ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Նավթադոլարների ոսկեբեր անձրևը» կարող է դադարել առաջիկա տարիներին

«Նավթադոլարների ոսկեբեր անձրևը»  կարող է դադարել առաջիկա տարիներին
14.09.2012 | 12:41

Վաղուց արդեն բոլորն ընտելացել են, որ արդի աշխարհաքաղաքական խնդիրների հետևում ամենից հաճախ տնտեսական հարցեր են, հատկապես նավթի ու գազի հարցեր։ Սակայն մենք ոչ միշտ ենք գիտակցում, թե դրանք որքանով կարող են շուռ տալ աշխարհը և փոխել քաղաքական տեղանքը։ Հենց դրա համար էլ, իհարկե, էներգետիկ ոլորտում բոլոր գործընթացները, ըստ էության, քաղաքական են և հաշվարկ են պահանջում տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները քննելիս։

Ռուսաստանում նոր-նոր էին անցել շփոթմունքն ու անթաքույց կատաղությունն աշխարհում գազի արդյունահանման գերիշխող դիրքերը կորցնելու առնչությամբ, և Մոսկվայում, կամա-ակամա, սկսել էին հաշտվել «թերթաքարային հեղափոխության» իրողության հետ, երբ «նոր փորձանք» վրա հասավ։ ԱՄՆ-ի կառավարությունն իր առաջին կանխատեսումն է հրապարակել ևս մեկ ապրանքանիշի` այս անգամ «թերթաքարային նավթի» արդյունահանման վերաբերյալ։ Ամերիկացի մասնագետների գնահատմամբ` թերթաքարային հանքավայրերից «սև ոսկու» այդ նոր տեսակի արդյունահանումը, որը լիովին կփոխարինի սովորականին, առաջիկա երկու տասնամյակում ավելի քան կկրկնապատկվի։ Արդեն այս տարվա վերջին թերթաքարային նավթի հանույթը կհասնի օրական 720 հազար տակառի կամ կկազմի Ամերիկայում արդյունահանվող նավթի ընդհանուր ծավալի 12,5 տոկոսը, իսկ 2035 թ. շահագործվելիք ութ հանքավայրերից կստացվի մինչև 1,23 մլն տակառ։ Համապատասխանաբար, նավթի ընդհանուր հանույթն ԱՄՆ-ում առավելագույն մակարդակի կհասնի արդեն 2020 թ., կազմելով օրական 6,7 մլն տակառ, և դա ամենաբարձր ցուցանիշը կլինի 1994-ից ի վեր։ Ընդ որում, այդ քանակության մոտավորապես 18 տոկոսը բաժին կընկնի թերթաքարային նավթին։ «Նավթային տնտեսությունների» համար (իսկ այդ շարքին, բացի ռուսական և մի շարք արաբական տնտեսություններից, հարկ է դասել, անշուշտ, նաև մեր հարևանների «տնտեսական հրաշքը») ամենատհաճն այն է, որ նավթի և նավթամթերքների ներմուծումն ԱՄՆ, որը մինչև վերջերս «սև ոսկու» ամենախոշոր գնորդն էր, անշեղորեն ու սրընթաց կրճատվում է. եթե 2007-ի ցուցանիշը կազմում էր օրական 13-14 մլն տակառ, ապա արդեն 2011-ին այն իջել էր օրական մինչև 8 մլն տակառի։ Իսկ թերթաքարային գազ արդյունահանող ընկերությունները վերջին ժամանակներս զանգվածաբար անցնում են նաև թերթաքարային նավթի արդյունահանման. միայն անցած տարի ամերիկյան ընկերությունները թերթաքարային նավթի արդյունահանման 5000 նոր հորատանցքերի փորման համար ներդրել են 25 մլրդ դոլար։ Բացի այդ, ինչպես հաղորդում է «Նյու Յորք թայմսը», ներկայումս Կոնգրեսը քննարկում է երկրի թերթաքարային արդյունաբերությանը ցուցաբերվող դրամական աջակցության հարցը։
Եվ այս ամենը դեռ կարող էր տանելի լինել, եթե ոչ պակաս «տխուր» լուրեր չստացվեին մեկ այլ «գլխավոր մրցակցից»` Չինաստանից։ Ինչպես հայտնի է դարձել, այստեղ վերջին ժամանակներս սկսել են զանգվածաբար թերթաքարային տեխնոլոգիաներ գնել։ ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև «անխուսափելի պատերազմի» տեսության սիրահարներին հիշեցնենք, որ Պեկին կատարած իր առաջին այցի ժամանակ նախագահ Օբաման և նախագահ Հուն փակ դռների հետևում երկար քննարկել են էներգետիկ անվտանգության հարցը, «չար լեզուներն» էլ պնդում են, թե ամերիկացին ջանացել է իր պաշտոնակցին շահագրգռել այն ժամանակ դեռ նոր թափ հավաքող թերթաքարային արդյունահանման տեխնոլոգիաներով, ինչը