Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

«Մնացած ամեն ինչի մասին, որ կուզենայի ինչ-որ բան ասել, կասեմ իմ լռությամբ»

«Մնացած ամեն ինչի մասին, որ կուզենայի ինչ-որ բան ասել, կասեմ իմ լռությամբ»
12.12.2008 | 00:00

«ԱՆԱԶԱՏ ՄԱՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԸ` ՀԱՏԿԱՊԵՍ»
Գեղանկարիչ ԿԱՄՈ ԹՈՒՄԱՍՅԱՆՆ իր համար բացառում է աշխարհն ու բնությունը սահմանազատող գծերի, սահմանների գոյությունը: Նա իրեն համարում է աշխարհով մեկ քայլող մարդ, որը հոգնության պահին կարող է կանգ առնել, հանգստանալ որևէ ծառի ստվերում, զրուցել իրեն հանդիպած մրջյունի հետ ու շարունակել անվերջանալի ճամփան: Այդ ճամփան գրեթե երկու տասնամյակ առաջ նրան տարել է Գերմանիա, բայց և տարվա մեջ մի քանի ամսով վերադարձնում է Հայաստան:
«ԵՍ ՉԳԻՏԵՄ` ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԴԱՎԱՃԱՆԵԼ-ՉԴԱՎԱՃԱՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ»

-Կամո՛, աշխարհի տարբեր ծագերում դեգերելով՝ ինչպե՞ս և որքանո՞վ եք կարողանում չդավաճանել Ձեր ազգային արմատներին:
-Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում դավաճանել-չդավաճանել ազգային արմատներին. պարզապես հնարավոր չէ դավաճանել: Խոսում եմ հայերեն, մտածում եմ հայերեն: Այս ազգի մեջ եմ ծնվել: Որտեղ որ լինում եմ, Սարոյանի նման բոռում ու բոռում եմ` Հայաստան: Ամեն տարի մի քանի ամիս լինում եմ Հայաստանում: Այստեղ մի այնպիսի էներգիա կա (թեև էներգիան օտար բառ է, չգիտեմ՝ ինչպես ասեմ հայերեն), որ ինձ պահում է, ձգում: Ամեն տեղ, ուր գնում եմ, եթե չասեմ էլ, որ հայ եմ, իրենք՝ օտարազգիները, ինձ հայ են սարքում, իրենք են ինձ ազգությանս մասին հիշեցնում: Ես ինձ զգում եմ որպես մարդ, ոչ թե որպես հայ: Բայց մեկ էլ օտարներն ինձ հարցնում են. «Դու արտասահմանցի՞ ես, հա՞յ ես»: ՈՒ սկսում են հետս վիճել, ուղարկում են իրենցից հեռու, զգացնում, որ պիտի սպասեմ այնքան, մինչև իրենք ինձ կանչեն, իրենց կողքին տեղ տան: Տեսնում եմ, որ իրենց և իմ միջև տարբերություն են դնում, ու ես ավելի եմ մոտենում ինքս ինձ, զգում, որ իրոք հայ եմ:
-Ձեր ասածներից ենթադրում եմ, որ դրսի աշխարհը հանդուրժող չէ հայի, առհասարակ օտարազգիների նկատմամբ:
-Ե՛վ հանդուրժող է, և՛ ոչ: Աջ կողքիս նստածը կարող է լինել հանդուրժող, ձախ կողքինս՝ ոչ: Սա մարդու տեսակով է բացատրվում: Երևույթն ընդհանրացնել չեմ ուզում:
-Հայի մեջ հատկապես ի՞նչը չեն հանդուրժում օտարները:
-Չէ՜, այստեղ հայի խնդիր չկա: Չհանդուրժելը ոչ թե պայմանավորված է նրանով, որ հայ ես, այլ նրանով, որ եկած ես, դրսից ես: Հո վրայիցս չե՞ն տեսնում, որ հայ եմ: Տեսնում են, որ իրենց ազգից չեմ, տեսքով իրենց նման չեմ, առոգանությունս տարբեր է իրենցինից: Հենց խոսում եմ, միանգամից հասկանում են, որ այդ լեզուն սովորել եմ, սովորած լեզվով եմ խոսում: Մեր մայրենի լեզուն մենք չենք սովորում: Մայրենին ստանում ենք մեր ծնողներից, մեր գենից, մեր բնությունից, մեր հայրենիքից: Ստանում ենք որպես նվեր: Սովորում ենք երկրորդ լեզուն, իմ դեպքում` ռուսերենը, հետո՝ գերմաներենը, մի քանի բառ անգլերենից, ֆրանսերենից: Ես հայերենը չեմ սովորել: Երկու-երեք տարեկանում բառարանները չեմ բացել՝ այս կամ այն բառը սովորելու համար: Մեկ էլ տեսել-հասկացել եմ, որ հայերեն գիտեմ, իսկ մյուս լեզուն պիտի բառարանով, դասագրքերով սովորեմ:
«ԱՄԵՆԱՄԵԾ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՍԿԻԶԲՆ Է»
-Ամեն անգամ Հայաստան գալով` ի՞նչ փոփոխություններ եք տեսնում:
-Շա՜տ-շատ է փոփոխվում Հայաստանը: Ես տեսնում եմ, որ Հայաստանում մարդիկ ավելի շրջահայաց են դարձել, ավելի հանդուրժող: Ազատություն է մտել մեր մեջ: Այո՛, ես մարդկանց մեջ ազատություն եմ տեսնում, մի բան, որը մեզ շատ պակասում էր: Բոլորս էլ գիտենք, որ անազատ մարդը չի կարող երջանիկ լինել, ստեղծագործող մարդը՝ հատկապես: Ես տեսնում եմ, որ կան տեղեր, որոնք շատ մաքրված են: Կուզենամ յուրաքանչյուր վերադարձիս ավելի մաքրված տեսնել Հայաստանը:
-Նկատի ունեք քաղաքի, տարածքի՞ մաքրությունը, թե՞ հոգեկան մաքրությունը:
-Նկատի ունեմ ամեն տեսակի մաքրություն, նաև՝ փողոցների: Ես կցանկանայի, որ մենք մաքրությունը հասկանայինք մի բառով: Ամենակարևոր բառերից է մաքրությունը: Ամեն մի մտավորական, եթե մի բառ ասի, մի ցանկություն արտահայտի, և մենք այն իրագործենք, շատ օգտակար կլինի բոլորիս համար: Ասենք՝ ես ասում եմ, որ ամենակարևորը մաքրությունն է, ուզում եմ մաքրություն լինի: Մյուսն ասում է՝ ամենակարևորը բարությունն է, ուզում եմ բարություն լինի: Մեկ ուրիշը խորություն կասի կամ այլ բառ: Եթե ամեն մեկս մի լավ բառ ասի, մի լավ բան ցանկանա, և այդ ասվածն ու ցանկացածն իրականանան, աշխարհը դրանից շատ կշահի: Թե չէ, օրինակ, ասում ենք. «Մաքրությունն այսօր կարևոր չէ, աշխարհին ավելի շատ բարություն է պետք, եկե՛ք մաքրության մասին առայժմ մոռանանք ու բարությունը միայն հիշենք»: Մյուսներն այլ բան են ասում, ցանկանում ու մտածում են, որ միայն իրենք են ճիշտ: Սա խանգարում է մեզ: Ես կարծում եմ, որ սխալ կամ ճիշտ, մեծ հաշվով, գոյություն չունի: Ինչո՞ւ է մեր հեքիաթներում ասվում. «Լինում է, չի լինում…»: Ինձ համար ամենամեծ փիլիսոփայությունը մեր հեքիաթների սկիզբն է: Արդեն սա մեծ իմաստնություն է, մեծ աբսուրդ: Յուրաքանչյուրը, նաև՝ ես, այսօր կա, գոյություն ունի, վաղը կարող է չլինել: Արդեն շատ ընկերներ եմ կորցրել: Նրանք կային, հիմա չկան, ու ես չեմ կարող նրանց հետ հարաբերվել ֆիզիկապես: Սա մեր հեքիաթի «լինում է, չի լինումն» է: Ինձ ասում են, որ նրանք չկան, ուրիշ աշխարհում են: Իսկ ես կարծում եմ, որ ուրիշ աշխարհ չկա, որ դա հնարավոր չէ: Նրանք մի քանի հարյուր մետր մեզնից հեռու՝ այսպես կոչված, գերեզմանոցում, պառկած են: Այսինքն՝ մեր կողքին են: Այսինքն՝ պարզվում է, որ այդ ուրիշ աշխարհը մեր աշխարհն է: Մենք բոլորս այստեղ ենք: Պարզապես մեր վիճակներն են տարբեր: ՈՒ «էն աշխարհ» կոչվածն էլ է մերը: Այս բառերը, որ ասում եմ, այնքան բազմիմաստ են: Ես խորտակվում եմ բառերի մեջ: Նույնիսկ ամաչում եմ, երբ խոսում եմ բառերով, որովհետև սովոր չեմ խոսելու: Ես տեսնելու եմ սովոր: Եվ հասկանում եմ, որ բառերը մի տեսակ սահմանափակում են իմ միտքը, հուզական զգացողությունը, իմ սերը՝ դեպի ամենայն ինչ: Երբ խոսում եմ, զգում եմ, որ մարդիկ չեն կարողանում ինձ ճիշտ ընկալել: Դրա համար մտածում եմ, որ ավելի լավ է՝ լռեմ: Ես նկարիչ եմ, նկարում եմ:
«ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԻՆՔՆԻՆ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Է»
-Այս տարի նշվում է հայկական դրամի 15-ամյակը: Ինչպե՞ս եք գնահատում կենտրոնական դրամատան դիմաց ի պատիվ հայկական դրամի կանգնեցված հուշարձանը:
-Երբ «դրամ» բառը հակառակ կողմից ես կարդում, դառնում է «մարդ»: Ինձ համար դա արդեն մի թեմա է, զարմանալի երևույթ: Հուշարձանը թեև չեմ տեսել, բայց ազգային դրամին հուշարձան կանգնեցնելու փաստն ինքնին շատ լավ բան է: Իհարկե, չեմ կարող դատողություններ անել դրամի դևալվացիայի կամ նման խնդիրների մասին, բայց որ դրամին հուշարձան են կանգնեցնում, ես հպարտ եմ դրանով: Այլ զգացողություն այս դեպքում չի կարելի ունենալ, մենք պիտի հպարտանանք այդ փաստով:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ, ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ ԿՊԱՇՏՊԱՆԻ»
-Ի՞նչ եք կարծում, Եվրախորհուրդը, որը շատ մտահոգված է փոքր երկրներում, մասնավորապես Հայաստանում, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով, նույնպիսի շահագրգռություն հանդես կբերի՞ արցախահայության ազգային շահերը պաշտպանելու հարցում:
-Եթե մենք մեր մասին ճիշտ խոսենք, ճիշտ արտահայտվենք, եթե մենք կարողանանք պաշտպանել մեր ազգային շահը, Եվրախորհուրդն էլ կպաշտպանի: Մեզ լսելով են մեր մասին պատկերացում կազմում դրսում, մեզ լսելով են մեզ տեղ տալիս աշխարհում: Եթե մենք մեզ ճիշտ պահենք, բացատրենք, թե որտեղից ենք եկել, ուր ենք գնում, զգացնենք, որ մենք մեր մասին գիտենք, ապա ուրիշները կհասկանան, որ իրենք չէ, որ մեզ պիտի ասեն, թե ով ենք, մեր մասին գրքեր գրեն, ցույց տան մեզ մեր տեղը, մեկնաբանեն հայի ֆենոմենը: Եթե հասկանանք, թե ով ենք մենք, ինչ ենք ուզում, դրսի աշխարհն էլ այդ ամենը կհասկանա ու այդ աչքով կնայի մեզ: Բայց եթե մենք այստեղ խուճապի մատնվենք, չհասկանանք՝ ուզո՞ւմ ենք այն, ինչ ուզում ենք, թե՞ չենք ուզում այն, ինչ չենք ուզում, ապա դրսիններն ավելի մեծ խուճապի մեջ կընկնեն ու հենց դրանով մեզ կպատժեն: Եթե մենք ասենք. «Մենք հայ ենք, Ղարաբաղը մենք ենք», դրսի աշխարհն էլ կհասկանա դա: Եվրախորհրդում կհասկանան, որ ոչ թե իրենք, այլ մենք գիտենք, թե ինչ է Հայաստանը, ովքեր են հայերը, և իրենք չէ, որ պիտի մեր փոխարեն որոշեն մեր հարցերը: Բայց երբ հայերը ոչ թե իրենց օգտին են խոսում, այլ, ասենք՝ Չինաստանի, իհարկե, ուրիշ երկրները կմտածեն, որ մենք մեր անելիքն ու ուզածը չգիտենք, ուրեմն իրենք պիտի սովորեցնեն: Մենք մեր մասին պիտի պարզ խոսենք, մեր ընտրությունը պիտի հստակ կատարենք, մեր մասին պիտի իմանանք ճիշտը և ներկայացնենք դրսին, ոչ թե թույլ տանք, որ մեր իմացածը նրանք մեզ մատուցեն որպես իրենցը:
«ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՄԻՇՏ ԷԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ, ԲԱՅՑ…»
-Հետևո՞ւմ էիք ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին:
-Որոշ չափով՝ այո: Ամեն տեղ, ուր գնում էի, այդ բարակ մարդու՝ Օբամայի մասին էին խոսում:
-Հայերը ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Հայաստանում ակտիվորեն հետևում էին այդ ընտրություններին, նույնիսկ աջակցում Օբամային՝ նախաձեռնելով «Հայերը հանուն Օբամայի» ակցիան: Եվրոպայի հասարակությունը նման հետաքրքրություն դրսևորո՞ւմ է որևէ երկրի ներքաղաքական անցուդարձի նկատմամբ:
-ԱՄՆ-ի նախագահի այս ընտրությունների ընթացքում Եվրոպան նույնպես ակտիվ էր: Հավանական թեկնածուն մի տեսակ հետաքրքիր մարդ էր՝ անսովոր տեսքով: Եվրոպան շա՜տ-շատ համակրում էր Բարաք Օբամային: Երևի թե նրա մրցակիցը, որը 70-ն անց մարդ էր, այնքան էլ հարմար թեկնածու չէր: Բոլորը երիտասարդ Օբամայի կողմից էին: Եվ նա էլ իրեն բավական հետաքրքիր կերպով դրսևորեց:
-Հավատո՞ւմ եք, թե Բարաք Օբաման կդառնա այն բացառիկ նախագահն ԱՄՆ-ում, որը պաշտոնապես կճանաչի հայոց ցեղասպանության փաստը:
-Ես հույս ունեմ, որ Օբաման հայերին տված խոստումները կկատարի, կնպաստի մեր ազգային ողբերգությանն առնչվող հարցի լուծմանը: Եթե նա էլ այդ բանը չանի, շատ կտխրեմ, որովհետև իմ ժամանակն էլ չի բավականացնի մեր պրոբլեմները լուծված տեսնելուն: Ես կցանկանամ այդ հարցը լուծված տեսնել, քանի դեռ ապրում եմ: Նախագահի թեկնածուները միշտ էլ նախընտրական խոստումներ են տալիս ամերիկահայերին, բայց ընտրությունից հետո սկսում են աշխատել ուրիշ լոբբիներ, և հայկական հարցը դարձյալ մտնում է փակուղի:
