ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հայաթափ հողերում կազակներին կբնակեցնենք»

«Հայաթափ հողերում  կազակներին  կբնակեցնենք»
24.05.2013 | 00:44

Հայաստանում գազի թանկացման հարցն անչափ կարևոր է դարձել ոչ միայն երկրի լրատվամիջոցների ու քաղգործիչների, այլև ամբողջ բնակչության համար։ Հարկ է նկատել, որ, չնայած «հավերժական եղբայրության» և Հայաստանի, որպես տարածաշրջանում Ռուսաստանի միակ «հենարանի» մասին բոլոր շաղակրատություններին, Մոսկվան արդեն երկար ժամանակ հետևողականորեն հարկադրանքի բիրտ տնտեսական ու քաղաքական մեթոդներ է կիրառում մեր երկրի նկատմամբ։

Ոչ հեռու անցյալում առիթ ունեցել եմ նշելու, որ, իրենց դատողությամբ, «ֆորպոստի» տարածքում ապրող և, վերջին հաշվով, «պաշտպանության առաջին գծում» գտնվող բնակչության շահերը ռուս մեծապետականներն ամենևին հաշվի չեն առնում։ Նրանց չի հուզում նաև այն, որ տներում տաքություն ու հարմարավետություն ապահովելու ուժից վեր բեռը, ինչպես նաև տնտեսության և սոցիալական կենսամակարդակի անխուսափելի անկումը բնակչության արտագաղթի է՛լ ավելի ընդլայնման պատճառ կդառնան։ Նրանք, երևի, հնարավոր է ենթագիտակցորեն, դեռևս հիշում ու ողջունում են Ցարական կայսրության կարգախոսը Հայաստանի առնչությամբ. «Հայաթափ հողերում կազակներին կբնակեցնենք»։ Իրադրությունը չի փոխում նաև այն, որ Հայաստանում տեղակայված ռուսական զորակայանների կոմունալ ծախսերն անգամ հայ հարկատուներն են վճարում։ Ընդ որում, ամենազավեշտականը. ռուս զինվորականների լույսի, ջեռուցման, կապի անխափանության ապահովման համար Հայաստանի պետբյուջեից վերցվող գումարները վճարվում են հենց ռուսական ընկերություններին։ Իսկ մեզ, եթե նորից պարտադրում են Ռուսաստանի համար սովորական և անգամ ցանկալի «ժողովուրդների բանտի կյանքից առնված սցենարներ», ուրիշ ոչինչ չի մնում անելու, քան ապրելու նույն հին բանտային պատգամներով` «մի հավատա, մի վախեցիր, մի խնդրիր», և շտապ լուծելու անվտանգության հիմնախնդիրներն ու հիմարներից պաշտպանություն գտնելու։ Այսինքն, պաշտպանություն ծայրաստիճան պարզունակ, բիրտ, ուղղագիծ գործողություններից, որոնք աղետալի հետևանքներով են հղի։ Իսկ այսօր կցանկանայի պատմել աշխարհում տեղ գտած մի փորձի մասին, որ կիրառվում է Ռուսաստանի «գազի մահակին» դիմակայելու համար։
Հասկանալի է, որ գների իջեցման ամենաարագ ու արդյունավետ եղանակը, ընդ որում, ցանկացած ապրանքի, առաջարկի մեծացումն է։ Սա տնտեսության բանաձևն է, որը բացառություն չէ նաև գազի բավական պահպանողական շուկայի համար։ Ինչպես հայտնի է, աշխարհում գազի արտահանական մատակարարումների հիմնական ծավալն ապահովվում է երկարաժամկետ պայմանագրերով։ Գործարքային, այսինքն` «բորսային» գործարքներով մատակարարումներին մինչև վերջերս դրանց քիչ մասն էր բաժին ընկնում։ Խողովակային գազի գների ձևավորումը տեղի է ունենում ածխաջրածինների «զամբյուղի» արժեքի հետ շաղկապված։ Այդ փորձը կիրառվում է նաև այն ժամանակվանից, երբ 1959 թ. Եվրոպայում հայտնաբերվեց առաջին գազահանքը։ Այն ժամանակ ներդրումներ պահանջվեցին գազամուղի շինարարության համար, և դրանք ներգրավվեցին մատակարարման ծավալների երաշխիքով։ Հենց այն ժամանակ էլ ձևավորվեց «վերցրու կամ վճարիր» համակարգը և գազի գների շաղկապումը նավթի գների հետ։ Այդ իրադրությունը լիովին ձեռնտու էր արդյունահանող երկրներին, մասնավորապես ԽՍՀՄ-ին, հետո էլ Ռուսաստանին ու «Գազպրոմին»։ Սակայն կյանքն ու գիտությունն իրենց