Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայաստանը Թուրքիայի ռազմավարական պատկերացումներում

Հայաստանը Թուրքիայի ռազմավարական պատկերացումներում
04.09.2009 | 00:00

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Քսան տարի առաջ, երբ սակավ գրագետ և շեղված մտածողությամբ երևանյան մտավորականությունը ստեղծում էր նոր հայկական պետականություն, կային բազմաթիվ պատրանքներ Թուրքիայի հետ նոր հարաբերությունների ձևավորման վերաբերյալ` ելնելով այն սկզբունքից, որ եթե մենք Թուրքիային այլ կերպ վերաբերվենք, նա էլ մեզ այլ կերպ կվերաբերվի։ Պատրանքները, կարծես, ցրվել են, բայց մնացել են դրանց հետևանք սպեկուլյացիաները։ Ինչպես Հայաստանի ներկա իշխանությունները, այնպես էլ արդիական ընդդիմությունը մրցավազքի մեջ են մտել Թուրքիայի հետ հարաբերությունների «կարգավորման» համար։
Մի քանի տասնամյակ շարունակ Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը կառուցել է դեպի արևմտյան հանրություն կողմնորոշմամբ, որովհետև այլ կողմնորոշիչ պարզապես չկար։ ԽՍՀՄ-ը չէր կարող դիտարկվել իբրև ձգողականության «բևեռ» թուրքական էլիտաներից որևէ մեկի կողմից։ ԽՍՀՄ-ի փլուզումը, որին Թուրքիան դիտարկում էր իբրև իրական հակառակորդ և սպառնալիք, համընկավ Թուրքիայի` տարածաշրջանային տերության վերածվելու հետ։ Այդ հանգամանքն առիթ դարձավ նրա նոր արտաքին քաղաքական հավակնությունների առաջացման։ Սակայն Անկարայում շուտով համոզվեցին, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ամենևին շահագրգռված չեն, որ Թուրքիան ձեռք բերի տերության կարգավիճակ, և իրականացնում են նրա զսպման ու վերահսկման քաղաքականություն։ ԱՄՆ-ն ու արևմտյան տերությունները վերահսկում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների ռեսուրսները և ունեն հնարավորություններ մանիպուլյացիայի ենթարկելու իրավիճակը Թուրքիայի տնտեսության մեջ։ 1990-ականների վերջին ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցույց տվեցին Թուրքիային խոր և հավանաբար քրոնիկ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ ներքաշելու իրենց ընդունակությունը, ինչը դարձավ սկզբունքային սոցիալ-քաղաքական ճգնաժամի առաջացման հիմնական գործոն։
Թուրքիային կարևորագույն ուղղություններով զսպելու և վերահսկելու համար գլխավոր միջոցն աշխարհաքաղաքականությունն է` Անկարային շրջափակելու և նրան ամենից առաջ տարածաշրջանային կտրվածքով մեկուսացնելու համար։ ԱՄՆ-ը դեռ 1990-ականների առաջին կեսին շրջափակում էր թուրքական էքսպանսիան դեպի Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս և, որպես դրա հետևանք, սկսեց իրականացնել նաև շրջափակում այն ուղղությամբ, որ Թուրքիան չվերածվի հարակից տարածաշրջանների էներգակոմունիկացիոն, տրանսպորտային և գեոտնտեսական կենտրոնի։ Որպես պատասխան այս լուրջ մարտահրավերներին, Թուրքիան փորձեց ճեղքում իրականացնել արտաքին քաղաքականության մեջ և կառուցել բազմավեկտոր քաղաքականություն։ Թուրքական քաղաքագետների կարծիքով, այդ քաղաքականության բաղադրիչներից մեկը պետք է լիներ շեշտադրումների սկզբունքային փոփոխությունն ԱՄՆ-ից դեպի Եվրամիություն, ինչը, սակայն, չխախտեց արևմտյան հանրության այդ երկու կենտրոնների փոխըմբռնումը Թուրքիային զսպելու հարցում։ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը առանձին և համատեղ սկսեցին կառուցել Թուրքիային զսպելու համակարգ, ինչը չի բացառում փոխադարձ քաղաքական սպեկուլյացիաները, ինչպիսին էր Բարաք Օբամայի հայտարարությունը Կոստանդնուպոլսում` Թուրքիային Եվրամիություն ընդգրկելու անհրաժեշտության մասին։
