Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տեղից վերկացողը, բերան բացողը...

Տեղից վերկացողը, բերան բացողը...
27.02.2009 | 00:00

ԱԶԳԸ ՊԻՏԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԼԻՆԻ
Տեղից վերկացողը... Ի՞նչ...
Բերան բացողը... Ի՞նչ... Մի՛ գուշակեք, կասեմ։
Կասեմ` ասած-գրածս բառերը շարունակություն են պահանջում, առանց եկող օգնող բառերի խեղճ ու մենակ պիտի մնան, ինչպես անտեր մարդը, գործազուրկ երկիրը, գլխին խելքի թիքա չունեցող իշխանավորը, ամեն մեկս։ Չեմ կասկածում` ամեն առաջին դասարանցի, ստորդասյա ծառայող, անգամ վերգետնյա պաշտոնյա կարող են նախադասություն կազմել, նույնիսկ տեղից վերկացողը, բերան բացողը մահանա են ման գալիս, որ շուն կռվացնեն։ Իհարկե, հիմա շուն կռվացնելը հացփորի փեշակ է դարձել, բայց որովհետև հին ժողովուրդ ենք, արժե արժանապատիվ վերաբերմունք դրսևորել։ Տասը, քսան նախադասություն կազմեցի, որ սկսվում էին տեղից վերկացողը, բերան բացողը բառերով։ Սիրուն, ոչ միայն սիրուն, այլև խոհական նախադասություններ էին, անգամ պատմության խորքը տանող։ Եվ ճանապարհին էնքան կավ տրորեցի ու կավ հունցեցի, որ ակամա խոնարհվեցի բրուտագործների առջև։ Փառք Աստծո, Գորիսում, Արտաշատի Շահումյանում, այլուր դեռ մնացել են տոհմիկ բրուտագործներ։ Եվ էդ տոհմիկ բրուտագործները, նորից` փառքդ շատ, Աստված, անասելի ժամանակներից մինչև հիմա էնքան կուժ ու կուլա են սարքել, որ անասելի ժամանակներից մինչև հիմա տեղից վերկացողը կուժ ու կուլա է, որ ջարդում է մտավորականների գլխին, էն էլ մեր բախտից ո՛չ կուժ ու կուլան է վերջանում, ո՛չ էլ մտավորականների գլուխը։
Մարդն ամբողջ մի թեժ, հուռթի ամառ է անցկացնում, չի կարողանում իր մոզու, իր կովի համար մի երկու (թող հարյուր լինի կամ ավելի) խորոմ խոտ անել, մարագել, մեղավոր է ճանաչում մտավորականին։ Մարդն ախորժակ ունի` ուզում է դառնալ գյուղապետ, հանգամանքների բերումով չի ընտրվում, մեղավորը մտավորականն է։ Սևանում հենց սևանցու համար արդեն երանելի սիգ ձկնատեսակ չի մնացել` մեղավորը մտավորականն է։ Էկոլոգիական պայքարում հաղթանակ է տոնում բնակեր-բնությունակեր, անտառը քոքահան անող, բնությունը հում-հում խժռող, հափ անող ու կուլ տվող իշխանավորը` մեղավորը մտավորականն է։
Մտավորական բառը սարի մաստակ ու խանութի ծամոն են դարձրել անորոշ... վօրոշները, ամենուր ցանցնելով` հիմա ո՞ւր է մտավորական։ Չշարունակենք, բայց առանց նեղսրտելու ականջենք ժողովրդի ձայնին։ Ամեն մի ընդվզուն խոսք` թեկուզ ասեղի ծակով անցնող, սթափության կոչ համարենք կամ չհամարենք։ Բայց լսել, կարողանալ լսել, այո՛, պարտավոր ենք լսել, թեկուզ հերյուրանք լինի, զրպարտություն։
