախ նրա տարբեր հատվածների գաղափարաքաղաքական նախապատվություններից, եվրոպական ինտեգրացիան նշանակում էր բնական պատասխան գտնել բազմաթիվ հարցերի, սակայն գլխավորն այն էր, որ Հայաստանը ձեռք էր բերելու մի նոր միության մեջ ներգրավվելու հնարավորություն, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ԽՍՀՄ-ի փոխարինում, և որը պետք է դառնար «տանիք» ազգային պետականության համար։ Այս առումով Հայաստանը բոլորովին էլ ինքնատիպ չէ և եթե ցուցադրական ձգտում ի հայտ չի բերել եվրոպական հեռանկարի առումով, ինչպես շատ նորանկախ պետություններ` Վրաստանը կամ բալթյան երկրները, որոնք եվրոպական ուղղությունը դիտարկել են իբրև ազգային գերծրագիր, ապա դա պայմանավորված էր Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններով։ Մանավանդ որ Եվրոպայի այդ հարաբերությունների զարգացումն ընթանում էր ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ձևավորմանը զուգահեռ։
Բազմաթիվ քաղաքագետներ ընդգծում են արդի եվրոպական իրականության որոշակի ինքնատիպությունը, երբ եվրոպական հանրության իրական քաղաքական քայլերն ակնհայտորեն անհամարժեք են հռչակված նպատակներին ու խնդիրներին։ Ցավոք, այս քաղաքական առանձնահատկությունն առայսօր բավականաչափ իմաստավորված ու մշակված չէ գոնե հրապարակային ռեժիմում։ Սակայն, նույնիսկ եվրոպական սահմանադրության ընդունման պարագայում, Եվրոպայում ուժեղ են հոռետեսական տրամադրությունները, առանձին երկրներ շարունակում են կոռեկտ ձևերով տարաբաժանված մնալ եվրոպական հանրության ընդհանուր քաղաքականությունից, հատկապես արտաքին և անվտանգության ոլորտում։ Կասկածելի է նաև եվրոպական տնտեսական քաղաքականության միասնականությունը։ Երբեմն միայն քաղաքական կոռեկտությունը թույլ չի տալիս եվրոպական երկրների քաղաքական առաջնորդներին հռչակելու իրենց իրական վերաբերմունքը կամ դիրքորոշումն այս կամ այն գործընթացների նկատմամբ։ Որոշ նիհիլիստական դիրքորոշում ունեցող քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ձախ լիբերալ ուժերի արմատավորած այդ քաղաքական կոռեկտությունը դարձել է Եվրոպայի գաղափարաքաղաքական զարգացման արգելակ և գլխավոր պատճառն է եվրոպական պետությունների ազգային շահերի անտեսման։ Հատկապես աջ պահպանողական ուժերը Եվրոպայում հանդես են գալիս հետագա եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ բավական արմատական դիրքորոշմամբ, կանխատեսելով ձևավորվող վերպետական համակարգի փլուզում։ Եվրոպական սկեպտիցիզմը ի հայտ է գալիս արդեն ոչ միայն պահպանողական, այլև կաթոլիկական ու ազգայնական շրջանակներում, որոնց դիրքերն ուժեղանում են։ Անկասկած է, որ Եվրոպայում ձևավորվում է քաղաքական ուժերի «միասնական» ճակատ, որոնք հանդես են գալիս վերազգային ինստիտուցիոնալ հիմքերի զարգացումը սահմանափակելու օգտին։
Եվրոպական պետությունների անհամաչափ տնտեսական զարգացման և, ըստ այդմ, ավելի թույլ զարգացած պետություններին ու տարածաշրջաններին աջակցելու անհրաժեշտությանն ավելանում են անվտանգության և պաշտպանության ավելի լուրջ խնդիրները։ Եվրոպական զինված ուժերի ձևավորման ռազմավարական նախաձեռնությունը, որ բխում է Ֆրանսիայից ու Գերմանիայից, և որոնց միացել է նաև Մեծ Բրիտանիան, հզորագույն հարված հասցրեց ատլանտյան հանրությանը։ ՆԱՏՕ-ն ակնհայտորեն ճգնաժամի մեջ է, որը, սակայն, չի հանգեցրել եվրոպական միասնության ամրապնդմանը, այլ ծնունդ է տվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մի շարք առանձին «ակումբների»։ Ինչպես, օրինակ, ամերիկա-բրիտանական, ֆրանս-գերմանա-բելգիական, միջերկրածովյան, արևելաեվրոպական, և