Ներկայումս ԱՄՆ-ի և առաջատար եվրոպական պետությունների շահերը Հայաստանի վերաբերյալ գործնականում ամբողջությամբ որոշվում են Թուրքիայի նկատմամբ քաղաքականության պրիզմայով։ Հայաստանը դիտարկվում է իբրև Թուրքիային զսպելու աշխարհաքաղաքական գործոններից մեկը, իսկ հայ-ռուսական հարաբերություններն Արևմուտքը համարում է հայկական գործոնի ամրապնդման նախապայման։ Եթե ԱՄՆ-ի և նրա գործընկերների ծրագրերը հայկական գործոնի հաղթահարման ուղղությամբ իրագործվեին 1990-ականներին, օրինակ` «Մեղրու միջանցքի» պրոբլեմի լուծման միջոցով, ապա ամերիկացիներն ու եվրոպացիներն այսօր ստիպված կլինեին անհամեմատ մեծ ջանքեր գործադրել Թուրքիայի էքսպանսիան զսպելու համար։
2008-2009 թթ. գործընթացների արդյունքում Թուրքիան իր համար պարզեց, որ կարող է ներքաշվել Հայաստանի հետ հարաբերությունների արագացված կարգավորման գործընթացի մեջ, ինչը զարգանալու է Եվրամիության և ԱՄՆ-ի մշտական ու մանրախնդիր հովանու ներքո։ Ակնհայտ է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը խաղը շահում են ցանկացած դեպքում, քանի որ այդ խաղի ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքները հավասարաչափ աշխատում են Թուրքիայի նկատմամբ վերահսկողության մեծացման և նրան զսպելու օգտին։ Անկարան, օգտագործելով «դավաճանության» մասին Բաքվից հնչող ոռնոցները, որոշեց անհապաղ տապալել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մանավանդ որ թուրք քաղաքական գործիչները հետևություն արեցին, որ Արևմուտքից շրջվել դեպի արևելյան մտացածին աշխարհաքաղաքական «բևեռները» ուղղակի հնարավոր չէ։ Թուրքիան հայտնվել է տնտեսական ու քաղաքական մի իրավիճակում, որն անհնար է շարունակել իբրև փորձարարություն։ Թուրքիան չափազանց կախված է ԱՄՆ-ից, Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից, միջազգային ֆինանսական ինստիտուտներից` իր տնտեսությամբ ու քաղաքական կապերով, և նրա բոլոր հավակնոտ ծրագրերն ընդամենը վերածվեցին իրական դեմքը վատ գրիմի տակ թաքցնելու փորձի։
Հայ-թուրքական հարաբերություններում գոյություն ունի կարգավորման երկու սկզբունքային տարբերակ։ Ամերիկա-եվրոպական տարբերակը պարունակում է հայկական գործոնի նշանակության մեծացման հնարավորություն, որպես Թուրքիային զսպելու պայմաններից մեկը։ Ռուսական տարբերակը ենթադրում է հայկական շահերի «հանձնում» ռուս-թուրքական միասնությունն ապահովելու նպատակով` նկատի ունենալով ԱՄՆ-ի էքսպանսիան տարածաշրջանում։ Երկու տարբերակներն էլ գործնականում իրատեսական չեն ու չեն համապատասխանում Թուրքիայի շահերին։ Ամերիկա-եվրոպական տարբերակն ակնհայտորեն այնքան վնասակար է Թուրքիայի համար, որ այդ սցենարը կարող է դիտարկվել բացառապես իբրև քարոզչական բաղադրիչ` Թուրքիայի հեղինակության բարելավման համար։ Ռուսական տարբերակը, բացի այն, որ ունի բազմաթիվ ստորջրյա խութեր, միաժամանակ հայտնի չէ, թե որքանով է Ռուսաստանը պատրաստ դրա իրագործմանը մինչև վերջ, քանի որ այն իր մեջ պարունակում է Թուրքիային արևմտյան հանրությունից տարանջատելու միտում։ Ավելի շուտ, Թուրքիայի հռչակած քաղաքականությունն աշխարհում ու տարածաշրջանում բազմակողմ համագործակցության մասին ոչ այլ ինչ է, եթե ոչ գինը բարձրացնելու միջոց` ԱՄՆ-ից ու Եվրամիությունից առևտրի միջոցով պոկելու այն, ինչ չունի այսօր։ Եվրոպացիներն ու ամերիկացիները դա չէին կարող չհասկանալ և իրենց քաղաքականությունը կառուցեցին այնպես, որ Թուրքիան հայտնվի «անառակ որդու» դիրքում։
