Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական, նախագահական և տեղական մարմինների ընտրությունների անցկացման առնչությամբ միջազգային արձագանքը միշտ մի տեսակ խտացած է լինում ուշադրությամբ և արտահայտչաձևերի առումով։ Եվրոպական կառույցները` Եվրամիությունն ու Եվրախորհուրդը, մի շարք եվրոպական պետություններ և Թուրքիան միանգամայն բացասական վերաբերմունք են ունեցել այդ ընտրությունների նկատմամբ։ Ռուսաստանը համեմատաբար չափավոր ձևակերպումներ է օգտագործել, իսկ ԱՄՆ-ը, փաստորեն, իր վերաբերմունքը հայտարարության ձևով չի արտահայտել, պատրաստակամություն հայտնելով շարունակելու «ֆինանսական օգնությունը Կովկասի այդ շրջանի հայ բնակչությանը»։ Միջազգային արձագանքը հայտնի չափով հուզականություն է պարունակում, ինչը կարող է ներգործել ԼՂՀ-ում ու Հայաստանում քաղաքական շրջանակների, ընդհանուր առմամբ նաև հասարակայնության անվստահության մեծացման վրա։ Հարկ է նշել, որ պետությունների ու տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ԼՂՀ ցանկացած մակարդակի ընտրությունների հանդեպ նման վերաբերմունքը ԼՂՀ-ի քաղաքական ղեկավարության պատասխան արձագանքին չի արժանացել, որը, երևի, նախընտրել է գրավել նույնիսկ ոչ թե սպասողական, այլ ուղղակի հայեցողական դիրք։ Այդ դիրքորոշման պատճառը, հնարավոր է, հետևանք է իր քաղաքական ռեսուրսների թերագնահատման, նախագահի բուն ընտրությունների գործոնի, Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակի անորոշության և տարաուղղություն արտքաղաքական վերլուծության բացակայության։ ԼՂՀ-ի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը, փաստորեն, խրախուսում է արտաքին միջավայրի այդ վերաբերմունքը այնպիսի կարևոր գործի նկատմամբ, ինչպիսին ներկայացուցչական և գործադիր մարմինների ընտրություններն են։ ԼՂՀ արձագանքը հիմնականում արտահայտվել է քաղաքացիական հասարակության հաստատությունների կողմից։ Մեր խնդիրն է որոշակի վերլուծություն կատարել, գնահատել ստեղծված իրավիճակը և, թերևս, որոշ առաջարկություններ անել։
Հարկ է ուշադրության առնել հետևյալ հանգամանքը. վաղուց է հասկանալի դարձել, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Հայաստանի իշխանությունների հետ միաբան սփյուռքյան կազմակերպությունները ոչ մի ջանք չեն գործադրել ԼՂՀ-ի ճանաչման խնդիրներն առաջ տանելու ուղղությամբ, ինչը, իհարկե, պայմանավորված է արտաքին կողմերի առաջարկություններին չհակառակվելու ցանկությամբ։ Դա նպաստել է Հայաստանի իշխանությունների հարմարավետ գոյատևմանը, և նրանք, անմռունչ ու շատ հետևողական, խաղացել են իրենց դերը ղարաբաղյան հարցի շուրջ իրավիճակի ծավալման գործում։ Ընդ որում, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միանգամայն համերաշխորեն Հայաստանին արգելել են անգամ ակնարկ անել ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին։ Նման վիճակում չեն եղել ո՛չ Աբխազիան, ո՛չ Օսիան, ո՛չ էլ, առավել ևս, Կոսովոն։ Դրա պատճառով կորսվել է այն արժեքավոր ժամանակը, երբ ուժերի հաշվեկշիռը Հարավային Կովկասում ավելի նպաստավոր էր։ Դրա հետ մեկտեղ, անցել է նաև այն շրջանը, երբ հայացքները ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ երկրներում ժամանակավրեպ էին, և ԼՂՀ-ի անկախության հարցը ենթարկված էր միարժեք դիրքորոշման։ ԱՄՆ-ը բացահայտորեն վերանայել է այն կանխադրույթները, որոնք երկար ժամանակ իր աշխարհաքաղաքականությունը փակուղի էին մտցնում։
Եվ այսպես, ԼՂՀ-ի ճանաչման հարցը կարող է միանգամայն օրախնդիր դառնալ, եթե այդ ուղղությամբ աշխատանք տարվի։ Իսկ գոնե մեկ անգամ այդ հարցը բարձրացվե՞լ է առաջատար պետությունների խորհրդարաններում։ Ո՞վ պետք է զբաղվի դրանով։
Կասկած չկա, որ շահագրգիռ պետությունները բավական տեղեկացված են ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական ու սոցիալական գործընթացների մասին։ Այդ տեղեկությունները կան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի ոչ միայն պետական հիմնարկություններում, այլև առաջատար վերլուծական և հետազոտական կենտրոններում։ Խզում կա համաշխարհային լրատվամիջոցների և Արևմուտքի ու Ռուսաստանի վերլուծական ընկերակցության տեղեկացվածության մակարդակում։ Դա նշանակում է, որ ԼՂՀ իրավիճակի մասին այդ տեղեկությունները ծառայողական են և, հնարավոր է, փակ։
Վերջին ժամանակներս շահագրգիռ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները ակտիվորեն զբաղվում էին ԼՂՀ-ի մասին տեղեկություների հավաքմամբ ու համակարգմամբ` օգտվելով քաղաքական-գաղափարախոսական տարբեր ուղղությունների փորձագետների ծառայություններից։ Եթե առաջ Արևմտյան ընկերակցության պետությունների հիմնարկներում ստանդարտ, հանրահայտ գնահատականներ էին հնչում Հայաստանում և ԼՂՀ-ում շարունակվող և խորացող տնտեսական ու սոցիալական ճգնաժամի մասին, որոնք հիմնված էին ՀՀՇակենտրոն ընդդիմության և հայկական սփյուռքի որոշ «քաղսպասարկման» կազմակերպությունների քարոզչական գործունեության վրա, ապա հիմա այդ գնահատականներն արմատապես փոխվել են այլընտրանքային փորձագետների պրոֆեսիոնալ գործունեության շնորհիվ։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ու Եվրոպական ընկերակցության գործառական կառույցներն ու հիմնարկները հասկացել են, որ ԼՂՀ-ում տեղի են ունենում քաղաքացիական հասարակության ձևավորման, տնտեսական ոլորտի և վարչակազմի բարեփոխման ակտիվ գործընթացներ, ամրապնդվում են իշխանության օրենսդիր ու գործադիր կառույցները, բարձրանում է նախագահի, կառավարության, քաղաքական և հասարակական խմբերի հեղինակությունը։ Շարունակում են կատարելագործվել զինված ուժերը։ ԼՂՀ բնակչությունը զգալի քաղաքական և քաղաքացիական հասունություն է հանդես բերում, ցուցաբերվում են տարբեր քաղաքական և հասարակական նախաձեռնություններ։ ԼՂՀ իշխանություններն այն հետևությանն