Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՁևԱՉԱՓԻ Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱԿ-Ը ԿՈՐՑՐԵՑ «ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ» ՄԵՆԱՇՆՈՐՀԸ»

«ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՁևԱՉԱՓԻ Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱԿ-Ը ԿՈՐՑՐԵՑ «ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ» ՄԵՆԱՇՆՈՐՀԸ»
20.11.2009 | 00:00

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ հետագա հնարավոր զարգացումները, ընդդիմության տարբեր թևերի դիրքորոշումները մեկնաբանում է ՀՅԴ բյուրոյի «Հայ դատի» գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու, դաշնակցական գործիչ ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ։
-Պարոն Մանոյան, Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի քաղաքական խորհրդում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև դաշնակցության դիրքորոշմանը` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված։ Ըստ էության, դաշնակցությանը մեղադրեց նրանում, որ ՀՅԴ-ն իր քայլերով իրականում ոչ թե նոր ընդդիմություն ձևավորեց ընդդեմ իշխանության, այլ նպաստեց իշխանության դիրքերի ամրապնդմանը։ Ձեր մեկնաբանությունը։
-Ի տարբերություն Հայ ազգային կոնգրեսի և Լևոն Տեր-Պետրոսյանի, մենք խնդիր չենք դրել հատուկ նպատակային ձևով թուլացնելու իշխանության դիրքերը։ Դաշնակցության նպատակն այն է, որ ինչպես ղարաբաղյան, այնպես էլ հայ-թուրքական բանակցային գործընթացում Հայաստանը կարողանա չզիջել իր դիրքերը և առանց կորուստների դուրս գալ այդ պրոցեսից։ Եթե իշխանությունն օգտվել է դրանից, իր գործն է։ Մեր նպատակն է տեսակետ արտահայտել ու հասնել նրան, որ հայ-թուրքական արձանագրությունները, ի վերջո, ձախողվեն։ Ցավոք, հակառակ մեր ջանքերի, առաջին հանգրվանում չհաջողվեց դա անել, իշխանությունները ստորագրեցին արձանագրությունները։ Բայց առջևում այլ հանգրվաններ կան։
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ապա նրա հնչեցրած որակումները հետևանք են այն բանի, որ ՀԱԿ-ը, նոր ընդդիմադիր ձևաչափի ի հայտ գալուց հետո, կորցրեց ընդդիմության մենաշնորհը և այսօր առանձնակի ազդեցություն չունի Հայաստանի քաղաքական օրակարգի ձևավորման վրա։ Թերևս նրանց թվում է, թե դաշնակցությունն է իրենց զրկել այդ մենաշնորհից։
-Այնուամենայնիվ, դա հազիվ թե սոսկ քաղաքական խանդի դրսևորում էր։ Տեր-Պետրոսյանը եղել և մնում է Ձեր գաղափարական հակառակորդը և վերջին ելույթում էլ քննադատեց, իր բնորոշմամբ, հայդատականությունը։
-Ամենից առաջ ես այդպիսի բնորոշմանը համաձայն չեմ։ Իսկ քաղաքական խանդի դրսևորում իրականում կա։ Միաժամանակ այդ ելույթում Տեր-Պետրոսյանը հակասում էր ինքն իրեն։ Նախկինում նա հայտարարում էր, որ պետք է լեզու գտնել Թուրքիայի հետ` պարզապես չանդրադառնալով այն հարցերին, որոնք այսօր լուծում չունեն։ Մինչդեռ մենք հստակ արձանագրել ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք էր առաջնորդվել միջազգային պրակտիկայում ընդունված դիվանագիտական ընթացակարգի կիրառմամբ և վերջ։ Այդ կապակցությամբ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ նման ձևով Թուրքիան չի համաձայնի հարաբերություններ հաստատել։ Այսինքն, փաստորեն, հանդես էր գալիս թուրքական պայմանները բավարարելու օգտին։
