ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դրամը գինը գցեց ԱԺ ընտրություններից հետո

Դրամը գինը գցեց ԱԺ ընտրություններից հետո
12.06.2012 | 00:10

Ազգային դրամի փոխարժեքը վերջին երեք շաբաթում կտրուկ նվազում է, ինչը լարվածություն է առաջացրել ոչ միայն տնտեսական, այլև բանկային համակարգում։ Դրամի սրընթաց արժեզրկումը, ըստ փորձագետների, շարունակում է պահպանվել, և այդ գործընթացը կարող է էլ ավելի խորանալ։
Դոլարի հարաբերությամբ դրամի արժեզրկումը նշված ժամանակահատվածում կազմում է 20 նիշ, այսինքն, երեք շաբաթում դրամն արժեզրկվել է գրեթե նույնքան, որքան ամբողջ տարվա ընթացքում։ Հետաքրքիրն այն է, որ ազգային արժույթի թուլացումը տեղի է ունենում միայն ամերիկյան դոլարի նկատմամբ։ Սա նշանակում է, որ շուկայում ավելացել է դոլարի պահանջարկը։ Իսկ թե ինչով է այն պայմանավորված, ֆինանսական շուկայում դեռևս զերծ են մնում մեկնաբանություններից։ Եվ մինչ կխոսեն շուկայի փորձագետները, նկատենք հետաքրքիր փաստ. դրամն իր տեղը դոլարին սրընթաց սկսեց զիջել ԱԺ ընտրություններից անմիջապես հետո։ Արդյոք դա պատահականությո՞ւն էր, թե՞ քաղաքական գործընթացներից բխող օրինաչափություն` այս պահին ո՛չ կհաստատենք, ո՛չ էլ կբացառենք։ Սակայն փաստ է, որ գնալով դրամի արժեզրկման տեմպը խորացման միտումներ է դրսևորում։ Այսպես, մայիսի 25-ին արժութային բորսայում խոշորածավալ ներարկում է կատարվել` ավելի քան 12,8 մլն դոլար։ Բորսայական գործարքները մեկնարկել էին դոլարի դիմաց 408 դրամ փոխարժեքով։ Վաճառքի ավարտին դոլարը 1,25 դրամով էժանացել է` առևտրի ավարտին կազմելով 406,75 դրամ։ Հունիսի 8-ի դրությամբ դոլարի փոխարժեքը 413,45 դրամ էր։ Լրատվամիջոցները նկատում են, որ վերջին երկու-երեք տարում սա ամենաբարձր ցուցանիշն է։
«Ազգային արժույթի արժեզրկումը դրական երևույթ է տնտեսության համար»,- նշում են ֆինանսական շուկայի փորձագետները։ Փորձենք հասկանալ, ինչով կարող է այս իրավիճակը հարմար լինել տնտեսությանը։ Ինչ խոսք, «դրամի արժեզրկման պատճառով կարող է մեծանալ տեղական արտադրության մրցունակությունը ոչ միայն արտաքին, այլև ներքին շուկայում։ Դրամի երկարաժամետ և սահուն թուլացման պայմաններում գնաճային ճնշումներն ուղեկցվում են տնտեսական գործընթացների աշխուժությամբ և բնակչության եկամուտների ավելացմամբ»,- պարզաբանում են փորձագետները։ Այնուհանդերձ, նկատենք, որ ներկայումս կատարվող գործընթացն առանձնակի դրական ազդեցություն տնտեսության վրա դժվար թե ունենա, քանի որ վերը նշված դրական գործընթացներն իրականություն են դառնում միայն ազգային արժույթի երկարաժամկետ և սահուն արժեզրկման պայմաններում և ոչ կտրուկ անկման։ Մինչդեռ Հայաստանում այս պահին դրամը կտրուկ արժեզրկվում է, այն էլ այն դեպքում, երբ աշխարհը կանգնած է գլոբալ ճգնաժամի երկրորդ ալիքի մարտահրավերի առջև։ Հիշեցնենք, որ 2009-ին գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր տնտեսության վրա մեղմելու նպատակով կառավարությունը որդեգրեց դրամի արժևորման քաղաքականություն։ Սրա կողքին անհասկանալի է դառնում դրամի արժեզրկումը տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի նախաշեմին։
Եթե անգամ ընդունենք, որ դրամի արժեզրկումն այս պահին ձեռնտու է Հայաստանի տնտեսությանը, ապա չպետք է մոռանանք, որ խոսքն աստիճանաբար և սահուն նվազման քաղաքականության մասին է։ Հակառակ դեպքում նման կտրուկ տատանումները վերջնահաշվով վնասակար են նույն տնտեսության համար այն պարզ պատճառով, որ ֆինանսները` ներդրումները, կայուն դաշտ են սիրում։ Տնտեսությունն առանց ներդրումային դաշտի և վարկային ծրագրերի դժվար թե առանձնակի զարգացում ունենա։ Մինչդեռ ԱԺ ընտրություններից հետո դրամի սրընթաց արժեզրկումը փաստում է անկայուն դաշտի մասին, ինչը վախեցնում է ներդրողներին և խնդիրներ ստեղծում բանկային համակարգում։ Նշենք, որ այս տարի բանկային համակարգում նկատվում է ավանդատուների և վարկառուների սակավություն, ինչը փաստում է վարկային և ներդրումային ծրագրերի խնդիրների մասին։ Բանկային նշված ծրագրերի վրա բացասական ազդեցություն է թողնում նաև դրամի արժեզրկումը, որն արժեզրկում է նաև դրամով ավանդները։ Տուժում են նաև վարկառուները` թանկանում է դոլարը, թանկանում են նաև դոլարային վարկերը։ Իսկ եթե սրան էլ հավելենք այն, որ ներդրումային դաշտը խիստ պասիվացել է դրամի կտրուկ արժեզրկման պատճառով, ապա կարելի է ենթադրել, որ ազգային դրամի նման տեմպով արժեզրկման ազդեցությունը, դրական առումով, տնտեսության վրա երկար չի տևի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