Մարդ եթե փորձում է մեղադրել մեկին, պիտի երկար-բարակ մտածի... իր մասին, անգամ ինքն իրեն թաքուն հարց տա` ես ո՞վ եմ, որ նրան մեղադրում եմ, իսկ իմ արածն ի՞նչ է։ Ոչ մի բան հեշտ չէ։ Ամեն ինչ դժվար է, եթե դրա կոչումը չունես` տուն ղեկավարելուց մինչև երկիր ղեկավարելը։ Իտալիայի նախագահի համար պիտի դժվար լինի երկիր ղեկավարելու գործը, որովհետև մի 500-600 ու յոթ հարյուր մակարոնատեսակ ունի։ Հեշտ չէ Ֆրանսիայի նման երկիր ղեկավարելը, որովհետև պանրատեսակները թռել ո՞ւր են հասել։ Հեշտ չէ թխլիկ-սևամորթիկ պարոն Բարաք Օբամայի համար, որովհետև ազգերի խառնարան-ձուլարան Ամերիկան ոտից գլուխ ունի երկու կուսակցություն, իսկ Հայաստանը զրահավորված է հարյուրը տված ու անցած կուսակցաքացախախմորումներով։ Աստղերի երգ-շոուներում Հայաստանը բարգավաճ է, օրեօր հզորացող։ Էս բարգավաճ, օր օրի հզորացող երկրի ձեռքը կրակն են ընկել ոչ միայն իշխանավորները, այլև ժողովուրդը։ Եվ էս հլու-հնազանդ, լավ իշխանավորի բերնի խոսքին կարոտ ժողովրդին ինչպե՞ս և ինչո՞ւ ղեկավարի ու փորձի մի կալի ու մի ակոսի, ասել է` մի հավատի, մի նպատակի բերի Սերժ Սարգսյանը, որի գահակալած երկիրն ունի հարյուրից ավելի, երբեք ոչ պակաս կուսակցություն ու տեղապահ բարբառ։ Ավանդապահ մեր ժողովուրդը շատ բաներից է զրկվել, բայց իր դիմագիծը չի կորցրել։ Պարզապես մոլորվել է խնդիր լուծելիս։ Խաշ են դրել։ Ո՞Ւմ կանչեն։ Հա, իհարկե, նաև էս մեկին։ Չկանչեն, նշանակում է` մեծ էշն ախոռում թողնել։ Տարբեր կուսակցությունների անդամներ կբոլորե՞ն, արդյոք, նույն սեղանի շուրջ։ Թեկուզ հաշտարար խաշի։ Խաշի գործ բռնողների գործից դժվար է... ծննդյան օր նշելը։ Նախկինում շատ մոտ ընկերները տարբեր կուսակցություններից են։ Ավելի դժվար է, երբ ընտանյոք հանդերձ հրավիրվում ես մեր որդիների-իգասեռական անուններ հարսանյաց հանդեսին։ Քեզ բնավ չի հուզում, թե ով է աղջիկը կամ տղան, այլ ովքե՞ր են մյուս հրավիրյալները։ Թե չէ լուրը կհասնի շեֆին, թե իմացած եղիր` էսինչ կուսակցության անդամի հետ քեֆ էր անում հարսանիքում։
Ավանդական հարցը` բնիկ որտեղացի՞ ես, բարեկամ, հիմա դարձել է` ո՞ր կուսակցությունից ես։ Զգուշությո՜ւն, ինչպես` անսահման լռություն։ Եվ շատ հեշտ թվաց ազգին, ժողովրդին նայել որպես խառնամբոխի։ Եվ Հայաստանի նախագահին լավ էլ թվում է, թե ինքը մի հարյուր երկիր ու ժողովուրդ է ղեկավարում, որովհետև ամեն բարբառի մարդու ու ամեն մի կուսակցության մարդու նայում է որպես իր կամ ոչ իր ժողովրդի ու երկրի։ Էս դեպքում ի՞նչ անի ժողովուրդը, ի՞նչ անի երկիրը, ի՞նչ անի բուն նախագահը և, վերջապես, ի՞նչ անի մտավորականը։ Բոլորը հեշտին են ձգտում։ Իսկ ամենահեշտը... զարկող դաշնակցականն է։
