ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դադիվանք. վիշտ` հիացմունքի համով

Դադիվանք. վիշտ` հիացմունքի համով
21.12.2020 | 14:26

Real Tribune-ի լրագրող Ալինա Սերյոգինան հոդված է հրապարակել Դադիվանք վանական համալիրի մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է տարածքը երկար ժամանակ արոտավայր ծառայել անասունների համար, և միայն տաճարի՝ Արցախի վերահսկողության տակ անցնելու ժամանակ է, որ միանգամայն վերականգնել է երբեմնի վեհությունը:

«Ստացվել է այնպես, որ ես արդեն մի քանի տարի ապրում եմ Հայաստանում, բայց Արցախում երբեք չեմ եղել: Եվ ցավալի է գիտակցել, որ միայն պատերազմն է ինձ դրդել ճանապարհորդել: Ընդամենը մի քանի օր էր մնացել, մինչ Արցախի հողերի մեծ մասը պետք է փոխանցվեին Ադրբեջանին: Հետո իմացա հինավուրց հայկական վանքի՝ Դադիվանքի գոյության մասին: Հետաքրքիր է, որ առաջին քարը՝ վանքի ապագա հիմքը, կանգնեցվել է մեր թվարկության առաջին դարում՝ Հիսուս Քրիստոսի աշակերտի՝ սուրբ Դադիի գերեզմանին: Զաքարյան տոհմի արքայադուստրերից մեկը՝ Արզու-Խաթունը, 1240-ին վանքին նվիրել է երկու խաչքար: Սրանք եզակի խաչքարեր էին, որոնց նմանները աշխարհում գոյություն չունեն: Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռը՝ Սուրբ Էջմիածինը, անվտանգության նկատառումներից ելնելով, վերցրել է Դադիվանքի տարածքից արքայադստեր նվիրած խաչքարերը:


Ճարտարապետական համալիրը գտնվում է 1100 մ բարձրության վրա, անտառապատ լեռան հարավային լանջին՝ Թարթառ գետի ափերից ոչ հեռու: 13-րդ դարի առաջին կեսին վանքը ավերվել է սելջուկների կողմից, բայց կարճ ժամանակից վերականգնվել է: Դադիվանքը դարձել է եպիսկոպոսական նստավայր. վանքի տարածքում տեղակայվել են գյուղեր և կալվածքներ: Վանքի հողն ու հարակից տարածքը ծաղկում են ապրել, որն էլ հանգեցրել է կրկնակի հարձակումների և ավերածությունների: Դադիվանքը երկար ժամանակ դատարկ է եղել, տարածքը արոտավայր է ծառայել անասունների համար, և երբ շրջանն անցել է Արցախի վերահսկողության տակ, համալիրն աստիճանաբար սկսել է վերականգնել իր երբեմնի վեհությունը: Խորհրդային իշխանության հաստատմամբ վանական ողջ ունեցվածքն ազգայնացվել է, Դադիվանքը փոխանցվել է Ադրբեջանի իշխանության ենթակայությանն ու կրկին դատարկվել: 1994-ից համալիրը վերածվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վանքի:


Այս տարվա դեկտեմբերին Դադիվանքում անցկացվեց քրիստոնեական երկրպագության արարողություն ուդիների՝ այն ժողովուրդներից մեկի կողմից, որ ժամանակին ապրել են Կովկասյան Ալբանիայում: Այս առնչությամբ պատմական գիտությունների թեկնածու Հայկ Հակոբյանը պնդում է, որ դրանք Ադրբեջանի «ցուցադրական ներկայացումներ» են՝ աշխարհին ապացուցելու իր կրոնական հանդուրժողականությունը: Ուդիներն այս դեպքում պարզապես բռնապետի կամքն իրականացնող պատանդներ են: Ուդիները տարածաշրջանի հնագույն, բայց այժմ փոքրաթիվ ժողովուրդներից են, որոնց մի մասը բնակվում է Ադրբեջանի տարածքում, և հասկանալի է նրանց պատրաստակամությունը կատարել Ադրբեջանի իշխանությունների պատվերը և դրանով իսկ պաշտպանվել: Բացի այդ՝ Ադրբեջանի իշխանությունների՝ Դադիվանքը որպես ուդիներին պատկանող քրիստոնեական մշակույթի հուշարձան ներկայացնելու ցանկությունից զատ, մեծ հավանականություն կա նաև, որ այս ամենից շատ գոհ են գուցե նաև հենց իրենք` ադրբեջանցի ուդիները:


Ես հավատապաշտ չեմ, բայց ինձ խենթանալու աստիճան գրավում են հին տաճարները, հին գրքերը և այն ամենը, ինչ կապված է պատմության հետ: Ես որոշեցի, որ ինձ հարկավոր է պարզապես առաջինը, և հուսով եմ`ոչ վերջին անգամն է, որ կգնամ ինձ համար այս անհայտ տեղը: Քարվաճառի շրջանի ճանապարհը կտրուկ էր, որի պատճառով ճանապարհորդներից շատերը գլխապտույտներ ունեցան: Մի աղջիկ նույնիսկ ստիպված էր ավտոբուսից իջնել՝ մաքուր օդ շնչելու: Նա քայլեց մի քանի մետր, երբ հանկարծ վարորդը վախեցած սկսեց բղավել նրա վրա. «Կանգնի՛ր, կանգնիր: Մի գնա ավելի հեռու, այնտեղ վտանգավոր է»: Սկզբում ես չէի հասկանում, թե ինչու է նա այդքան անհանգստանում: Շուրջբոլորը սպիտակ մշուշի մեջ էր: Մարգարտյա մշուշը պարուրել էր այն ամենը, ինչը նախկինում տեսանելի էր աչքին: Բայց ես հասցրեցի աղջկանից բառացիորեն երկու մետր հեռավորության վրա տեսնել մի լայն անցք: Նման փոսեր ես նախկինում տեսել էի պատերազմի մասին պատմող ֆիլմերում: Եվ դա պարզապես անցք չէր, այն ականի հսկայական հետք էր: Ականազերծումը դեռ չի կատարվել, հետևաբար ցանկացած սխալ քայլ կարող է ճակատագրական լինել:


Մենք անցնում էինք դատարկ գյուղերի, առանց պատուհանների և տանիքների տների կողքով: Յուրաքանչյուր շենք, յուրաքանչյուր շինություն այրվել էր նախորդ տերերի կողմից: Հայերը չէին ցանկանում, որ ադրբեջանցիներն իրենց տեղում ապրեին, քանդել են տները: Ճանապարհին մենք հանդիպեցինք մոլորված հորթի, որն էլ երբեք տուն չի վերադառնա, իսկ գյուղերի բոլոր շները վանքի մոտ էին իրենց համար տեղ գտել: Նրանք խաղաղ պառկում էին իրենց ոհմակի հետ՝ ռուսական տանկերի մոտ: Ռուս խաղաղապահները հսկում էին վանքը: Դադիվանքի մուտքի մոտ քամուց ծածանվում էր Ռուսաստանի դրոշը:
Երբ Մայր տաճարում սկսվեց պատարագը, փողոցում գրեթե մարդ չմնաց: Միայն մեկ հայ զինվոր մեծ ու տխուր աչքերով նայում էր եկեղեցու քարերի վրա փորագրված հնագույն արձանագրություններին: Հանգցնելով ծխախոտը՝ նա ելքի մոտ ասաց. «Մնացել է ընդամենը երեք օր»:


Վանք գնացի ոչ թե միայնակ, այլ ընկերներիս հետ: Եվ մենք որոշեցինք Դադիվանքն այլ տեսանկյունից զննել: Քայլեցինք ժայռի եզրից դեպի վանական համալիր և գտանք հնագույն շինությունների շարունակությունը, որոնց մասին ուղեցույցում ոչ մի բառ չկար: Այնտեղ վտանգավոր էր, ուստի ոչ ոք չէր խոսում վանքի այս հատվածի մասին: Բայց մենք գնացինք այնտեղ: Ես և աղջիկները հայտնաբերեցինք կլոր սենյակներ`քարերի վրա հայկական փորագրություններով, գաղտնի խարխուլ միջանցքներ և նույնիսկ լավաշ պատրաստելու համար նախատեսված խոհանոցային թոնիր: Պատերի ներսում դարակներ էին շարված, և նրանց վրա ճեղքված խեցեղեն էր դրված: Իսկ կամարակապ պատուհաններից անհավանական տեսարան էր բացվում դեպի ժայռերը, լեռների անտառապատ լանջերը: Մառախուղի կաթնային մշուշը լցնում էր ծառերի և եղևնիների միջև եղած յուրաքանչյուր ճեղքը: Մոխրագույն ամպերը նրբորեն պատել են լեռների գագաթները: Եղանակը լռությամբ վիշտ է ներշնչել` հիացմունք համով:


Այս վայրից որպես հիշողություն, ես վերցրի մի անհայտ բույսի կարմիր ճյուղ: Ինձ համար կարևոր է գիտակցել, որ սա այն ճյուղն է, որն աճել է սուրբ հողի վրա: Ես չորացրեցի, որ հավերժ հիշեմ այս վայրի հետ կապված ամեն ինչ: Վերջին բանը, որ ես տեսա, երբ մեկնում էի, միակ սպիտակ աղավնին էր, որը թռչում էր Դադիվանքի վրայով: Ինչպես գիտենք, աղավնին հույսի խորհրդանիշ է»:

Դիտվել է՝ 7190

Մեկնաբանություններ