Խորենացի-Նար-Դոս խաչմերուկի Խորենացու հատվածը բնակչության շրջանում առավել հայտնի է որպես «Գրիլների փողոց»:
Այստեղ գրիլ հավեր են վաճառում` «Կարգին գրիլ», «Արշակի մոտ», «Գրիլ էյ էմ» և այլ կազմակերպությունները:
Խաչմերուկը, կից փողոցները, դրանց հետիոտնային մայթերն ու ավտոճանապարհներն Ադրբեջանի, ՀԱՄԱՍ-ի, Իսլամական պետության, ՀԶԲՈԼԱՀ-ի կամ ՌԴ խաղաղապահների կողմից առայժմ գրավված չեն, հետևանար` հանդիսանում են ՀՀ անբաժանելի մասը: Ավելին` մայթերին և ավտոճանապարհներին տեղադրված չեն պետական նմուշի ճանապարհային արգելող նշաններ: Դա նշանակում է, որ Խորենացի-Նար-Դոս խաչմերուկը, կից փողոցները, դրանց մայթերն ու ճանապարհներն ազատ են հետիոտների, ավտոմեքենաների շարժի կամ վերջիններիս կայանման համար:
Այսինքն` Երևան քաղաքի այդ հատվածում առայժմ ՀՀ ինքնիշխանությունը դե յուրե վերացված չէ:
Իրականում, Խորենացի-Նար-Դոս խաչմերուկի Խորենացու հատվածում հետիոտնային մայթ չկա, իսկ ավտոմեքենայով կայանումը ռիսկային է: Փորձեք և ինքներդ համոզվեք:
Ես փորձեցի:
Ավտոմեքենաս «Արշակի մոտ» չգիտեմինչի դիմաց դեռ չէի հասցրել լիարժեք կայանել, երբ ինձ մոտեցավ ոմն մեկը և հետաքրքրվեց կայանման նպատակի (?) վերաբերյալ:
Դրանից անմիջապես հետո (դեռ պատասխանս չլսած) պահանջեց, որ ավտոմեքենաս կայանեմ այնտեղ, «որտեղից պետք է գրիլ գնեմ» (?): Այնուհետև, պահանջեց, որ հեռանամ (?):
Կրքերը բորբոքվեցին:
«Արշակի մոտ»- ից դուրս եկան ևս մի քանիսը: Բոլորը համամիտ էին իրենց «գործընկերոջ» հետ և միաբերան պահանջում էին իմ հեռանալը (?):
Պատճառաբանում էին, որ ավտոճանապարհի այդ հատվածն «իրենցն է», իսկ այնտեղ ավտոմեքենա կայանողը «Արշակի մոտ»-ից գրիլ հավ գնելու «պարտավորություն» ունի: Սառնասիրտ էի: Գործս միայն ավարտելուց հետո հեռացա:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ն հաստատեց, որ Խորենացի-Նար-Դոս խաչմերուկը, կից փողոցները, դրանց մայթերն ու ճանապարհներն ազատ են հետիոտների, ավտոմեքենաների շարժի կամ վերջիններիս կայանման համար, հետևաբար` հերքվեց խաչմերուկի` Ադրբեջանի, ՀԱՄԱՍ-ի, Իսլամական պետության, ՀԶԲՈԼԱՀ-ի կամ ՌԴ խաղաղապահների կողմից գրավված լինելու ողջամիտ կասկածը: Միաժամանակ` ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը խոստացավ «միջոցներ ձեռնարկել» Խորենացի-Նար-Դոս խաչմերուկում ՀՀ ինքնիշխանությունը վերականգնելու համար:
Կարծում եմ, որ Խորենացի-Նար-Դոս խաչմերուկում ՀՀ ինքնիշխանության վերականգնմամբ պետք է զբաղվի նաև Երևանի քաղաքապետարան-ը:
Խաչմերուկով չզբաղվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Ի վերջո, Խորենացի-Նար-Դոս խաչմերուկը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