շտկումները մտցրին. խողովակաշարերն աստիճանաբար պատեցին ամբողջ աշխարհը, ստեղծվեցին բնական հեղուկ գազի (ԲՀԳ) արտադրություններ ու ամբարներ և արագորեն զարգացան դրանց ենթակառուցվածքները։ Այնուհետև արդեն մեր ժամանակների իրողությունները` «թերթաքարային հեղափոխությունը» և գազի մեծ պաշարներն Ամերիկայում, հանգեցրին աշխարհում ԲՀԳ-ի առատության և, համապատասխանաբար, գների անկման։ Երկրներն սկսեցին աստիճանաբար անցնել գազի բաշխման մրցակցային համակարգի, իսկ գազի արդյունահանումն ու առաքումն առանձնացնել վաճառքից։ Առաջինն Անգլիան էր, հետո ԱՄՆ-ը, Հոլանդիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան։ Եվ «Գազպրոմի» համար ծանր ժամանակներ սկսվեցին. դժվարություններ` կապված Եվրոպայում գազի վաճառքի հետ, գնի ու մատակարարումների վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրերի վերանայում` դատական կարգով։ Միայն 2012 թ. ռուսական մենաշնորհատերն այդ ուղղությամբ մատակարարումների տարեկան ծավալներում կորցրել է 12 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ վերջին երկու-երեք տարում` մոտ 22 մլրդ խմ։ Եվրոպացիները զանգվածաբար ներդրումներ են կատարում հեղուկ գազի ամբարներում, ինչն անխուսափելիորեն տանում է դեպի «Գազպրոմի» խողովակաշարային ծառայություններից հրաժարում։ Աստիճանաբար նախկին խորհրդային երկրներում էլ սկսեցին գիտակցել, որ սեփական շուկայում առաջարկը տեխնիկապես մեծացնելը, հետևաբար ռուսական մամլիչից ազատվելը բավական հեշտ է նոր պայմաններում։ Պետք է միայն համարձակվել և ապահովել այլ արտադրողների մուտքը շուկա։ Առաջիններից մեկը եղավ ՈՒկրաինան։ Այնտեղ Ռուսաստանի հետ երկար ու հոգնեցուցիչ «գազային պատերազմներից» հետո շատ փրկօղակներ գտան` սպառման խնայողություն, սեփական արդյունահանում, այլընտրանքային էներգետիկա, մատակարարումներ այլ երկրներից և այլն։ Այսպես, օրինակ, Եվրամիությունից ռուսական երկնագույն վառելիքի վերամատակարարման շնորհիվ միայն մարտին ՈՒկրաինան պակասեցրեց գազի գնումները Ռուսաստանից, իսկ սպառվող գազի միջին գինն արդեն ապրիլին իջավ 0,36 տոկոսով։ Առայժմ շատ չէ, բայց համենայն դեպս...
Խիստ անհաճո լուրեր է ստանում Ռուսաստանը նաև Չինաստանից։ Ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, այսուհետ իրենք բոլոր հնարավորություններն ունեն պահպանելու գազի սակագների հաստատման բանակցություններում ստացած առավելությունը։ Հիշեցնենք, որ ստորագրված ռուս-չինական հուշագրի համաձայն, 2018 թվականից ռուսական գազամուղով Չինաստանը տարեկան կսկսի ստանալ 38 մլրդ խմ գազ, և ծավալն աստիճանաբար կհասցվի 60 մլրդ խմ-ի։ Չինական կողմի կարծիքով, առանձնապես դժվար չի լինի «Գազպրոմին» պարտադրել գնագոյացման իր պայմանները, քանի որ «մենաշնորհատիրոջ կարգավիճակը կորցրած ընկերության համար դժվար կլինի վերստին մենաշնորհային սակագներ սահմանել»։ Այս կապակցությամբ, գնորոշման բանակցությունների ընթացքում Ռուսաստանն արդեն իր պատրաստակամությունն է հայտնել դիմելու փոխզիջման։ Չինաստանի ու Ռուսաստանի միջև պաշտոնապես հայտարարված գների տարբերությունը 1000 խմ-ի համար 100 դոլարից իջել է 50 դոլարի։ Գնորոշման բանակցություններում «ձեռքեր ոլորելու» չինական կողմի ընդունակությունը վաղուց և լավ հայտնի է, առավել ևս, որ ռուսական գազը Չինաստանի համար այլընտրանքային չէ։ Մոսկվայի հետ տևական ու ապարդյուն բանակցություններից հետո Պեկինը փորձեց գտնել ավելի շահավետ աղբյուրներ։ Եվ այսօր ՉԺՀ-ն բնական և հեղուկ գազ է գնում Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Օվկիանիայի երկրներից, կարգավորում է նաև իր «այլընտրանքային գազի» արդյունահանումը։ ՈՒստի Ռուսաստանից բնական գազի գնումը մուտքերն է՛լ ավելի բազմազանեցնելու Չինաստանի փորձն է միայն։
