Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ԻՆՁ ՊԵՏՔ ԵՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ, ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԴԻԿ, ԱՆԿԱԽ ԻՐԵՆՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ»

«ԻՆՁ ՊԵՏՔ ԵՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ, ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԴԻԿ, ԱՆԿԱԽ ԻՐԵՆՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ»
24.11.2009 | 00:00

Վերջին շրջանում ՀՀ կրթության և գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ նոր ծառայողական «ջիպը» բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Ճգնաժամային պայմաններում նոր մեքենայի ձեռքբերումը համարվեց ավելորդ ճոխություն։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք, թե ինչու այս սուղ պայմաններում որոշեց ճապոնական Nissan-ը փոխարինել գերմանական Volkswagen-ով։
-Իրականությունը շատ ավելի պրոզայիկ է, քան լուրի մատուցման այն ձևը, որ ընտրել էին որոշ մարդիկ,- ասաց Արմեն Աշոտյանը։- Առհասարակ կյանքում բարեկեցության և վայելքների մոլուցք չունեմ։ Ինձ լավ ճանաչողները, կենցաղային մակարդակից սկսած, քաղաքական շրջանակներով ավարտած, գիտեն, որ որևէ գեդոնիստական արտահայտում չեմ ունեցել և չունեմ առայսօր։ Խնդիրն այն էր, որ ծառայողական նախկին մեքենան բավականին անսարք վիճակում էր, և մի քանի ամիս շահագործելուց հետո (շահագործումը զուգորդված էր տեխնիկական և այլ տիպի պրոբլեմներով) այն փոխելու խնդիր ծագեց։ Բնական է՝ պետական բյուջեով նման միջոցներ նախատեսված չեն, և համապատասխան բեռ դնել պետական միջոցներով մեքենա գնելու վրա՝ շատ լավ հասկանալով, որ այն տարին չէ, որ պետությունը հոգա նորանշանակ նախարարի մեքենայի փոփոխության խնդիրը, ես, խորհրդակցելով նախարարության իմ գործընկերների հետ, տեսա, որ նախարարության կազմում կան շահույթով աշխատող կառույցներ, որոնք կարող են այդ խնդրի լուծման հարցում աջակցել, և մենք կանգ առանք կրթության ազգային ինստիտուտի վրա, որը, բոլոր համապատասխան մրցութային ընթացակարգերն անցնելով, գնեց այդ մեքենան։ Այն այժմ էլ պատկանում է կրթության ազգային ինստիտուտին և ընդամենը տրված է նախարարությանը ժամանակավոր անհատույց օգտագործման։ Ես զարմանում եմ, երբ լրատվամիջոցները, որոնց հետ երկար տարիներ աշխատել եմ, փորձում են ինձ մեղադրել նման տեսանկյունից։ Ես երբեք նման կենցաղային նկրտումներում ինքնադրսևորվելու տեղ չեմ որոնել, միշտ ինքս ինձ դրսևորել եմ այլ ասպարեզներում և ոչ թե նյութականացված, առավել ևս շարժական միջոց համարվող մեքենաների պարագայում։
Ինչո՞ւ ջիպ։ Հաշվի են առնվել մի քանի հանգամանքներ. ամենակարևորը, որ բավականին ծանր աշխատանք է սպասվում շուրջ տարին, և այն մեքենան, որ գոյություն ուներ, իրականում անմխիթար վիճակում էր, և հինգ այցելությունները մարզեր, որ ես արեցի միասնական քննությունների ընթացքում, ցույց տվեցին, որ աշխատանքի բերումով հնարավոր չի լինելու արագ ու արդյունավետ ներկայանալ։ Եվ ընտրեցինք մեքենա, որ կարող է Հայաստանի պայմաններում հասնել անգամ ամենահեռավոր գյուղը։ Աշխատանքային պահանջարկից ելնելով՝ այդ փոխադրամիջոցը ծառայում է իր նպատակին, ուրիշ ոչինչ։ Մեքենան գնվել է սեպտեմբերին, իսկ լուրն ի հայտ է եկել այժմ։ Ձեռքբերման գործընթացում, պատկանելության հարցում որևէ խնդիր չկա։ Առավել ևս ՀՀ Վերահսկիչ պալատն այժմ ստուգումներ է անցկացնում կրթության և գիտության նախարարությունում, կրթության ազգային ինստիտուտում, և եթե ընթացակարգի ու օրենքի հետ կապված խնդիրներ լինեն, թող իրենք բարձրաձայնեն։ Ինքս մեկնաբանություններ անելու ցանկություն չունեմ։ Ավելին ասեմ, իմ ծանոթ գործարարները, ժամանակին տեսնելով նախկին ծառայողական մեքենայի ծանր վիճակը, առաջարկել էին իրենց օգնությունը, բայց հաշվի առնելով, որ այն խիստ բացասական մեկնաբանությունների կարժանանա մամուլում, որոշեցի հրաժարվել։
-Դուք նշեցիք, որ մեքենան գնվել է սեպտեմբերին, սակայն աղմուկը բարձրացվել է այժմ։ Այս ամենի դրդապատճառը ո՞րն է։