«ԵԹԵ ԴՈՒ ՉԵՍ ԶԲԱՂՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԶԲԱՂՎՈՒՄ ՔԵԶՆՈՎ»
-Որպես դրսում ապրող մարդ՝ ինչպե՞ս եք գնահատում մեր հանրապետության վարած արտաքին քաղաքականությունը:
-Ճիշտն ասած՝ ես ինձ չեմ կարող թույլ տալ այդպիսի բաները գնահատել, իմ կարծիքն ասել դրանց վերաբերյալ: Ես դրա մասնագետը չեմ, քաղաքագետ չեմ ու քաղաքականությամբ չեմ զբաղվում: Բայց այսպիսի մի խոսք կա. «Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով»: Ես հակված եմ մտածելու, որ եթե ինչ-որ մեկը ներկայացնում է Հայաստանը, անպայման ճիշտ կներկայացնի: Ես հույս ունեմ, որ մեր խնդիրները ճիշտ են ներկայացվում դրսում: Եվ դրա արդյունքն այն է, որ մենք մինչև հիմա խաղաղ ապրում ենք: Երևի հիմա միամիտ բաներ եմ ասում, բայց հավատում եմ, որ այդպես է:
-Իսկ Հայաստանի ներքին անցուդարձերը որքանո՞վ են Ձեզ հետաքրքրում, հաղորդակից լինո՞ւմ եք դրանց՝ գտնվելով հայրենիքից հեռու:
-Մեկ-մեկ արտասահմանում տեղական թերթերը որոշ ինֆորմացիա տալիս են՝ անցկացնելով դա իրենց պրիզմայով: Եվ եթե իմ ձեռքը հայկական թերթ է ընկնում, եթե ձայնասփյուռով կամ հեռուստացույցով հայկական ալիքի եմ հանդիպում, ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչ է այստեղ կատարվում: Բայց օրը կարճ է, չեմ կարող միայն այդ հարցով զբաղվել: Գուցե սխալ բան եմ ասում, բայց ես այդպիսին եմ: Ինչ իմ ճանապարհին տեսնում եմ Հայաստանին վերաբերող, հավաքում-պահում եմ: Մի շրջան շա՜տ-շատ էի տարվել այդ գործով. մի հսկա արխիվ եմ հավաքել: Սա է իմ վերաբերմունքը դեպի Հայաստանը: Բացի այդ, ես ինքս եմ դրսում ներկայացնում իմ ժողովուրդը: Հենց այնտեղի մարդիկ են ասում, որ ես ներկայացնում եմ Հայաստանը: Ես, իհարկե, չեմ սիրում մեր մասին նրանց մոտ շատ խոսել: Ինչքան որ խոսելով, այդքան էլ առանց խոսելու կարելի է մեր մասին պատմել: Ինձ ավելի շատ հետաքրքրում են նկարիչների կյանքը Հայաստանում, այստեղ բացվող ցուցահանդեսները:
«ՀԻՄԱ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆՈՐ «ԻԶՄ»-ԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
-Ինչո՞վ եք հիմա զբաղվում՝ որպես ստեղծագործող մարդ:
-Մեծ հաշվով ստեղծագործական պրոյեկտներ չունեմ: Բայց միշտ ստեղծագործական պրոցեսի մեջ եմ, ամեն օր նկարում եմ: Մենք բոլորս գտնվում ենք պոստմոդեռնիստական ժամանակաշրջանում: Նորություններ չենք կարող բերել արվեստ: Հիմա նոր ուղղություններ, նոր «իզմ»-եր հայտնաբերել հնարավոր չէ, որովհետև ամեն ինչ արդեն հայտնաբերված է: Իսկ մնացած ամեն ինչի մասին, որ կուզենայի ինչ-որ բան ասել, կասեմ իմ լռությամբ: ՈՒ դա թող լինի իմ ասելիքը:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4254

Մեկնաբանություններ