ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պուտինը գնում է հանրաքվեի

Պուտինը գնում է հանրաքվեի
02.06.2020 | 10:57

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխությունների համառուսական քվեարկությունը նշանակվել է հուլիսի 1-ին: Հանրաքվեն պետք է լիներ ապրիլի 22-ին, բայց հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Սահմանադրության փոփոխությունները նախատեսում են նախագահական ժամկետների զրոյացում: Եթե ռուսաստանցիները կողմ քվեարկեն Հիմնական օրենքի նորացմանը, Պուտինը 2024-ին կկարողանա քվեարկվել հերթական 6-ամյա ժամկետով: Հուլիսի 1-ը՝ իբրև քվեարկության օր Սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ առաջարկել է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան: «Ես կարծում եմ, որ եթե Ռոսպոդրեբնադզորի ղեկավար Աննա Յուրևնա Պոպովան մասնագետների հետ համաձայնություն տան՝ ելնելով սանիտարա-համաճարակային իրավիճակի բարելավման միտումներից, համառուսական քվեարկության լավագույն ժամկետը հուլիսի 1-ն է»՝ ասել է նա: Պամֆիլովան առաջարկել է թույլ տալ քաղաքացիներին քվեարկել 7 օրում: Պուտինը համաձայնել է ԿԸՀ նախագահի առաջարկին: «Իրոք, հուլիսի 1-ը լիովին համապատասխան օր է քվեարկության համար: Նախ՝ իրավական տեսակետից անթերի է՝ 30 օր հետո: Երկրորդ՝ համաճարակի դեմ պայքարի իրավիճակի բարելավման պայմաններում մենք մեկ ամիս ունենք, որ լրացուցիչ քայլեր կատարենք իրավիճակի բարելավման համար»՝ ասել է նա: Պուտինը նաև խորհրդակցել է լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի հետ՝ չի՞ խանգարի հուլիսի 1-ի քվեարկությունը պետական միասնական քննության անցկանցման հարցով: Նախարարը հաստատել է, որ չի խանգարի:


Աշխատանքային խմբի հանդիպման սկզբում Պուտինը դեմ արտահայտվեց քվեարկությունը հունիսի 24-ին՝ հաղթանակի շքերի օրն անցկացնելուն: «Պետք չէ ոչինչ խառնել, դա առանձին դարաշրջան է մեր երկրի կյանքում»՝ ասել է նա:
Ведомости-ին հղում անելով կրեմլամերձ իր աղբյուրներին՝ երեկ գրել էր, որ Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը կլինի հունիսի 25-ից՝ հաղթանակի 75-ամյակի շքերթի հաջորդ օրը: «Իշխանությունները հույս ունեն օգտագործել հաղթանակի շքերթի միավորող էֆեկտը, ոգևորությունն ու դրական լիցքերը»՝ բացատրել է թերթի զրուցակիցը: Թերթի մեկ այլ աղբյուր նշել է, որ իշխանությունները ցանկանում են նշել իշխանության ևս մեկ հաղթանակ՝ վիրուսի դեմ, որ մարդկանց տրամադրությունը բարձրանա, և ու այդ համապատկերում անցկացնեն Սահմանադրության հանրաքվեն: Որ իշխանությունները ցանկանում են քվեարկությունը անցկացնել «համաճարակի դեմ հաղթանակի տոնի մթնոլորտում» նշել են և BBC-ի աղբյուրները: Մայիսի 31-ին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտի Պեսկովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման եթերում պատմել է, որ նախագահի աշխատակազմում հույս ունեն, որ մինչև հունիսի 24-ը, երբ Մոսկվայում հաղթանակի շքերթ կանցկացվի, կորոնավիրուսի տարածման պատճառով մտցված սահմանափակումները արդեն հանված կլինեն: Եթե համաճարակային իրավիճակի պատճառով ինքնամեկուսացման ռեժիմը քվեարկության օրը որևէ կոնկրետ ռեգիոնում հանված չլինի, տեղական իշխանությունները կամ ժամակավորապես կբեկանեն թվային և այլ թույլտվությունները կամ հատուկ անցագրեր կտան ընտրատեղամաս գնալու համար՝ ասում էին BBC-ի աղբյուրները: Ռոսպոդրեբնադզորի՝ ընտրատեղամասերի համար նախապատրաստած կանոններով՝ քվեարկությունը կարող է մի քանի օր տևել, իսկ մարդկանց կուտակումները բացառելու համար պետք է կազմակերպական աշխատանք կատարել՝ ուղղված ժամանակի մեջ քվեարկության մասնակիցների հոսքերի սահմանազատմանը: Ռեգիոնալ ընտրատեղամասերին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում առավելագույնս քվեարկությունը բաց տարածքում անցկացնել: Բոլոր ընտրողներին կապահովեն ձեռնոցներով ու բժշկական դիմակներով: Քվեարկողների անվտանգությունը համավարակի ժամանակ նախագահի աշխատակազմի համար ունի ոչ միայն գործնական, այլև քաղաքական նշանակություն: Կրեմլի համար առանցքային միտքն է՝ ապահովագրվել քարոզչությունից, որ բնակչությանը քշում են սպանդանոց՝ ինչ է թե Պուտինը հավերժ կառավարի: Սահմանադրության փոփոխությունների առաջարկով Պուտինը հանդես եկավ հունվարի 15-ին Դաշնային ժողովում ուղերձում: Մարտի 11-ին օրենք ընդունեց Պետդուման, նույն օրը հավանություն տվեց Դաշնային ժողովը, մարտի 13-ին հավանություն տվեցին բոլոր ռեգիոնների օրենսդիր ժողովները: Սահմանադրության փոփոխությունը թույլ կտա Պուտինին ևս երկու անամ ընտրվել՝ կառավարելով մինրև 2036-ը:
BBC