-Նա էլ, ինչպես դաշնակցությունը, պնդում է, որ պատմաբանների ենթահանձնաժողով ձևավորելն անընդունելի է։ Բայց արձանագրությունների այդ կետն է միայն, որին նա դեմ է։ ՀՅԴ-ն միաժամանակ նշում էր այլ անընդունելի կետեր, ինչպես սահմանի փոխադարձ ճանաչումը և այլն։
-Մեկ բան ճշտենք. մինչ Հայաստանի նախագահի հոկտեմբերի 10-ի ելույթը` արձանագրությունների բովանդակությունների կապակցությամբ եղել են տարաբնույթ մեկնաբանություններ, սակայն հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը հանդես եկավ դիմումով և հայտարարեց, որ Հայաստանն արձանագրությունները դիտարկում է ոչ թե այն տեսանկյունից, որ դրանով ճանաչվում է հայ-թուրքական գործող սահմանը, այլ որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանային խնդիր կա։ Այս շեշտադրումից հետո, կարծում եմ, ավելորդ է այլ մեկնաբանություններ անելը, գոնե, քաղաքական դաշտում հանդես եկող ուժերի կողմից։
-Սակայն այդ մեկնաբանությունները կան թուրքական կողմից։
-Այո, և դա պրոբլեմ է։ Դրա համար էլ կարծում ենք, որ արձանագրությունները չպետք է վավերացվեն։ Որովհետև բացարձակապես անտրամաբանական է վավերացնել մի փաստաթուղթ, որը ստորագրող կողմերը միանգամայն հակադիր դիրքերից են մեկնաբանում։ Այսինքն, նույն բանը կարդալով, տարբեր բաներ են հասկանում։ Մեր կարծիքով` այսպիսի պայմաններում արձանագրությունների վավերացումը բացարձակապես նպատակահարմար չէ, որովհետև դրանով Հայաստանը ներքաշվելու է անընդհատ շարունակվող բանավեճի մեջ` այդ բանավեճում Թուրքիային տալով տարաբնույթ հնարավորություններ ու չշահելով ոչինչ։
-Անցած ժամանակահատվածում Թուրքիան ակնհայտորեն ցույց տվեց, որ արձանագրությունների վավերացումը պայմանավորում է ղարաբաղյան հարցի կարգավորմամբ։ Դաշնակցության կանխատեսումն այս մասով, կարծես թե, իրականացավ։
-Կարծում եմ` արձանագրությունների տեքստերը պատրաստ էին արդեն այս տարվա մարտ ամսին, և պատահական չէ, որ Թուրքիան հենց այդ պահից սկսեց շեշտադրումներ անել Ղարաբաղի առնչությամբ։ Այդ ժամանակ արդեն Հայաստանը պետք է հայտարարեր, որ խաղի կանոնները փոխվում են, ինչը մեզ համար անընդունելի է, և չմասնակցեր հետագա գործընթացին։ Նկատի ունեմ ապրիլի 22-23-ի հայտարարության ստորագրումը, հետո արդեն արձանագրությունների նախաստորագրումն ու ստորագրումը։ Դեռևս ԱՄՆ-ի նախագահ Օբամայի Թուրքիա կատարած այցից մեկ օր առաջ Էրդողանը Լոնդոնում հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է լինելու «ադրբեջանական հողերի հետ վերադարձով»։
Այժմ, երբ մեր իշխանություններն ասում են, թե նման բան չկա, մենք չենք կարողանում հասկացնել, որ եթե արձանագրություններում Ղարաբաղի հարցն ուղղակիորեն ամրագրված չէ, և կան միայն անուղղակի հղումներ, դա չի նշանակում, որ այդ նախապայմանը Թուրքիայի կողմից վերացված է։ Թուրքական կողմն ամիսներ շարունակ կրկնում է, որ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրենց պատկերացրած առաջընթացը չլինի, արձանագրությունները չեն վավերացվի, սահմանները չեն բացվի։ Գործընթացը շարունակելով` մենք ակամայից համաձայնում ենք նրանց նախապայմաններին։ Դրա համար էլ դաշնակցությունը պնդում է, որ արձանագրությունների վավերացումը մերժելով` գործընթացը պետք է դադարեցնել ու վերջ։
