«Խելացի» գոմե՞ր, թե՞ հելիոֆիկացիա
20.12.2019 | 01:26
Այս նյութի համար առիթ դարձավ պարոն Վահան Համազասպյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին:
Բաց նամակում ներկայացված մտահոգությունների և խնդիրների մասին մեկ անգամ չէ, որ հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակը արտահայտվել է մամուլով և լրատվության մյուս միջոցներով: Այդ առումով նոր երանգ կար, որ առնչվում էր համահայկական դրամահավաքով հանգանակված միջոցների ծախսային մասին: Համազասպյանի զարմանքն ու զայրույթը լիովին հասկանալի և տեղին է այնքանով, որ հանգանակված միջոցների ոչ փոքր մասը տրամադրվում է այնպիսի մի ոլորտի, որը մրցակից չէ իր հեղինակած ծրագրին, այնուհանդերձ հարցերի տեղիք է տալիս. ինչ սկզբունքով է կատարվել այդ հատկացումը, և եթե կարելի է համաձայնել այդ հատկացմանը, ապա ինչու՞ չէր կարելի որոշակի գումար էլ տրամադրել որևէ բնակավայրի հելիոֆիկացման նպատակով: Ենթադրել, թե համապատասխան ատյաններում տեղյակ չէին այդ ծրագրից կամ իրենց նախընտրած ծրագիրն ակնհայտ առավելություններ ունի հելիոֆիկացիայի նկատմամբ, տեղին չեմ կարող համարել: Հատկապես եթե հաշվի առնենք, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում պարոն Համազասպյանը շատ ակտիվորեն ներկայացնում և հիմնավորում էր Արցախում գոնե մեկ գյուղ ամբողջությամբ հելիոֆիկացնելու դրական նշանակությունը և կարևորությունը, այցելել էր Արցախ, հանդիպումներ ունեցել պատասխանատու պաշտոնյաների հետ, ստացել նրանց համաձայնությունն ու ծրագրին ամեն կերպ օժանդակելու պատրաստակամությունը:
«Գալիք» կուսակցությունն իր դիրքորոշումն արտահայտել է հելիոֆիկացիայի ծրագրի վերաբերյալ` այն ներառելով երկրի վերականգնման իր հայեցակարգում: Մյուս կողմից մենք պարոն Համազասպյանի հետ միջոցներ և հովանավորներ ենք փնտրում Սպիտակ քաղաքում արտադրական մասնաշենքի կառուցման կամ ձեռքբերման, հաստոցակազմի ստեղծման և DVH տիպի արևային համակարգերի արտադրություն կազմակերպելու համար: Հաջողության դեպքում առաջին արտադրանքն ուղղվելու է հենց Արցախ՝ տեղական իշխանությունների ընտրած մեկ գյուղը ամբողջությամբ հելիոֆիկացնելու համար: Այժմ աչքի առաջ ունենալով ֆոտովոլտային պանելների գնմանը հանգանակված միջոցներից գումարներ հատկացնելու փաստի հավանականությունը, մենք լիովին հիմնավոր և հնարավոր ենք համարում այդ նույն միջոցներից վերը ներկայացված արտադրական ծրագրի իրականացմանն ուղղված մասհանումը: Այդ նպատակով կուսակցությունը Սպիտակի հասարակայնության և իր անունից դիմում է նախապատրաստում «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ակնկալելով արդյունավետ համագործակցություն:
Նմանատիպ մոտեցում կա նաև այժմ կառավարության գործունեության ծիրում գտնվող մեկ այլ ծրագրում, որին նույնպես կուզենայի անդրադառնալ այս նյութի շրջանակներում: Շատերն են տեղյակ, և հավանաբար ոմանք նույնիսկ օգտվում են 2019 թ. կառավարության նախաձեռնած և գուցե (ըստ կցկտուր ռեպորտաժների) իրականացման ինչ-որ փուլում գտնվող ծրագրից, որի նպատակը, ըստ ծրագրի հեղինակների, երկրում տավարաբուծության զարգացումն է, կաթի, մսի արտադրության ավելացումը, միջին և փոքր ձեռներեցության զարգացումը:
Այդ նպատակով, ինչպես տեղեկանում ենք կառավարության հաստատած ծրագրին ծանոթանալով, պետությունը (որպես համաֆինանսավորող) բյուջեից հատկացրել է 3,2 միլիարդ դրամ գումար: Նախատեսվում է կառուցել 230 անասնաշենք: Մեկ անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման միջին գումարը` 23 մլն դրամ, փոխհատուցման չափը՝ 13,8 մլն դրամ: Մեկ 3-րդ մոդելի միջին հաշվարկային գոմի համար անհրաժեշտ սարքերն են . օդափոխիչ` 10 և ավելի հատ, լեդ լամպեր` 34 և ավելի հատ, դույլերով կթի ստացիոնար համակարգ` 1 հատ, ռետինե ներքնակներ` յուրաքանչյուր կովի հաշվով` 1 հատ, ջրի արևային տաքացուցիչ` 1 հատ, գոմաղբի հեռացման մոտոբլոկ` 1 հատ, կենդանիների խոզանակ` 1 հատ, պաղեցման տանկ` 1 հատ, խմբային տաքացման ջրախմոց` 1 հատ: Կերի ռացիոնի մասին է խոսվում, բայց կերախոհանոցի առկայության մասին՝ ոչ: Եթե ուզենանք մտաբերել, ապա բացի ռետինե ներքնակներից ու արևային ջրատաքացուցչից, այդ ամենը, ներառյալ կերախոհանոցը, առկա էին նույնիսկ խորհրդային ժամանակների անասնագոմերում:
Այժմ փորձեք լարել ձեր երևակայությունը և հասկանալ, թե որքան «խելացի» կարող է լինել այդպիսի գոմը, և կաթնատվության, մսատվության բարձրացման վերաբերյալ փաստաթուղթը կազմողների հույսերն ինչի վրա են դրված: Մեր համեստ կարծիքով, այդպիսի գոմերը կհավակնեն կոչվելու խելացի միայն այն դեպքում, եթե դրանցում պահվող կովերն իրենք «խելացի» լինեին և, եթե Խազանովի ոճով շարունակենք, հաշվի առնելով հայրենի կառավարության հոգատարությունն ու խնամքն իրենց նկատմամբ ու գիտակցելով իրենց վրա դրված բարձր պատասխանատվությունը, լիովին բացահայտեին իրենց գենետիկ ներուժը և այսօրվա 2200 կգ կաթի փոխարեն հարազատ ֆերմերներին ուրախացնեին մինչև 4000 կգ կաթ տալով:
Գուցե ավելին պետք չէ ասել, բայց ծրագիրը կազմողներն ուսումնասիրել են միջազգային փորձը, գիտեն, որ ասենք Իսրայելում կովերը տալիս են 12000 կգ կաթ: Այսպիսի՞ ծրագրերով են նրանք հասել այդ արդյունքին: Որևէ մեկը կարո՞ղ է ասել` այո՛:
Սա պարզապես գործի նմանակման տարբերակ է, որի համար ծրագրի հեղինակները ոչ մի պատասխանատվություն չեն կրելու որպես պետական և մասնավոր (մասնավորի կողմից ընդգրկված վարկային միջոցների) գումարների փոշիացման հեղինակների: Այդ նմանակումը ներկայացնելով որպես ծրագրի շահառուների մասին հոգատարության օրինակ և նրանց ներքաշելով այդ անհեռանկար գործընթացների մեջ, այնուհետև նրանց թողնելու են վարկերի մարման փաստի հետ միայնակ իր հայտնի և անհայտ հետևանքներով:
Ավելին, նրանք շարունակելու են իրենց գործունեությունը ներկայացնել որպես գյուղացու, նրա հոգսերի վերաբերյալ հոգատարության դրսևորում և ձախողման ողջ մեղքը գցելու են գյուղացու վրա:
Այժմ փորձենք ներկայացնել նույն խնդրի վերաբերյալ մեկ այլ մոտեցում՝ ընթերցողին, գյուղացուն հնարավորություն տալով համեմատություններ և եզրակացություններ կատարելու իր կարիքների և գործադրվող ծրագրերի հետ դրանց կապի և արդյունավետության մասին: Խնդրին պետք է նայել նաև պետության և սպառողի շահերի տեսանկյունից:
Մեր կարծիքով, եթե կառավարությունն իրոք մտադիր է այդ ոլորտում այնպիսի փոփոխություն իրականացնելու, որը կդառնա օրինակելի թե իր արդյունավետությամբ և թե իր ընդգրկումով, ապա պետք էր ընտրել բոլորովին այլ ճանապարհ:
Կառավարությունն իր քննարկման առարկա փաստաթուղթը կազմած մասնագետների միջոցով (վստահ եմ, որ նրանց մեջ կան այնպիսիները, որոնք հեշտությամբ կըմբռնեին իրենց ներկայացվող պահանջի բովանդակությունը և պատշաճ կկատարեին այն) կարող էր ձևակերպել ասենք 1000 գլուխ իսրայելական կաթնատվության կովերի տիպային անասնագոմի նախագծում կամ պարզապես կրկնօրինակում, որը բառի բուն իմաստով հագեցած կլիներ ժամանակակից ներքին կահավորումով և արտադրական ողջ գործընթացն իրականացնող սարքավորումներով: Դրան ավելացրած՝ ժամանակակից սպանդանոցով և կաթի-մսի վերամշակման արտադրամասերով, որոնք իրենց հզորություններով կգերազանցեին ֆերմայի հզորությունները: Այսպիսի անասնապահական համալիր և ոչ թե գոմ կառուցելու ծրագրի արժեքի հաշվարկից հետո կառավարությունն իր միջոցներից պետք է հատկացներ այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ողջ գումարը, ներառյալ նախապատրաստական աշխատանքները (հողահատկացում, կոմունիկացիաներ, ուսուցման նպատակով կադրերի ընտրության և գործուղման ծախսեր և այլն), ողջ գումարը, որպեսզի ոչ մի հանգամանք կասկածի տակ չդնի ծրագրի իրականանալիությունը:
Դրանից հետո հանրայնացնելով ծրագրի բովանդակությունը, կառավարությունը կարող էր բացել համաֆինանսավորման սկզբունքով բաժնետեր և ծրագրի իրականացմանը մասնակից դառնալու ճանապարհը բոլորի առաջ՝ լինի գործարար, կենսաթոշակառու, որևէ գործունեությամբ զբաղվող ընկերություն… Եթե կգտնվեին այդպիսիք, պետությունն ընթացքում այդ չափով կարող էր նվազեցնել իր նախատեսած ծախսերը:
Այնուհետև ամենասեղմ ժամկետներում կստեղծեր այդ համալիրը՝ ներկրելով անասունները, սարքավորումները, տեխնոլոգիաները, գիտելիքները և այլն: Դրան զուգահեռ կերի կայուն բազա ունենալու համար կարող էր ամենամատչելի վարձակալությամբ հատկացնել խոտհարքներ, վարելահողեր՝ բարձր կերային արժեք ներկայացնող մշակաբույսերի աճեցման, վերամշակման հնարավորություններով: Սրանց գործադրումը՝ շատ հույս չդնելով կաթնամսատու անձնակազմի խելացիության վրա, թույլ կտար արագ ոտքի կանգնեցնել նորաստեղծ տնտեսությունը:
Ինչ կարելի կլիներ ավելացնել այդ ամենին մեր կողմից:
Նրանք, ովքեր ծանոթ են ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» ծրագրին, տեղյակ են, որ այն որոշակի առավելություն ունի արևից էլեկտրաէներգիա ստանալու ֆոտովոլտային կիրառվող եղանակի նկատմամբ: Եթե ֆոտովոլտային կայանների կողմից կլանված արևի էներգիան էլեկտրականի վերածելու միջինացված գործակիցը գտնվում է 20-22 տոկոսի սահմաններում, ապա Հերունու «Արև»-ը կարողանում է աշխատել 30-32 տոկոսի միջակայքում: Այսինքն դրական և մեծ տարբերությունն ակնհայտ է:
Նրանք, ովքեր ծանոթ են տ. գ. դ. Վահան Համազասպյանի «Երկրների հելիոֆիկացիայի» ծրագրին, գիտեն, որ գիտնականը մշակել է բազմաթիվ արևային տեխնոլոգիաներ, որոնց միջոցով հնարավոր է նորություններ մտցնել թե կերի բազայի ապահովման, թե կերախոհանոցի արդյունավետության բարձրացման գործում: Պարոն Համազասպյանի մշակած տեխնոլոգիաները թույլ կտան նոր մակարդակի և որակի բարձրացնել սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային, գոմաղբից պարարտանյութերի ստացման աշխատանքները: Ինչ վերաբերում է արտադրանքի մշակման, էկոմթերքների արտադրության և շատ այլ խնդիրների լուծման գործում նրա մշակած տեխնոլոգիաներին, ապա դրանց ներդրման դեպքում մենք կարող ենք իրոք նոր բովանդակություն հաղորդել այն տեխնոլոգիական բազային, որի ուղղակի ձեռքբերմամբ ստեղծել էինք այդ համալիրը:
Այս ամենին զուգահեռ պարոն Ս. Խոյեցյանին կարող էինք պատվիրել իր տրակտորը՝ կցորդով: Պարոն Խոյեցյանը նույնպես երկար տարիներ փորձում է մեր իրար հաջորդող գյուղնախարարներին հասկացնել, որ արոտների վերականգնման և կերի որակյալ ու կայուն բազայի ստեղծման առումով անփոխարինելի և բավական պարզ ու մատչելի տեխնոլոգիա ունի դեռևս խորհրդային տարիներից մշակված, որը թույլ է տալիս մթնոլորտային տեղումների միջոցով մեզ հասնող ջրային պաշարները կուտակել բույսերի արմատային համակարգերի տակ և ոչ թե թույլ տալ, որ այն լցվի գետերն ու հեռանա:
Ինչ կունենանք արդյունքում: Բացի ժամանակակից կաթնապրանքային համալիրից մենք կունենանք հայրենական մտքի մի քանի արդյունքների համադրում մեկ արտադրական գործընթացում: Ինչպես Համազասպյանն է ներկայացնում իր հելիոֆիկացիայի ծրագրում, այս համալիրը կարող է լինել ինքնաբավ և անկախ էլեկտրաէներգիայի, գազի բաշխման ցանցերից: Միաժամանակ մենք գործնականում կփորձարկենք և կգնահատենք Հերունու «Արև» և Համազասպյանի հելիոֆիկացիայի ծրագրերի իրական կարողությունները, մեզ համար լիովին հասկանալի, տեսանելի դարձնելով դրանց զարգացման անհրաժեշտության աներկբայությունը:
Հաշվի առնելով այդպիսի համալիրի համալիր առավելություններն այսօր մեր կառավարության որդեգրած ծրագրի նկատմամբ, կարող ենք ասել, որ կունենանք ոչ թե «խելացի», այլ «տաղանդավոր» գոմ: Կատակը՝ կատակ, բայց սա բոլորը չէ: Այդ համալիրին կից գործող վերամշակման արտադրությունները կարող են անհատ քաղաքացիներից, ֆերմերային տնտեսություններից գնել նրանց արտադրած կաթն ու միսը, նրանց վճարելով զգալիորեն բարձր և կայուն գին իրենց ապրանքի դիմաց, քան դա անում են մասնավոր վերամշակող գործարանները: Դրանով մենք այդ ընկերություններին կզրկենք դեմպինգային համաձայնությունների հնարավորություններից, կհարկադրենք իրենց շահույթի մի մասը, որն անիրավորեն խլվում էր կաթ և միս արտադրողից, թողնել նրան: Պետության այսպիսի միջամտությունը ոչ թե սահմանափակում է մասնավորի հնարավորությունները (տվյալ դեպքում՝ վերամշակող մասնավոր ընկերությունների), այլ դրանք դարձնում է ընդհանուր տնտեսության մեջ իրենց իրական տեղին և դերին համապատասխան:
Նույն կերպ համալիրի արտադրությունում ներգրավված աշխատակիցներին կարող է վճարվել ավելի բարձր աշխատավարձ, և դա կհարկադրի մասնավոր ընկերություններին նույնը անել՝ կադրերի արտահոսքից խուսափելու համար: Այս քայլը նույնպես կնպաստի համերաշխ հասարակության վերաբերյալ մեր պատկերացումների հանրայնացման և դրանք մասնավոր ընկերությունների կողմից ընկալելի և օրինակելի դարձնելու գործին:
Եթե ամեն ինչ արվի այնպես, ինչպես նկարագրվեց այս համառոտ անդրադարձով, և պետությունը կարողանա հետևողականորեն, ճշգրիտ կառավարմամբ և ներդրված միջոցների անկորուստ իրացմամբ կազմակերպել այդպիսի մեկ արտադրություն, ապա չեմ կասկածում, որ այն կլինի բազմարդյունավետ: Հաջորդ այդպիսի նախաձեռնությանը մասնակցելու ցանկություն շատերը կունենան և չեն սխալվի:
Իսկ հեռանկարի առումով (առաջիկա յոթ-ութ տարիների ընթացքում) այդպիսի հիսուն համալիրների գոյությունը իշխանություններին թույլ կտա ասել, որ երկրում բնակչությանը կաթնամթերքով և մսամթերքով ապահովության խնդիրը լուծված է:
Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ
«Գալիք» կուսակցության նախագահ
Մեկնաբանություններ