Թուրքական պետությունը դեմքով և «ամենաբարի» մտադրություններով շրջվելով դեպի Մերձավոր Արևելք և Եվրասիա, այդպես էլ չարժանացավ անհրաժեշտ ընկալման և աջակցության ենթադրյալ գործընկերների ու բարեկամների կողմից։ Ավելին, Թուրքիայի այդ մտադրությունները մեծ զգուշությամբ, անգամ թշնամաբար ընդունվեցին։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդ են դասավորվել, կան բազմաթիվ պրոբլեմներ, փոխադարձ անվստահություն ու պահանջներ, կարգավորված չեն պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող շատ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրները։ Ռուսաստանը, ինչպես և ԱՄՆ-ը, բացարձակապես շահագրգռված չէ Թուրքիայի էքսպանսիայով դեպի Եվրասիայի տարածաշրջաններ։
Այս իրավիճակը, որ մեկնարկային է համարվում Արևմուտքի հետ Թուրքիայի նոր հարաբերությունների ձևավորման առումով, հեռու է ցանկալիից, առանձնապես չի համապատասխանում Թուրքիայի շահերին ու հավակնություններին։ Թուրքական կառավարության մեջ տեղի ունեցող փոփոխությունները նույնպես վկայությունն են այն իրողության, որ Թուրքիան ձգտում է ինչ-որ չափով կրկին վերաիմաստավորել իր արտաքին քաղաքականությունն ու հաշտվել Արևմուտքի պահանջների հետ։ Բարաք Օբաման Թուրքիային ավելի կանխատեսելի ու բարենպաստ պայմանների հույս ներշնչեց, և թուրքական քաղաքական գործիչները չեն կարող չօգտվել այդ առաջարկությունից։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ էլ արաբական պետություններն ի վիճակի չեն դառնալու Թուրքիայի կարիքների համար անհրաժեշտ վարկերի տրամադրման աղբյուր։ Սակայն Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների այս ռեժիմում, երբ հին պահանջները մնում են օրակարգում, իսկ նոր հարաբերություններ ձևավորված չեն, ինչպես արևմտյան տերությունները, այնպես էլ Անկարան, ընտրովի են կիրառելու այս կամ այն քաղաքական քայլերը փոխադարձ հարաբերություններում։ Այս իրավիճակում Հայաստանը բազմակողմ քաղաքական հարաբերությունների քիչ թե շատ արդիական մասնակցի կարգավիճակից կհայտնվի քաղաքական ռեզերվում, ինչպես նախկինում, և դա առնվազն վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքական կապիտալին։ Այսինքն` նույնիսկ քարոզչական բնույթի լուրջ նախաձեռնությունները չեն բխելու ԱՄՆ-ից ու Եվրամիությունից, եթե Թուրքիային զսպելու քաղաքականությունը շարունակվի կառուցողական ռեժիմում։ Հայաստանն այդ դեպքում դուրս է մնում ամերիկա-եվրոպական խաղից, ինչը, անկասկած, ավելի բարենպաստ է նաև անվտանգության մասով։ Հավանաբար, Ռուսաստանը հետագայում էլ կփորձի օգտվել Հայաստանի շահերը զոհելու ենթադրյալ հնարավորությունից` Թուրքիայի հետ որոշ ժամանակավոր պայմանավորվածությունների հասնելու համար։ Ընդ որում, հավանաբար, այստեղ իր նշանակությունը կունենան ինչպես 500 մլն դոլարի վարկը, այնպես էլ այլ տնտեսական օգնության քայլերը` Հայաստանի ղեկավարության վրա ճնշում գործադրելու և Թուրքիայի ու Ադրբեջանի շահերն առաջ մղելու համար։ Ռուսաստանի համար, այս նպատակներից բացի, իմաստ ունի հայկական գործոնի զրոյացումն ԱՄՆ-ի ու Եվրամիության քաղաքական ռեզերվում։ Ռուսաստանի այդ ջանքերն ու փորձերը հաջողություն կունենան, եթե, իհարկե, Հայաստանը համաձայնի այդպիսի զիջումների, սակայն, բոլոր դեպքերում, ԱՄՆ-ի և Եվրամիության դերը մնում է նշանակալի։ Այսօր հնարավոր չէ վստահորեն պնդել, թե Արևմուտքն առանց մասնակցության լոկ կհետևի Ռուսաստանի գործողություններին։ Եվ սա Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության ձևավորման բազային բաղադրիչն է։