նրան լիովին հաջողվել է։ ՈՒշադրություն դարձնենք. այրվող թերթաքարերի համաշխարհային պաշարներում այդ հումքի չինական բաժինն այժմ 7-8 տոկոս է, իսկ որոշ գնահատումներով` գրեթե 12 տոկոս, դրանց պաշարները Չինաստանում կազմում են 28 մլրդ տոննա։ ՉԺՀ-ի վառելիքաէներգետիկ արդյունաբերության նախարարության գնահատմամբ, նավթի ու նավթամթերքների ստացման համար պիտանի է չինական թերթաքարային ընդերքի ավելի քան 40 տոկոսը։ Այստեղ տարեկան արտադրվում է մոտ 400 հազար տոննա թերթաքարային խեժ, որը թերթաքարային նավթի ու նավթամթերքի հիմնական հումքն է։ Չինաստանում թերթաքարն արդյունահանում են բաց եղանակով, ընդ որում, շատ հանքերում դրա պաշարներն ընկած են ածխի շերտի տակ և կորզվում են համատեղ։ Այնպես որ, արդեն այսօր չինական թերթաքարային նավթի արտադրության ինքնարժեքն ընդամենը 35 տոկոսով է բարձր սովորական նավթի արտահանության համաշխարհային միջին գներից։
Եվ այդուամենայնիվ` ի՞նչ է թերթաքարային նավթը։ Հասկանալու համար, թե որքան լուրջ է իրավիճակը, ավելի մանրամասնորեն քննության առնենք թերթաքարային նավթի արդյունահանման տեխնոլոգիան և էկոնոմիկան։ Թերթաքարային նավթի արդյունահանման տեխնոլոգիան համարյա նույնն է, ինչ թերթաքարային գազինը։ Սակայն նավթի արդյունահանման ժամանակ հորիզոնական խողովակը փոքր-ինչ խոր են տեղադրում, այն մակարդակի վրա, որտեղ ընկած է ավելի ծանր խտանյութի ու նավթի շերտը։ Որպեսզի նավթը լցվի խողովակի մեջ, հորիզոնական հորատման ժամանակ արվում են հատուկ ջրային ճեղքեր։ Հաճախ պահանջվում է շերտի ջերմային կամ քիմիական մշակում։ Արդյունահանումը տնտեսապես ձեռնտու է միայն հարուստ հանքավայրերում, որտեղ նավթի պարունակությունն սկսվում է 90 լիտրից` մեկ տոննա թերթաքարում, բացի այդ, հանքաշերտի հաստությունը պետք է լինի առնվազն 30 մետր։ Օրինակ, Բաքենի ամերիկյան խոշորագույն հանքավայրում նավթաբեր թերթաքարերի շերտի հաստությունը մոտ 40 մետր է, որն ընկած է մոտ 3 կմ խորության վրա։ Այնտեղ նավթի պաշարները գնահատվում են 3,65 մլրդ տակառ, ներկայումս օրական արդյունահանվում է մոտ 329 հազար տակառ, և այդ թիվը տարեսկզբից աճել է 39 տոկոսով։ Հորանցքերի թիվն անցնում է 4 հազարից։ Հիմա Բաքենն ավելի շատ նավթ է տալիս, քան երբ սովորական հանքավայր էր։ Ծրագրվում է, որ մի քանի տարի հետո Բաքենում նավթի հանույթը կհասնի օրական 700000 տակառի։ Ընդ որում, արդյունահանման արժեքը կնվազի. եթե դեռ վերջերս մեկ հորանցքն արժեր 14 մլն դոլար, հիմա այն 4-7 մլն է։
Շատ կարևոր է նաև այն, որ Սթենֆորդի համալսարանի գիտնականների ջանքերով արդյունահանման ժամանակ վնասակար ջերմոցային ածխաթթու գազ չի արտազատվում։ CO2-ի օգտագործման խնդիրը մինչև հիմա լուծված չէր, իսկ դրա արտազատումը մթնոլորտ սպառնում է բնապահպանական խոշոր աղետներով։ Իր հերթին Չինաստանում թերթաքարային հումքի մշակումից ստացվող թե՛ նավթը, թե՛ գազը զտում են ցիանիդներից, ծծմբական և ազոտական խառնուրդներից (դրանց պարունակությունը նման գազի մեջ, որպես կանոն, երկու անգամ ավելի է, քան սովորականի մեջ), բայց դրանք էլ են օգտագործվում, օրինակ, ամոնիակը վերամշակվում է հանքային պարարտանյութի։ Այսինքն, դրանով հաղթահարվել է ևս մեկ խոչընդոտ (բնապահպանների բողոքները) թերթաքարային էներգետիկայի լայն տարածման ճանապարհին, որը կարող է էապես փոխել էներգապաշարների արդյունահանման նկարագիրը։ Աշխարհում թերթաքարային նավթի պաշարները գնահատվում են ավելի քան 3 տրիլիոն տակառ` «սովորական» նավթի համաշխարհային ապացուցված պաշարների 1,3 տրիլիոն տակառի դիմաց։ Ֆրանսիական և ամերիկյան ինստիտուտների վերջին գնահատականների