«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Քանի դեռ օձը ծովից դուրս չի եկել

Քանի դեռ օձը ծովից դուրս չի եկել
01.02.2021 | 11:30

2121-ի փետրվարն սկսվեց: Հայոց փետրվարը նոր պետականության պատմության մեջ հասցրել է մի քանի անգամ շրջադարձային դառնալ: 1988, 1998, 2008: Այդ տրամաբանությամբ 2018-ն էր լինելու հաջորդ շրջադարձը, և՝ եղավ: Ժամանակները ոչ միայն արագացել են, այլև անկանխատեսելի են դարձել:


Հոմերոսի ժամանակներում ընդունված էր մարդկանց գործողությունները բացատրել աստվածների միջամտությամբ: Երբ, հոգնած Տրոյայի ապարդյուն պաշարումից, Ոդիսևսը առաջարկեց փայտե ձի կառուցել ու ձևացնել, թե հեռանում են քաղաքից, հաստատ չգիտեր, թե հետո ինչ կլինի: Կառուցեցին, թաքնվեցին փայտե ձիու մեջ, ձևացրին, թե հեռանում են: Տրոյայի պարիսպներից տեսան հեռացող պաշարողներին, հրճվեցին, որ հաղթել են, տեսան փայտե ձին ու մտածեցին, թե իրենց նվեր են թողել, ստուգելու համար մի քանի նետ արձակեցին, ձին մնաց տեղում, և որոշեցին բացել դարպասներն ու քաղաք քաշել ձիուն: Անկապ որոշում, որի դեմ ապստամբեց միայն մեկ տրոյացի՝ Լաոկոոնը: Նա փորձեց արգելել փայտե ձին քաղաք տանելը, և ծովից դուրս եկած հսկա օձը հարձակվեց Լաոկոոնի վրա, որպեսզի չխանգարի, որդիները եկան հորն օգնության ու երեքին էլ օձը ճզմեց: Տրոյացիները, չգիտես ինչու, օձի հայտնությունը համարեցին ձին քաղաք տանելու հրահանգ, թեև նույն հաջողությամբ կարող էին հասկանալ արգելք՝ տեսնելով իրենց համաքաղաքացիների դաժան մահը: Երեքի մահից մինչև բոլորի կործանում անցումը բարդ թռիչք չէր, բայց նրանք ուզում էին ձին ունենալ, և նրանց բոլոր որոշումները ունեին միայն այդ ելակետը՝ ձին տանել Տրոյա: Տարան: Հետագան հայտնի է՝ Ոդիսևսը դուրս եկավ փայտե ձիուց, և՝ ավարտվեց տրոյական պատերազմը: Քաղաքը պարտվեց: Աստվածների կա՞մքն էր, թե՞ աստվածների նախանշանները չհասկանալու կամ սխալ մեկնելու հետևանք: Մարդիկ սիրում են մեղավորներ որոնել ամեն տեղ, բայց ոչ իրենց որոշումներում: Եվ ընտելացել են իրենց բոլոր սխալների համար բացատրություններ գտնել ամեն տեղ, բայց ոչ իրենց արարքներում: Միշտ է Լաոկոոնը պարտվելու օձին, որը ծովից դուրս է գալիս երբեմն նաև հենց այնպես, բայց ավելի հաճախ իբրև զգուշացում: Իսկ մարդկությունը պարբերաբար ամրոց է տանում տրոյական ձին, որ հետո ում ասես, բայց ոչ իր կամքով պայմանավորի իր սխալը կամ պարտությունը: Տրոյական ձիերի երամակը դոփում է քաղաքակրթության պատմության էջերում, ու ոչ մի Պեգաս նրանցից առաջ չի անցնում, որովհետև մարդկությունը ամեն ինչ սկսում է զրո կետից՝ միանգամայն համոզված, որ ինքն է գոյության միակ ելակետը: Ավելին՝ այլընտրանք չկա:
Իր փոփոխությունների մեջ գերարագացած ժամանակն անգամ տարակուսելու ու վերագնահատումի չի մղում: Բաբելոնյան աշտարակը երբևէ կառուցելու միակ շանսն այդպես էլ ոչնչացվում է՝ հավերժորեն 00 կետից կյանքը սկսելիս զրոյացնում ես ոչ միայն նախորդներիդ, այլև հաջորդներիդ գոյության փորձը: Ու դոփում են տրոյական ձիերը՝ անգամ առանց ոդիսևսների, վերանում են լաոկոոնները, օձերն ալարում են ծովից դուրս գալ:
Այն, ինչ կատարվում է 2021-ի Հայաստանում, պատմական ծաղր է հայոց պատմության նկատմամբ: Մենք մեր պատմությունից ոչինչ չենք սովորում, մենք մեր պատմությունը չենք հասկանում, մենք մեր պատմությունը չգիտենք: Որևէ մեկը մտածե՞լ է՝ ինչպես 1918-ին անբանակ Հայաստանը հաղթեց Սարդարապատում, իսկ 1920-ին կորցրեց պետականությունը: Իսկ պետք էր մտածել:


«Խոսքով՝ ամեն ինչ իրենց համար, գործով՝ ինչպես մեզ է հարմար» սկզբունքով դեֆակտո քաղաքականության մեջ Ռուսաստանը եղել ու մնում է սեփական շահերի պաշտպանության դաշտում, որտեղ որևէ այլ պետության շահ ածանցյալ է, որտեղ չեն եղել, չկան ու չեն լինելու գործընկերներ՝ ոչ ուժեղ, ոչ թույլ: Որովհետև ուժեղին ենթարկվում են, թույլին՝ ենթարկում: Ռուսական քաղաքականության սկզբունքները նախանախանախապատմական են և փոփոխության անենթակա՝ ցարերից՝ ԽՍՀՄ, ԽՍՀՄ-ից՝ ՌԴ: Ռուսաստանը ստանձնում է մեկ պարտականություն, բայց իրեն վերապահում 11 իրավունք միաժամանակ, որ հնարավորություն է տալիս որևէ պարտականություն չկատարել: Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը, կարծում եմ՝ չարժի մանրամասնել:


Տարածաշրջանում տեկտոնիկ փոփոխություններ են, ու դարձյալ այն տպավորությունն է, որ Հարավային Կովկասում Հայաստանը չունի դաշնակիցներ, ինչպես չունի աշխարհում: Եթե նույնիսկ այդ տպավորությունը խաբուսիկ է, մտածելու տեղիք է տալիս: Ակնհայտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չի համապատասխանում ՀՀ շահերի պաշտպանության հրամայականին: Փաստացի ստեղծված իրավիճակում կա 2 տարբերակ: Առաջինը՝ ոտքից գլուխ հանձնվել Ռուսաստանին ու մնալ ՌԴ նախագահի ողորմածությանը՝ քաղաքական հարցերում, տնտեսական, սոցիալական ու անգամ մշակութային: Երկրորդը՝ պահպանել ու զարգացնել ինքնիշխանությունը, դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, ռեալ համագործակցություն զարգացնել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, ոչ միայն առևտրատնտեսական, այլև քաղաքական ու ռազմական: Առաջին տարբերակով ունենալու ենք ձևական ապահովվածության զգացում, բայց ոչ իրական պաշտպանվածություն, երկրորդ տարբերակով զարգացնելու ենք տնտեսությունը, դանդաղ, բայց ոտքի ենք կանգնելու: Երկու տարբերակներն էլ այս պահին անիրական են: Ինչու՞: Որովհետև Հայաստանի քաղաքական ուժերը պետության ապագայի մասին մտածելու փոխարեն նետվել են հանուն իշխանություն մրցավազքի մեջ, ու այդ պայքարը նրանց համար միակ արդարն ու հնարավորն է: Քչերը, թերևս, նկատեցին, որ նոյեմբերից փետրվար ոչ մի հաջողություն չարձանագրած 16-ում արդեն շատ մեծ ճեղք կա՝ եթե բոլոր կուսակցությունները պնդում են, որ չեն մասնակցի արտահերթ ընտրություններին, ոչ մի կուսակցություն չունեցող Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է: Ինչպես-ը տեխնիկական հարց է, կարևորը փաստն է, որ 16-ի ներսում ռեալ իշխանություն ունեցող անձանց մեջ ռեալ են իրավիճակի տարընթերցումները: Լաոկոոնը այս անգամ էլ ծովից դուրս եկած օձին չի հաղթելու, որովհետև Լաոկոոն պարզապես չկա: Եվ ստացվում է, որ քաղաքական ուժերը Հայաստանում խաղում են տրոյական ձիու դերը՝ կամա, թե ակամա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մինչ 2020-ի մեզ համար ահավոր պատերազմից հետո տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս երկները փորձում են իրենց տեղն ու դերը հաստատել նոր ստատուս քվոյում և հնարավորինս իրավիճակը իրենց օգտին դարձնել, Հայաստանն ու Արցախը, կարծես, իրենց Լուսնի վրա են զգում ու տարածաշրջանի տեղաբնիկները լինելով՝ դարձել են այլմոլորակայիններ: Ինչու՞: Ցիկլ է փոխվել, իսկ մենք մեզ դեռ նախորդ ցիկլում ենք զգում ու չենք իմաստավորում կատարվածը:


Համոզված ենք, որ մեր տրոյական ձիերը երբեք Պեգաս չեն դառնալու, այլ՝ մեծացնելոււ են տրոյական երամակը մատակներով, որոնք երբեք նժույգ չեն դառնա, որովհետև տիրոջը բեռնաձի է պետք: Ու մեզ համար հարց չէ անտիկ քանդակագործը Լաոկոոնի հիմարությո՞ւնը, թե՞ պայծառատեսությունն է հավերժությանը հանձնել: Վատիկանում հանգրվանած քանդակը խորհրդանշում է հնազանդությո՞ւն, թե՞ հակառակություն ճակատագրին ու իրավիճակ փոխելու կամք: Ոչինչ, քանդակը ոչինչ չի խորհրդանշում, քանդակը փաստն է արձանագրում՝ տարընթերցումների իրավունքը թողնելով յուրաքանչյուրիս: Արվեստը տեղնուտեղը կվերանար, եթե մարդը կատարյալ լիներ: Կատարելության ճանապարհն անցնում է ոչ միայն արվեստի միջով, այլև մտածողության ու նրա եզրահանգումների իրականացման անմիջական միջոցի՝ քաղաքականության: Մտածելու շքեղությունը թույլ տվեք ձեզ, քանի դեռ օձը ծովից դուրս չի եկել:

Դիտվել է՝ 10001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