Սկսեմ այբուբենից: Չար ու բարի քննիչների պատմությունը հիշեք. մեկը ձեզնից դաժանորեն պահանջում է խոստովանություն, առանց այլևայլության հարվածում է ու հայհոյում, մյուսը ժպտուն ու սիրալիր հետաքրքրվում է ձեր տրամադրությամբ, եղանակից է խոսում, երաժշտությունից, ձեր սիրած ուտելիքից, հետո աննկատ անցնում է բուն նյութին ու ձեզ համոզում, թե ինչ սքանչելի հեռանկար կունենաք, եթե խոստովանեք: Երկուսն էլ ստում են, բայց ո՞ւմ կհավատաք, ո՞ւմ կվստահեք: Հարվածը, եթե ճիշտ են ֆիզիկայի օրենքները, համարժեք հակահարված է առաջացնում: Հորդորելը, խնդրելը, համոզելը ներգործում են ոչ միայն բանականության, այլև զգացումների վրա: Ի վերջո, ո՞վ մտրակը կնախընտրի քաղցրաբլիթից:
Փափուկ ուժը քաղաքական իշխանության ձև է, որ նպատակին կամ նախանշած արդյունքին հասնում է ինքնակամ մասնակցության, համակրանքի և գրավչության հիման վրա, հակառակ կոշտ ուժի, որ հարկադրանք է ենթադրում: Պետական կառավարման համակարգում, միջպետական հարաբերություններում փափուկ և կոշտ ուժերի համադրումը եղել է միշտ` տարբեր ձևակերպումներով, տարբեր դրսևորումներով, բայց միշտ նույն նպատակներով: Ժամանակը, մթնոլորտը, տեխնիկական հնարավորություններն են որոշարկել կոշտ, թե փափուկ ուժերի կիրառման նպատակահարմարությունը, երբեմն` համադրումը կամ հակադրումը: Փափուկ ուժի` soft power-ի մերժամանակյա ձևակերպման պատիվը վերագրվում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նային, որը Բիլ Քլինթոնի նախագահության օրոք եղել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար և Հետախուզության ազգային խորհրդի նախագահ: 1990 թ. նա «Կոչումով` առաջնորդ. ամերիկյան հզորության փոխվող բնույթը» գրքում առաջին անգամ ձևակերպել է soft power-ը իբրև քաղաքականություն: Տեսակետ կա, որ փափուկ ուժի օգտագործման կարևորությունն առաջինը նկատել են չինացիները. մ.թ.ա. 7-րդ դարում Լաո Ցզին փափուկ ուժի գաղափարը հանգեցրել է ջրին. «Աշխարհում չկա ոչինչ ջրից թույլ ու քնքուշ, բայց ջուրը կարող է ավերել ամենաամուր առարկան»: Փափուկ ուժի հայեցակարգի հեղինակությունը վերագրվում է նաև ՈՒիլյամ Ֆուլբրայտին, որ 30 տարի ԱՄՆ-ի Սենատում ներկայացնում էր Արկանզաս նահանգը և գլխավորում էր Սենատի արտասահմանյան գործերի կոմիտեն: Իր ելույթներում ու հրապարակումներում նա պնդում էր, որ քաղաքակրթությունն ավելի գրավիչ է դիվիզիաների ու հրթիռների քանակից: Իմա` soft power-ը երկրի ինտելեկտուալ, մշակութային, տեղեկատվական ներգործությունն է շրջապատի վրա, ի տարբերություն տնտեսական ու ռազմական հզորության դրսևորման: Փափուկ ուժի հիմքում մշակութային ու քաղաքական արժեքներն ու ինստիտուտներն են, որոնք կարող են ներգրավել ձեզ իրենց շրջագծում, ցանկանալ այն, ինչ ցանկանում եք դուք: Փափուկ ուժի դրսևորման օրինակներ են ժողովրդավարական ընտրությունները, բազմակուսակցականությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, բարերարությունը:
Մշակութային արժեքների թվում են երաժշտությունը, ֆիլմերը, լեզուն և գրականությունը: Ջոզեֆ Նայը կոշտ ուժ` hard power է համարում տնտեսական և ռազմական հզորությունը, իսկ soft power-ը բնութագրում է երեք հիմնական բաղադրիչներով` մշակույթ, քաղաքական գաղափարախոսություն, արտաքին քաղաքականություն: Մշակույթը և քաղաքական գաղափարախոսությունը ազգի պատմականորեն ձևավորված ժառանգությունն են, իսկ արտաքին քաղաքականությունը սուբյեկտիվ գործոն է, որ ղեկավարում է այդ պահին իշխող քաղաքական