«Բրոունյան» Նիկոլ, «անբրոուն» Սերժ
21.04.2020 | 00:03
Նիկոլ Փաշինյանը մսխում է իր վերջին պտղունց վստահությունը: Խնդրի «հմայքն» այն է, որ ինքը ևս շատ լավ է հասկանում դա: Փորձում է կանգնեցնել այդ ընթացքը` անելով ավելի «անվստահելի» քայլեր, ինչն է՛լ ավելի է խորացնում անդունդը Նիկոլի ու Նիկոլի միջև, Նիկոլի ու թիմի միջև, Նիկոլի ու հասարակության միջև:
Հայաստանն այսօր, ինչպես աշխարհի մնացյալ երկրները, փակ համակարգի է վերածվել կորոնավիրուսի բերած արհավիրքի պատճառով, ու երբ այդ համակարգը կբացվի, Փաշինյանն ընդհանրապես օտարված կլինի ամեն ինչից, մանավանդ որ, խնդիրների այնպիսի փունջ լցված կլինի իր առջև, որ ցանկացած հպում ձնակույտի տակ կթողնի երկրի ղեկավարին (բարձր է հնչում, չնայած, եթե արդար լինենք, ցանկացած ղեկավար այդ դեպքում ունենալու էր իսկապես ծանրագույն խնդիրներ):
Լայվերի սովոր, հեռախոսն ուղիղ ճանապարհ դարձրած այս «ղեկավարի» դեպքում մարտահրավերներն անչափելի են լինելու, որովհետև դրանք փոխշաղկապված են նաև պետության համար մի շարք «լրացուցիչ» գերխնդիրների հետ:
Նախ` Արցախ. նկատենք, այնպես չէ, որ «փակ» համակարգի պայմաններում հարցի քննարկումը սառեցվել է: Ընդ որում, չէր էլ կարող սառեցվել, եթե ելնենք այն պարզ հաշվարկից, որ կորոնավիրուսը հատկապես նրա համար էր, որ ապագա` հետկորոնավիրուսյան աշխարհը նորովի «բաժանվի», շատերը դեռ հույսները չեն կորցրել, որ հունիսին տեղի կունենա նյու-Պոտսդամը, ուր գերտերությունները կկարողանան կրկին հավաքվել մի սեղանի շուրջ` աշխարհի վերաբաշխման համար: Չընկնելով դավադրության տեսությունների գիրկը, այնուհանդերձ հիշեցնենք, որ փորձագետների մեծ մասը կորոնավիրուսի «գոյությունն» ու «մարշ-բրասոկը» աշխարհով մեկ բացատրում է աշխարհի ապագա` տնտեսական, աշխարհագրական, ազդեցության բաժանման գործընթացում ֆորս-մաժոր առաջացնելու նպատակով:
Ղարաբաղյան խնդրի նկատմամբ այս օրերի չերևացող ակտիվությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է հենց դրանով: Ընդ որում, մի կողմից Արցախի նախագահ է ընտրվում մարդ, որի գերագույն թեզը Արցախի հարցում «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսն է, մյուս կողմից, Զախարովան չի մոռանում Արցախի հարցն այս օրերին արծարծել, երբ ինքնին Ռուսաստանը թաթախված է կորոնավիրուսյան «աննախադեպության» մեջ, երբ Վ. Պուտինի հոկտեմբերին արտահայտած-չհրապարակած մտքերը մեկ էլ ու որոշում են այս օրերին հրապարակայնության ենթարկել, և Պուտինն ասում է` պետք է մեկտեղել նախկին ԽՍՀՄ երկրները (աբսուրդ է, թե ոչ, չքննարկենք այս պահին). ինչը մտորելու առիթ իսկապես տալիս է` մի քանի առումով, սակայն այդ մասին ևս այս օրերին չարժե «մտորել»:
Առաջ անցնելով էլ ասենք` բավականին հետաքրքիր ձևով ակտիվացավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդ որում, նույն Նիկոլ Փաշինյանի «հողանցման» ֆոնին, ինչը նույնպես Ղարաբաղյան խնդրում չերևացող, այսբերգային գործընթացների արտահայտություն կարող է լինել, որովհետև հենց այնպես Սերժ Սարգսյանը չէր «ցցվի»:
Իսկ որ երկու տարի համբերատար լռությունից հետո նա գնում է քննիչ հանձնաժողով, և դա, ինչպես ասում են, հենց այնպես գնալ չէր, այլ դետալային վերադարձ էր. նրա հայտարարություն-«մուտքից» առաջ, հինգժամյա-համբերատար` իրենից ոչինչ չներկայացնող քննիչ հանձնաժողովում հարցերին պատասխանելը (ի դեպ. հանձնաժողովում նա շահել էր գրեթե բոլորի համակրանքը), և ընդ որում, նրա «երևումն» ամենևին էլ բանակից, տանկից բացարձակապես չհասկացող իմքայլականնների համար չէր. նիստի ձայնագրության պահանջը հանձնաժողովից` նույնպես հենց այնպես չէր:
Ի դեպ, երրորդ նախագահը հանձնաժողովում նաև բավականին ծավալուն-ինստիտուցիոնալ ներածական խոսք էր ասել` պահանջելով այն ևս անպայման կցել հանձնաժողովի ապագա զեկույցին: Չմոռանանք լրագրողներին տված «խոստումը» նաև` ցանկացած հարցի ցանկացած թեմայով ասուլիսներ տալու:
Ասել է` Սերժ Սարգսյանն ինչ-որ բանի է պատրաստվում, ինքը գիտե` ինչի։ Ինքը գիտե ավելին, քան մենք, և փորձում է նախնական քայլերով իրավիճակի «հարվածը», պատասխանատվությունը վերցնել իր վրա, որովհետև տեսնում է օրվա իշխողի բրոունյան շարժման մեջ գտնվելու` պետության համար վտանգավոր մարտահրավերը:
Հատուկ չհասկացողների համար էլ, թերևս, հարկ համարենք շեշտել` այս ամենն ամենևին և երբեք չի նշանակում և չի կարող նշանակել` Սերժ Սարգսյանը վերադառնում է... իշխանության:
Երբե՛ք: Նա կանգնում է ամրոցի դռանը, Աստված մի արասցե, փակ համակարգը բացվելու դեպքում, ֆորս-մաժորի դեպքում` դուռը պահակ ունենա, «աշխարհը-խալխը» չմտածի` ամրոցը տեր չունի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