Մենք վաղուց հեռացել ենք լռության ձայնից։ Մեր հոգու լռության ձայնը երկիր է որոնում։ Մտավորականը խաղաղ երկրի, հացով, սիրով, լույսով լեցուն տների, խաղաղ օրվա մեջ ճախրող աղջնակների ու պատանիների, անդին-հորիզոնների կանչով տարվածների երկրի կարոտն է քաշում ու... նորից` մարդ է սպանվել։ Սպանվել է իր տան շեմին։ Գևորգ Մհերյան։ Եվ էս ո՞ւր ենք հասել։ Երիտասարդ հայ է սպանվել։ Ո՞Ւր փախչես։ Մարտի մեկին մեր քաղաքում, որը մայրաքաղաք է, տասը մարդ է սպանվել մերոնց կողմից։ Հիմա էլ` մի ընտանիք է դառնում անհայր։ Եվ ցավս ավելի է խորանում, երբ լսում եմ` ոչինչ, Ռոբերտի, Սերժի հետ է աշխատել։ Սա տնաքանդ, ազգաքանդ մտածողություն է։ Սա արդեն էն է, որ կոչվում է ժողովրդին լարել իրար դեմ, իրար մեջ թշնամու կերպար որոնել։
Ես թաքցնելու ոչինչ չունեմ։ Քանիցս հրապարակավ ասել եմ, գրել Ռոբերտ Քոչարյանի մասին։ Հիշողները թող հիշեն։ Հիմա էլ ԲՀԿ-ն ուզում է նրան շինել վարչապետ, նշանակում է` համը հանել, ժողովրդին ու հայոց երկիրը դնել...
Խելքի գանք` քարտեզի վրա շուտ անհետացող ժողովուրդների ու երկրների մեջ գրավում ենք... վա՜յ, նանի ջան, առաջին տեղերից մեկը։ Շախմատը, բռնցքամարտը և ծիրանի չիրը թոզ փչելու պես բաներ են։ Բայց ամեն բան դարձել է թոզփչոցի, նաև` առերես, նաև` տակերես-տակվերա։ Ես հիշողությամբ չեմ փայլում։ Եվ անգամ չգիտեմ, թե որ կուսակցության նախագահն ով է։ Ճանաչում եմ մահապարտների, ազատամարտիկների, հայրենասերների, ֆիդայիների։ Խոնարհվում եմ մեր պատմության բազմաթիվ էջերի առջև։ Ատելով ատում եմ բոլոր նրանց, ովքեր պատմության ընթացքում տեղահանել են մեր ժողովրդին։ Տեղահանություն է կատարվում կամ շարունակվում է տեղահանությունը նաև մեր օրերում։ Այո՛, կազմակերպված, միտված։ Ե՛վ էս հացփորի կուսակցականները, և՛ էս շողոքորթները։ Ե՛վ էս քծնողները։ Դատավո՞րն էլ քծնի, ականջը սրի, թե ի՞նչ են հրամայում իրեն վերևներից։ Ողորմելիների պակասություն հայոց ոչ մի բնագավառում չի զգացվում։ Որ փնովում ենք իրար, պիտակավորում, ինչ կա որ, նաև սպանում, դա նրանից է, որ իրար որպես ազգակից չենք ճանաչում։ Թումանյանի տագնապած` ժողովուրդ ունենք` չենք ճանաչում, երկիր ունենք` չենք ճանաչում, պատմություն ունենք` չենք ճանաչում։ Այո՛, հարյուր տարի է անցել` այսօր ավելի չենք ճանաչում։ Մի անտեր տեր ենք կարգում մեր գլխին, նրա իբր հացաբեր շվաքը դարձնում ամպհովանի, բարձրագոչում` շեֆիս բան ասողին կգյուլլեմ... Հայոց նոր պատմություն` իր խայտառակ էջերով։ ՈՒրեմն` ազգը պիտի մտավորական լինի։ Եվ դա կապ չունի օրվա հացի հետ։ Իրար չենք ճանաչում։
