ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

U!COM, իմ ցավ ու տառապանք

U!COM, իմ ցավ ու տառապանք
14.02.2017 | 10:05

Նախապես ասեմ, որ չնայած հասցրած բազմաթիվ տառապանքներին, առողջությունս ողջամիտ դիտավորությամբ, թե ողջամիտ անգիտությամբ քայքայելուն ուղղված քայլերին, ես անհամեստորեն շարունակում եմ մնալ այն անհույս լավատեսը, ով մանկորեն հավատում է, թե վերնագրի մեջ հիշված կազմակերպության հետ համագործակցությունում լավի ակնկալիք դեռևս կարելի է ունենալ:

Շտապեմ ասել, որ աղոտ այս հույսը գալիս է U!com-ի աշխատակիցների բարեհամբույր վերաբերմունքից, ինչը միակ լուսավոր կետն է կազմակերպության հետ իմ գրեթե ամենօրյա շփումներում, որոնց ինտենսիվությունից կնոջս մեջ արդեն բնական խանդի զգացողություն է առաջացել:
Ինչու գրեթե ամենօրյա ու ոչ ամենօրյա՞:
Պատճառն այն է, որ ամսվա մեջ երբեմն լինում են բացառիկ երջանկության օրեր, երբ ծառայությունն անխափան է գործում, և իմ տառապանքով իրենց հետ կիսվելու պարտադրանքը չեմ ունենում: Իհարկե, սույն լավությունը երբեմն կոմպենսացնում են օրվա մեջ իրենց մի քանի անգամ զանգելու պարտադրանքով:
U!Com-քաղաքացի պարտադրված այս հարաբերությունում ես վերածվել եմ մարդու, ով դարձել է իր հեռախոսահամարն ու տան հասցեն աշխարհում ամենաշատ արտաբերող անձը: Չէ, միանգամայն այլ խնդիր է, որ U!Com-ն ինձ Գինեսի գրքում գրանցելու թաքուն նպատակ ունի, բայց ոնց գցում-բռնում, այդպես էլ չեմ հասկանում, թե դրանում ո՞րն է նրա շահագրգռությունը: Խնդրո առնչությամբ, եթե, իհարկե, տակը գաղտնիք չկա, վստահաբար հանգիստ կարող են կիսվել համեստ անձիս հետ, իսկ եթե տագնապում են իրենց ծրագրի անհարկի կամ վաղաժամկետ գաղտնազերծումից, հանգիստ կարող են լռելու վերաբերյալ ինձնից ստորագրություն վերցնել՝ չկատարելու դեպքում պատժամիջոցներ կիրառելով:


Սակայն ամբողջ ցավն այն է, որ անձս հայտնի դարձնելու կազմակերպության սույն շահագրգռությունից ես տեղեկացված չեմ ու երախտահատույց լինելու փոխարեն իրենց ազնիվ նպատակների մասին այսպես անշնորհակալ բարձրաձայնում եմ՝ ստվեր գցելով մի ողջ կազմակերպության լուսավոր գործունեության վրա ու, իբր սա քիչ է, դեռ լկտիություն էլ ունեմ «Կհանձնարարե՞ք այլոց օգտվել մեր ծառայությունից» հարցմանը բացասական պատասխան տալ:
Ահա թե ինչպես ավելորդ, անհարկի, ոչ մի հիմնավորում չունեցող, մանկամտորեն գաղտնիություն խաղալու արդյունքում կարելի է մի կողմից` ստվերել սեփական կազմակերպության համբավը, մյուս կողմից` հետևողականորեն քայքայել դիմացինի նյարդերը՝ առողջությանը հասցնելով անդառնալի վնաս:
Սակայն, թերևս, սա էլ չէ ամենագլխավորը:


Իսկ պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե ես դեմ լինելով նվաստիս համամոլորակային ճանաչմանը, վերցնեմ ու, հայաստանյան անկախ դատարանի անկողմնակալությանը հավատալու անխոհեմությունն ունենալով, դատական գործ բացեմ կազմակերպության դեմ ինձ հասցրած նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: Ի՞նչ է՝ ուզում եք ինձ դարձնել առանց գողանալու ու թալանելու ճանապարհով այս երկրում միլիոնատեր դարձած միակ ա՞նձը: Բայց չէ՞ որ սա հարված է երկրի հեղինակությանը, ու ես իրավունք ունե՞մ մտածելու, թե որտեղ են ինձ գիտակցաբար գցում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ.Գ. 1. U!Com-ի աշխատանքից վերջնականապես չարացած ու այն «Ռոստելեկոմով» փոխարինած ծանոթներիցս մեկից անակնկալ տեղեկացա, որ իր պատճառով տուժածին «Ռոստելեկոմը» սպասարկման ամսվա վճարից բարեխղճորեն պահումներ է անում հօգուտ քաղաքացու: Սա հարկավ ավելի պարկեշտ պահվածք է, քան U!Com-ինը, որ քաղաքացի-կազմակերպություն հարաբերություններում բացառապես առաջնորդվում է «առ ու կուլ»-ի սկզբունքով: Սակայն ես դեռևս չեմ ցանկանում հրաժարվել նրա ծառայություններից թերևս նաև այն պատճառով, որ փորձում եմ ստուգել, թե, հակառակ առողջությանս ընդդեմ նրա նպատակամղված գործունեությանը, դեռ որքան կարող եմ տիրապետել նյարդերիս:

Հ.Գ. 2. Պատահաբար նկատեցի, որ հեռախոսազրույցների նկատմամբ առանձնակի քամահրանք ունեցող անձիս յուրաքանչյուր զանգ U!Com միջինն ինձանից խլել է 4,5 րոպե, որի դիմաց վճարել եմ իմ գրպանից (ես էլ մտածում էի` հեռախոսիս փողերն ո՞ւր են անհետանում): Իսկ թե այս ընթացքում այդ կազմակերպությունը որքա՞ն է ինձնից գրպանել չսպասարկած ժամերի ու օրերի դիմաց, արդեն առանձին հետաքննության նյութ է:

Դիտվել է՝ 3689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