Բանից պարզվում է՝ կալանավորներին փակ խցերով ու փշալարերով մեկուսացնելը ՔԿՀ-ի պատասխանատուներն այնքան էլ հուսալի չեն համարում: Հիմա էլ նրանց ձայնը վերջնականապես լռեցնելու տարբերակ է մշակվել:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ ողջ տարածքը «ականապատվել» է, այլ խոսքով՝ փշալարերի վրա անցկացվել են հատուկ մետաղյա սարքեր, որոնք պետք է «խլացուցչի» դեր կատարեն: Այսինքն, հիմնարկի ղեկավարությունը կալանավայրի բջջային հեռախոսակապն անջատել է, որպեսզի տեղեկատվական արտահոսք չլինի:
Մինչդեռ լրիվ այլ նպատակի են ծառայում այդ սարքերը: Հեռախոսով, այնուամենայնիվ, հնարավոր է լինում արտաքին աշխարհի հետ կապ հաստատել, իսկ այ, «Նուբարաշենում» սկսել են ավելի շատ բողոքել առողջական խնդիրներից: Բացի կալանավորներից, բողոքի մեծ դժգոհություն կա նաև աշխատողների շրջանում, որոնք պնդում են, թե դրանց տեղադրումից հետո անընդհատ գլխացավեր են ունենում: «Ռադիացիայի ենք ենթարկվում»,- հեգնում են նրանք: Թե իրականում ինչ նպատակով են տեղադրված այդ մետաղները, իսկ փաստացի ինչ է ներկայացվում, դժվար է ասել: Իրողությունն այն է, որ հաստատ բարի նպատակով չեն հայտնվել դրանք կալանավայրում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