են հանգում, որ իրենք պետք է ավելի շատ համագործակցեն հանրային հատվածի և քաղաքական «դաշտի» ավելի հուսալի գործընկերների հետ։ Պետք է ասել, որ ԼՂՀ 2010 թ. խորհրդարանական ընտրությունները, փաստորեն, անցան աննկատ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Դրանք ոչ ոքի չհետաքրքրեցին, որովհետև պարզապես ծաղր էին, ԼՂՀ-ի «քաղաքական պատմության» ամփոփ պատկերը։ Ղարաբաղի հանրությունն ապրում է իր կյանքով, մեծ նշանակություն չտալով իշխանությունների դերին ու գործունեությանը։ ԼՂՀ-ում ձևավորվել է զինվորական մի վերնախավ, կաստա, որոնք նույնպես նշանակություն չեն տալիս իշխանության դիրքորոշմանը, հասկանալով, որ ԼՂՀ-ի ճակատագիրը զինվորական կաստայի և հասարակության ձեռքին է։ Իշխանությունների դիրքորոշումը, որը պայմանավորված է Երևանի հետ հարաբերություններում սպասարկում ապահովելով, ըմբռնումով է ընդունվում զինվորականների ու հասարակության կողմից։ ԼՂՀ-ն ու ղարաբաղյան հարցը մնում են հայ ազգի գերակա խնդիրը, որը, չնայած Հայաստանում և մի շարք արտերկրյա համայնքներում տիրող տնտեսական բարդ իրավիճակին, շարունակում է պաշտպանել «ղարաբաղյան գաղափարը» որպես, փաստորեն, համազգային գաղափար։ ԱՄՆ-ում ու Եվրոպայում ուշադրության են առել այն, որ ղարաբաղյան իրադրության անավարտության, Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքի պայմաններում ԼՂՀ հասարակությունը իշխանության տեղական մարմինների, խորհրդարանի և նախագահի ընտրություններ է անցկացնում, որպես գերակա առաջադրելով սոցիալական և տնտեսական պահանջները։ Այս հանգամանքը Արևմուտքում ¥հնարավոր է նաև Ռուսաստանում, Թուրքիայում և Իրանում¤ ընդունվել է զարմանքով և ստեղծված նոր իրավիճակի նկատմամբ տարակուսանքով։ Միջազգային ընկերակցությունը հայտնվել է, փաստորեն, ծայրահեղ պայմաններում Հարավային Կովկասի մի ոչ մեծ տարածքում լիարժեք ինքնիշխանության ստեղծման իրողության առջև։ Մյուս «չճանաչված» պետությունների` Կոսովոյի, Չեչնիայի, Բոսնիայի, Մերձդնեստրի տարածքում քրեական միջավայրի և ծայրահեղականության օջախների կազմավորման օրինակների կողքին ԼՂՀ-ում ստեղծվել է ազգային ժողովրդավարական պետականություն։ Կարևոր գործոն է այն, որ ԼՂՀ-ն հարմարվել է միջազգային պայմաններին և զարգացման ներկա փուլում որպես գերակա առաջադրում է ոչ թե անվտանգության կամ միջազգային ճանաչման խնդիրները, այլ տնտեսական։ Դա անհանգստացնում է Եվրամիությանն ու Եվրախորհրդին, որոնք Հարավային Կովկասը դիտարկում են իբրև եվրոպական կառույցներին ինտեգրվող տարածաշրջան և որտեղ, հակառակ եվրոպական վարքագծի կանոնների, ստեղծվում է պետական ինքնիշխանության նոր մոդել։ Դա կասկածի տակ է դնում Եվրոպական ընկերակցության բուն համակարգը, որն ստիպված է զիջումներ անել Թուրքիային, ինչպես նաև դիմակայել Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում ԱՄՆ-ի որդեգրած ռազմավարությանը։ Ներկա