այդ բոլոր ակումբներից միայն վերջին երկուսն են լոյալ ԱՄՆ-ի նկատմամբ։ Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան և Լյուքսեմբուրգը մտադիր են ավելի հեռուն գնալ եվրոպական պաշտպանական նախաձեռնության զարգացման մեջ և ստեղծել միասնական զինված ուժեր` միասնական հրամանատարությամբ ու գլխավոր շտաբով։ Այսինքն` եվրոպական ինտեգրացիայի գլխավոր նախաձեռնողների քաղաքականությունը հակասության մեջ է այն խնդիրների հետ, որոնք հանգեցրել են ընդհանուր ինտեգրացիայի շրջանակներում տարբեր արագությունների առկայությանը։
Հետագա եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցները հասկանում են, որ այդ ահռելի նախագիծն իրագործման միայն մեկ շանս ունի, եթե հաջողվի կառուցել եվրոպական արտաքին քաղաքականություն, որպես համաշխարհային իրողություն։ Միայն արտաքին քաղաքականության ձևավորումը կարող է դառնալ լոկոմոտիվ և գլխավոր միավորիչ հանգամանք ոչ միայն ինտեգրացիայի հետագա խորացման, այլև եվրոպական միասնության պահպանման առումով։ Համաեվրոպական արտաքին քաղաքականություն գոյություն չունի, և նույնիսկ եվրոպական հանրության առաջատար պետությունները` Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, մասամբ Իտալիան, ձգտում են պահպանել ազգային արտաքին քաղաքականության ինքնուրույնությունը և սեփական հայեցողությամբ որոշել առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ Համարվում է, որ ինքնուրույնության կորուստն արտաքին քաղաքականության ոլորտում առաջատար եվրոպական պետությունները կներքաշի խոր քաղաքական ճգնաժամի մեջ` ապակազմակերպելով ոչ միայն եվրոպական քաղաքականությունը, այլև հարված հասցնելով ԱՄՆ-ին։ Որովհետև այդ դեպքում ԱՄՆ-ը կկանգնի Եվրոպայում անկառավարելի գործընթացների, ըստ էության, քաոսի փաստի առջև` քաղաքական հարցերում։ Համաեվրոպական արտաքին քաղաքականության ձևավորմամբ, սակայն, շահագրգռված չեն նաև աշխարհում Եվրոպայի հիմնական գործընկերները` Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, իսլամական աշխարհի առաջատար պետությունները և այլ երկրներ։ Քանզի դրանով կտապալվեն լիարժեք համաշխարհային նոր «բևեռի» ձևավորման հետ կապված հույսերը։ Որքան էլ տարօրինակ է, սակայն, Ֆրանսիայի կամ ֆրանս-գերմանական դաշինքի արտաքին քաղաքական ինքնուրույնությունը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ավելի եվրոպակենտրոն քաղաքականությունը, ավելի են համապատասխանում բազմաբևեռ աշխարհի ձևավորման սպասումներին։ Այսպես կոչված, եվրոպական արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացում բացակայում են փոքր ու միջին եվրոպական պետությունների շահերը, ինչը կհանգեցնի անարդյունավետ ու վատ վերահսկելի գործողությունների։ Եվրոպական այդպիսի անհամարժեք արտաքին քաղաքականության ձևավորմամբ շահագրգռված են շատ քիչ պետություններ, ինչպես Թուրքիան, Իսրայելը, հայտնի իմաստով նաև` Մեծ Բրիտանիան։
Եվրոպական հանրության համար առավել օրախնդիր արտաքին քաղաքական պրոբլեմներն են Ռուսաստանի, բալկանյան, մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան պետությունների հետ հարաբերությունները։ Առաջնահերթ են համարվում նաև փոխհարաբերությունները Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Իրանի, Հարավարևելյան Ասիայի երկրների հետ։ Առավել որոշիչ նշանակություն ունեն ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները, հատկապես տրանսատլանտյան հարաբերությունների շրջանակներում։ Եվրոպացիները կարողացել են մշակել միասնական դիրքորոշում Բալկանների, Աֆղանստանի, իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի, ահաբեկչության, իսլամական