-Այդ դեպքում ինչո՞ւ ՀՅԴ-ն և 12-ի ձևաչափում ընդգրկված մյուս ուժերը, երկու-երեք ակտիվ ակցիաներից հետո մի կողմ քաշվեցին։ Դա են մատնանշում նաև ՀԱԿ-ի ձեր ընդդիմախոսները, որ դաշնակցությունը հույսը դրել է այն բանի վրա, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները, և դրանով ամեն ինչ կվերջանա։
-Մենք երբևէ չենք ժխտել, որ Թուրքիան կարող է չվավերացնել, բայց երբեք մեր հույսը դրա հետ չենք կապել։ Պարզապես մեր աշխատանքները կենտրոնացված են հատկապես մարզերում բնակչությանն այս ողջ գործընթացին տեղյակ պահելու ուղղությամբ, որովհետև որոշակի լրատվական շրջափակման պատճառով ժողովուրդը պարզապես չգիտի` ինչ է կատարվել։ Մեր խնդիրը հասարակության վատ տեղեկացված այդ հատվածին ակտիվացնելն է։ Ինչ վերաբերում է ակտիվ գործողություններին, ապա դրանք պիտի համապատասխանեն ընդհանուր գործընթացի տրամաբանությանը։ Մինչդեռ արձանագրությունները նույնիսկ Սահմանադրական դատարան չեն ներկայացվել։ Մեր խնդիրն է մինչև այդ փուլն աշխատել հանրության և խորհրդարանի պատգամավորների հետ` համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար։ Երբ Հայաստանում վավերացման կոնկրետ գործընթաց սկսվի, այն ժամանակ էլ, անկասկած, կդիմենք կոնկրետ ու ակտիվ գործողությունների։
-Խոսքի ենթատեքստից կարելի է ենթադրել, որ Դուք, ամեն դեպքում, վստահ եք` Հայաստանը Թուրքիայից առաջ երբեք չի վավերացնի արձանագրությունները։
-Այդ դիրքորոշումը մեզ համար առհասարակ ընդունելի չէ։ Այսինքն, սպասել, մինչև նրանք վավերացնեն կամ ոչ, ու հետո գործել համարժեք ձևով։ Մենք պետք է առհասարակ մերժենք։ Հակառակ դեպքում, եթե առաջնորդվենք այդ սպասողական մարտավարությամբ, Թուրքիան վավերացման գործընթացը կարող է տարիներով ձգել։
-Եվ առհասարակ չվավերացնե՞լ։
-Իմ տպավորությամբ` Թուրքիան, իսկապես, չի վավերացնի, մինչև Ղարաբաղի հարցում իրենց ուզած «առաջընթացը» չլինի։ Դրա նվազագույն նախադրյալն իրենք համարում են այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ պաշտոնական համաձայնություն կայացվի։ Բայց եթե դատենք վերջին ժամանակներս Հայաստան այցելած թուրք հասարակության ներկայացուցիչների տեսակետներից, Անկարայում միայն թղթի ստորագրում չեն սպասում, այլ նաև կոնկրետ քայլեր։ Սակայն դա մինչ եկող տարվա կեսերը տեղի չի ունենա։ 2010-ի երկրորդ կեսից Թուրքիան մտնելու է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի փուլ, իսկ ընտրությունները տեղի են ունենալու 2011-ի կեսերին։ Այդ պայմաններում նրանք չեն գնա Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման։
Այլ բան է, որ հաջորդ տարվա փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին կփորձեն որոշակի իմիտացիա ստեղծել և աշխարհին, հատկապես ԱՄՆ-ին ցույց տալ, թե գործընթացը կանգ չի առել ու շարունակվում է։ Դրա հնարավորությունները կան, որովհետև վավերացման գործընթացն իրենց մոտ չի էլ սկսվել, Դավուդօղլուն Թուրքիայի խորհրդարանում միայն ներկայացրել է հարցը, իսկ դա հիմնական քննարկումների նախերգանքն էր միայն։