ուժը: Փափուկ ուժը ենթադրում է ոչ միայն ներգործություն, այլև գրավչություն, ուստի իբրև ռեսուրս օգտագործում է այն ամենը, ինչ ներշնչում ու գրավում է, վերահսկման և ցանկալի արդյունքին հասնելու հնարավորություն է տալիս: Երկու ուժերի համար էլ ընդհանրականը գործողության մյուս մասնակիցների վրա ունեցած ազդեցությամբ սեփական նպատակին հասնելն է, տարբերությունը միջոցներն են. hard power-ը ստիպում ու պարտադրում է (տնտեսական ռեսուրսների կամ ռազմական ուժի միջոցով), soft power-ի ազդեցությունը ձևավորվում է արտաքին քաղաքական ակցիաների մեխանիզմներով և առավել ընդգրկուն համագործակցությամբ` միասնական արժեքների հիմքի վրա: Փափուկ ուժը համեմատաբար անկախ է պետությունից ու կառավարությունից, իսկ կոշտ ուժը անմիջապես պետության ու կառավարության ենթակայության տակ է, ուստի փափուկ ուժը դժվար է ծրագրվում ու կառավարվում: Համաշխարհային քաղաքականությունը Ջոզեֆ Նայը համարում է «շախմատի խաղ եռաչափ տախտակի վրա»: Հաղթել հնարավոր է` հաջողության հասնելով հորիզոնական և ուղղահայաց հարթություններում: Գծակարգի երրորդ մասը դասական միջպետական հարաբերություններն են` ուժային հնարավորությունների հավասարակշռության հիմքի վրա: Այս երևակմամբ աշխարհը հեղինակին միաբևեռ է երևում: Միջին մակարդակը բնութագրվում է բազմաբևեռությամբ` միջպետական տնտեսական հարաբերություններով: Ստորին մակարդակում համաշխարհային քաղաքականության տրանսազգային տարրերն են ահաբեկչությունը, միջազգային հանցագործությունները, բնապահպանական սպառնալիքները: Տանուլ է տալիս նա, ով խաղում է միայն ավանդական միջպետական հարաբերությունների հարթության մեջ: Չի հաղթում և նա, ով խաղում է եռաչափ հարթության մեջ, բայց օգտագործում է ոչ համարժեք ռեսուրսներ ու միջոցներ: Ստորին հարթությունում հաղթելու համար հենց Ջոզեֆ Նայն անհրաժեշտ է համարում փափուկ ուժը:
Քանի որ soft power-ը համարվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ, Ռուսաստանում գերակայում է այդ ուժի քննադատությունը: Թեպետ փափուկ ուժն ընկալվում է իբրև մանիպուլյատիվ ներգործության միջոց, այնուամենայնիվ 2012 թվականից soft power-ը նաև ռուսական արտաքին քաղաքականության զինանոցում է պաշտոնապես: Ռուսաստանը փորձում է կիրառել միջազգային փորձը: Աշխատանքներն այս ուղղությամբ համակարգում է ԱՊՀ երկրների, արտասահմանում բնակվող հայրենակիցների գործերով և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալությունը` Կոնստանտին Կոսաչևի գլխավորությամբ: Գործակալությունը մշակել է ընդարձակ ծրագիր, որ ներառում է արտասահմանում ռուսական մշակույթի և գիտության կենտրոնների ցանցի բազմապատկում ¥հիմա գործում են 59 կենտրոններ, իսկ չինացիներն ունեն համարժեք 900 կենտրոններ¤, ռուսական բուհերում արտասահմանցի ուսանողների թվի մեծացում, ռուսերենի իմացության ընդլայնում, դեպի Ռուսաստան արտասահմանցիների տեղեկատվական ուղևորությունների կազմակերպում:
Այսքանով այբուբենն ավարտենք:
