ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հիմա Արցախում միասնականության, ոչ թե պառակտվելու ժամանակն է

Հիմա Արցախում միասնականության, ոչ թե պառակտվելու ժամանակն է
17.01.2023 | 07:21

Արցախի կառավարման օղակների մասին վերջին մեկ օրվա ընթացքում ամենատարբեր ու իրարամերժ հրապարակումներ եղան՝ մեկ ազդարարելով նախագահ Արայիկ Հարությունյանի, մեկ՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանի առաջիկա հրաժարականի մասին։


Արցախի ներկա իրավիճակում կառավարության ամբողջական հրաժարականը նշանակելու է երկրի գլխատում, քանի որ այդ պարագայում կառաջանա քաոս ու անիշխանություն, ինչն էլ հենց պետք է մեր թշնամուն՝ հարձակվելու կամ թեկուզ այլ միջոցներով Արցախը բռնազավթելու համար։
Ռուբեն Վարդանյանի նշանակվելուց անմիջապես հետո Ադրբեջանը անընդհատ կրկնում է, որ նա պետք է հեռանա, քանի որ իր կողմից ընդունելի չէ։ Ես չեմ բացառում, որ Արցախի ճանապարհի վերաբացման համար թշնամին հենց այդ պայմանն է դրել, որ Վարդանյանը հրաժարական տա։
Միևնույն ժամանակ մենք լավ ենք հասկանում, որ եթե Ռուբեն Վարդանյանը Արցախում հաջողություններ արձանագրի, ապա նրա հաջորդ լուրջ պաշտոնը լինելու է Հայաստանում՝ ընտրություններով վերցնելու իշխանությունը։


Այս պայմաններում ՀՀ քաղաքական իշխանությանը լրիվ ձեռնտու է հնարավորինս հեղինակազրկել Ռուբեն Վարդանյանին Արցախում, որպեսզի նա չկարողանա պայքարել Հայաստանի իշխանության համար։
Ինքը՝ Վարդանյանը, հունվարի 14-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ կոչ անելով պառակտիչ հայտարարություններ չտարածել։
Միևնույն ժամանակ Արցախի ԱԺ ղեկավարին են վերագրվում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին հայտարարությունները, այնինչ նա ասել է, որ նախագահի հրաժարականի և նոր ընտրությունների դեպքում ինքը կմասնակցի դրանց։
Արցախի բնակիչները պետք է իմանան, որ Արցախի Սահմանադրության ներկա տարբերակը նախագահի հրաժարականի դեպքում ամբողջ Արցախը դարձնում է անգլուխ, քանի որ նախագահի հետ պետք է հրաժարական տան ԱԺ-ն ու կառավարությունը։ Այլ կերպ՝ Արայիկ Հարությունյանի կողմից հիմա հնարավոր հրաժարականը ավտոմատ կերպով կբերի պետնախարարի, բոլոր նախարարների, ԱԺ-ի ամբողջական հրաժարականի, ինչը ևս քաոսի ու անիշխանության է վերածում ամբողջ Արցախը և անթույլատրելի է։


Նախ պետք է սահմանադրություն փոխել։
Արցախի բնակիչները շատ անպաշտպան են թշնամու տեղեկատվական հարձակումների առումով, հավատում են անհայտ հեղինակների կողմից տարածվող տարբեր հիմարությունների։ Ամեն օր թշնամու կողմից ստեղծվում են ֆեյսբուքյան տարբեր էջեր ու հայկականի անվան տակ տարածում տարբեր կեղծ լուրեր։ Հիմա էլ հրաժարականների լուրի ֆոնին ինչ-որ էջեր տարածում են լուրեր Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի մասին՝ փորձելով հեղինակազրկել նրան։
Մենք կարող ենք սիրել կամ չսիրել Արցախի իշխանության որևէ պաշտոնյայի, կարող ենք նրա նկատմամբ ունենալ իրական կամ ոչ իրական վատ վերաբերմունք, բայց այսօր իրավունք չունենք մեր անձնական վերաբերմունքի պատճառով վնասել Արցախի անվտանգությանը։


Մյուս կողմից հայկական ԶԼՄ-ներն էլ հաճախ ընկնում են թշնամու սարքած տեղեկատվական թակարդը և իրենց դիտումների համար առանց հասկանալու տարածում թշնամուն ձեռնտու լուրեր։
Չի կարելի հիմար լինել ու թույլ տալ, որ թշնամին տեղեկատվական դաշտում իր ուզած ձևով կեղծիքներով ուղղորդի հանրությանը։
Ամիսներ առաջ, երբ առաջարկում էի Արցախում գյուղ առ գյուղ մեդիագրագիտության դասեր անել ու մարդկանց բացատրել, թե ինչպես իմանալ՝ որն է իսկական լուր, որը՝ թշնամու սարքած, հենց այսօրվա իրավիճակը նկատի ունեի աչքի առաջ։ Բայց դե, կարճատես մարդիկ իրենց ավելի խելոք կարծեցին ու ամեն կերպ խանգարեցին։ Ինչպես մի շատ հարգված դիվանագետ էր ասում՝ ամեն հիմար իրեն Բեթհովեն է կարծում։
Ամեն դեպքում, հիմա Արցախում միասնականության, ոչ թե պառակտվելու ժամանակն է, մանավանդ որ Հայաստանի իշխանությունը փաստացի մենակ է թողել Արցախին։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 12743

Մեկնաբանություններ