աշխարհաքաղաքական ռազմավարությունը ամենևին ձեռնտու չէ ԱՄՆ-ին, որը չի կարող բավականաչափ արդյունավետորեն գործել, հատկապես մի շարք տարածաշրջաններում։ ԱՄՆ-ը հասկացել է, որ առկա աշխարհաքաղաքական կառուցվածքը պետք է վերանայվի, և նոր պետությունների ստեղծումը, գոյություն ունեցող որոշ պետությունների մասնատումը, մի շարք տարածաշրջաններում սահմանների վերաձևումը շուտով կդառնան ԱՄՆ-ի օրախնդիր արտաքին քաղաքականության խնդիրները։ Ընդ որում, այդ գործընթացը սկիզբ կառնի Հարավային Ասիայում։
Ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպական ընկերակցությունը ընդունակ չէ իրատեսական, հետևողական քաղաքականություն վարելու այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան։ Այդ և որոշ այլ շրջաններում ակտիվ, «իրատեսական» քաղաքականություն կարող են վարել միայն այն տերությունները, որոնք ապահովել են իրենց ռազմական ներկայությունը։ Եվրոպական պետություններն ու կառույցները ¥այդ թվում` ձևավորվող արագ արձագանքման եվրոպական ուժերը¤ այդ տարածաշրջաններում չունեն ո՛չ համապատասխան նպատակներ, ո՛չ համարժեք շահեր։ Եվրակառույցները նաև Արևելյան Եվրոպայի պետությունների ակնառու հովանավորներ չեն։ Այս կապակցությամբ, եվրոպացիները կարող են իրենց թույլ տալ բացառապես քաղաքական քայլեր, որոնց քչերն են ուշադրություն դարձնում։
Հարկ է նշել, որ տարիներ ի վեր ԱՄՆ-ը ջանքեր է գործադրել չեզոքացնելու ԵԱՀԿ-ի գործունեությունն ու դերը, միջազգային մի կազմակերպության, որտեղ Ռուսաստանն ու եվրոպացիներն ունեն վետոյի իրավունք և որը սահմանափակիչ դեր է խաղում ԱՄՆ-ի արդյունավետ արտքաղաքական որոշումների իրականացման գործում։ Բացի ԵԱՀԿ-ից, ԱՄՆ-ը ջանում է այդ նպատակներին հասնելու համար չեզոքացնել նաև ՄԱԿ-ի և անգամ ՆԱՏՕ-ի դերը։ Միաժամանակ, ԵԱՀԿ-ն Եվրոպայի անվտանգության բազային կառույց է, և եվրոպացիները ձգտում են վերականգնել նրա դերը։ Դա ամբողջ եվրոպական քաղաքականության կարևոր խնդիրն է։ 2001 թ. գարնանը ԱՄՆ-ը կարողացավ առավելագույնս նվազեցնել Մինսկի խմբի և ամբողջությամբ վերցված ԵԱՀԿ-ի դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, և այդ խնդիրը դեպի իրեն «քաշել», ընդ որում բավական «սառեցված» տեսքով։ Եվրոպացիների այդ խնդիրը պահանջում է այլ, ամերիկյանից տարբերվող դիրքորոշում, ինչը ենթադրում է ԼՂՀ-ի և համանման այլ պետությունների համընդհանուր չճանաչման մոդել, Հայաստան-Ադրբեջան ձևաչափով անիմաստ բանակցային գործընթացի պաշտպանություն։ Ներկայումս ԱՄՆ-ը «վերակենդանացրել է» Մինսկի խումբը իբրև «Մեծ եռյակի»` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ¥Եվրոպայի¤ և Ռուսաստանի դիրքորոշումների համաձայնեցման շատ հարմար ասպարեզ։
Եվրոպացիների մյուս խնդիրն է մերժել որոշակի ազգային տարածքների «նոր կարգավիճակի» ճանաչումը։ Սա հրատապ է դառնում, քանի որ ԱՄՆ-ը, երևում է, որոշում է ընդունել ազգային հակամարտությունները կարգավորել այդ տարածքներին որոշակի կարգավիճակ տալու միջոցով, ինչը կապված է Կոսովոյում, Բոսնիայում, Իրաքյան Քրդստանում և այլ տարածաշրջաններում երկարաժամկետ ռազմական բազավորում ապահովելու ԱՄՆ-ի աշխարհառազմավարական խնդիրների հետ։ Կասկած չկա, որ նման տարածքների թիվը կաճի։ Հնարավոր է, որ դա շոշափի Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի և Հարավային Եվրոպայի երկրների շահերը։ ԱՄՆ-ն այդ տարածքների մի մասը աշխարհառազմավարական հեռանկարի առումով համարում է օրախնդիր հարց, մյուսները` ռեզերվային։ Եվրոպայի համար, նրա քաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով, դա շատ անհաճո, անորոշ հեռանկար է։ ԱՄՆ-ը երկար ժամանակ ոչ միայն ԼՂՀ-ն, այլև Հայաստանը համարում էր իր աշխարհառազմավարական ռեզերվ, և այս կապակցությամբ ղարաբաղյան հարցը ԱՄՆ-ի համար խնդիր չէ որպես այդպիսին։ Հայաստանը, ինչպես նաև ղարաբաղյան հարցը ԱՄՆ-ի կողմից հանվեցին ռեզերվից և վերածվեցին Թուրքիայի հավակնությունների զսպման կարևոր գործոնի` թուրք-ամերիկյան հարաբերություններում «բանը բանից անցնելուց» հետո միայն։
Եվրոպացիների դիրքորոշման վրա ազդող գործոնների թվին կարելի է դասել, օրինակ, Կովկասի վրա Եվրոպայի և Ռուսաստանի ազդեցության հավասարակշռման ձգտումը, ինչը հազիվ թե կարելի լինի կարևոր գործոն համարել, չնայած Հարավային Կովկասի երկրներին «մերձավոր հարևանի» կարգավիճակի «շնորհմանը»։ Եվրոպացիները վերջին 20 տարում ամեն ինչ արել են, որ նվազագույնի հասցնեն Հայաստանի սպասելիքները, և բազմիցս ցուցադրել են իրենց պատրաստակամությունը ամենաայլանդակ ձևով անտեսելու Հայաստանի շահերը։ Դրա հետ մեկտեղ, երբ ԱՄՆ-ն սկսեց նոր քաղաքականություն վարել Թուրքիայի առնչությամբ, Եվրոպան էլ սկսեց ավելի բաց քննարկել Հայաստանի դերը որպես Եվրամիություն մտնելու Թուրքիայի փորձերի զսպման գործոնի։ Եվրոպացիների այդ հեղհեղուկ դիրքորոշումը, այսպես թե այնպես, դարձավ գործիք ԱՄՆ-ի ռազմավարության ձեռքին, Թուրքիայի նվաճողամտության զսպման գլխավոր հակազդող գործոն։
Քանի որ եվրոպական քաղաքական դաշտը կարևոր չէ Հայաստանի, առավել ևս ԼՂՀ-ի շահերի համար ¥բացի ԼՂՀ-ի հանդեպ եվրոպական կառույցների դրական վերաբերմունքի թույլ հույսերից¤, կարելի է եվրոպացիների հետ հարաբերությունների օրինակով ցույց տալ Ստեփանակերտի քաղաքականության արդյունավետությունը, նրանց քայլերին ու հայտարարություններին համարժեք արձագանքելու ԼՂՀ-ի ընդունակությունը։
Մեր կարծիքով, անհրաժեշտ է եվրոպացիների այդ դիրքորոշումը շաղկապել ԵԱՀԿ Մինսկի խմբի և առհասարակ ԵԱՀԿ-ի գործունեության հետ։ ԼՂՀ-ում արտքաղաքական հարաբերությունների սուբյեկտը, առաջին հերթին, երկրի նախագահն է։ Երբ մերժվում է ԼՂՀ նախագահի կամ խորհրդարանի օրինակարգությունը անգամ որպես չճանաչված պետության ընտրված մարմինների, ապա դա կասկածի տակ է դնում ԵԱՀԿ-ի որպես նախ և առաջ Եվրոպան ներկայացնող կազմակերպության հետ հարաբերությունների հնարավորությունը։ Կարող են առարկություններ առաջանալ այն առնչությամբ, որ այդ ուղին հանգեցնում է ԼՂՀ-ի մեկուսացման և նվազեցնում նրա ազատության ու արտքաղաքական ճկունության աստիճանը։ Իրականում, ԼՂՀ-ն ոչ մի գնահատելի ասպարեզ չունի արտքաղաքական շփման համար, բացի ԱՄՆ-ից։ Միայն այդ պետությունն է ԼՂՀ-ին կառավարական օգնություն տրամադրում։ Ինչի՞ կարող է հանգեցնել այս դիրքորոշումը։ Նախ, շատ ծանր հետևանքների` ԵԱՀԿ-ի համար, ինչը, անկասկած, կհանգեցնի եվրոպացիների դիրքորոշման վերաիմաստավորման։ Հնարավոր է, դրա համար կպահանջվի որոշ ժամանակ և մի ինչ-որ «ճգնաժամային» շրջան կառաջանա ԼՂՀ արտաքին քաղաքականության մեջ։ Դրանով իսկ ԼՂՀ-ն կհայտարարի իր մասին որպես հակամարտության կողմի, առանց որի բանակցելն անիմաստ է։ Մինսկի խումբը ԼՂՀ է այցելում ասես մի «կիսաարգելված գոտի», ինչը, փաստորեն, ոչինչ չի տալիս ԼՂՀ-ի դիրքերի ամրապնդման առումով։ Այդ իրավիճակը կործանարար է, և ԼՂՀ-ի ղեկավարները պատասխանատվություն են կրում դրա համար։
Այդուամենայնիվ, հենց եվրոպական «դաշտը» հեռանկարում կարևորագույն տնտեսական դեր կխաղա Հայաստանի համար, որքան էլ վճռորոշ լինի ԱՄՆ-ի դերը ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործում, չճանաչված հանրապետությունը հենց Եվրոպայից պետք է անկախության «արտոնագիր» ստանա, թեկուզ ձևական։ ՈՒստի, եթե ԱՄՆ-ի համար ժողովրդավարությունը ԼՂՀ-ում սոսկ ինքնուրույն և ապահով գոյության պատրաստության նշան է, ապա Եվրոպայի համար ղարաբաղյան ժողովրդավարությունը կարևորագույն պայման է։ Եվրոպացիները կցանկանային հեռանկարում ունենալ երկու անհամատեղելի իրավիճակ. նախ, չճանաչված պետությունների անվտանգություն և նրանց շուրջ հակամարտության բացակայություն, ապա ժողովրդավարության բացակայություն և հանդիմանության, ցուցումների ու քաղաքական հաշտարարության առիթ։ Հարկավոր է, որ ԼՂՀ-ի ընտրությունները վերջնականորեն խառնեն եվրոպացիների խաղաթղթերը, նրանց դնեն միանգամայն փակուղային վիճակի մեջ։ Եվրոպացիներն ուղիներ են որոնում ԼՂՀ-ին «ժողովրդավարության ավելի բարձր նշաձող» պարտադրելու համար, ինչը նշանակում է ԼՂՀ-ն վերածել հանրույթի, անվերապահորեն ճանաչել կեղծ մարդասիրական արժեքները ¥օրինակ` ադրբեջանցի փախստականների վերադարձը¤, սակայն ստիպված կլինեն ընդունել ԼՂՀ-ի առանձնահատկությունները և ճանաչել նրա անկախությունը։ Կարելի է չճանաչել «ինքնահռչակ» հանրապետությունները, բայց անհնար է չճանաչել ընտրությունները, այլապես ո՞ւմ հետ պետք է շփվեն արտաքին շահագրգիռ կողմերը։ Սա առանցքային փաստարկ է, և այս բանը պիտի պնդեն ԼՂՀ իշխանությունները, չնայած վտանգների գոյությանը։ ԼՂՀ իշխանություններին մերժել այդ քաղաքականության վարումն ու այդ դիրքորոշումը` քաղաքական հանցագործություն է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