Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 13
Մի աննման ուրախություն է հաջորդում այն հաղթանակին, որ տանում եք ինքներդ ձեր դեմ:
Չեք կարող նվաճել ու ձեր ազդեցության տակ պահել ուրիշներին, մինչև որ դուք կատարելապես չհաղթահարեք ձեր անձը:
Կկարողանա՞ք ձեզ բացարձակապես աներեր պահել նեղությունների դիմաց:
Մի պահ մտածեք Իմ մասին, կանգնած ծաղրող զինվորների առաջ, ահա նրանք ծաղրում ու հայհոյում են Ինձ, ապտակում, թքում Ինձ վրա:
Ես ոչինչ չեմ ասում, չեմ արտաբերում և ոչ մի բառ:
Փորձեք տեսնել Իմ այս կեցվածքը` իբրև արտահայտություն աստվածային զորության:
Իմացեք, որ այս կատարյալ լռության, կատարյալ ինքնատիրապետումի զորությամբ միայն դուք կկարողանաք ապացուցել ձեր կառավարելու իրավունքը:
Երբե՛ք մի դատեք այլոց:
Մարդու սիրտը այնքան նուրբ ու այնքան բարդ է, որ միայն Իր Արարիչը կարող է այն ճանաչել:
Ամեն մի սիրտ իրապես տարբեր է և գործում է տարբեր շարժառիթներով, կախված` այլազան իրադարձությունների ազդեցությունից, և ենթակա` այնքան տառապանքների:
Նման իրավիճակում, ինչպե՞ս կարող է որևէ մեկը դատել մյուսին:
Ինձ թողեք կյանքի հանելուկների կծիկը քանդելու գործը: Հասկանալը` Ինձ թողեք:
Վստահ եղեք, որ Ես կարող եմ ուղղել նրանց սխալները: