Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԽՈԶԱԳՐԻՊԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԴԵՂԱՄԻՋՈՑՆ է

ԽՈԶԱԳՐԻՊԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԴԵՂԱՄԻՋՈՑՆ է
20.11.2009 | 00:00

Խոզագրիպի խուճապը, կարծես թե, մուտք է գործել նաև Հայաստան։ Սակայն որքան էլ պատկան կառույցների ղեկավարները, մասնագետները փորձում են հիմնավորել, թե խուճապի մատնվելու պատճառներ չկան, միևնույն է, բնակչությունը գնալով ուռճացնում է խնդիրը։ Եվ քանի որ Հայաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է, պարբերաբար մասնակցում է խոզագրիպի դեմ պայքարի միջազգային խորհրդաժողովներին։ Ըստ ԱՀԿ-ի հակահամաճարակային ծրագրի մասնակիցների` խնդրի վերաբերյալ հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունենում։ Սակայն արդյոք այս ամբողջ իրարանցումը մտացածին չէ՞։ Թեմայի շուրջ զրուցում ենք ԱՀԿ-ի հակահամաճարակային ծրագրերի մասնակից, «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն ԱՐԹՈՒՐ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ հետ։
-Այս ամբողջ իրարանցման նպատակն է հնարավորինս կանխարգելել վարակի տարածումը, միջոցներ ձեռնարկել հիվանդության զարգացումը կանխելու ուղղությամբ,- ասաց պարոն Ռոստոմյանը։- Ինչ վերաբերում է խոզագրիպից մահացության վիճակագրությանը, ապա այն շատ չի տարբերվում սեզոնային գրիպից մահացության ցուցանիշներից։ Որոշ դեպքերում նույնիսկ սեզոնային գրիպի մահացության ցուցանիշն ավելի բարձր է։ Կարծում եմ, սեզոնային գրիպից խոզագրիպի միակ տարբերությունն այն է, որ շատ արագ է մուտացիայի ենթարկվում, ինչը կարող է անդրադառնալ պատվաստումների արդյունավետության վրա։ Սեզոնային գրիպի դեմ համապատասխան պատվաստուկ վաղուց կա, իսկ խոզագրիպի դեպքում չի բացառվում, որ վարակի տարածման դեպքում պատվաստուկը քիչ արդյունավետ լինի։
-Բազմաթիվ երկրներ օգտագործում են խոզագրիպի հակավիրուսային պատվաստուկը, սակայն արդյունավետությունը մեծ չէ։ Կա՞ երաշխիք, որ պատվաստուկը բարձր արդյունավետություն կունենա հենց Հայաստանում, և ո՞րն է դրա բացասական ազդեցությունը։
-Առաջին հերթին պետք է ընդգծեմ, որ պատվաստուկը վարակի տարածումից հետո շատ հապճեպ է ստացվել։ Բացի դա, քանի որ պատվաստուկի արտադրությամբ զբաղվում են մի քանի հզոր դեղագործական ընկերություններ, ապա, ըստ ծագման, դրանք կարող են որակապես տարբերվել։ ԱՀԿ-ի բաշխման համաձայն, մեր տարածաշրջանը կցված է ռուսական դեղագործական կազմակերպություններին։ Սակայն պետք է նկատեմ, որ, ի տարբերություն այլ երկրների, ռուսական կողմն ավելի ուշ արձագանքեց պատվաստուկի արտադրության խնդրին։ Ինչ վերաբերում է պատվաստուկի ազդեցությանը, մենք համապատասխան ուսումնասիրության արդյունքներ չունենք։ Դրա համար ժամանակ է պահանջվում։ Անհրաժեշտ են հաստատված տվյալներ, թե ինչպիսի բարդություններ են հնարավոր։ Հակավիրուսային պատվաստուկը, բացի բուժական խնդրից, ունի նաև չհաշվարկված ֆինանսական կողմ։ Եթե հաշվարկենք միայն ռիսկի խմբում (բուժծառայության սպասարկման ոլորտի աշխատակիցներ, երեխաներ, հղիներ) ընդգրկված մարդկանց թիվը, ապա այն մեծ է, և միայն այդ խմբին պատվաստուկով ապահովելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական ներդրումներ։ Ինչ խոսք, եթե հիվանդության գագաթնակետը մեզ մոտ գրանցվի դեկտեմբերին, ապա հունվարին ստացվող վակցինան բարձր արդյունավետություն չի ունենա։ Բոլոր դեպքերում, դրանք նուրբ հարցեր են, և առողջապահության նախարարությունը զբաղվում է դրանցով։ Համոզված եմ` որ, ելնելով այլ երկրների փորձից, մեզանում ճիշտ մոտեցում կկիրառվի։
