ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դանդաղ, զնգզնգալով գնում-գալիս էր քաղաքի փողոցներով

Դանդաղ, զնգզնգալով գնում-գալիս էր քաղաքի փողոցներով
11.12.2023 | 16:10

Փոքր ժամանակ ինձ թվում էր, թե տրամվայի ռելսերը գնացքի ռելսերից բարակ ու նուրբ են։ Բայց մի օր Կոմիտասի ասֆալտը քանդել էին, ու ես տեսա, որ ռելսերը նույնն են, պարզապես, մեծ մասն ասֆալտի տակ էր թաքնված։ Էդ օրվանից, մի տեսակ, ավելի հարգեցի տրամվային, որ լուրջ ռելսերով էր շարժվում ու գնացքի նման հզոր ազգականներ ուներ, բայց չէր պարծենում, աջուձախ չէր ասում դրա մասին, այլ հանգիստ, իր համար, դանդաղ, զնգզնգալով գնում-գալիս էր քաղաքի փողոցներով։

Սիրում էի տրամվայ նստել։ Ամենահաճելին էն էր, որ փողոցի ամենամեջտեղով էր գնում, որը հետիոտնի համար թշնամու գոտի էր, որտեղ ոտը կախ գցել չէր կարելի, փողոցն անցնելիս պետք էր արագ ազատել, որ մեքենաները չխփեին քեզ։ Իսկ դու փողոցի էդ ամենավտանգավոր մասով հանգիստ ու ապահով անցնում էիր երեք աշխարհներով։ Առաջին աշխարհը տրամվայի ներսն էր, որտեղ մարդիկ խոսում էին, հետաքրքիր բաներ պատմում, վիճում, գնում-գալիս, նստում-կանգնում, տոմս առնում։ Երկրորդ աշխարհը փողոցն էր՝ երթևեկելի մասը, որտեղով մեքենաներն արագ-արագ շարժվում էին, իսկ դու վերևից նայում էիր նրանց՝ կինոյի նման՝ տարբեր ձևերի ու գույների մեքենաներին, դրանց մեջ նստած մարդկանց, ինչ-որ բեռներ փոխադրող բեռնատարներին, սայլակավոր մոտոցիկլներին։ Երրորդ աշխարհը փողոցից էն կողմ գտնվող մայթն էր, որտեղ մարդիկ գնում-գալիս էին, իրար հանդիպում, խոսում, խանութ մտնում-դուրս գալիս, որտեղ կվաս էին ծախում, պաղպաղակ, հեռախոսի խցիկների մեջ մտած մարդիկ խոսում էին, երեխաները հեծանիվ էին քշում։ Մայթին կարող ա, հանկարծ, մի ծանոթ տեսնեիր։ Մայթը վերջանում էր շենքերով, որոնք էնքա՜ն ծանոթ էին, էնքա՜ն հազար անգամ տեսած, որ դրանք նկատում էիր միայն՝ երբ ինչ-որ բան էր փոխված լինում։ Էդ աշխարհները միայն կոնկրետ կետերում էին հատվում՝ տրամվայը փողոցի հետ կանգառներում էր հատվում, իսկ փողոցը մայթի հետ՝ անցումներում։

Ձմռանը տրամվայի նստարանների տակ էլեկտրական փեջեր էին վառվում։ Հաճելի տաքությունից թուլանում էիր, ու երբ քո կանգառը գալիս էր, չէիր ուզում՝ տեղիցդ վեր կենայիր։ Փեջը շատ տաք էր. եթե, հանկարծ, ոտքդ դնեիր փեջի վրա, կոշիկիդ ներբանին հավերժ կդաջվեր փեջի պատկերը։ Եթե երկար էիր գնալու, ու տրամվայում ազատ տեղ էր լինում, նստում էիր պատուհանի մոտ, կծկվում ինքդ քո մեջ, հաճելի տաքությունից թուլանում ու ընկնում մտքերի մեջ։ Մեկ-մեկ սթափվում էիր, լուսամուտից դուրս նայում՝ ցրտին մայթով քայլող մարդկանց, խղճում էիր նրանց, հետո՝ էլի ընկղմվում մտքերիդ մեջ։

Իսկ դրսից նայելիս տրամվայը, կարծես, փողոցի մեջտեղով դանդաղ շարժվող ակվարիում լիներ, որի ներսում լրիվ տարբեր մթնոլորտ էր, ինչ դրսում։ Մարդիկ ձկների նման աջուձախ էին շարժվում, կանգնած կամ նստած էին էդ ակվարիումի մեջ, իսկ նա հանգիստ, անհողդողդ շարժվում էր փողոցի մեջտեղով՝ ճեղքելով մեքենաների ալիքները։

Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ հայացքով ուղեկցեցի քաղաքի վերջին տրամվայը, որը գնաց ու էլ չեկավ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7883

Մեկնաբանություններ