Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ռուսները շարունակելու են աջակցել Հայաստանի ներկայիս վարչակազմին և ընդդիմանալ «գունավոր հեղափոխություններին»

Ռուսները շարունակելու են աջակցել Հայաստանի ներկայիս վարչակազմին և ընդդիմանալ «գունավոր հեղափոխություններին»
19.08.2008 | 00:00

ԱՄՆ-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԶՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Հայաստանում աշնան սկիզբն ավանդաբար քաղաքական գործընթացների ակտիվացման ժամանակաշրջան է։ Եվ ինչպես հայտնի է, հայրենի ընդդիմությունը խոստացել է սեպտեմբերի 5-ի հանրահավաքով ակտիվացնել իր գործունեությունը։ Մինչդեռ աշխարհում այսօր ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը հատկապես մեր տարածաշրջանի երկրներից պահանջում է վարել մինչև մանրուքները հաշվարկված, ճշգրիտ քաղաքականություն։
Կարող ենք արձանագրել, որ «հնգօրյա պատերազմի» արդյունքում, իսկ միգուցե և ավելի վաղուց հաշվարկված մտադրությունների շնորհիվ Վրաստանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի իր երկու նախկին ինքնավարությունները։ Բայց դրան զուգահեռ Մոսկվան էլ կարող է զրկվել Վրաստանի վրա ազդեցության կարևոր լծակներից, ու դրա արդյունքում Թբիլիսին տարեվերջին ՆԱՏՕ-ին անդամակցելու երկար սպասված հրավերը կստանա։ Այդ պայմաններում Հայաստանը, որպես «ռուսական պլացդարմ», մնում է ողջ Հարավային Կովկասի՝ դեպի ՆԱՏՕ ինտեգրման միակ խոչընդոտող գործոնը։ Այդպիսով Հայաստանն իր ազդեցության գոտում «ֆորպոստի» կարգավիճակում պահելու խնդիրը Ռուսաստանի համար ձեռք է բերելու ոչ միայն չափազանց կարևոր նշանակություն, այլև այդ հանգամանքը ստիպելու է Մոսկվային՝ Հայաստանի քաղաքական դաշտում էլ իր նախապատվությունների առումով առաջնորդվել «ձիերին գետանցին չեն փոխում» հայտնի ռուսական սկզբունքով։
Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ մեր արմատական ընդդիմության «վոյաժները» դեպի Մոսկվա, հավաստիացումները, թե ռուսական շրջանակներում իրենք արժանացել են համապատասխան ըմբռնման և աջակցության, իրականում արթմնի երազների շարքից են։ Դաժան իրականությունն արդեն տարիներ շարունակ ապացուցում է, որ նման իրավիճակներում Ռուսաստանը շարունակում է գործել միօրինակ, կոշտ, բայց փորձարկված մեթոդներով և որպես իր քաղաքականության կենսագործման հիմնական հենարան է դիտարկում իշխանությունը՝ վարչական և քրեատնտեսական իր ռեսուրսներով։ Ավելին, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում գործող իշխանական համակարգն ընդհանուր առմամբ շատ կազմակերպված է, բնույթով տոտալիտար, ժողովրդից կտրված և արատավոր։ Իսկ դա միանգամայն համապատասխանում է բոլոր այն չափորոշիչներին, որոնց առկայությունը հնարավորություն է տալիս արտաքին ուժերին, տվյալ դեպքում` Կրեմլին, իրագործելու իրենց անհրաժեշտ մանիպուլյացիաները և պաշտպանելու իրենց շահերը երկրի ներսում։
Այլ բան է, որ կան կարծիքներ, թե Հայաստանի ներկա իշխանություններն Արևմուտքի հետ իրենց սիրախաղերով մտահոգում են Մոսկվային։ Այդ դեպքում, սակայն, ռուսները կարող են դիմել այդ վարչակարգի քաղաքականությունը սրբագրելու քայլերի։ Օրինակ, փոխարինել ներկայիս վարչապետին ավելի կանխատեսելի, հուսալի և հարմար քաղաքական ֆիգուրով, ի դեմս նախկին նախագահ Քոչարյանի։ Այս մասին արժե, որ մտահոգվեն արմատական ընդդիմության առաջնորդները, որովհետև Կրեմլի ներկայիս կառավարիչների համար ամենամեծ ողբերգությունը եղել է ԽՍՀՄ-ի փլուզումը, և նրանք, իհարկե, չեն մոռացել Տեր-Պետրոսյանի «Միությունը մեռած է» հայտնի հայտարարությունը 1990-ին։ Այսինքն, առաջին նախագահը Մոսկվայում իրենց մարդը համարվելու ընկալումը չունի։ Եվ անկախ այն բանից, թե օլիգարխիական համակարգի երկու թևերից որն է ավելի ընդունելի Մոսկվայի համար, ռուսները շարունակելու են աջակցել Հայաստանի ներկայիս վարչակազմին և ընդդիմանալ «գունավոր հեղափոխություններին»։
