ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Աչքը վախեցնել է պետք

Աչքը վախեցնել է պետք
07.08.2023 | 19:15

Թշնամու «տրամաբանությամբ» նայում եմ Սյունիքի քարտեզն ու փորձում հասկանալ պատճառը՝ ինչու՞, այնուամենայնիվ, թուրքերը Գորիսի տարածքում չեն թազնել՝ Որոտանի ու Շուռնուխու առանձին տաք ու բերրի հատվածները չհաշված:

Ինչպես ասում են՝ Գորիսն անաղարտ է մնացել Սյունիքում:

Արդյո՞ք պատճառը միայն այդ փոքրիկ ու կատաղի շրջանի հերոսական ժողովրդի ահից էր:

Դա էլ կա, բայց Գորիսի շրջանը, Կապանի ու Սիսիանի շրջանների համեմատ,՝ տարածքով ամենափոքրն է, լեռներով ու ժայռերով, բազմաթիվ անդնդախոր ձորերով ու սարերով հագեցած, ոչ այնքան բերրի հողերով, վարելահողը՝ քիչ, կլիման՝ սուր, լեռնային:

Բնակչությունն էլ, իր կլիմայի պես, կողը հաստ, կոշտ, ամեն ինչում ծայրահեղ, շիտակ, խոսքը ճակատներին ուղիղ ասող, քինախնդիր ու վրիժառու:

Սիսիանն ու Կապանը՝ հակառակը, տարածքով՝ կրկնակի, կլիման՝ մեղմ, հարավային, վարելահողերը՝ շատ, հողը՝ բերրի, արևոտ, երկուսի բնակչությունն էլ իրենց բնության ու կլիմայի պես՝ անհամեմատ փափուկ, հանդուրժող, սուր ու ծակծկող անկյուններ շատ չունեն:

Այս երեք տեսակին նախնիները յուրովի անուններ են կպցրել. գորիսեցին՝ «կիրող», գրիչը՝ թևի տակ, կապանցին՝ ջուրը կակուղ (փափուկ), սիսիանցին՝ ցուրտը տարած կամ՝ քամին տարած:

Վստահ եմ՝ երկուսին մենք ենք անուն կպցրել, նրանք էլ՝ մեզ, ու, այս ամենով հանդերձ, կա ընդհանուր ու հաստատված գնահատական, որը ջնջում, տանում է ձեռքի հետ ասված կատակախառը կարծիքները՝ սյունեցին ազնիվ է ու դուզախոս, քաջ ու չկոտրվող:

Սահյանն այս մասին լավ գիտեր, երբ ասում էր. «Ես գորիսեցի եմ, կիրող, իմ արմատները Գորիսի շրջանից են»:

Սա ասելու համար Սահյանը հիմքեր ուներ. ժամանակին՝ բոլշևիկներից հետո, Սյունիքն էլ է բաժանվել իրար մեջ, Գորիսի որոշ գյուղեր՝ սկսած Սիսիանի էսօրվա Նորավանից, Կապանի որոշ գյուղերից, պատկանել են Տաթևի վանքապատկան կալվածքին, ասել է թե՝ Գորիսին:

Սահմանները գծելիս՝ Գորիսի տարածքին պատկանող շատ գյուղեր անցել են Սիսիանին ու Կապանին:

Ինչու՞, շատ պարզ, նրանց իշխանավորներն ավելի ճարպիկ ու գործարար են եղել: Գորիսը, որպես Լեռնահայաստանի կենտրոն, դեռ երկար տարիներ յոլա չէր գնում խորհրդային կարգերի հետ՝ իր չհանդուրժող, միամիտ բնույթի պատճառով:

Սա սուբյեկտիվ կարծիք է, իհարկե, ավելի վատ բան մտքիս չի գալիս:

Միայն Գորիսի Հարժիս գյուղն է, որ Սիսիանից պոկել, տվել են մեզ, այն էլ՝ ժայռոտ, քարքարոտ, սարոտ լինելու պատճառով:

Հավանաբար, մտածել են, որ սա է միակ գյուղը, որ կսազեր Գորիսին, իսկ տաք ու բերրի գյուղերը՝ Կապանին ու Սիսիանին:

Ինչևէ, թուրքի հետ կռիվը թողած՝ մեզանով չընկնենք. կարևորը՝ էլի մերն են, մեր Սյունիքինն են:

Վերջերս հաճախ եմ լսում Ալիևի հոխորտանքը՝ իր տասնյակ հազարավոր բնակիչներին Կապանի ու Սիսիանի տարածքում բնակեցնելու մասին:

Ինչպես տեսնում եք, ոչ մի զրույցում Գորիսի անունը չեն տալիս: Փորձում եմ մի փոքր լավ զգալ, որ Գորիսը անաղարտ է եղել, այս վայրագ ու բազմացող ցեղին չի հանդուրժել իր տարածքում, բայց չի ստացվում. Սյունիքը բոլորիս տունն է, ի՞նչ տարբերություն՝ որտեղ են ուզում բերել մոլախոտերի ընտանիքներին, դա չլինող բան է:

Նույնիսկ՝ եթե Կապանի ամենահեռավոր գյուղը: Սյունիքը միասնական է պայքարելու այս զառացանքի դեմ, ինչպես Անդրանիկի ու Նժդեհի ժամանակ էր:

Հարցն այն է, որ այս փնթի ու տարածվող մոլախոտը թազնել է մեր երկրի ամենատաք ու բերրի հողերում, ոչ ժայռոտ, այլ՝ մարգագետնային ու ջրային:

Մեր ազատագրած հայկական պատմական վայրերն էլ այդպիսին են եղել՝ տաք ու ջրառատ, հողը՝ իսկական դրախտային:

Այստեղ այնպիսի պտղատու ծառեր ու տեսակներ էին աճում, որ Գորիսում չեն աճում, գրեթե՝ արևադարձային, անմահական, նուռ, արքայանարինջ, թուզ, ձմերուկ…

Մոլախոտն էլ է այդպիսի վայրեր ընտրում, որ կարողանա աճել ու բարձրանալ, տարածվել:

ՈՒ այնպես չէ, որ նրանք միայն մեզանից են վախեցել, Կապանն ու Սիսիանն էլ պակաս մարտական չեն, սրանք առաջինը հենց սա են հաշվի առել՝ բերրի ու արևոտ, ընդարձակ վայրերը:

Սրանով փորձեցի պատասխանել բոլոր նրանց, ովքեր փորձում են Սյունիքի այս երկու քաղաքներին խեղճացնել, ասել, որ նրանք «հյուրընկալ» են եղել մոլախոտերի հանդեպ:

Գորիսը, ինչ խոսք, իր կլիմայի ու ժայռերի պես փոքր-ինչ սուր ու կոշտ է, բայց միակ պատճառը չէ, որ մոլախոտ չի ունեցել:

2013-ին Շչորս Դավթյանի հետ հարցազրույց էի պատրաստում Սահյանի մասին, խոսեցի նաև այս թեմայից ու հարցրի՝ ինչու՞:

Համաձայնելով ասածիս հետ՝ կլիմայի ու մյուս գործոնների մասով, մի բան էլ ինքն ավելացրեց, ինչը, որքան էլ վիրավորական հնչեց, բայց մտածելու բան էր:

«Չմոռանանք,-ասաց նա,-որ Գորիսում, դեռ Ցարական Ռուսաստանի օրոք, աշխարհի ամենադաժան բանտն է եղել ու այսօր էլ կա, ինչը չէր կարող իր ազդեցությունը չթողնել մարդկանց վարք ու բարքի, նրանց հոգեբանության վրա: Լավ ճանաչելով սրանց՝ ասեմ, որ սրանք վախեցել են նաև բանտային Գորիսից, նրա՝ ամեն օրենքից դուրս, ահեղ դատ ու դատաստանից: ՈՒ մեկ անգամ չէ, որ հենց Գորիսի բանտից են մեզ օգնության հասել ցմահ դատապարտվածները, երբ կարիք է եղել թազնածներին նեղելու…»:

Ահա, սա էլ՝ մեկ այլ վարկած. այնպես որ, մեր բանտը, որն այնքան ավերածություններ է արել մարդկանց ճակատագրերում ու հոգեբանության մեջ, նաև մեզ օգտակար է եղել:

Թշնամու աչքը պետք է վախեցնել՝ սա էլ մեկ հաստատում:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 3070

Մեկնաբանություններ