Թվում է, թե ռուսական գազարդյունաբերությունը պետք է անչափ գոհ լիներ Ճապոնիայից, որտեղ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո փակվեց գործող 50 կայաններից 48-ը, և նա դարձավ գազի խոշորագույն ներմուծողն աշխարհում, վերջին երկու տարում սպառումն ավելացնելով 18 մլն տոննայով։ Սակայն, դատելով ըստ ամենայնի, «Գազպրոմը» երկար չի ուրախանա։ Ինչպես պնդում են փորձագետները, մոտակա տարիներին Ճապոնիան կդառնա համաշխարհային գազարդյունաբերության «օրենք թելադրող»։ Այնտեղ էներգետիկ անկախության համար մարտի են նետվել լուրջ ուժեր ու միջոցներ։ Տոկիոն սկսել է տիտանական ջանքեր գործադրել գազի համաշխարհային բաշխման և գնագոյացման նոր համակարգի ձևավորման ուղղությամբ, ներդրումներ կատարել նրա արդյունահանման նոր տեխնոլոգիաների մշակման գործում և այլն։ Արդեն կան երկիրը գազային կախումից զերծ պահելու առաջին արդյունքները։ Ինչպես մենք ավելի վաղ հաղորդել ենք էներգետիկայի ոլորտին վերաբերող նորություններում, 2013-ի մարտին Ճապոնիայի JOGMEC պետական կորպորացիան հաղորդեց մեծ խորությունում գտնվող մեթանի հիդրատներից գազի արդյունահանում սկսելու մասին։ Հիշեցնենք, «մեթանի հիդրատը» ջրի ու մեթանի միացություն է, որը բնության մեջ հանդիպում է կոշտ վիճակում։ Հիդրատներում գազի պաշարները հսկայական են, երբեմն խոսում են հարյուրավոր և հազարավոր տրիլիոն խորանարդ մետրերի մասին։ Արդյունահանումը հնարավոր դարձավ, երբ ճապոնացիները մշակեցին «հերմետիկազերծման տեխնոլոգիա», այսինքն, մեծ խորություններում գտնվող կոշտ մեթանից գազ կորզելու եղանակ։ Դրա համար ոչ բոլոր հանքերն են հարմար, պիտանի են միայն ստորգետնյա շերտերը։ Այդ նպատակով հորատում են սովորականից լայն հորանցքեր, որոնց մեջ հորատման ժամանակ տաք ջուր են լցնում (ընդ որում, դա կարող է լինել նաև ծովի ջուր), ապա այն դուրս են քաշում։ Դրանով ապահովվում է հիդրատի հերմետիկազերծման երկու պայման` ջերմաստիճանի բարձրացում և ճնշման իջեցում։ Գոյացած գազը դուրս է քաշվում հենց հորանցքով։ ՈՒ թեև առայժմ արդյունահանման ինքնարժեքը բավական բարձր է, սակայն մասնագետները չեն վհատվում, որովհետև Ճապոնիայում «գնովի գազի» մեծածախ գինը դեռևս շատ բարձր է` 590 դոլար։ Նրանք պնդում են, որ հիդրատագազի նոր տեխնոլոգիան կատարելագործման շատ հնարավորություններ ունի, և չեն կասկածում, որ ոչ հեռու ապագայում ձեռք կբերվի ինքնարժեքի միանգամայն ընդունելի մակարդակ։ Հոռետեսներին հիշեցնենք. «թերթաքարային գազն» էլ սկզբում թանկ էր և, նույն «Գազպրոմի» կարծիքով, շահութաբերության ոչ մի հեռանկար չուներ։ Իսկ ինչ վերաբերում է «հիդրատագազին», ապա կարելի է սպասել, որ Ճապոնիայի օրինակն ու հաջողությունը Հնդկաստանում ու Չինաստանում նմանատիպ աշխատանքների խթան կհանդիսանան, քանի որ նրանք ևս նոր էներգապաշարների սուր կարիք ունեն։