-Այս պահին հայտնվելն ինձ համար պատահական չէր։ Սա ուղղորդված երևույթի չար մեկնաբանություն է։ Ես վստահ եմ, որ այդ խնդիրը որևէ կերպ չի անդրադառնա նախարարության և անձամբ իմ աշխատանքների վրա։ Թեև անկեղծ խոստովանեմ, որ ինձ նյարդայնացնում են ոչ թե հրապարակումները, այլ այն փաստը, որ որոշ մարդիկ ինձ հետ իրենց խնդիրները չլուծելու պարագայում փորձել են այդ տեսակի հաթաթաներ տալ լրատվամիջոցներով։
-Ո՞ր մարդիկ։
-Դժվար չէ կռահել։ Դուք կարող եք հետևել նախարարության աշխատանքներին, և հին հռոմեացիների՝ դատավարությունների ժամանակ հնչող առաջին իսկ «ո՞ւմ է դա ձեռնտու» հարցի պատասխանն ինքներդ կգտնեք։ Այլ մեկնաբանություններ ես չեմ անելու, բայց պետք է ասեմ, որ և՛ նախարարության աշխատանքի հետ կապված փոփոխությունները, և՛ նախարարությունից դուրս մեզ վերապահված ոլորտներում որոշ հարցերում իմ անձնական խիստ դիրքորոշումները, որոնք շաղկապված են երկրի իմիջի, պատվի, մեր դիպլոմների և այլնի հետ, բերում են նման արտահայտությունների։
-Պարոն Աշոտյան, վերջին տարիներին իրար հաջորդած կրթության և գիտության բոլոր նախարարներն էլ հատկապես շեշտում են ապաքաղաքական կրթության ոլորտ ունենալու անհրաժեշտությունը, միաժամանակ, սակայն, իրենց քաղաքական թիմը ներգրավելով ոլորտի բոլոր կառույցներում։ Նման ոճ ժամանակին որդեգրել էր ՕԵԿ-ը, այնուհետև՝ ՀՅԴ-ն։ Այժմ նույն մեղադրանքները (ոլորտը հանրապետականացնելու) հնչում են Ձեր հասցեին։
-Զարմանալի է, որ ժամանակին նման գործելաոճ ունեցող քաղաքական ուժերը փորձում են ինձ մեղադրել նույն բանի համար։ Բնական է, յուրաքանչյուր մարդ գալիս է աշխատանքի իր թիմով։ Եվ զավեշտալի կլինի իրավիճակը, երբ թիմը, կոլեկտիվը շահագրգռված չլինեն իրենց ղեկավարի հաջողության հարցում։ Այդ ղեկավարն արդյունավետ աշխատել չի կարող։ Եվ այստեղ քաղաքականացման որևէ խնդիր չեմ տեսնում։ Իհարկե, կան հանրապետականներ, ովքեր նշանակվել են խորհրդականներ, կան նաև անկուսակցականներ, դաշնակցականներ կամ ՕԵԿ անդամներ, ովքեր մնացել են ու մնալու են աշխատելու։ Այդ զավեշտներին վերջ տալու համար տարրական մի քանի օրինակ բերեմ։ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարը՝ Սերգեյ Մինասյանը, պատկառելի մարդ, դաշնակցության անդամ, վերջերս ատեստավորվում էր, և նա շարունակելու է պաշտոնավարել։ Կրթության պետական տեսչության պետը՝ Խաչիկ Մուրադյանը, կարկառուն դաշնակցական է, երկար ժամանակ տեսչության պետ է, ատեստավորվել է և մնում է իր աշխատանքին։ Այսինքն՝ խնդիրը պրոֆեսիոնալիզմն է։ Մի բան է ինձ հարկավոր իմ կոլեկտիվի աշխատանքից՝ արդյունավետություն։ Ես իմ ձևով եմ պատկերացնում, թե ինչպես դա պետք է կազմակերպել։ Այն, որ տարիներ շարունակ այստեղ կուտակվել են խնդիրներ նաև կառավարչական տեսակետից, աներկբա է, դա տեսանելի է բոլորին։ Ոչ թե Աշոտյանն է եկել ու ի հայտ բերել պրոբլեմները, այլ դրանք կուտակվել են, տեսանելի դարձել, քարկոծվել են, տպագրվել մամուլում, մեր նախարարությունը միշտ մեղադրվել է իներտության և հնարավոր այլ վարչական մեղքերի մեջ, բայց, այդուհանդերձ, այժմ դրված է մենեջմենթի որակի բարձրացման խնդիր։ Եթե ես, որպես նախարար, պահանջում եմ՝ դպրոցի կառավարումն ավելի որակյալ լինի, չեմ կարող նույն մոտեցումը չցուցաբերել նախարարությունում։ Ինձ պետք են պրոֆեսիոնալ, աշխատանքին նվիրված մարդիկ, անկախ իրենց քաղաքական պատկանելությունից։ Եվ ես աշխատել ու աշխատելու եմ, անկախ քաղաքական հայացքներից, կրթության ոլորտի բոլոր այն պրոֆեսիոնալների հետ, ովքեր կարող են ինձ օգնել մեր առջև դրված խնդիրները լուծելու հարցում։ Ես բացարձակապես խնդիր չեմ դնում հանրապետականացնելու ոլորտը։ ՀՀԿ-ին հարիր չէ վարչական լծակի շնորհիվ կուսակցական անդամների թիվն ավելացնելը։ Մեր կուսակցությունն իր քաղաքական կշիռը Հայաստանի քաղաքական բեմահարթակում պահպանելու համար դրա կարիքը չունի։
(շարունակությունը` հաջորդիվ)
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