Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Սովորեցրու ինձ ընթանալ ճշմարտության, արդարության ու սիրո ճամփաներով»

«Սովորեցրու ինձ ընթանալ ճշմարտության, արդարության ու սիրո ճամփաներով»
16.04.2019 | 00:03

Որտեղի՞ց է այն անբացատրելի ուրախությունը, որ իջնում է զատկական այս օրերին։ Այդ ի՞նչ զորություն է գործում քրիստոնյաներիս ներսում, երբ լսում ենք սուրբ Զատկական հարության մասին։ Ինչու՞ է զատկական խորհուրդն այդքան վեհ ու խորհրդավոր: Եվ ինչու՞ է մարդու հոգում առաջանում անբացատրելի կարոտ հանդեպ այն ՄԵԿԻ, որին ոչ տեսել է, ոչ ճանաչել, այլ միայն լսել է Նրա մասին, որ դարեր առաջ մի ԱՆՄԵՂ ու ՍՈՒՐԲ ԱՐԴԱՐԻ խաչեցին: Այդ ամենը գալիս է Հիսուսի դատարկ Գերեզմանից, որը մարդկության թշնամու՝ մահվան պարտության ու մեր հավիտենական փրկության միակ գրավականն է։ Եվ այդ ամենը սկսվեց դեռ Գողգոթայից, երբ Աստծո Գառը արյան ու քրտինքի մեջ տառապում էր Խաչի վրա մեղավոր մարդկության քավության ու թողության համար, երբ Նրա հետ խաչվող ավազակներից մեկը տեսավ, որ Նա իր թշնամիների համար, տառապանքների մեջ, աղոթք է մրմնջում. «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում», ցնցվեց մինչև հոգու խորքը, ու ոչ թե ցավից, այլ այդ անբացատրելի սիրուց, ու իր ջլատվող ուժերը լարելով գոչեց. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո թագավորությունով»: Եվ ավազակն ինքն էլ չհասկանալով, արարչական ողջ տիեզերական խորհուրդն ամփոփեց այդ մեկ հատիկ նախադասության մեջ, քանզի Տերը միայն Աստված է, իսկ իր հետ խաչվածը՝ հենց Ինքը՝ Աստծո Որդին է, Հիսուս Մեսիան, որ աշխարհ էր գալու մեր փրկության համար: ՈՒ թեև Նրան խաչեցին անարգի նման, բայց ավազակը հավատաց, որ Նա հարություն պիտի առնի ու նորից գա իր թագավորությունով: Հավատաց նաև, որ Տերը կարող է մարդկանց մեռելներից էլ հարություն տալ, ուստի ասաց. «Ինձ էլ հիշիր»:


Մեռելներին հիշելուց ի՞նչ օգուտ, եթե չկա հարություն: Բայց, ի պատասխան այդ մեծ ու զարմանալի հավատի, լսեց իր Տիրոջ հուսադրող ձայնը. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես»:
Ո՛վ հայորդի, դու երբևէ տեսե՞լ ես քո պապերի հին գերեզմանները: Այնտեղ շատ տապանաքարերի վրա գրված են այն նույն խոսքերը, ինչ որ բարբառեց ավազակը խաչի վրա, քանզի նրանք ունեին այն նույն հավատը, որ Տերն Իր Գալստյան ժամանակ իրեն էլ հարության կարժանացնի: Քանզի բոլոր խաչքարտապաններում ամփոփված ննջեցյալներն այդ են աղերսել իրենց մեղքերի համար խաչված Տիրոջից: Եվ այդ նույն բառերը մեր հավատավոր նախնիները գրել են տվել իրենց շիրմաքարերի վրա, հավատալով, որ անպայման պիտի գա այդ Օրը, քանզի խոստացողը Անսուտն Աստված է, որ ասաց. «Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծո բարկությունը» (Հովհաննու Ավետարան 3.36):


Իսկ հիմա գնա ու շրջիր ժամանակակից գերեզմանոցներում: Աշխարհի զեխության ու ապականության հետքերից այնտեղ էլ կտեսնես. հսկայածավալ ու մեծարժեք, սև ու մոխրագույն, հայելաողորկ քարեր՝ վրան գրված անուն, ազգանուն, ծնունդ ու մահ, և ուրիշ ոչինչ: Ոչ մի հույսի ծվեն հավիտենական գալիքի: Դատարկ ու ցուրտ, ինչպես իրենց գերեզմանները: Որտե՞ղ մարեց ճշմարիտ հավատի կրակը, որ հավատարմությամբ դարերի ու ժողովուրդների միջով բերեցին մեր սուրբ նախնիները: Այդ ի՞նչ մահաբեր խորշակ անցավ առաջինը Քրիստոսի անունը կրող մեր ազգի վրայով: Մի՞թե խավարը լույսից զորավոր գտնվեց: Ո՛չ, իհարկե ո՛չ: Ավերմունքի պղծությունն ընդամենը 70 տարի գոյատևեց և այժմ Աստծո դեմ բերան բացողները, իրար հրմշտելով, փորձում են փախչել իրենց իսկ շինած բաբելոնյան խառնակ կայսրության խարխլվող աշտարակից: Զո՜ւր ջանքեր: Քանզի մեր մոլորված հայրերը մեղք գործեցին՝ պղծելով սրբություններն ու խնկաբույր մասունքները, Տիրոջ խոսքը բարբառող քահանաների բերանները բռունցքներով փակեցին կամ էլ Սիբիրի ու մահվան ճամփաներով ուղղեցին: Եվ այժմ ազգովին մենք նրանց գործած անօրենությունների պատիժն ենք կրում: Հիմա դու կասես` իսկ ես ինչո՞վ եմ մեղանչել, մի՞թե որդիները դատվում են հայրերի մեղքերի համար: Անշուշտ` ոչ, բայց եթե դու դեռ շարունակում ես մեղքի լայն ճամփայով քայլել, սիրտդ աշխարհի զեխ ցանկություներով գիրացնել, մոռանալով եկեղեցի տանող ճանապարհը, կիրակնօրյա օրհնության սուրբ պատարագները, հոգիդ մաքրող աղոթքները: Եթե դեռ սիրտդ փակ է աղքատների ու նեղյալների հանդեպ, ուրեմն դու դեռևս այդ մոլորյալներին արժանի շառավիղն ես: Մինչդեռ, եթե հոգիդ ներսումդ եռքի ալիքներ է բարձրացնում մեղսագործ հայրերիդ արարքների հանդեպ, ու օր առաջ ուզում ես մեղքերի քավություն գտնել և այրված Ավետարանի տեղ Ավետարանով, Նարեկի տեղ` Նարեկով, քանդված եկեղեցու տեղ` եկեղեցով, մարած աղոթքի տեղ՝ աղոթքով հատուցել, նշանակում է Տիրոջ կենարար խոսքը սկսել է հոսել քո երակներով: ՈՒրեմն ելի՛ր ու կանգնի՛ր մեռելների միջից, քանզի քո լույսը եկել է, զատվի՛ր դժոխքի ճանապարհը բռնած հոգիներից ու կանչիր այն ՄԵԿԻ անունը, որ քեզ, համար խաչվեց ու հարություն առավ, և աղոթիր, ասելով. «Մեղա՜, մեղա՜ քեզ, Տեր, մեր հայրերի ու իմ գործած մեղքերի համար, այժմ սովորեցրու ինձ ընթանալ ճշմարտության, արդարության ու սիրո ճամփաներով»:
Այնժամ դու էլ սրբերի հետ լիասիրտ կգոչես.
-ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ։
Եվ կլսես ի պատասխան.
-ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 19927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