ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ազդարար». հայոց առաջին պարբերական մամուլը

«Ազդարար». հայոց առաջին պարբերական մամուլը
29.05.2013 | 13:36

19-րդ դարի նախօրեին, առաջին ֆրանսիական հեղափոխությունից անմիջապես հետո` 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լուսահոգի ՀԱՐՈՒԹՅՈՒՆ քահանա ՇՄԱՎՈՆՅԱՆԸ հիմնեց հայ առաջին պարբերականը` «Ազդարարը»:

Հարություն Շմավոնյանը ծնվել է 1750-ին` Շիրազում (Իրանի տարածքում): Կորցնելով իր երկու երեխաներին, նա որոշեց մեկուսանալ սուֆիների վանքում, որտեղ և ապրել է յոթ տարի: Այնուհետև նա ուղևորվում է Հնդկաստան: Գուցե այլ թափառաշրջիկ ուխտավորների պես նա Հնդկաստան ուղևորվեց` ճշմարտություն որոնելու: Այդ ժամանակաշրջանի իր կյանքի մասին շատ քիչ տեղեկություն կա: Այնուամենայնիվ, 18-րդ դարի ավարտին Շմավոնյանն ուներ դրամական միջոցներ: 1789-ին նա սեփական տպարան է հիմնում Մադրասում, այնտեղ հրատարակում է հայալեզու ութ գիրք:
Այդ ժամանակաշրջանում Մադրասում գործում էր Շահամիրյանի տպարանը: Սակայն, Շմավոնյանը` տարաձայնություններ ունենալով վերջինիս հայացքների հետ, չէր օգտվում նրա օգնությունից: Շմավոնյանին հայտնի էին Բաղրամյանի, Շահամիրյանի, Հովսեփ Էմինի քաղաքական հայացքները, սակայն նա կողմնակից էր Սիմեոն կաթողիկոսի որդեգրած ուղուն: Հայերի փրկությունը նա տեսնում էր հայկական եկեղեցու պատմական ավանդույթներին առնչվող մշակութային զարգացման ճանապարհին: 1794-ին Հ. Շմավոնյանը հիմնում է «Ազդարարը» և դառնում հրապարակախոսական բաժնի խմբագիր ու ղեկավար: Շմավոնյանն իր ամսագրում հրապարակում է Սիմեոն կաթողիկոսի տողերը: Կաթողիկոսը քարոզում էր զգուշավորության քաղաքականություն: Շմավոնյանը, հայտնելով նոր ամսագրի մասին, խոստանում է ապագա ընթերցողներին անհրաժեշտ տեղեկություններ հայտնել ընթացիկ քաղաքական իրադարձությունների մասին, նկարագրել հատկանշական նորությունները, դիմել գիտական «իրադարձությունների» ու նոր հայտնագործությունների լուսաբանմանը: Յուրաքանչյուր եռամսյակի վերջում տպագրվում էր հաջորդ ամսվա եկեղեցական օրացույցը, որտեղ նշված էին լուսնի օրերն ու քրիստոնյա սրբերի ավանդական օրերը: Սկզբնական շրջանում հանդեսն ուներ ընդամենը 28 բաժանորդ: «Ազդարար»-ի էջերում լույս էին տեսնում բանաստեղծություններ, ուսանելի առակներ, հրապարակախոսական հոդվածներ, անգամ պատմական հետազոտություններ: Հանդեսի հիմնական լեզուն գրաբարն էր, սակայն տեղեկատվության մի մասը (օրինակ` հայտարարությունները) տպվում էին խոսակցական հայերենի Ջուղայի բարբառով:
«Ազդարար»-ը փոքրածավալ, նկարազարդ հանդես էր, այն լույս էր տեսնում պարբերաբար` ամսեական մեկ անգամ: Խմբագրին հայտնի էին հնդկահայ ընթերցողների պահանջների առանձնահատկությունները: Ընթերցողների մեծ մասը Նոր Ջուղայից Հնդկաստան տեղափոխված վաճառականներն էին: Դրանով է պայմանավորված այն, որ իր հանդեսի էջերում Շմավոնյանը հրապարակում էր Խաչատուր Ջուղայեցու «Պատմութիւն Պարսից»-ը։
Լինելով անփորձ խմբագիր, Հ. Շմավոնյանը հաճախակի անկանոն էր տպագրում ներկայացվող նյութերը: Գրքույկներում ցրված են քաղաքական նյութերը (ժամանակագրությունը), բարոյական առակները, անգլալեզու թերթերից վերցրած նյութերը: Հ. Շմավոնյանի հիմնական միտումներն էին լավատեսական տեղեկատվության հրատարակումը, առևտրականներին օգտակար լինելու ցանկությունը:
Շմավոնյանն անփորձ հրատարակիչ էր. հանդեսն աչքի էր ընկնում ցածր որակով ու հասցեագրված էր բացառապես Մադրասի հայերին: Քահանա Շմավոնյանը խորապես համոզված էր, որ իր գործունեությունը լուսավոր առաքելություն է, որն օգուտ է բերելու իր ժողովրդին: ՈՒստի նա կոչ էր անում հայ գործիչներին, ունևոր մարդկանց` աջակցել այդ նախաձեռնության զարգացմանն ու կատարելագործմանը: Թեպետ բոլորը ոգևորությամբ ողջունում էին «Ազդարար»-ի ծնունդը, սակայն ոչ մի աջակցություն չի ցուցաբերվել: Առևտրական, տնտեսական ու քաղաքական լուրերից բացի, հանդեսում հրապարակվում էին գեղարվեստական ստեղծագործությունները, թարգմանություններն ու պատմական աշխատությունները: Հրատարակվում էին նաև հաղորդագրություններ Ռուսաստանից, մասնավորապես, Եկատերինա II-ի հրամանագիրը` հայերի համար Գրիգորիուպոլիս քաղաքը հիմնելու մասին: Շմավոնյանը ողջունում էր հայ-ռուսական նախագծերը, ինչը չէր կարող դուր գալ Հնդկաստանում տիրող անգլիացիներին:
Եվրոպայից Մադրաս է ժամանել Խոջամալ Սաֆարյանը` իր հետ բերելով սեփական պատմական աշխատություններն ու բազմաթիվ թարգմանություններ, այդ թվում` Հռոմի պապի նամակը:
Շմավոնյանի կատարելատիպն է եղել միապետական Հայաստանը` սոսնձված կրոնով ու միավորված եկեղեցու առաջնորդության ներքո: Շմավոնյանը բացասական վերաբերմունք էր ցուցաբերում ֆրանսիական հեղափոխության հանդեպ: Ի թիվս այլ բաների, հեղափոխականները հսկայական վնաս էին հասցնում ունևոր հայերին: Սակայն հայերի դրությունը շատ ավելի ծանր էր Իրանի և Թուրքիայի բռնապետական ռեժիմներում:
«Ազդարար»-ը տպագրում էր երկու հայ գործչի` «Հայորդի Հայ»-ի ու «Ազգակցի» բանավեճը: Մինչդեռ նրանց հայացքների միջև սկզբունքային տարաձայնություններ չեն նկատվում: Երկուսն էլ քարոզում են լուսավորչություն: Հրապարակախոսներն առաջարկում են միավորված ուժերով պայքար մղել հայ ժողովրդի մահացու թշնամու` խավարամտության դեմ: «Հայորդի»-ն ավելի դյուրաբորբոք է, քննադատում է «ծերունիների» պասիվությունը, ամբողջ հույսը դնում է երիտասարդության վրա: «Ազգակից»-ը սուր քննադատում է հայ եսասեր հարուստներին, առաջարկելով բացել հայկական ուսումնական հաստատություններ: Հավանաբար, երկու դիմակների տակ թաքնվում է նույն մարդը, և, ամենայն հավանականությամբ, դա ինքը` խմբագիր Հարություն Շմավոնյանն է:
Տեղացի ունևոր հայերը չօգնեցին խմբագրության ծախսերը մարելուն, և այդպիսի մեծ դժվարությամբ լույս տեսած հայկական առաջին լրաբերը շուտով փակվեց. 1796 թվականի մարտին, 18 համար հրատարակելուց հետո, Հարություն Շմավոնյանը ստիպված եղավ դադարեցնել հանդեսի հրատարակումը:
Հանդեսը հրատարակելուց հետո Հարություն Շմավոնյանն աչքի չի ընկել քիչ թե շատ նշանակություն ունեցող գործունեությամբ: Ըստ Լեոյի, նա վատնում էր եկեղեցական ու ազգային գումարները, դատվեց և 1824 թվականին շատ դաժան մահով ավարտեց իր կյանքը:


Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ

Դիտվել է՝ 18988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