Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Ինչպե՞ս հաղթահարել հայ-ռուսական փակուղին

Ինչպե՞ս հաղթահարել հայ-ռուսական փակուղին
16.01.2015 | 22:59

Ակնհայտ է, որ մարդասպանության մեջ մեղադրվող Պերմյակովին ռուսները որոշել են իրենց մոտ պահել՝ չհարցնելով նույնիսկ Հայաստանի իշխանությունների, համապատասխան մարմինների կարծիքը: Հայաստանի իշխանությունները սկզբում իմիտացրին, թե ամեն բան համաձայնեցված է ու քննությունն իրականացվելու է համատեղ: Ըստ երևույթին, թե Մոսկվայում, թե նույնիսկ Երևանում չէին կանխատեսել, որ հասարակությունը նման բուռն դժգոհություն կարտահայտի, հակառուսական կոչեր կհնչեն ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև իրական կյանքում՝ Գյումրվա ու Երևանի փողոցներում, մարդկանց կենցաղային զրույցներում ու կուսակցությունների հրապարակային հայտարարություններում: Գյումրու ցույցերի ու հասարակության ճնշմանը Հայաստանի իշխանությունները տեղի տվեցին ու պատրաստակամություն հայտնեցին՝ դիմել Ռուսաստանի համապատասխան մարմիններին՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը փոխանցելու պահանջով: Հասկանալի է, որ խնդիրը իրավական չէ. եթե այդպիսին լիներ, ապա ոճրագործը կլիներ մեր ՔԿՀ-ներից մեկում, քննություն կիրականացնեին մեր իրավապահները, Պերմյակովին մեղադրանք կառաջադրեին մեր քննչական մարմինները, կալանքի որոշում կկայացներ մեր դատարանը: Այս հարցը կարող է ունենալ բացառապես քաղաքական լուծում, այլ խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ տեղի տալի՞ս են, թե՞ ոչ մեր հասարակության պահանջին: Այո, հենց հասարակության, որովհետև Հայաստանի իշխանության կարծիքը, ինչքան էլ ցավալի է, նրանց համար գրոշի արժեք չունի: Ես գրեթե բացառում եմ այն հեռանկարը, որ Մոսկվան մտափոխ է լինելու Գյումրու հուզումներից հետո: Նախ, այդ հուզումներն առայժմ հեշտ է լոկալիզացնելը և հետո՝ դրանց ճնշման հարցում, Մոսկվայի ուղղակի պատասխանատվությունը քողարկվելու է ու պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի իշխանության վրա: Բացի դրանից, Մոսկվայում առաջնորդվում են կայսերական մտածողությամբ, իսկ այդպիսի մտածողությանը խորթ է ծայրամասերին զիջումներ անելը: Ավելի շուտ, կանխատեսելի է, որ Ռուսաստանի իշխանությունները կառաջնորդվեն «քլունգային» տրրամաբանությամբ ու կորոշեն իրենց ստահակի հարցերը լուծել ինքնուրույն՝ առանց Հայաստանի հասարակության ցավը հաշվի առնելու: Հայաստանի իշխանությունը չի կարող հույսը դնել այն բանի վրա, որ հասարակությունը մի որոշ ժամանակ անց կմոռանա տեղի ունեցածը, մանավանդ, նույն հասարակությունն ունի դժգոհության այլ առիթներ ևս: Ըստ այդմ, իշխանություններն ունեն երկու տարբերակ: Նրանք կարող են համերաշխվել հասարակական պահանջի հետ՝ կոնկրետ ու այլ հարցում ընդառաջ քայլեր պահանջելով Մոսկվայից: Սա ռիսկային է, իհարկե, մի իշխանության համար, որի ռեսուրսը ոչ թե հասարակության աջակցությունն է, այլ համակարգը՝ իր ուժային ու օլիգարխիկ դրսևորումներով: Մյուս ճանապարհն այն է, որ իշխանությունն ուժային տարբերակով լռեցնի սկիզբ առած հուզումները: Սակայն սա կարող է ժամանակավորապես պահովել կայունություն, որովհետև շարժման աշխարհագրությունը մեծանալու ռեսուրս ունի, օրակարգը կարող է գլոբալ դառնալ՝ առաջնային դարձնելով հայ-ռուսական հարաբերությունների արմատական վերանայումը ու Կրեմլի շահերը սպասարկող հայաստանյան իշխանության հեռացումը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 18435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