ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Աղասի Ենոքյան․ Ինչքան է Նիկոլը պետք Ռուսաստանին

Աղասի Ենոքյան․ Ինչքան է Նիկոլը պետք Ռուսաստանին
16.01.2021 | 09:40

Պատերազմի արդյունքում Ռուսաստանը կտրուկ ուժեղացրեց իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Արցախում լայն ռազմական ներկայությունը Ադրբեջանը համարում է իր սուվերեն երկրում ներկայություն, դրանից զատ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցնում Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող հաղորդակցության ուղիները։ Այսինքն, այժմ նա դարձել է ադրբեջանական քաղաքականությունը որոշող կարեւորագույն գործոն, անգամ ավելի կարեւոր, քան Թուրքիան։


Հայաստանում եթե նախկինում Ռուսաստանը անվտանգության հարցում կարեւորագույն դաշնակիցն էր, ապա այժմ նա է դարձել անվտանգություն ապահովողը, անգամ`օպերատիվ-տակտիկական խնդիրները լուծողը։ Հայկական բանակի կաթվածահար վիճակի պատճառով ակամա Ռուսաստանն է դարձել մեր սահմանների վերահսկողը։ Մեղրիի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն, ըստ էության, նշանակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանձնում Ռուսաստանին։ Ռուսաստանն է բանակցում գերիների հարցով, նա է լուծում բազմաթիվ հումանիտար խնդիրներ Արցախում եւ Հայաստանում։ Ռուսաստանն է դարձել Հայաստանի միակ արտաքին քաղաքական գործընկերը եւ, ըստ էության, մինչեւ իրավիճակի փոփոխությունը նա է ներկայացնելու Հայաստանին աշխարհում։ Եւ, ի վերջո, ըստ լուրերի Ռուսաստանը Հայաստանից պահանջում է 1 միլիարդ 150 միլիոն դոլար պատերազմի ընթացքում մատակարարած զենքի համար, որը էֆեկտիվությամբ չօգտագործվեց Նիկոլ Փաշինյանի եւ նրա գեներալների սխալների պատճառով։
Բնական է, որ Ադրբեջանի նկատմամբ վերահսկողության կտրուկ աճից եւ Հայաստանն ամբողջապես իր վերակացության տակ առնելուց հետո էապես աճում է Ռուսաստանի ազդեցությունը նաեւ Վրաստանի նկատմամբ։ Եւ այս ամենը Մոսկվան, իհարկե, անում է ոչ թե ինչ որ մեկի հանդեպ թշնամության պատճառով, այլ ելնելով իր ազգային շահերից, որոնց իրագործման համար նա տվյալ դեպքում օգտագործեց շատ հարմար, որոշ առումով նաեւ իր կողմից ստեղծվող իրավիճակները։


Հարավային Կովկասում նման նշանակալի հաջողությունների Ռուսաստանը հասավ մեծ մասամբ Նիկոլ Փաշինյանի տգետ, ապաշնորհ եւ դավաճանական ռեժիմի շնորհիվ։ Բնական է, որ Ռուսաստանի շահերից չէր բխում այս ապիկարների հեռացումը, որոնք արդեն ենթարկվում են Կրեմլի ամենաշարքային պաշտոնյաների ճկույթի շարժումներին։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շնորհիվ Ռուսաստանը Հայաստանից կարող է նորանոր զիջումներ պոկել, եւ այս առումով թվում է, թե այս ռեժիմի գոյատեւումը բխում է Մոսկվայի շահերից։


Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի կառավարման շարունակությունն իր մեջ պարունակում է նաեւ մեծ ծուղակներ ու վտանգներ հենց Ռուսաստանի համար։ Նախեւառաջ, դա Հայաստանում հնարավոր հակառուսական տրամադրությունների աճն է։ Ներկա վարչակարգն ունի չափազանց ցածր վարկանիշ եւ երբ Հայաստանի քաղաքացիների համար ակնհայտ դառնա, որ Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի սպոնսորներից մեկը Ռուսաստանն է, եւ որ ռուսական ազդեցության շարունակության դեպքում քաղաքացիներն արդեն ոչ թե շահում են, այլ կորցնում, ապա հակառուսականությունն ակնհայտ միտում կարող է դառնալ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում երկրով մեկ նետվել էին ֆեյք հակառուսականության սերմեր, դրանք կարող են իրական արմատներ ու պտուղներ տալ։
Մոսկվայի համար մյուս վտանգը թուրք-ադրբեջանական տանդեմի հետագա ազդեցության աճն է Հայաստանում։ Արդեն խոսվում է Հայաստանում թուրքական ներդրումների եւ տնտեսական ծրագրերի մասին։ Նիկոլ Փաշինյանի թուլամորթ եւ կաշառակեր ռեժիմը ինչ-որ պահից այլեւս կարող է թույլ տալ, որ դրանք իրականություն դառնան, եւ շատ արագ թուրքական կապիտալը կարող է մրցակցել ռուսականի հետ Հայաստանում։


Հայաստանի հետագա թուլացումը կարող է հանգեցնել բնակչության մեծ արտահոսքի եւ տնտեսության այնպիսի կաթվածի, որ այն չկարողանա անգամ սպասարկել Ռուսաստանին որպես «կայազորի անձնակազմ»։ Այս դեպքում Մոսկվան ստիպված է լինելու ոչ միայն վայելել
տարածաշրջանում ունեցած իր իրավունքները, այլեւ պատասխանատվություն կրել կայազորի գործունեության համար, իսկ դա նշանակում է նորանոր ու մեծ ծախսեր, անվտանգային եւ դիվանագիտական նորանոր ռեսուրսների գործարկում։


Ի վերջո, Ռուսաստանն այնուամենայնիվ հեռու է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան հենց ռեգիոնում են, Ռուսաստանն ունի բազմաթիվ առաջնահերթություններ, իսկ թուրքական տանդեմի համար թիվ մեկ խնդիրը Հայաստանն է։ Թուրքական տարրի ուժեղացումը, Հայաստանի թուլացումը կրիտիկական կետից ներքեւ, եւ ինչ-որ պահի Ռուսաստանի ուշադրության շեղվելն ի շահ իր մյուս խնդիրների, կարող է ապագայում հանգեցնել Թուրքիայի այնպիսի ուժեղացման, որ Ռուսաստանն այլեւ չկարողանա վերադառնալ Հայաստան։
Այս բոլոր վտանգների վերացումը կախված է այն հանգամանքից, թե Ռուսաստանը երբ կորոշի դադարեցնել Նիկոլ Փաշինյանին սատարելը։

Դիտվել է՝ 2889

Մեկնաբանություններ