ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արևի վրա եղանակ է փոխվում

Արևի վրա եղանակ է փոխվում
21.09.2020 | 10:52

ՆԱՍԱ-ն հաղորդել է, որ Արևի վրա սկսվում է մեծ ակտիվության նոր շրջան, որ գիտնականներն անվանել են «Արևային ցիկլ 25»: Դա կարևոր է երկրային էլեկտրոնային տեխնոլոգիաների ու ուղեծրում գտնվող տիեզերագնացների համար: Մարդկությունը բախվելու է տեխնիկական խնդիրների ու բարդությունների, որոնց պետք է նախապատրաստվել: Հանգիստ ու ակտիվ Արևի փուլերը հաջորդում են իրար 11 տարին մեկ՝ դա հայտնի է վաղուց, բայց գաղտնիքը չի բացահայտվել: Գիտնականները խոսում են Արևի վրա եղանակի մասին: Բուռն շրջաններում Արևի մակերևույթի վրա ավելի շատ են վիթխարի պայթյունները, որոնց հետևանքով տարածություն է արտանետվում լրացուցիչ էներգիա, լույս ու արևի կեղևանյութ: Տարրական մասնիկների հոսքերը կարող են վնասել տիեզերագնացներին, որ Երկրի մագնիսական դաշտով ծածկված չեն և խախտել ռադիոկապը: «Վատ եղանակ չկա, կա եղանակին վատ նախապատրաստություն,- հայտարարել է ՆԱՍԱ-ի թռիչքների կառավարման առաջատար մասնագետ Ջեյք Բլիչերը:-Տիեզերական եղանակը գոյություն ունի, ու՝ վերջ: Մեր գործն է միջոցներ ձեռնարկելը»:


Արևի ակտիվության նվազագույնը, որ նշանավորում է նախորդ ցիկլի ավարտը, գրանցվեց 2019-ի աշնանը: Արևի վրա գործընթացների բարդության ու անկանխատեսելիության պատճառով գիտնականներին մի քանի ամիս էր պետք՝ դրանում համոզվելու համար: «Մենք դուրս ենք գալիս նվազագույնից և մտնում ենք արևի առավելագույն ակտիվության շրջան, կարևոր է հիշել, որ ակտիվությունը երբեք չի դադարում՝ միայն փոխում է իր մասշտաբները ճոճանակի սկզբունքով»՝ ասել է ՆԱՍԱ-ի հելիոֆիզիկայի բաժնի փորձագետ Լիկա Գուխատակուրտան: «Մենք ուշադիր արձանագրում ենք դեռ փոքրաթիվ ու փոքր արևային կետերը, որ վկայում են նոր ցիկլի սկիզբն ու զարգացումը՝ առաջիկա վիթխարի հրավառությունների մունետիկիներին,-ասում է Արևի երկարատև հետազոտությունների համաշխարհային կենտրոնի ղեկավար Ֆրեդերիկ Կլետը:-Մի քանի ամիսներ որոշակի միտումների ի հայտ գալը վկայում է, որ նոր ցիկլը սկսվել է»: Գիտնականների կանխատեսումով՝ Արևի ակտիվության պիկը կլինի 2025-ին: Արևի ակտիվության ներկա փուլը խոստանում է ավելի հանգիստ լինել նախորդից: «Բայց դա երաշխիքներ չի տալիս արտակարգ դրսևորումներից: Արևը ռեալ ազդում է մեր կյանքի վրա, և այդ ազդեցությունը ոչ մի տեղ չի անհետանալու,-ասում է ԱՄՆ-ի տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի ֆիզիկայի փորձագետ Դուգ Բիսեկերը: Արևի ակտիվության նոր շրջանին ԱՄՆ-ում նախապատրաստվում են՝ ստեղծվել է միջգերատեսչական գիտական խումբ՝ արևային եղանակի կանխատեսման և գործողությունների ծրագիր մշակելու համար:

«Ազգային օդերևութաբանական բյուրոն երկիրը նախապատրաստում է երկրային եղանակի ցանկացած փոփոխության: Հիմա մենք ուզում ենք կանխատեսել նաև տիեզերական եղանակը: Նախագծին մասնակցում են դաշնային 24 գործակալություններ»՝ հայտարարել է օվկիանոսային ու մթնոլորտային երևույթների ուսումնասիրությունների արբանյակային տեղեկությունների վերլուծության, կառավարման ու նախագծման կենտրոնի տնօրեն Էլսայեդ Թալաթը:
BBC


Հ.Գ. Մեր ակտիվ ժամանակներում միայն Արևի ակտիվությունն էր պակասում, սա էլ կունենանք՝ 11 տարի: Տիեզերական եղանակի ու երկրային եղանակի փոխազդեցության մասին խոսելն ավելորդ է՝ մենք ամեն ինչում միասնական ենք ու փոխկապակցված: Արևային չափավոր եղանակ եմ մաղթում ձեզ՝ տիեզերական կտրվածքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