արմատական շարժումներին առնչվող պրոբլեմների, մասամբ նաև Չինաստանի վերաբերյալ։ Բայց նույնիսկ այս հարցերում առանձին եվրոպական պետությունների իրական դիրքորոշումը տարբերվում է հռչակված ուղեգծից Ռուսաստանի, Իրաքի ու այլ հարցերի առնչությամբ։ Սակայն գլխավոր ուղղությունը, ուր եվրոպական պետությունների դիրքորոշումները բացարձակ տարբեր են, ԱՄՆ-ի հետ հարաբերություններն են։ Հենց ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա այդ բազմազանությունն էլ կոտրում է եվրոպացիների իրական և ցուցադրական միասնականությունը։
2005-ի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները, կապված ԵԽԽՎ-ի` ղարաբաղյան հարցի վերաբերյալ ընդունած բանաձևի հետ, չէին կարող զգուշավորություն չառաջացնել եվրոպական քաղաքականության նկատմամբ։ Թեպետ եվրոպացիների այդ փորձը տվյալ հիմնախնդրի նկատմամբ շատ կողմերով էքսպերիմենտ էր, կոչված բացահայտելու Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքական ու ինտելեկտուալ ներուժը, հասարակությունների, քաղաքական դասակարգի, քաղաքական կուսակցությունների հնարավոր դիրքորոշումը և նման քայլերին արձագանքելու ընդունակությունը։ Այդ փաստաթուղթն ավելի շուտ ոչ թե բանաձև էր, այլ որոշում, ոչ թե փաստաթուղթ մտադրությունների մասին, այլ պատասխան արձագանքի հաշվառումով ներկայացված առաջարկություն։ ԵԽԽՎ-ի այդ որոշումը դարձավ պրոբլեմ ոչ այնքան Հայաստանի կամ Ադրբեջանի, որքան ԵԽԽՎ-ի ու, առհասարակ, եվրոպական հանրության համար։ Քանի որ բացարձակապես անհասկանալի է դարձնում եվրոպական քաղաքականության կառուցումը Հարավային Կովկասի տարածաշրջանում հետագայում։
Եվրոպացիների դիրքորոշումն ու նպատակները միանգամայն պարզ են։ Խոսքը վերաբերում է որոշակի չափորոշիչների և կանոնների ապահովմանը` Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն ապահովելու առումով։ Եվրոպացիները ոչ այնքան վճռական մտադրություններ ունեն ստեղծելու ընդհանուր և ունիվերսալ համակարգ տարածաշրջանային, լոկալ և էթնոքաղաքական հակամարտությունները լուծելու համար։ Այդքանով հանդերձ, ակնհայտ է Հարավային Կովկասում այդ ունիվերսալ մոտեցումները ներդնելու ցանկությունը այն պահից սկսած, երբ ակնհայտորեն կպարզվի, որ եվրոպական քաղաքականությունը Բոսնիայում, ալբանական Կոսովոյում, Հյուսիսային Կիպրոսում և այլ համարժեք խնդիրներում հիմնավորապես տապալված է։ Եվրոպական հանրության հիմնական խթանը Հարավային Կովկասի կապակցությամբ նույնպես ունիվերսալ բնույթ ունի։ Շուտով կգիտակցվի նաև այն հանգամանքը, որ ավելի լավ է եվրոպական հանրության կազմ ինտեգրել տարածաշրջանի պետությունները` չլուծված հիմնախնդիրներով հանդերձ, քան կասեցնել ինտեգրացիան առհասարակ։
Այս հակասական պայմաններում չճանաչված պետությունները սեփական քաղաքականությունն իրագործելու և իրենց դիրքերն ամրապնդելու քիչ հնարավորություններ չունեն։ Ամենից առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարաբերությունները եվրոպական հանրության հետ պետք է դիտարկել իբրև լիարժեք արտաքին քաղաքականություն։ Սակայն միաժամանակ պետք է հասկանալ, որ արտաքին քաղաքականությունն իրագործում է ոչ միայն և ոչ այնքան արտգործնախարարությունը, որն ունի սահմանափակ դիվանագիտական գործառույթներ, որքան ողջ հասարակությունը, առնվազն գոնե քաղաքական դասակարգը։ Քաղաքական գործիչները, կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները, որոնք ընդունակ չեն գիտակցելու այդ խնդիրները, պետք է հեռանան քաղաքական ու հասարակական ասպարեզից։ Հարկ է ընդունել, որ ԵԽԽՎ-ի վերոնշյալ բանաձևն ի ցույց դրեց Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունների արտաքին քաղաքական անկարողությունը։ Քաղաքական կուսակցությունները, որոնք այդքան երկար ու բարձրագոչ հայտարարություններ էին անում ազգային առաջնահերթությունների մասին, ունեին բոլոր հնարավորությունները եվրոպական կառույցներում իրավիճակը փոխելու` առնվազն ԵԽԽՎ-ում, սակայն հայտնվեցին խեղճ ու կրակ ու անվճռական դիտորդների դերում։