Սակայն Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բոլորովին էլ սահմանափակված չէ այլ արտաքին կողմերի ազդակներին կամ նախաձեռնություններին արձագանքելով։ Թուրքիայի քաղաքականությունը հետևողական է, իր մեջ ներառում է պերմանենտ քարոզչությունն ու քաղաքական ջանքերը տարբեր բեմահարթակներում` հայկական սփյուռքի և բուն Հայաստանի քայլերը ցեղասպանության ճանաչման և ԼՂՀ-ի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունների չեզոքացման ուղղությամբ, ինչպես նաև անցյալի պատմական ժառանգության պահպանության առումով։ Թուրքիան ձևավորել է Հայաստանի և սփյուռքի ջանքերի շրջափակման բավական լուրջ համակարգ, որը ներառում է քարոզչություն ԶԼՄ-ներով, լոբբիստական խմբերի գործունեություն, կոմերցիոն ընկերությունների և հետազոտական հիմնարկների ակտիվ աշխատանք։ Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային քաղաքականությանը` ձգտելով հակահայկական բաղադրիչներ մտցնել Բուլղարիայի, ՈՒկրաինայի, Սիրիայի, Իրանի, Վրաստանի, կենտրոնասիական պետությունների հետ հարաբերություններում։ Հիմնական խաղագումարը Թուրքիան դնում է Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների ձևավորման վրա, ինչը թույլ կտար փաստացի լիկվիդացնել Հայաստանի միջազգային սուբյեկտ լինելը և Ղարաբաղի հայերի իրավունքները պաշտպանելու նրա ընդունակությունը։
2008-2009 թթ. իրադարձությունները թույլ տվեցին Թուրքիային կարևոր հետևություններ անել Հայաստանի քաղաքական ղեկավարության հնարավորությունների վերաբերյալ համարժեք իրավիճակներում։ Անկարայում հիանալի հասկացան, որ Հայաստանը չունի մշակված արտաքին քաղաքական ռազմավարություն, անհրաժեշտ վերլուծական տեղեկատվություն և իրողությունների ըմբռնում, չկա պատրաստակամություն ընկալելու արտաքին քաղաքական ռիսկերն իբրև արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու և միջազգային կյանքում ավելի որոշակի դիրքեր ձեռք բերելու նախապայման։ Հայաստանը, ըստ էության, կատարեց իրենից պահանջվածն ու չստացավ ոչինչ` խոցելի դրությունից բացի։ Հարկ է նշել, որ այդ գործընթացների արդյունքում հայ-թուրքական հարաբերություններն ավելի լարվեցին և Թուրքիայում հրապարակ եկան Հայաստանի նկատմամբ ծայրահեղ թշնամաբար տրամադրված նոր խմբեր։ Հայկական թեման ներթուրքական հասարակական-քաղաքական բանավեճում դարձավ ավելի բացասական և սերտ կապված արտաքին սպառնալիքների հետ։ Մոտ ժամանակի կտրվածքով Թուրքիան կփորձի պահպանել իր դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ հստակեցրել է իր օգուտները դրանից։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Թուրքիային «ձեռքից բռնած» ներգրավեցին ղարաբաղյան գործընթացի մեջ և հասկացան, որ սխալ կատարեցին ու փորձում են թույլ չտալ նրա իրական մասնակցությունն այդ դաշտում։ Բայց «ճակատը որոշակիորեն ճեղքված է», և Թուրքիան կփորձի ամրապնդել իր դիրքերն այս ուղղությամբ։ Հայաստանի հետ կապված Թուրքիայի խնդիրը կարելի է ձևակերպել այսպես. Անկարան պետք է աշխատի թույլ չտալ առաջատար պետությունների կողմից հայկական գործոնի օգտագործումը` Թուրքիային զսպելու համար։ Հենց այդ հանգամանքով են պայմանավորված 2009-ի օգոստոսի 31-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունները։ Թուրքիան աշխատում է դուրս բերել Հայաստանն իր հավակնությունները զսպող գործոնների շարքից, Հայաստանի հետ խաղն ամերիկյան դաշտից մասամբ տեղափոխել եվրոպական բեմահարթակ և այս հարցում կախվածության մեջ չընկնել Ռուսաստանից։ Հարկ է նշել, որ այս պայմանավորվածությունները նշանակում են Ռուսաստանի բացարձակ դուրսմղում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից։ Ռուսաստանն այս անգամ էլ զգաց Թուրքիայի հետ «ռազմավարական գործընկերության» հետևանքներն ու շատ է ափսոսում նրան ղարաբաղյան կարգավորման գործընթացում և, առհասարակ, Հարավային Կովկասի զարգացումներում ներքաշելու համար։ «Գազային հոգեբանությունը» վատ ծառայություն մատուցեց։