-Այսինքն, մինչև արձանագրությունները մտնեն խորհրդարան, Թուրքիան դարձյալ ժամանա՞կ կձգի։
-Իհարկե։ Մինչև խորհրդարանի օրակարգ մտնելը հարցը դեռ պիտի քննարկվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որը պետք է եզրակացություն տա, և հետո միայն առաջանա օրակարգում ընդգրկել-չընդգրկելու հարցը։ Թուրքիան միջպետական և միջազգային փաստաթղթեր չվավերացնելու մեծ «փորձ» ունի։ Պայմանագրեր ու արձանագրություններ կան, որոնք ստորագրվել են 20 տարի առաջ ու առայսօր չեն վավերացվել։ Անգամ Ադրբեջանի և Սիրիայի հետ կնքված փաստաթղթեր կան, որոնք առայսօր չեն ներկայացվել վավերացման, թեպետ այդ պետությունների հետ Թուրքիայի հարաբերությունները միանգամայն նորմալ են, նույնիսկ` բարեկամական։ Առավելագույնը, ինչ կարող է լինել, կարծում եմ, այն է, որ հաջորդ տարվա ապրիլի 24-ի շեմին նրա հարցը կմտցնեն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, ո՛չ ավելին։
-Սակայն ԱՄՆ-ի Սենատում արդեն իսկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև կա, և Վաշինգտոնը կարող է դրա միջոցով ճնշում գործադրել Անկարայի վրա ու արագացնել վավերացումը։
-Սենատում մինչ այժմ այդպիսի բանաձև չկար, կար ԱՄՆ-ի Կոնգրեսում, այսինքն` Ներկայացուցիչների պալատում։ Սենատում ի հայտ եկած նախաձեռնությունը, սակայն, պետք չէ վերագրել Սպիտակ տանը։ Նախագահի վարչակազմը կարիք չուներ այդպիսի բանաձևի, եթե իրենք Թուրքիայի վրա ճնշում գործադրել ցանկանային, միանգամից օրակարգ կմտներ ու քննարկման կդրվեր Կոնգրեսում առկա բանաձևը։ Ի վերջո, կա ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագահ Օբամայի խոստումը, և դա էլ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց է։ Իսկ Սենատում հայտնված բանաձևը հակառակ նպատակն ունի` Սպիտակ տան վրա ճնշում գործադրել։
-Ասել է թե` դա հայկական լոբբիի աշխատանքի արդյո՞ւնքն է։
-Այսպես պատասխանեմ. առանց այդ կառույցների մասնակցության սենատոր Մենենդեսը չէր դիմի այդ բանաձևը Սենատում ներկայացնելու քայլին, և նրան չէին աջակցի այլ սենատորներ ևս։
-Բայց Սպիտակ տունը, ցանկության դեպքում, դա կարող է օգտագործել Թուրքիայի դեմ։
-Մեծ ցանկության դեպքում` այո։ Բայց Թուրքիան էլ իր գործողություններն է ձեռնարկում և ապրիլի 24-ի նախաշեմին դիվանագիտական հնարք պիտի բանեցնի ճանաչման հավանականությունն ի չիք դարձնելու համար։ Շատ բան կախված է լինելու սփյուռքի և Հայաստանի կեցվածքից։ Անցած տարի Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը հասան ԱՄՆ և խնդիրն այնպես ներկայացրին, որ եթե Ցեղասպանությունը ճանաչվի, դա կխոչընդոտի արդեն սկսված հայ-թուրքական երկխոսությունը։ Հայաստանն այնքան երկչոտ ու անուղղակի արձագանքեց այդ ամենին, որ դրանով նպաստեց այդ տպավորության ձևավորմանը։ Բայց հաջորդ տարի եղեռնի 95-ամյակն է, սփյուռքը, ինչպես նախկինում, վճռական է իր պայքարում, և եթե Հայաստանն անհրաժեշտ ձևով դիրքորոշում արտահայտի, ապա շատ բան կարող է փոխվել։
-Իսկ եթե Թուրքիան ձիով քայլ անի ու մինչև ապրիլի 24-ը վավերացնի՞ արձանագրությունները։
-Չեմ կարծում։ Նրանք, անշուշտ, հնարավոր ամեն բան կանեն ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափելու համար, բայց ո՛չ արձանագրությունները վավերացնելու ճանապարհով, որովհետև Ղարաբաղի հարցում իրենց ցանկացած առաջընթացն այդ ընթացքում հնարավոր չի լինի ապահովել։