համաձայն, թերթաքարային նավթի, նավթամթերքների և թերթաքարային գազի արդյունաբերական արտադրության կայուն շահութաբերությունն աճելու է։ Այսպես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի ինքնարժեքն արդեն այժմ կազմում է ընդամենը տակառը 70 դոլար, և այդ թիվը լիովին համադրելի է չինականի հետ։ Բայց այն կարող է նվազել ևս 20-25 տոկոսով, քանի որ տեխնոլոգիաները շարունակ կատարելագործվում են։ Ընդ որում, նշվում է, որ սովորական ու թերթաքարային նավթի գները կարող են մոտենալ նաև էներգակիրների համաշխարհային գների ընդհանուր անկման պատճառով։
«Սև ոսկու» համաշխարհային գները մոտակա հինգ տարիներին հազիվ թե անցնեն տակառը 85 դոլարից, կարծում են արևմտյան փորձագետները, և, բացի ընդհանուր տնտեսական անկումից, պատճառն արդեն համարում են նաև թերթաքարային նավթի արդյունահանման տեխնոլոգիաների բուռն զարգացումը։ Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ «նավթադոլարների ոսկեբեր անձրևը», ի հեճուկս մի շարք երկրների, կարող է դադարել արդեն առաջիկա տարիներին։ Միաժամանակ նկատենք նաև, որ ռուսական կառավարությունը 2013-2014 թթ. իր ծախսերը պլանավորում է, ելնելով բավական բարձր գներից` մեկ տակառը 110 դոլար, իսկ Ադրբեջանում, որի բյուջեի 80 տոկոսը նավթային փողերից է գոյանում, և որտեղ ամեն ինչ պտտվում է նավթի շուրջ, փորձագետները «բյուջեի կազմման վատագույն սցենար» են համարում նավթի տակառի 80 դոլար գինը և լրիվ աղետալի` 66 դոլարը։ Հետաքրքիր է, որ Սաուդյան Արաբիայի բյուջեն հաշվեկշռված է նավթի տակառը 71 դոլարից ելնելով, իսկ Վենեսուելայի նախագահ Չավեսը 2012-ի բյուջեն կազմել է, ելնելով նավթի տակառի 55 դոլար գնից։ Այնպես որ, առայժմ թերթաքարային նավթը մտրակ է նավթի գների համար, ընդ որում` հոգեբանական մտրակ։
Սակայն, որքան էլ տարօրինակ լինի, Ռուսաստանում էներգետիկայի ասպարեզում այդ նոր ճեղքմանը, ինչպես թերթաքարային գազի դեպքում, վերաբերվում են անտարբերությամբ` «Դա չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբեք» սկզբունքով։ Թերթաքարային նավթը, նրանց կարծիքով, «թանկ է, բարդ ու կեղտոտ»։ Մինչդեռ թերթաքարային նավթի, ինչպես նաև դրա գիտատեխնոլոգիական «լցոնի» դերը հազիվ թե չափվի սոսկ նավթի ու գազի արտահանման գներով։ Ռուսները նախընտրում են նոր ճեղքումը դիտարկել որպես Արևմուտքի «պարապ վախտի խաղալիք» և այդ ուղղությամբ ոչինչ մտադիր չեն անել, թեև ժամանակին ԽՍՀՄ-ում ընդհուպ զբաղվում էին այրվող թերթաքարերով ու դրանց յուրացմամբ։ Ավելին, թեև Ռուսաստանն ունի թերթաքարային նավթի սեփական պաշարներ (ըստ կանխատեսումների` համաշխարհային պաշարների մինչև 7 տոկոսը), Ռուսաստանում թերթաքարային նավթի արդյունահանումը մի ամբողջ շարք չինովնիկների համար, ովքեր հարմար տեղավորվել են ազգային ածխաջրածնային կորպորացիաների խողովակների վրա, ոչ մի տնտեսական իմաստ չունի։ ՈՒ թեև այնտեղ ընդունում են, որ Ամերիկայի համար թերթաքարային նավթը, այնուամենայնիվ, դարձել է նավթի ներմուծումից սեփական անկախության ապահովման լուրջ խթան, սակայն, ինչպես հավատացնում են ռուս փորձագետները, թերթաքարային նավթը ոչ մի կերպ չի ազդի սովորական նավթի գների վրա։
Հիշո՞ւմ եք, «Գազպրոմում» նման մի բան երկար ժամանակ և ինքնամոռաց պնդում էին նաև թերթաքարային գազի առնչությամբ, իսկ դրա ղեկավար Ալեքսանդր Միլլերն այլ կերպ, եթե ոչ «առասպել», չէր որակում։ Հիմա այդ մասին նախընտրում են չխոսել։ Հիմա հերթը «Ռոսնեֆտինն» ու դրա ղեկավար Իգոր Սեչինինն է։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 7498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