Լրագրողը, թարգմանիչը, Տիգրանմանսուրյանով ու հայոց հին ու նոր մեծերով տարվածը, որ Հովհաննես Այվազյանն է, Պարիս Հերունու հիշատակին տիեզերական ղողանջ է մեղվել. «Ղողանջեցի՞ն, արդյոք, Հայոց երկրի բոլոր եկեղեցիների զանգերը` ի նշան հրաժեշտի ու օրհնության, բայց մեր աշխարհից հեռացավ մեծ մարդը, նշանավոր գիտնականն ու ջերմեռանդ հայրենասերը։ ...Ես գիտեմ, որ այսօր Տիեզերքը ղողանջում է Հերունու համար...»։ Սա սքանչելի է, որովհետև ճշմարիտ է։ Բայց սքանչելի-ճշմարիտն ուժ չունի ազգին դասելու մտավորական, որովհետև հենց մենք` Հերունիով ու նրա սխրանքով հիացած օտարական(ներ)ին կասենք` Հերունին ո՞վ է։ Նա հասցրեց անգլերեն գրել ու հրատարակել «Հայերը և հնագույն Հայաստանը» գիրքը, քույրը` Մերին, այն թարգմանեց հայերեն, քրոջ տղան` Արսենը, անգլերենից թարգմանեց ռուսերեն։ Ոչինչ չի կարող զարմացնել, պարզապես` Հերունիական Ղողանջներ Տիեզերքում... Նույն` «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթի աշխատակցուհու հարցին, թե «Այս երկրի իշխանավորները, պետական այրերը հետաքրքրվո՞ւմ են, թե Գրիգոր Գուրզադյանն ինչպես է ապրում, ինչով է ապրում, ինչ է անում», աշխարհահռչակ գիտնականը, անվանի խոհագիրը, գեղանկարիչը, 86-ամյա հայը` Գրիգոր Գուրզադյանն այր մարդուն վայել պատասխան է տալիս. «Նրանք իմ տեղն էլ չգիտեն։ Բացարձակապես չգիտեն։ Եվ ես դրանից լավ եմ զգում։ Որովհետև որպեսզի իմանան` ով է Գուրզադյանը, նրանցից կպահանջվեն որոշ ջանքեր։ Պետք է սկսեն նրանից, թե ինչ է գիտությունը, ինչ է մտածողությունը և այլն։ Իսկ նրանք, բացի միմյանց հետ հաշիվներ մաքրելուց, կարո՞ղ են ավելի լուրջ բանով զբաղվել»։
Ավելին ասել չեմ կարող։ Այսօրվա իշխանավորներն աշխարհահռչակներին չեն ճանաչում, ուր մնաց, որ ժողովուրդ ճանաչեն, ժողովուրդ հարգեն, ճանաչեն ուսում, նամուս... ղեյրաթ։ Չեն ճանաչի, քանի դեռ երկրում կան կիսելու երկինք ու գետինք։
Մեր ոսկեմատյան-ոսկեղենիկ դարից մինչև հիմա հայ մտավորականը եղել է՛ ու կմնա իր ժողովրդի հետ, զի ժողովուրդն է ծնում իր մտավորականին, ժողովուրդն է պահում, այո՛, հարկ եղած դեպքում զոհում, նաև խաչ քաշում նրա վրա։ Ճշմարիտ խոսք ասելը պետք է նույնպես հեշտ չլինի, բայց էսպես գնահատել մեր մարտնչող մտավորականներին, որոնք ներկայացնում են մեր բազմաշերտ խավի ամեն մի հատված, պիտի համարել թեթևսոլիկություն, անլրջություն, անմտություն, ժողովրդին պառակտելու ախորժելի, վարձկանի ձգտում։ Եվ դեռ մնացած կուժ ու կուլան պետք չէ ջարդել մտավորականության գլխին, այլ արժե կուժը, կուլան, փարչը գինի լցնել ու խմել մտավորականության կենացը, որպես կենացը ոգեպահ ժողովրդի։
Ասելիքս շատ է, թերթի էջերը` սուղ։ Բայց էս զրույցը, եթե ցանկանա ընթերցողը, կունենա շարունակություն։ Վաշ-վուշը չկապենք, թեև հասկանում ենք, որ քշվում ենք անորոշ մի տեղ, ոչ միայն ռուբլու գոտի։ Շունչս պահած ասում եմ` եթե էսքան էլ կանք, մի քիչ էլ շնորհիվ մտավորականության, ամեն ինչից զրկված մտավորականության, շնորհիվ... երկրից հանած ու երկրում խաչած շնորհների։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8202

Մեկնաբանություններ