ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Որքան էլ մեզ օժանդակեն, մինչև մենք իրար չհասկանանք, չենք կարողանալու որևէ խնդիր լուծել»

«Որքան էլ մեզ օժանդակեն, մինչև մենք իրար չհասկանանք, չենք կարողանալու որևէ խնդիր լուծել»
02.10.2009 | 00:00

«Ո՞վ պետք է հարցեր ուղղի, եթե ներկաները բոլորն էլ իրականացնողներ են»,- ցածրաձայն այս ռեպլիկն արեցին ներկաները` ՀԲ-ի և ՀՀ կառավարության կազմակերպած «Գործարարություն-2010. բարեփոխումների իրականացումը դժվար ժամանակներում» զեկույց-սեմինարի ժամանակ, երբ ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍԸ էկոնոմիկայի նախարար ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻ խոսքից հետո փորձեց ճշտել, թե ովքեր հարցեր ունեն` նրան ուղղված։
Իսկապես, դժվար էր հարցեր ուղղել նախարարին, քանի որ արված ռեպլիկը տեղին էր։ Սրահում ներկաների գերակշռող մասը բարեփոխումներ իրականացնողներն էին, իսկ գործարարների զգալի բանակը ներկայացնում էր արդյունաբերողների միության նախագահ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ։ Մինչդեռ քննարկվող հարցերը վերաբերում էին հենց գործարար միջավայրի խնդիրներին։ Բոլոր դեպքերում կարելի է ասել, որ տնտեսական դաշտում այդ սեմինարը կարևորվեց, և բոլորովին էլ պատահական չէր վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությունը։ Միջոցառումը, բացի ներկայացուցչական լինելուց, գործնական բնույթ ունեցավ։
Համաձայն միջազգային ֆինանսական կազմակերպության (ՄՖԿ) տարեկան զեկույցի` Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ 43-րդ տեղում է աշխարհի 183 երկրների շարքում, ինչն առաջընթաց է անցյալ տարվա 50-րդի համեմատ։ Ըստ ՄՖԿ-ի զեկույցի հեղինակ ՍՎԵՏԼԱՆԱ ԲԱԳՈԴԻՆՈՎԱՅԻ, այդ արդյունքն արձանագրվել է բիզնես սկսելու, վարկ ստանալու, սահմանային առևտրի ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու շնորհիվ։ «Սակայն դեռևս բարելավումների անհրաժեշտություն կա։ Թեև Հայաստանը սեփականության գրանցման ոլորտում 5-րդ տեղում է, հարկերի վճարման առումով շատ հետ է` 153-րդ տեղում»,- նշեց զեկուցողը։ Այն, որ Հայաստանը հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրներ ունի, առանց թվերի էլ բնակչությունն իր մաշկի վրա է զգում, և ժողովուրդն այդ մասին անընդհատ է խոսում։ Սակայն այս սեմինարում դա խոստովանեցին և՛ էկոնոմիկայի նախարարը, և՛ արդյունաբերողների միության նախագահը, մի խոսքով` գրեթե բոլոր բանախոսները։ Ճիշտ է, վերապահումով նշվում էին նաև ձեռքբերումները, և, որպես այդպիսին, հատկապես գլոբալ ճգնաժամի պայմաններում կարևորվեց սահմանի վրա ԱԱՀ-ի վերադարձումը պետության կողմից, ինչը տարիներ շարունակ անլուծելի էր։ Եվ, իհարկե, փաստ է, որ պետությունը տարեցտարի գործարարներին այդ մասով պարտք էր մնում։ Սակայն ամենաօբյեկտիվը, կարծում ենք, ԳԱԳԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ելույթն էր։ Նա ասաց այն, ինչ մենք տարին տասներկու ամիս գրում ենք. «Բարեփոխումները կարևոր են, բայց է՛լ ավելի կարևոր է դրանց իրականացման նկատմամբ հետևողականությունը»։ Եվ, որպես օրինակ, նա վկայակոչեց ամրագոտիների կիրառումը, ինչի դրական արդյունքը պայմանավորեց հետևողական աշխատանքով։ Բոլոր բանախոսներից հետո խոսեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը. «Որքան էլ մեզ օժանդակեն, մինչև մենք իրար չհասկանանք, չենք կարողանալու որևէ խնդիր լուծել։ Առավելագույնը փոխվելու են օրենքները, և սպասելու ենք, թե ՄՖԿ-ի հերթական փուլը երբ պետք է գա իր հարցումներն իրականացնի, ասենք, հազար խումբ մարդկանց հետ, և ստացված արդյունքները մեզ կա՛մ գոհացնեն, կա՛մ ոչ։ Ինչ խոսք, այսօր ներկայացված ցուցանիշները լավն են, սակայն մենք մեր օրակարգային ցուցանիշները պետք է ձևավորենք, որպեսզի բարեփոխումը մինչև վերջ իր նպատակին հասցվի։ Այդ նպատակով առկա բարեփոխումների ծրագրերին ավելացվող մի քանի նոր ծրագրերը թույլ կտան իրականում տեսնել դրանց ազդեցությունը մակրոտնտեսական ցուցանիշներում։ Այս պահին մենք փաստում ենք, որ հեշտացել է փոքր ու միջին բիզնեսի ձևակերպման կարգը։ Սակայն այստեղ պետք է կիրառվեն նոր տեխնոլոգիաներ։ Այդ դեպքում մենք կունենանք ագրեսիվ աճող փոքր բիզնեսներ, որոնք ազդեցություն կթողնեն ՀՆԱ-ի աճի վրա։ Սրանք մարտահրավերներ են, որոնք պահանջում են պետության մասնակցությունը։ Այս 1,5 տարվա աշխատանքները մեզ ապացուցեցին, որ նախ պետք է հասկանալ` ինչպես ձևակերպել խնդիրները և ինչպես դրանք լուծել։ Այս պահին էկոնոմիկայի նախարարությունում ձևավորվել է ինստիտուցիոնալ կառուցվածք, որը տեխնիկական վերլուծական աշխատանքների բազա կլինի։ Երկրորդ կարևորագույն խնդիրը տեսչական բարեփոխումներն են։ Եվ այդ առումով ուզում եմ անդրադառնալ պարոն Արզումանյանի բերած օրինակին` կապված ամրագոտիների հետ։ Ամրագոտիների կիրառման օրենքն աշխատեց, որովհետև մենք ուզում էինք տեսնել այդ որոշումը կատարված։ Թե՛ վարչապետը, թե՛ նախարարները, երթևեկելով, ակնառու տեսնում էին` ամրագոտիները կիրառվո՞ւմ են, թե՞ ոչ։ Այսինքն, այդպիսով հնարավոր եղավ ապահովել հետադարձ կապը։ Նման դեր ստանձնում են տեսուչները, ովքեր տեղերում, ըստ ոլորտների, լինելու են մեր «աչքերը»։ Ինչ վերաբերում է դատական բարեփոխումներին, նախարարը վստահեցրեց, որ դրանց ուսումնասիրությունները նույնպես ընդգրկված են ծրագրերում»։
Այլ կերպ ասած, նախարարը լավատեսորեն է տրամադրված բարեփոխումների նկատմամբ, մնում է, որ դրանք իրականում գործեն։ Իսկ մինչ այդ` նախագահի խորհրդական ՎԱՀՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆՑԸ, անդրադառնալով ֆինանսական հետաքրքրություններ ունեցող պետական պաշտոնյաների խնդրին, հիմնական զեկույցից փորձեց ճշտել, թե այլ երկրներում ուսումնասիրություն իրականացրե՞լ են, և այդ գործոնը որտեղ քանի տոկոս է կազմում։ Հետաքրքիրն այն է, որ բարձրացված խնդրին շատ ավելի լավատեղյակ են ՀՀ-ի ինչպես այժմյան, այնպես էլ նախորդ իշխանությունները։ Արդյոք ՀԲ-ի ուսումնասիրությո՞ւնն է մինչ օրս պակասում, որ խնդրին լուծում չի տրվում։ Այս հարցը փորձեցինք ճշտել Վահրամ Ներսիսյանցից. «Ո՛չ, ես խոսեցի այն մասին, որ ուսումնասիրություններ կատարվեն այլ երկրներում նույն խնդրի վերաբերյալ, որպեսզի համեմատության հնարավորություն ունենանք։ Եթե մենք կարողանանք այդ խնդիրը համեմատել այլ երկրների հետ, ապա այն լուծելն առավել հեշտ կլինի»։ Ի՞նչ է ստացվում, առանց այդ համեմատության չի՞ կարելի խնդիրը լուծել։ «Կարելի է, այժմ էլ փորձում ենք այն լուծել»,- ասաց ՀՀ նախագահի խորհրդականը։
Զեկույց-սեմինարն ավարտվեց, և կարծես բոլոր կողմերն էլ գոհ էին։ Մնում է, որ ժողովուրդը գոհ լինի։ Իսկ թե երբ կլինի դա, չենք փորձի կանխատեսել, ուղղակի միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ Սվետլանա Բագոդինովայից փորձեցինք ճշտել, թե բարեփոխումները կոնկրետ ո՞ր ոլորտում են իրական ազդեցություն ունեցել։
«Անկասկած, ընկերությունների ձևակերպման ոլորտում զգալի ձեռքբերումներ կան, և դրանք հիմնված են մեր ուսումնասիրությունների վրա, որոնք իրականացվում է հարցումների միջոցով։ Մենք նաև հարցումներ ենք կատարում միջազգային առևտրային կազմակերպությունների, հարկային բրոկերների, շինարարական կազմակերպությունների շրջանում։ Հիմնվելով մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, պետք է նկատեմ, որ հարկային համակարգում բավականին բարելավվել են փաստաթղթային ձևակերպումները։ Դրանց թիվը և՛ պակասել է, և՛ կրճատվել է ժամանակը։ Ակնկալում ենք, որ շատ դրական ազդեցություն կունենա կառավարության «Կանաչ միջանցք» ծրագիրը, որն իրականացվելու է հարկային համակարգում։ Միաժամանակ հարկային և մաքսային համակարգերում անհրաժեշտ է հետագայում ավտոմատացնել մի շարք փաստաթղթերի ձևակերպման աշխատանքներն ու գործառույթները։ Այսինքն` հարկերի վճարման, ձևակերպման, հետ վերադարձի գործընթացներն իրականացնել օնլայն ռեժիմով։ Դա այն խնդիրն է, որի շուրջ Հայաստանի կառավարությունն այժմ շատ հետևողական է աշխատում։ Օնլայն համակարգը զրոյի է հասցնում հարկային կամ մաքսային աշխատակցի հետ շփումը, ինչը փակում է կաշառքի հնարավորությունը։ Դրա հետ մեկտեղ մեծանում է ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողությունը»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3209

Մեկնաբանություններ