Բացի այդ, Տոկիոն եռանդուն կերպով ձեռնամուխ է եղել հեղուկ գազի իրացվելի գործարքային շուկայի ստեղծմանը, որպիսին մինչև հիմա չի եղել։ Ճապոնիան վերջերս բանակցություններ է սկսել անդրօվկիանոսյան գործունեության շուրջ, որը նախատեսում է ԲՀԳ-ի ազատ առևտրի կարգ մշակել մասնակից 11 երկրների միջև, և շուտով մտադիր է հեղուկ գազի վաճառք կատարել բորսայում։ Ֆյուչերս պայմանագրերը (կրկնվող բորսային առաջարկները) կլինեն հաշվարկային, այսինքն` անմատակարար, և դա հնարավորություն կտա գործարքներին մասնակցելու գազի ենթակառուցվածքի հետ առնչություն չունեցող անձանց։ Դժվար չէ հասկանալ, որ այս ամենն արվում է գազի լուրջ էժանացման նպատակով։ Արդեն հայտնի է, որ Ճապոնիայի կառավարությունը ծրագրում է առաջարկել ԲՀԳ-ի սակարկությունն անցկացնել Սինգապուրում և Նյու Յորքում։ Իսկ առհասարակ, նկատենք ԲՀԳ ֆյուչերս պայմանագրով աշխարհում դեռ ոչ մի տեղ առևտուր չեն անում, բայց դատելով ճապոնացիների եռանդից ու ակտիվությունից, ինչպես նաև մի շարք այլ երկրների շահագրգռությունից, դա երկար չի տևի։ Ընդ որում, Տոկիոյում համոզված են, որ ապագայում էլ հեղուկ գազի մատակարարների պակաս չի լինի. ԲՀԳ-ի արտադրության լրացուցիչ կարողությունների ծավալը, որոնք կգործարկվեն մինչև 2015 թվականը, կկազմի առնվազն 85 մլրդ խմ, իսկ մինչև 2020 թ. այն կարող է ավելանալ ևս 200 մլրդ խմ-ով։ Այնպես որ, շուտով ասիական շուկայում առաջարկի զգալի աճ է սպասվում։ Եթե դա տեղի ունենա այնպես, ինչպես ուզում է Ճապոնիան, ապա գազի համաշխարհային շուկան շուտով արմատապես կփոխվի թե՛ գնագոյացման, թե՛ մատակարարումների տեսակետից։
Ճապոնիայի սաստիկ ճնշումը գազի հարցում, փորձագետների գնահատմամբ, անհետևանք չի լինի Ռուսաստանի համար։ 2015-2017 թթ. Ճապոնիայում նոր խոշոր ԲՀԳ նախագծերի իրականացումից և ֆյուչերս սակարկությունների արմատավորումից հետո, պետք է սպասել ինչպես գազի երկարաժամկետ էժանացում, այնպես էլ խողովակային գազի պահանջարկի նվազում` ի հաշիվ հեղուկ գազի գործարքային մատակարարումների ընդլայնման։ Այսպիսով, իր առաջատար դիրքերը պահպանելու համար «Գազպրոմին» մնում է գործողության առավել արդյունավետ տարբերակ` վառելիքի գնի արագ ու էական նվազեցում, որը, մասնագետների հաշվարկներով, պետք է կազմի 200-250 դոլար կամ ավելի պակաս։ Միայն այդ դեպքում գազի գնորդները Եվրոպայում այն կնախընտրեն հեղուկ վառելիքի մատակարարումներից։
Փորձագետները կարծում են, որ «Գազպրոմը» քիչ ժամանակ ունի հարմարվելու շուկայի նոր իրողություններին։ Ակնհայտ է, որ շահութաբերության պահպանման համար ընկերությունը պետք է շեշտը դնի բիզնեսի արդյունավետության մեծացման վրա` արդյունահանման ինքնարժեքի իջեցում, գործունեության ոչ պրոֆիլային կամ վնասաբեր տեսակներից հրաժարում, կառավարչական ծախսերի նվազեցում։ Կարվի՞, արդյոք, դա։ Թե՞ Ռուսաստանն էլի կզբաղվի դժգոհների ու անհնազանդների համար գազի թանկացմամբ և անեծքի նման կպնդի, թե գազի հետ կապված ամեն նոր բան առասպել է կամ թշնամական նենգություն։ Ժամանակը, իհարկե, ամեն ինչ իր տեղը կդնի, բայց, հնարավոր է, մեծ կորուստների գնով։ Մինչդեռ առայժմ ռուսական այդ «ազգային հարստության» ղեկավարությունը, կարծես, ամենից շատ մտահոգված է ամենամյա աղմկալի ու թանկարժեք «կորպորատիվների» կազմակերպմամբ։ Ահա, «Ռոսբալտ» գործակալությունն օրերս հաղորդեց, որ բելառուսական խաղաղ ու հարմարավետ Վիտեբսկ քաղաքում «սկսվել է «Գազպրոմ»-«Ֆակել» մեկշաբաթյա փառատոնը, և ռուսների հանգստանալու ձևից բելառուսներն ուղղակի ապշահար են»։ Այնպես որ, գազի գների բարձրացումից ստացվող լրացուցիչ փողերը ծախսելու տեղեր կան։ Անգամ` բարեկամների ու ռազմավարական «դաշնակիցների» հաշվին։
Այստեղ են ասում` Ռուսաստանը խելքով հասկանալ չի լինի։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