-Բոլոր դեպքերում, ինչպիսի՞ն են համաշխարհային տվյալները պատվաստուկի արդյունավետության առումով։ Պատվաստված և չպատվաստված հիվանդների միջև տարբերություն կա՞։
-Տարբերության մասին դժվար է խոսել, քանի որ նման դեպքերում վիճակագրությունը հստակ թվեր չի տրամադրում։ Պատճառն այն է, որ շատ հիվանդներ բուժվում են տնային պայմաններում, շատերի մոտ էլ հիվանդությունը թեթև ձևով է ընթանում։ Բնականաբար, նման դեպքերը չեն կարող գրանցվել։ Շատ երկրներ առաջնորդվում են անգլիական վիճակագրության հաշվարկներով, որը բնակչության ընդհանուր թվի մեջ ճշտում է, թե քանի տոկոսն է ստացել ստացիոնար բուժում, քանի տոկոսն է ինտենսիվ թերապիա անցել, և քանի տոկոսը պետք է բուժվի։ Վերը նշված հաշվարկի համաձայն` վարակվում է բնակչության 30-40 տոկոսը, իսկ գանգատներ ունեցող 100 հազարից ընդամենը 80-ը կարիք ունեն ստացիոնար բուժման, որոնցից 10-ը բուժվում են ինտենսիվ թերապիայի միջոցով։ Մենք դեղորայքի պաշարների, մահճակալների քանակի հաշվարկներն արել ենք` հիմք ընդունելով այս վիճակագրությունը։ Ձևավորվել են նաև առանձին մեկուսացված բաժանմունքներ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնին, այլև բոլոր բուժկլինիկաներին։
-Երբ հայտարարվեց խոզագրիպի երեք կասկածելի դեպքերի մասին, հակագրիպային դեղամիջոցների գինը կտրուկ բարձրացավ, և այս պահին Հայաստանում խուճապ կա։
-Չարդարացված խուճապ է։ Հիշում եմ` 1988-ին, երբ գրիպի նույն վիրուսը ներթափանցել էր Հայաստան, դեղամիջոցների գինը ևս կտրուկ բարձրացել էր։ Ի վերջո, «Տամիֆլյու» դեղամիջոցը խոզագրիպի նկատմամբ գործուն է, սակայն կանխարգելիչ միջոց չէ։
-Վիճակագրությունը փաստում է, որ խոզագրիպից մահացության ցուցանիշը որոշ դեպքերում նույնիսկ ավելի ցածր է սեզոնային գրիպի ցուցանիշից։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ հիվանդության վտանգը մտացածին է, ինչը բխում է որոշ երկրների տնտեսական շահերից։
-Առաջինը` խոզագրիպի համաճարակ աշխարհի մասշտաբով իսկապես առկա է։ Այլ բան է, որ շատ կազմակերպություններ օգտվում են դրանից, այսինքն, ոչ թե իրենք են «ստեղծել» այդ հիվանդությունը` փող աշխատելու համար, այլ իրավիճակից օգտվելու առիթը բաց չեն թողնում։ Եթե որևէ ապրանքի պահանջարկը մեծանում է, տեղի է ունենում գնաճ. սա առևտրի սկզբունքն է։ Դեղագործության և դեղարտադրության ոլորտը, այդ առումով, բացառություն չէ։ Սակայն կարևորն այն է, որ մեր բնակչությունը խուճապի չմատնվի և ապրի բնականոն կյանքով։ Ի դեպ, պետք է ընդգծեմ, որ պետության կողմից իրականացվող բոլոր քայլերը միտված են ոչ թե խուճապի խորացմանը, այլ հիվանդության կանխմանը։ Սոցիալ-տնտեսական առումով սա ռազմավարական նշանակություն ունի, քանզի պետության համար կարևոր է, որ մարդը հիվանդության պատճառով չբացակայի աշխատանքից, դասերից, մի խոսքով` ապրի լիարժեք կյանքով։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