Իսկ այս պարագայում վստահորեն կարելի է արձանագրել, որ հանրության հիմնական շերտերի հիասթափվածության, Տեր-Պետրոսյանի կերպարի ոչ միանշանակ հանրային ընկալման, ընդդիմադիր կոնգրեսին իշխանությունների կողմից ռևանշիզմի պիտակ փակցնելու իշխանական փորձերի պարագայում, գումարած լուրջ արտաքին աջակցության բացակայությունը, արմատական ընդդիմությանը հազիվ թե հաջողվի սեպտեմբերի 5-ին նախատեսված հանրահավաքով սկսել պերմանենտ հեղափոխական գործընթաց։ Ավելին, Հայաստանում կարող է կրկնվել վրացական վաղեմի և վատթարագույն սցենարներից մեկը, երբ Շևարդնաձեի իշխանության վերադարձի ժամանակ նրա և Գամսախուրդիայի կողմնակիցները կրակում էին միմյանց վրա, իսկ ժողովուրդը մի կողմ քաշված դիտորդի դերում էր։
Ընդդիմությունը չի կարող հուսալ նաև Արևմուտքի աջակցությունը։ Քանի դեռ չի հաջողվել հանգուցալուծել ռուս-վրացական կոնֆլիկտը, միամտություն է կարծել, թե Արևմուտքը ժամանակ և միջոցներ կգտնի Հայաստանի ներսում ընդդեմ ռուսական ազդեցության ինչ-որ գործընթացներ հրահրելու։ Թեկուզ, անշուշտ, Ռուսաստանի թուլացումը տեսանելի հեռանկարում մնում է ԱՄՆ-ի հիմնական խնդիրներից մեկը և ամրագրված է ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների ազգային անվտանգության հայեցակարգում։ Փաստ է նաև այն, որ ԱՄՆ-ն աշխատում է տարածաշրջանային տերության կարգավիճակից զրկել Ռուսաստանին՝ նրա սահմանների երկայնքով գտնվող երկրներն իր ազդեցության դաշտ վերցնելու ճանապարհով։ Պատմական այս ռևիզիոնիզմին պետք է շատ լրջորեն վերաբերվել, սակայն բուն Հայաստանում ԱՄՆ-ի գործողությունները կրել և կրում են երկարաժամկետ ազդեցության հաստատման էվոլյուցիոն բնույթ։ Այն պետություններում, ուր ռուսամետ տրամադրությունները գերիշխող են, ԱՄՆ-ն առաջնորդվում է այդ մոտեցմամբ՝ դանդաղ, բայց հաստատուն կապեր հաստատելով քաղաքական, հատկապես իշխանական էլիտայի հետ, ձգտելով աստիճանաբար ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել այդ էլիտայի վրա, որը մեր դեպքում իր կոմպրադորական էությամբ շատ խոցելի է բազմաթիվ քաղաքական և տնտեսական «մեղքերի» տեսանկյունից և միանգամայն համապատասխան է ԱՄՆ-ի և եվրոպական շահերն աստիճանաբար գերակայող դարձնելու առումով։ Ամերիկյան այդ ծրագիրը համակարգային է և ժամանակատար, բավականաչափ փորձարկված է ներկա իշխանությունների վրա, որոնք, Կրեմլին հավատարմության երդումներ տալուն զուգահեռ, միաժամանակ բավական հնազանդորեն ընթանում են արևմտյան քաղաքականության նախանշած ուղղությամբ՝ աստիճանաբար արևմտյան «ստանդարտի» բերելով ինչպես օրենսդրական բազան, այնպես էլ հանրային տրամադրությունները։
Ըստ այդմ, արժե Հայաստանի արմատական ընդդիմության վերնախավին հիշեցնել, որ ինչպես երկիրը, այնպես էլ իրենք արտաքին որևէ ուժի համար հետաքրքրություն կարող են ներկայացնել միայն քաղաքական իմաստով ինքնաբավ լինելու դեպքում։ Այսինքն, իբրև ուժ, որն ընդունակ է ներքին խնդիրների սեփական լուծումներն ապահովելու, իսկ արտաքին դաշտում՝ վարելու իրատեսական քաղաքականություն՝ իր ձգտումները համապատասխանեցնելով միջազգային քաղաքականության հիմնական միտումներին։ Եվ քանի որ մեզանում վերջերս շատ ընդունված է դարձել վրացական օրինակներով առաջնորդվելը, ապա արժե վերհիշել բոլորովին հակառակ դաշտից մի փաստ. հարաբերական առումով ոչ այնքան վաղուց Ռուսաստանը սվիններով ընդունեց Սերգեյ Բաղապշին՝ իբրև Աբխազիայի նախագահի թեկնածուի։ Նրա նկատմամբ, ինչպես սովորաբար, որդեգրվեցին վարկաբեկման ոչ գեղեցիկ և կտրուկ մեթոդներ։ Սակայն միջազգայնորեն ճանաչված պետություն չունեցող աբխազներն իրենց դիրքորոշմամբ ապացուցեցին, որ իրենց ընտրության տերն են և փաստի առաջ կանգնեցրին Կրեմլին ու ողջ ռուսական փորձագիտական հանրությանը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱն

Դիտվել է՝ 5623

Մեկնաբանություններ