Հ.Գ. Հետաքրքիր է, որ երեկ ոչ միայն Ռուսաստանը վճռեց սահմանադրական հանրաքվեի հարցը, այլև՝ Հայաստանը: Բայց Պուտինը գնում է հանրաքվեի, Հայաստանը՝ բեկանում է հանրաքվեն: Կորոնավիրուսը Ռուսաստանում շարունակվում է, օրական վարակակիրներն ու մահերը շատ են, սակայն ՌԴ իշխանությունը հայտարարում է, որ պիկն անցել է, իրավիճակը կայունանում է՝ իբրև ապացույց հունիսի 24-ին պատրաստվում է հաղթանակի 75-ամյակի շքերթ անել:


Ինչու՞ է Պուտինը շտապում: Շքերթը կարթնացնի ռազմահայրենասիրական ոգևորություն, ու ռուսները կողմ կքվեարկեն իր պաշտոնավարմա՞նը: Իսկ եթե հաշվարկը սխա՞լ է: Կորոնավարակից առաջ էլ ՌԴ նախագահի վարկանիշն ընկնում էր՝ սկսած կենսաթոշակային բարեփոխումից: Կորոնաճգնաժամ, մեկամսյա «վճարովի արձակուրդ», գործազրկության աճ, տնտեսական անկում, և՝ հանրաքվե: Ցարի հաշվարկներում ինչ-որ խառնաշփոթ է:
Երեկ Աժ-ն ընդունեց «Հանրաքվելի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ։ Կողմ քվեարկեց 83, դեմ՝ 16 պատգամավոր։ ԼՀԿ-ն ձեռնպահ էր, ԲՀԿ-ն՝ դեմ։ Հայաստանը գնաց ՍԴ հարցը ԱԺ-ում լուծելու ճանապարհով: Հարցի արժեքը տարբեր է՝ Պուտինը չէր կարող Պետդումայում հարց լուծել ու համարվել լեգիտիմ նախագահ: Համենայն դեպս՝ միջազգային ասպարեզում: Բայց ՌԴ Սահմանադրության փոփոխությունը դեռ չի նշանակում, որ Պուտինը կառաջադրի իր թեկնածությունը 2024-ին ու կհաղթի ընտրություններում, եթե, իհարկե, մրցակցային լինեն: Նա ապահովության բարձիկ է ստեղծում: Ինչպես արել է իր համար Սի Ձինպինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