Միաժամանակ Հայաստանի համար ձևավորվել են ոչ վատ դիրքեր, եթե թուրքական էքսպանսիան տարածաշրջաններում զսպելու խնդիրն ավելի ու ավելի արդիական է դառնում արևմտյան ուժային կենտրոնների, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Իրաքի, մերձավորարևելյան և սևծովյան ավազանի այլ պետությունների համար։ Հայկական էլիտան գուցե և հասկանա, թե որքան էլ փակուղային թվա իրավիճակը, շատ հաճախ ստատուս-քվոյի պահպանումն ավելի բարենպաստ է, քան առաջընթացը։ Այս պայմաններում Հայաստանը չի կարող մնալ պասիվ դիտորդի դերում, բայց արդյոք գոյություն ունի՞ տարբերակում ռազմավարական նշանակության նպատակների ու պարզ խնդիրների միջև։
Հայկական ԶԼՄ-ներում հայտնվեցին քաղաքագետներին ուղղված մեղադրանքներ, որ նրանք այդպես էլ չառաջարկեցին առարկայական երաշխավորություններ կամ մեկնաբանություններ հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ։ Ամենից առաջ հարկ է նշել, որ քաղաքական վերլուծությունը, թեկուզ և ենթադրում է արագ և իրավիճակային վերլուծություն, բայց չի կարող արդյունավետ լինել առանց կանոնավոր ինտերակտիվ գործընթացի։ Անգամ լոկալ պրոբլեմը քաղաքականության մեջ պայմանավորված է շատ գործոններով ու պայմաններով, և ծիծաղելի է գնահատել քաղաքական վերլուծաբանների կարողությունները, ելնելով նրանից, թե ով վայրկենապես կպատասխանի` գնա՞ արդյոք Սերժ Սարգսյանը Թուրքիա, թե՞ ոչ։ Թուրքիայի հետ հարաբերությունների ձևավորումը Հայաստանի համար իմաստ ունի զուտ աշխարհաքաղաքական առումով։ Տնտեսական, տուրիստական և այլ հետաքրքրություններն ավելի աննշան են։ Ընդ որում, քաղաքականությունը լուրջ բան է և հասու է ոչ բոլոր էլիտաներին։ Ներկայումս Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի բոլոր պետությունները, առանց բացառության, և արտաքին ուժերը շահագրգռված են փոփոխություններով, աշխարհաքաղաքական արդի իրավիճակի սրբագրումներով, ինչը, որքան էլ տարօրինակ է, ոչ մեկին ձեռնտու չէ։ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ՈՒկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը տարբեր չափերով փորձում են նոր աշխարհաքաղաքական դիրքեր նվաճել։ Վրաստանն ու Ադրբեջանը դրանով են պայմանավորում իրենց հիմնարար խնդիրների լուծումը։ Հայաստանը, ընդհակառակը, գրեթե միշտ փորձել է պահպանել աշխարհաքաղաքական ստատուս-քվոն տարածաշրջանում, համարելով, որ դա բխում է իր շահերից, ինչն իրականություն է։
Հիմա, երբ աշխարհաքաղաքական գործընթացները շատ դինամիկ են, Հայաստանը պետք է փորձի ընդգրկվել դրանց մեջ, և դրա միակ հնարավորությունը Թուրքիայի հետ հարաբերությունների ձևավորումն է, ինչն արդեն առաջացրել է ինչպես գործընկերների, այնպես էլ հակառակորդների անհանգստությունը։ Միաժամանակ աշխարհաքաղաքական տեղաշարժերը կարող են ընդամենը հանգեցնել հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այդ իսկ պատճառով Թուրքիային առաջարկվող պայմանագիրը պետք է ենթադրի մեկ նախապայման. այդ պայմանավորվածությունները կարող են ուժ ունենալ միայն ագրեսիայի բացակայության և Թուրքիայի կողմից կոմունիկացիաները բաց պահելու պայմաններում։ Եթե այդ պայմանները խախտվեն, մնացած պայմանավորվածություններն էլ կճանաչվեն ուժը կորցրած։ Այդպիսի պայմանագրեր կան միջազգային հարաբերությունների պրակտիկայում։ Հակառակ դեպքում այդ պայմանավորվածությունները կդառնան ընդամենն արտաքին պատվերի պատասխան և չեն հանգեցնի Հայաստանի ու Թուրքիայի միջև երկարատև կայուն հարաբերությունների, այլ ընդամենը կվերածվեն Թուրքիայի քաղաքականության զսպման լծակի, որն իրականացնում են ԱՄՆ-ը և մասամբ Եվրամիությունը։ Իհարկե, եթե հայկական հասարակությունն ու էլիտան ուրիշ լինեին, կարելի էր սկզբունքորեն այլ արտաքին քաղաքական հեռանկար առաջարկել, բայց իրականությունն այն է, ինչը դժբախտություն ունենք տեսնելու։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