ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չինաստանը բնավ էլ հույսը միայն Ռուսաստանի վրա չի դնում

Չինաստանը բնավ էլ հույսը միայն Ռուսաստանի վրա չի դնում
24.09.2013 | 00:09

Քանի որ Ռուսաստանը դեռ երկար կմնա որպես «մոլորակի գլխավոր հանքավայր», իսկ նրա բյուջեն, թվում է, ոչ պակաս երկար «աչքը տնկած կլինի» էներգամատակարար ընկերություններում տիրող իրադրության վրա, այդ ոլորտում տեղի ունեցող ամեն մի վայրիվերում չի կարող չանդրադառնալ ինչպես արտքաղաքական և տնտեսական իրավիճակի, այնպես էլ Կրեմլի աշխարհաքաղաքական հավակնությունների վրա։

Մենք արդեն խոսել ենք այն խնդիրների մասին, որոնք վերջին ժամանակներս ծանրացել են ռուսական տնտեսության առանցքային ձեռնարկության՝ «Գազպրոմի» գլխին, և այն մասին, որ, բացի Եվրոպայից և ԱՄՆ-ից եկած անախորժություններից, «ազգային հարստությունը» մի հարված էլ ստացավ այնտեղից, որտեղից չէր սպասում՝ չին ընկերներից։ Հիշեցնենք՝ ՉԺՀ-ին գազ մատակարարելու հարցի շուրջ Մոսկվայի ու Պեկինի բանակցությունները ձգվում էին 2004-ից, և կանոնավոր ու հանդիսավոր զեկույցներից հետո, թե ամեն ինչ արդեն ավարտվել է, և «հաղթել է բարեկամությունը», չինացիներն անսպասելիորեն սկսեցին պահանջել, որ գնագոյացման բանաձևը համապատասխանեցվի ԱՄՆ-ում կիրառվող գազի գնին։ Այն, ինչպես հայտնի է, այսօր ամենաէժաններից է աշխարհում, և դրան նպաստում են թերթաքարային գազի արդյունահանման հարաճուն ծավալները (հիմա դրա 1000 խմ-ն արժե 130 դոլար)։ Իսկ փորձագետներն սկսեցին խոսել այն մասին, որ Պեկինի հարվածը ոչ միայն ցավագին կլինի, այլև նախադեպ կդառնա շատ սպառողների համար և, համապատասխանաբար, «մահացու»։
Վերջերս հաղորդագրություններ եղան այն մասին, թե երկու երկրների «էներգետիկ հարաբերությունները» նորից կառուցողական հուն են մտել. «Գազպրոմը» տարեսկզբից առաջին նկատելի հաջողություններին է հասել չինական CNPC ընկերության հետ բանակցություններում, և խողովակամուղ գազի գները ամերիկյան ինդեքսին չեն համապատասխանեցվի, իսկ Սանկտ Պետերբուրգում կայացած G20 գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի ներկայությամբ պայմանագիր ստորագրվեց «Յամալ-հկթ»-ի բաժնետոմսերի 20 %-ի առքուվաճառքի մասին։ Այդ ընկերությունն զբաղվում է հեղուկ բնական գազի արտադրության գործարանի շինարարությամբ (տարեկան 16,5 մլն տոննա կարողությամբ)։ Դրա ռեսուրսային բազան պետք է լինի Հարավային Տամբեի հանքավայրը, որի պաշարները կազմում են 418 մլրդ խմ գազ և 15 մլն տոննա գազի խտանյութ։ Իսկ ինչ վերաբերում է «Գազպրոմին», ապա, ինչպես գրում է «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը, Չինաստանի հետ ստորագրված համաձայնագրերը նրան հնարավորություն կտան 50-60 մլրդ դոլար ծախսի պարագայում դառնալու Չինաստանին գազի առաջատար մատակարարը։
Սակայն, ինչպես հայտնի է, «սատանան թաքնված է մանրուքներում», իսկ Պեկինը հայտնի է նրանով, որ թե՛ իր շահը լավ գիտի, թե՛ հետևողականորեն այն պաշտպանելը։ Եթե «Յամալ-հկթ» մտնելու գործարքը (երբ վերջնական որոշումը դեռ նոր պիտի ընդունվի) Չինաստանի կողմից բնական գազի ոլորտում կատարվող առաջին խոշոր ներդրումն է և, փորձագետների գնահատմամբ, զգալիորեն մեծացնում է «յամալյան նախագծի» հաջող ավարտման հնարավորությունները, ապա փոխադրման ենթակառուցվածքի ստեղծման հարցերը, ներառյալ ծովային նավահանգիստն ու Յամալի հյուսիս-արևելքի օդանավակայանը, ո՛չ գործարքի գումարում, ո՛չ նրա այլ չափանիշներում չեն նշվում։ Այսինքն, ո՞վ է կառուցելու, ո՞վ է սպասարկելու, հայտնի չէ։ ՈՒնենալով Հեռավոր Արևելքում չինական ներդրումների ու շինարարության փորձը, պետք է ենթադրել, որ այստեղ ևս աշխատուժը բնավ էլ Ռուսաստանից չի