Ընդամենը մի քանի ամիս առաջ բոլորս ականատես էինք soft power-ի դրսևորմանը Րաֆֆի Հովհաննիսյանի կատարմամբ: Չկարևորենք արդյունքները, գնահատենք ընթացքը, որ իսկապես տպավորիչ էր` ձեռքսեղմումներ, կարկանդակներ, ժպիտներ, բարևներ, և` միայն: Բացարձակ հրաժարում որևէ ուժից, պահանջից (նույնիսկ քաղաքական), հարկադրանքից: Այնուհանդերձ, սա soft power-ի մասնակի դրսևորում էր: Փափուկ ուժի ներգործության գրեթե դասական օրինակ են դառնում հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ի մեծ օրակարգում պահելը: Չենք վավերացնում, քանի դեռ չի վավերացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, օրակարգից չենք հանում` միջազգային ասպարեզում հանդես գալով իբրև փոխհարաբերությունների հաստատման կառուցողական դիրքորոշման կողմնակից: Այսքանով Ջոզեֆ Նայը Հայաստանից հեռանում է, որովհետև իրականում Հայաստանը soft power-ի կիրառման ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ: ԱՄՆ-ը, Եվրամիությունը, վերջերս նաև Ռուսաստանը փափուկ ուժի կիրառման ուղղակի հարոս են տեսնում մեր երկիրը: Ընդ որում, Ռուսաստանը մեծագույն հաջողությամբ զուգակցում է soft power-ը hard power-ին: Օրինակները բազում են: Սկսած Եվրասիական միության անդամակցության չպարտադրվող պարտադրումից մինչև գազի սակագնի պատմությունը: Իսկ մե՞նք: Մենք որոշակիորեն տեղավորվում ենք ուրիշների խաղերում ու չունենք հակախաղ: Հակախաղ, հարկավ, կա: Տարբերակներ կան: Բայց մենք գերադասում ենք ժամանակի վրա խաղը, որը վաղուց ու բոլորին հայտնի է, ի սկզբանե տանուլ տրված պարտիա է, որովհետև այն, ինչ այսօր ստանում ես իբրև հաջողություն (եթե, իհարկե, ստանաս), վաղվա ձախողումդ է: Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում հայացք նետել հարևան Իրանի վրա, որ պատրաստ է հարևանին գազ տալու Ռուսաստանից էժան գնով (չենք էլ փորձում բանակցել այս հարցով, որովհետև ոչ թե աշխարհը մեզ չի հասկանա, այլ առաջին հերթին Ռուսաստանը): Մենք ոչ մի կերպ չենք պատրաստվում «Հայռուսգազարդի» մեր բաժնեմասից չհրաժարվել գազի սակագնի դիմաց: Նույն պատճառով: Եվ Ռուսաստանի hard power-ի դիմաց նույնիսկ մեր soft power-ը կիրառել չենք փորձում: Իսկ խոսում ենք անվերջ ու անխուսափելի հաջողությունների մասին: ՈՒ նաև զարմանում ենք, որ միջազգային ասպարեզում մեզ մեր հզորությանը համարժեք չեն ընդունում: Զարմանում, թե զայրանում ենք եվրոպացիների կրկնակի ստանդարտների կիրառումից, հիմնովին մոռացած, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, բայց` երկկողմանի դրսևորման: Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ի soft power-ը ենթադրում է ամերիկյան ժողովրդավարության ու արժեքների տարածում, բայց չունենք ժողովրդավարության մեր պատկերացումները ու մեր արժեքները չենք պաշտպանում: Կրկնել սիրում ենք, իմանալն ավելորդ ենք համարում: Ինչո՞ւ, ուրեմն, Ռուսաստանն իր «Հայրենակիցներ» ծրագիրը չկատարի` Հայաստանի հաշվին վերաբնակեցնելով Սիբիրը: Ինչո՞ւ եվրոպացիները թղթի ժողովրդավարություն չտարածեն մի երկրում, որ իր արժեքային համակարգը չի էլ որոնում: Ինչո՞ւ ԱՄՆ-ը օրեցօր չընդլայնի իր soft power-ը` աստիճանաբար Հայաստանը դիտարկելով ոչ թե անկախ պետություն, այլ տարածաշրջանի մաս: ՈՒ չասենք, որ այս ամենի պատճառը Լեռնային Ղարաբաղի չլուծված հարցն է: Վաղուց արդեն այդ հարցի չլուծումը հետևանք է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Ի վերջո, ո՞վ քաղցրաբլիթը թողած կնախընտրի մտրակը: Ոչ ոք: Իհարկե: Որովհետև պրագմատիկ մտածողությունը տեղնուտեղը կթելադրի` քաղցրաբլիթը համով է, մտրակը` ցավոտ, ուրեմն ընտրություն չկա էլ: Իսկ եթե ընտրություն չկա էլ, ոչ մի տարբերություն hard power-ի և soft power-ի միջև, եթե, իհարկե, դու power-ի տերն ես: Վաղուց ժամանակն է, որ որևէ իրադարձություն, գործընթաց, ծրագիր գնահատվի ոչ թե ընթացքի, այլ արդյունքի չափանիշով: Սա էլ այբուբեն է: Իսկ ընդհանրապես օգտակար է ոչ միայն քաղցրը, այլև ցավը: