Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ 100 տոկոս փող և զրո տոկոս ինտելեկտ էր պետք»

«Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ 100 տոկոս փող և զրո տոկոս ինտելեկտ էր պետք»
04.09.2009 | 00:00

«ԺԱՄԱՆԱԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՏ ՈՒԺԵՂ ՈՒԺԵՐ ԱՅՍՕՐ ԷԺԱՆ ԳՆՈՎ ԲՌՆԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր, երկար տարիներ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆՆ այսօր քաղաքական գործընթացներից անմասն է։ Ինչո՞վ է զբաղված նախկին պատգամավորը, հարցրինք «Իրավունքը de facto»-ի խմբագրություն այցելած պարոն Արշակյանին։ «Քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց հետևում եմ։ Հրապարակում եղած նյութերին աշխատում եմ հնարավորինս ծանոթ լինել։ Եթե հաջողություններ է գրանցում այս կամ այն ուժը, ուրախանում եմ, ափսոսում, որ մինչև վերջ այլասերվեց ու պղծվեց մեր քաղաքական դաշտը։ Ոնց որ կատակով կինս է ասում` ժամանակին եթե ինձ մի լավ գործի նշանակած լինեիր, այսօր քեզ մոտս վարորդ կընդունեի։ Էդպես, կնոջս եմ գործի տանում, գնում եմ շինարար ընկերներիս մոտ, շախմատ ենք խաղում, զրուցում, երեկոյան ընկերոջս հետ գնում բիլիարդ խաղալու։ Շաբաթը հինգ օր լողի եմ գնում, օրական 1000-3000 մետր լողում եմ, թոռներիս ու բարեկամներիս եմ լողալ սովորեցնում։ Այսինքն` զբաղվում եմ նրանով, ինչն ինձ հաճելի է ու պատիվ բերող»,- ասաց մեր հյուրը։
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՉ ԲՈԼՈՐԻ ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԸ ԿՑԱՆԿԱՆԱՄ ԲՌՆԵԼ»
-Ժամանակին ընդդիմադիր շատ ուժեր, որ իրենց վեհ գաղափարներով հասարակությանը վարակեցին, այսօր շատ էժան գնով բռնեցին ինքնաոչնչացման ճանապարհը,- շարունակեց պարոն Արշակյանը։- Ասպարեզում մնաց ընդդիմադիր մի ուժ, որի դեմ իշխող ուժը պայքարում է նրանց ժամանակին գործած մեղքերն ի ցույց դնելով։ Այսինքն, սեփական անկարողությունն ուզում են փրկել նախորդների գործած մեղքերով։ Ընդհանրապես, կարծում եմ, անթույլատրելի է, երբ այսօրվա մեղքերն արդարացվում են հների մեղքերով։ Այս տեսակ մարդկանց միշտ հերթապահ հարց եմ տալիս` համաձայն եմ, նախորդներն էլ էին վատը, բա դո՞ւք ինչքան վատն եք, որ մարդկանց մի զգալի հատված իրենց փրկությունը կապում է նախորդի հետ։
Հասարակությունը գիտի, որ լինելով ԳԽ և ԱԺ երեք գումարումների ու այս պետության հիմնադիր պատգամավորներից մեկը, հանրային մի տերև անգամ մեր տուն չեմ տարել։ Բայց ինձ նման մարդիկ այսօրվա իշխանություններին պետք չեն, հետևաբար, իմ հատուկենտ փորձերը, թեկուզ չքաղաքականացված աշխատանք գտնելը, անհաջողությամբ են պսակվում։ Մարդիկ, ովքեր ժամանակին չէին ուզում առանց ինձ հաց ուտել, հիմա նույնիսկ հեռախոսիս զանգերին չեն պատասխանում։ Նման պահերին միայն ասում եմ` ինչքան փոքր կարող են լինել մարդիկ, չնայած զբաղեցրած բարձր պաշտոններին։ Ի պատիվ ինձ, երբևէ որևէ մեկից ինձ համար ոչինչ չեմ խնդրել։ Բոլորն էլ գիտեն, եթե մեկին դիմում եմ, իրենց եմ պատիվ անում դրանով։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Ավելի քան քսան տարիների քաղաքական կենսագրությամբ տեսել եմ քաղաքական այնպիսի մեծությունների, ովքեր այսօր գրպանի արևածաղկի արժեք էլ չունեն։
-ՈՒնենալով քաղաքական գործունեության երկարամյա փորձ` իշխանությունից կամ ընդդիմությունից իրենց հետ աշխատելու առաջարկ արդյոք ստացե՞լ եք։
-Այսօրվա ընդդիմադիրներից համագործակցության առաջարկ եղել է, բայց վերջիններիս ժամանակին այնքան եմ առերես, խիստ քննադատել, որ ճիշտ չէր ընկալվի նրանց հետ աշխատելը։ Կբավարարվեմ նրանով, որ նրանց գործունեության դեմ հանդես չեմ գա։ Կարծում եմ, սա նաև նրանց կողմից ճիշտ կընկալվի։ Այսօր նրանց գործողություններին չեմ խանգարում։ Կողքից դիտողի կարգավիճակն եմ ընտրել։ Ինչ վերաբերում է իշխանությունների հետ համագործակցությանը, ապա նրանց ոչ բոլորի պարզած ձեռքը կցանկանամ բռնել, իսկ նրանք, ում հետ կուզենայի աշխատել, դեռևս ձեռք չեն մեկնել։ Գործարար շրջանակից օգնելու խոստումներ եղել են։ Ոչ անհայտ եղբայրներ կան. անցած նոյեմբերից էսօր-էգուց են անում, հիմա էլ թե` կզանգենք։ Ձեր թերթով ասեմ` կարող եք չզանգել։ Կամ ոմանք էլ մեկ-մեկ հարցնում են` ո՞նց ես, սակայն, նախ, հարցնելու տեղը ճիշտ չեն ընտրում, թաղման տեղն են հարցնում։ Եթե ուզում ես իմանալ` ոնց եմ, մի օր կանչիր քեզ մոտ, ոչ թե ձևեր թափիր։
«ԷԴ ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ, ՄԱՆՐԱՊՃԵՂ ՈՒ ՄԻՋԻՆ ՏՐԱՄԱՉԱՓԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՎԵՃԻ ՄԵՋ ԵՄ»
-Հայտնի է, որ հիմա ինչ-որ վեճերի մեջ եք։ Ի՞նչ է պատահել։

-Մի վեճի մեջ եմ ներքաշվել` կապված արտասահմանում բնակվող փեսայիս հետ, ով տասը տարի աղջկաս հետ եկել-գնացել է Հայաստան ու ոչ մի խնդիր չի եղել։ Բայց այս տարի մեր իշխանությունները խնդիր են մոգոնել, որով վիրավորել են նախ և առաջ ինձ։ Հիմա զբաղված եմ այդ քաշքշուկին իրավական լուծում տալով և որոշ մարդկանց իրական դեմքը բացահայտելով, ովքեր մի գրամ անգամ հաշվի չառան այս պետության համար վաստակս, կենսագրությունս, անբասիր վարքս։ Այսինքն` էդ չինովնիկական, մանրապճեղ ու միջին տրամաչափի մարդկանց հետ վեճի մեջ եմ։ Ո՞նց կարող են մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայել ու լկտիաբար ստել` բազմաթիվ խնդիրներ ստեղծելով։ Թող նախագահն էլ կարդա ու տեսնի, թե ինչպիսի մարդկանց վրա է հենվում, հասկանա, որ նախագահի, իշխանության նկատմամբ ատելության արմատները թաքնված են հենց նման տեղերում։ (Սույն թվականի մայիսի 29-ին Բելգիայից հերթական անգամ Հայաստան է գալիս Աղասի Արշակյանի փեսան` Պերճ Հակոբյանը, կնոջ հետ։ Տասն օր անց հետ վերադառնալիս նրան ինքնաթիռ չեն թողնում` ՀՀ իշխանությունների կողմից հետապնդվելու պատճառաբանությամբ։ Պարզվում է, որ Հակոբյանը խուսափել է 1995-ի աշնանային զորակոչից, որի համար հետապնդվում է։ Այս ամենից հետո սկսվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության քննիչի ու համայնքի դատախազի ապօրինությունների և ինքնաիրավչությունների շարքը։ Այժմ նախկին պատգամավորը փորձում է ստեղծված իրավիճակը հանգուցալուծել իրավական ճանապարհով- Ռ. Խ.)։
«ԻՆՉՔԱՆ ԷԼ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍԵՐԻ ՏԵՂ ԴՆԵՆ, Ի ԶՈՐՈՒ ՉԵՆ 90-ԱՄՅԱ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿԵՆ ԼՈՒԾԵԼՈՒ»
-Չլինելով քաղաքականության մեջ, այդուհանդերձ, հետևում եք գործընթացներին։ Այսօր ամենաթեժ քննարկվող հարցը Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված փաստաթուղթն է։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։
-Դրանում ոչ մի լավ բան առանձնապես չեմ տեսնում։ Սա պարզապես մոգոնեցին, որ Թուրքիա գնալը պատճառաբանված լինի։ Նախօրոք Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե սահմանը բացելու շեմին չլինենք, Թուրքիա չի գնա։ Հիմա շեմը ստեղծեցին, կգնա-կգա ու էդ շեմը կփլվի, պառլամենտի, թե մեջլիսի միջոցով էլ հարցը կջրեն։ Ով ինչ ուզում է ասի` ամերիկյան «տուշի» տակ ինչ-որ գործողություններ են արվում, ու կարծում եմ, որ վերջիններս էլ գիտեն, որ սա «փջվող» բան է։ Դեռ մի քանի սերունդ պետք է անցնի, որ հայ-թուրքական նստվածքն ինչ-որ չափով մեղմվի։ Ինչքան էլ իրենց քաղաքագիտության ասերի տեղ դնեն, ի զորու չեն 90-ամյա այս պատմությունը մեկեն լուծելու։
-Սահմանների բացման հավանականությունը, փաստորեն, բացառո՞ւմ եք։
-Նախ` դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու մտադրությունը չի նշանակում, որ վաղն իսկ դեսպաններ կփոխանակենք։ Այդքան շուտ սահմանը չի կարող բացվել, այսինքն` մենք առայժմ գտնվում ենք թուրք-ամերիկյան սցենարի որոգայթում։ Այս ամենում մեր միակ «օգուտը» կլինի այն, որ ապահովենք գործող նախագահի ֆուտբոլային խաղը դիտելու պատճառաբանված հիմքը։ Ամեն ինչ ֆուտբոլային խաղից հետո կավարտվի։
-Ասել է` ամեն ինչ արվեց, որ Սերժ Սարգսյանը Թուրքիա՞ գնա։
-Իհարկե։ Այս պահին արժանապատիվ ֆուտբոլ դիտելու քայլեր կատարվեցին։ Թեև ինչպես ֆուտբոլի, այնպես էլ քաղաքական դաշտում հայկական դիվանագիտությունը ջախջախիչ պարտություն է կրում։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ «ֆուտբոլային դիվանագիտությունը» հօգուտ Թուրքիայի է։ Անձամբ ես կարծում եմ, որ ոչ մի օգուտ չկա սահմանը բացելուց։
-Թեև փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում չկա, սակայն թուրք պաշտոնյաները պնդում են, որ նախանշված դրույթները կյանքի կկոչվեն, երբ Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորվի։ Հայաստանում էլ կան քաղաքական շրջանակներ, որոնք կարծում են, թե փաստաթուղթը սերտ առնչություն կունենա հիմնախնդրի հետ։ Կարծում եք` այս փաստաթուղթն իրո՞ք անմիջական առնչություն ունի Ղարաբաղի հետ։
-Անընդհատ նշում են, թե սրանք տարբեր հարցեր են, բայց դա միայն ծխածածկույթ է։ Իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ առանձնապես Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տարբերություն չկա, որ նրանք եղբայրներ կամ առնվազն հորեղբոր որդիներ են։ Երրորդ ուժի ներկայությունը նրանց համար դաշինքի մթնոլորտ, նախատրամադրվածություն է ստեղծելու։ Այս առումով ադրբեջանցիներն ավելի ազնիվ են իրենց ժողովրդի ու հարևանների հետ, քան մենք ու թուրքերը։ Այստեղ կան նաև արևմտյան կիսագնդից եկող մեծ աշխարհաքաղաքական շահեր։
«ԻՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՐ ԱՅՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԼԻՆԵԼԸ»
-Ձեզ գոհացնո՞ւմ է Հայաստանի ընդդիմության արձագանքը ստեղծված իրավիճակին։
-Իհարկե, բացեր, թերություններ տեսնում եմ, սակայն նրանց երբեք չեմ թերագնահատում, քանի որ ես այդ դաշտում չկամ, ո՛չ նրանց համախոհների, ո՛չ էլ ընդդիմախոսների թվում եմ։ Կարծում եմ` նրանց գործողությունները միտված են երկրում ժողովրդավարության, օրենքի իշխանության հաստատմանը։ Իմ տեղը նոր ընդդիմությունում ես դեռ չեմ տեսնում։ Նախկինում ունեի իմ տեղը, բայց, ցավոք, այդ ուժը բռնեց ինքնաոչնչացման ճանապարհը։
-Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները «Ազգային միաբանության» հետ։
-Իմ հարաբերություններն ԱՄ-ի հետ վերջացան 2007-ի փետրվարի 26-ին` վիրահատությունիցս վեց օր անց, երբ սուրհանդակները եկան ու լուր բերեցին, որ ես իրենց ցուցակի 21-րդ համարն եմ։ Ասացի, որ առանց նեղանալու դիմում կգրեմ ու ցուցակից դուրս կգամ, որ այդ քայլով իրենք առաջին հերթին իրենց են վնասելու։ Չփոխեցին իրենց որոշումն ու իմ կյանքի այդ հատվածն ավարտվեց, ինչպես ընկերությունը, կուսակցական գործունեությունը և ընդհանուր ճանապարհը։ Ափսոսում եմ, որ իրենք գնացին ինքնաոչնչացման ճանապարհով, քանի որ այդ ուժի գլխին կանգնած էր ամենաբանիմաց քաղաքական դեմքերից մեկը, ում գրագիտությունը չծառայեց ո՛չ մեր պետությանը, ո՛չ էլ իրենց ժամանակին վստահող հարյուր հազարավոր մարդկանց։
-Հարմար առիթի դեպքում կրկին կվերադառնա՞ք քաղաքական արենա։
-Չգիտեմ։ Մարդն ինչ անում է, պետք է վաստակած լինի։ Հիմա իմ արխիվն եմ դասակարգում։ Երբ այդ թղթերը վերընթերցում եմ, զարմանում եմ, թե իմ կատարած ըմբոստ քայլերից հետո ինչպես եմ ողջ մնացել։ Իմ ձեռքն ընկավ նաև կյանքումս ստացած միակ պարգևը` ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի բարձրագույն մեդալը։ Տասներեք տարի եղել եմ այդ վեհաժողովի մի շարք մշտական հանձնաժողովների նախագահի տեղակալ ու իմ աշխատանքն ուրիշներն են գնահատել։
-Փաստորեն, վերհուշո՞վ եք ապրում։
-Չէ, պարզապես արխիվս եմ դասավորում։ Պատրաստում եմ ելույթների, մենախոսությունների, ժամանակին արված հայտարարությունների և վերլուծական հոդվածների ժողովածու։ Առանձին մարդկանց բնութագրական նյութեր էլ կան, որոնցից պարզվեց, թե ժամանակին ինչքան ճիշտ էի նրանց հարցում։ Օրինակ, երբ 1990-ին նախարար էին նշանակում, ես վարչապետին ասացի` էդ քո նախարարի թեկնածուի միակ առավելությունն այն է, որ երկար մազեր ունի, ջինս է հագնում ու թուրքերեն գիտի, բա դրան նախարար կնշանակե՞ն։ Հետո էդ նախարարը վերցրեց հանրապետության փողերն ու թռավ հայդե Բուլղարիա։ Այս մոտեցումները հիմք ունեին, ես պատգամավոր դարձել ու քաղաքականություն էի մտել գործնական կյանքից, արտադրությունից, «քյալագյոզ», արտասահմանում սովորած տնտեսագետ-տեսաբան չէի։
-Այսօրվա խորհրդարանի մասի՞ն ինչ կասեք։
-1990-ին, երբ պատգամավոր դարձա, ծախսեցի 320 սովետական ռուբլի, որից 120-ը` թղթեր տպելու վրա։ Այն ժամանակ պետք էր կազմակերպվածություն և ինտելեկտ, փող ընդհանրապես պետք չէր։ 1995-ին փողի ու ինտելեկտի հարաբերակցությունը կտրուկ փոխվեց` 50 տոկոս ինտելեկտ, 50 տոկոս` փող։ 1999-ին ավելի պակաս ինտելեկտ էր պետք, քան փող։ 2003-ին, եթե 20 տոկոս ինտելեկտ էր անհրաժեշտ և 80 տոկոս փող, ապա խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ` 100 տոկոս փող և զրո տոկոս ինտելեկտ, ինչի հիմքի վրա էլ խորհրդարանում ձևավորվեցին կլանային, ընտանեկան խմբակցություններ։ Հիմա իմ կենսագրության տեր մարդկանց համար անպատվություն կլիներ այդ խորհրդարանում լինելը։ Այսօր «պատգամավոր» բառը դարձել է հայհոյանքի պես մի բան։ Սակայն իրենց գործունեության համար նրանք առանձնապես չեն էլ ամաչում, քանի որ հիմնական գործը դա չէ, պատգամավորություն ձեռի հետ են անում։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