լինի։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ բանաձևով է որոշվելու գազի գինը, չնայած ռուսական ամբողջ լավատեսությանը, դեռևս պարզ չէ։ Բայց դա արդեն կլինի ոչ թե «չարագուշակ» ամերիկյան, այլ, ինչպես չին ընկերներն են արտահայտվում, սեփական, «ինովացիոն» գնագոյացումը։ Մինչև հիմա չինական բանաձևով գինը ստացվում էր «Գազպրոմի» առաջարկածից մոտ 40 %-ով ցածր, իսկ թե ինչ կլինի հիմա, առայժմ, կարծես, հայտնի չէ։ Փորձագետները ենթադրում են, որ գինը կարող է եվրոպականից ցածր լինել, իսկ Միլլերը հավաստիացնում է, որ շուտով ամեն ինչ պարզ կլինի. պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ, իսկ «գնագոյացման հարցում գլխավորը ոչ թե մակարդակն է, այլ միտումը»։ Ինչպես հայտնի է, սկսած 2017 թվից, «Գազպրոմը» մտադիր է «Սիբիրի ուժը» խողովակաշարով տարեկան Չինաստանին վաճառել 38 մլրդ խմ գազ, գազամուղի շինարարությունն էլ գնահատվում է 60 մլրդ դոլար։ Ռուս մասնագետները հաշվարկել են, որ Չինաստանի սահմանագլխին գազի գինը պետք է 500 դոլարից ավելի լինի, իսկ թե որքանով կարդարանան ռուսական կողմի ակնկալիքները, դեռևս պարզ չէ։ Համենայն դեպս, գազամուղի կառուցման որոշումը դեռևս ընդունված չէ, և շինարարության սկիզբը այս տարվա նոյեմբերից հետաձգվել է 2014-ի առաջին եռամսյակ, ինչը, թերևս, պերճախոս է։
Նկատենք, որ Ռուսաստանի հետ կնքվելիք ներկա պայմանագիրը թեև կարևոր է, սակայն բնավ էլ վճռորոշ չէ «երկնագույն վառելիքի» մատակարարման աղբյուրների բազմազանեցման չինական ռազմավարությունում։ Մինչ «Գազպրոմը» փոփոխական հաջողությամբ շարունակում է բազմամյա բանակցությունները, ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, Պեկինը գործարկում է վառելիքի ներմուծման արդեն երկրորդ այլընտրանքային երթուղին։ Չինական CNPC-ն օրերս սկսել է գազ ստանալ երեք տարում կառուցված Մյանմայի գազամուղով, որի կարողությունը տարեկան 12 մլրդ խմ է։ Դա ՉԺՀ-ին հնարավորություն կտա ապահովելու գազի ներքին սպառման մինչև 8 %-ը, որը 2012 թ. հաշվարկով 144 մլրդ խմ էր։ Գազամուղին զուգահեռ կառուցվում է նաև տարեկան 22 մլն տոննա կարողությամբ մի նավթամուղ, որը գործարկվելու է 2014-ին։ Մյանմայի գազամուղը Չինաստանի համար դարձել է խողովակաշարային գազի արդեն երկրորդ աղբյուրը։ 2009-ի վերջին ՉԺՀ-ում գործարկվել էր Թուրքմենստանից ՈՒզբեկստանով ու Ղազախստանով անցնող մոտ 1900-կիլոմետրանոց գազատարը։ Դրա կարողությունը տարեկան 40 մլրդ խմ է՝ մինչև 80 մլրդ-ի հասցնելու հնարավորությամբ։ Անցած տարի Չինաստանն այդ գազամուղով ներմուծեց մոտ 22 մլրդ խմ գազ (երկրի սպառման ավելի քան 15 %-ը), իսկ 2015-ին նախատեսվում է մատակարարումները հասցնել 65 մլրդ խմ-ի։
Թուրքմենստանից ու Մյանմայից ստացվող խողովակամուղ գազը ապահովել է ՉԺՀ-ի արևմտյան մասի գազի պահանջարկը, և դա պատճառ դարձավ կախակայելու Ռուսաստանի ու Չինաստանի բանակցությունները երկու երթուղով՝ դեպի երկրի արևմուտք ու արևելք կատարվելիք մատակարարումների շուրջ։ Հիմա կողմերը համաձայնել են քննարկելու միայն արևելյան երթուղին, որն ավելի թանկարժեք է, քան արևմտյանը։ Նվազել է նաև մատակարարումների քննարկվող ծավալը. եթե առաջ խոսվում էր Չինաստանին տարեկան մինչև 68 մլրդ խմ ռուսական գազ մատակարարելու մասին, ապա այժմ կողմերը բանակցում են 38 մլրդ-ի մատակարարման շուրջ՝ 60 մլրդ-ի հասցնելու հեռանկարով։
Այնպես որ, պետք է խոստովանել, որ էներգակիրների գնման քաղաքականության մեջ Չինաստանը բնավ էլ հույսը միայն Ռուսաստանի վրա չի դնում։ Նրա հայացքն ուղղված է նաև այլ երկրների, այդ թվում՝ ԱՊՀ անդամների կողմը։ Եվ դրա ակնբախ վկայությունն է Չինաստանի նախագահ Սիի բազմօրյա այցը Կենտրոնական Ասիայի երկրներ։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