-Կարծում եք` Ադրբեջանը կշարունակի ճնշո՞ւմ գործադրել Թուրքիայի վրա։ Եվ որքանո՞վ է այդ ճնշումը իսկապես լուրջ։
-Այդ ճնշումը կա, և այն ունի որոշակի ազդեցություն։ Բայց պատճառը միայն դա չէ։ Անցած տարի Թուրքիան արձագանքեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի նախագահի առաջարկությանը, որովհետև 2008-ի օգոստոսին տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմը։ Եթե դա չլիներ, խիստ կասկածելի է, որ սեպտեմբերին Գյուլը գար Հայաստան։ Սակայն օգոստոսի իրադարձությունների արդյունքում տարածաշրջանային իրավիճակը փոխվել էր։ Թուրքիան, ձգտելով մեծացնել իր դերակատարությունը տարածաշրջանում, հանդես եկավ Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմի հայտնի նախաձեռնությամբ, ինչը նույնիսկ լրջորեն քննարկել հնարավոր չէ, եթե Թուրքիան տարածաշրջանի պետություններից մեկի` Հայաստանի հետ չունի նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ։ Դա էր հիմնական պատճառը, որ դրդեց թուրքական կողմին գնալու այդ քայլին, որովհետև այդ փուլում Հայաստանի հետ շփումների հաստատումն իսկապես կարևոր էր Թուրքիայի համար։
Սակայն այս տարվա մարտին իրավիճակը փոխվեց։ Տեղական ընտրություններում Էրդողանի կուսակցությունը ստացավ ավելի քիչ ձայներ, քան 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Արդեն իսկ առկա էր Ադրբեջանի դժգոհությունը, որովհետև Բաքվում, թերևս, տեղեկացված էին, որ հայ-թուրքական արձանագրություններում Ղարաբաղի հետ կապված ուղղակի պահանջ չի լինելու։ Միաժամանակ նախագահ Օբաման հայտարարեց Իրաքից ամերիկյան զորքերն աստիճանաբար դուրս բերելու իր մտադրության մասին, ինչը նշանակում է իրաքյան Քրդստանին առնվազն կիսաանկախ, եթե ոչ լիովին անկախ կարգավիճակի շնորհում։ Թուրքիայում կրկին արդիականացավ քրդական խնդիրը, ինչն առայսօր, թերևս, թիվ մեկ հարցն է այս երկրի քաղաքական օրակարգում։ Այդ իրավիճակում Էրդողանը խոստացավ բանակի ղեկավարությանը, որն ամենալուրջ ընդդիմությունն է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման, որ արձանագրություններն առանց Ղարաբաղի հարցի կարգավորման չեն վավերացվի, եթե անգամ ստորագրվեն։
-Տպավորություն չունե՞ք, որ Բաքուն ու Անկարան շատ հմուտ են խաղում ադրբեջանական դժգոհությունների դրսևորման այդ խաղը։
-Չեմ կարծում, թե նրանց մեջ ամեն ինչ համաձայնեցված է։ Իհարկե, Անկարա ասելով պետք չէ հասկանալ միայն Էրդողանին ու նրա կուսակցությունը։ Բանակը նույնպես ազդեցիկ պետական կառույց է Թուրքիայում և բացահայտորեն հուշում է Ադրբեջանին, թե ինչ պետք է անել։ Բանակն է, որ կառավարությունից երաշխիք պոկեց, թե արձանագրությունները, առանց ղարաբաղյան հարցի ադրբեջանանպաստ լուծման, չեն վավերացվի։ Դրա համար էլ Էրդողանն արդեն հարյուր անգամ հայտարարել է, թե սահմանի փակումը 1993-ին հայկական ուժերի կողմից «ադրբեջանական տարածքների գրավման» հետևանք էր, և ամեն անգամ արձանագրում է` պատճառը վերացրեք, հետևանքը կվերանա։ Իհարկե, այդ պարագայում նրանք չեն ուզում «նկատել», թե ինչ էր անում Ադրբեջանը մինչև 1993-ը։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