Այնպիսի չճանաչված պետություններ, ինչպիսիք են ալբանական Կոսովոն, իրաքյան Քրդստանը, Պաղեստինը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը բավական լավ ներկայացված են Եվրոպայում, հաստատել են սերտ ու պարտավորեցնող հարաբերություններ քաղաքական կուսակցությունների, խոշոր հասարակական, հումանիտար, բարեգործական և իրավապաշտպան կազմակերպությունների հետ, ինչպես նաև կապեր ունեն տարբեր խմբակցությունների հետ ազգային ու եվրոպական խորհրդարաններում, եվրոպական պետությունների պաշտպանական ու արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ։ Օրինակ, վերոնշյալ չճանաչված պետությունների քաղաքական դեմքերը (առայժմ բացառությամբ Աբխազիայի) դարձել են եվրոպական էլիտար քաղաքական ու տնտեսական ակումբների անդամներ և այդպիսով մաս են կազմում եվրոպական քաղաքական շրջանակների։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքական դասակարգը ներառում է ոչ պակաս, քան 2 հազար մարդ։ Կան հավակնոտ քաղաքական գործիչներ, ձևավորված ու վերստեղծված քաղաքական կազմակերպություններ ու ԶԼՄ-ներ։ Այդքանը միանգամայն բավարար էր բազմակողմանի արտաքին քաղաքականություն իրագործելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն է դարձել նորանկախ պետությունների հիմնադրման նախաձեռնողը Բալկաններում, Պաղեստինում, իրաքյան Քրդստանում, Կիպրոսում և Հարավային Կովկասում, սակայն հենց եվրոպական քաղաքականությունն է հարմար հրապարակ դարձել այդ չճանաչված պետությունների և էթնիկ կազմակերպությունների քաղաքականության զարգացման համար։ Նույնիսկ Եվրոպայից այդքան հեռավորության վրա գտնվող Իրաքի քրդական տարածաշրջանը ձայնի իրավունք ունի եվրոպական քաղաքական շրջանակներում։ Այն պայմաններում, երբ Եվրոպան ակնհայտորեն պաղեստինամետ դիրքորոշում է որդեգրել, ԱՄՆ-ն արդեն 2001-ին ընդունեց որոշում պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու մասին։ Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կիպրոսի ճանաչման գաղափարն էլ ընկալման արժանացավ Եվրոպայում, ԱՄՆ-ը սկսեց աշխատել այդ նոր ծրագրի իրագործման ուղղությամբ։ ԱՄՆ-ը դրական սպասումներ ուներ եվրոպական պահպանողական շրջանակներից ալբանական Կոսովոյի ճանաչման առումով։ Այսպիսով, ԱՄՆ-ի համար ընդհանրապես կարևոր է այս խնդիրների շուրջ Եվրոպայում որոշակի տրամադրություններ ձևավորելը, և եվրոպացիներն այդ հարցում համակերպվում են ամերիկյան դիրքորոշման հետ։ Որովհետև այդ քաղաքական տեխնոլոգիայի հիմքում դրված է անվտանգության ապահովման պահանջը։
Այդ պարադիգմում Ղարաբաղի հայերի համար ձևավորվում է միանգամայն բարենպաստ քաղաքական հեռանկար։ Բայց դա չի նշանակում, որ պատմական հաջողությունն ապահովվելու է ինքնաբերաբար։ Ներկայիս իրավիճակը ձեռք է բերվել շատ թանկ գնով։ Քաղաքականության մեջ ավտոմատիզմ չկա, և կարելի է ձեռքից բաց թողնել ոչ միայն պատմականորեն թանկարժեք ժամանակը, այլև պատմական շանսը։ Ղարաբաղի հայերին տրված չէ վստահության կրեդիտ, այլ միայն կրեդիտ քաղաքական առումով բովանդակային ժամանակի մեջ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