Այն տպավորությունն է, որ թե նախարարը, թե փոխվարչապետը, թե վարչապետը ձեռքը թափ են տվել Covid-19-ի վրա՝ հասկանալով, որ ի վիճակի չեն վերահսկել իրավիճակը: Կիրակի օրը կորոնավիրուսային «տրիումվիրատը»՝ վարչապետը, փոխվարչապետն ու նախարարը, երկար դատողություններ էր անում արածի ու անելիքի վերաբերյալ, բայց արդեն երեկ նախարարը ԱԺ-ում հայտարարեց, որ հիվանդանոցներում ընդամենը 350 ազատ մահճակալ կա: ՈՒ եթե համեմատենք վարակվածների ու առողջացածների ամենօրյա թվերը, վարակվածները քառակի շատ են ամեն օր, բայց «տրիումվիրատից» ոչ ոք այդ մասին չխոսեց: Գուցե այն պատճառով, որ ասելիք չկար: ՈՒ՝ անհասկանալի է, որ պանդեմիայի մասին դատողություններ են անում բոլորը, բայց ոչ ԲԺԻՇԿՆԵՐԸ: Անհասկանալի է՝ ինչ չափանիշներով է վարչապետը շնորհակալ պարետին ու նախարարին, եթե նրանց աշխատանքը ոչ թե ԱՐԴՅՈՒՆՔ, այլ՝ ՀԵՏԵՎԱՆՔ է ստեղծել: Ծանր հետևանք:
Կառավարության հակաճգնաժամային ծրագրերի կատարման արդյունավետության վկայություն են վարչապետի զանգերը քաղաքացիներին, որ վկայում են՝ օգնության անմատչելիությունը կամ անհասցեականությունը: Իսկ ընդհանրապես՝ դա վարչապետի գործը չէ: Սուպերնախարար Արայիկ Հարությունյանի գործն է, որ զեկուցում է հեռավար ուսուցման հաջողությունների մասին կառավարության նիստերում, բայց հազարավոր երեխաների այդ ուսուցումն անհասանելի է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գործն է, որ նույնպես կառավարության նիստերում զեկուցում է ծրագրերի մասին, որոնցից օգտվելը անհնար է նրանց համար, որ չունեն համակարգիչ ու սմարթֆոն: Հավելեք՝ ծրագրերի տեխնիկական անկատարությունը: Պարետը այս ամենը կամ չգիտի, կամ իր համար մեկ է. ինքը հրամանները տալիս է՝ ով ուզում է կատարի:
Զավեշտ է, որ ամբողջ հակաճգնաժամային ծրագիրը վարչապետը վերածեց կոմունալ ծախսերի վճարման հնարամիտ քայլերի հայտնագործման: Որքան հնարամիտ, այնքան անկապ: Հայտարարվել էր մայիսի 14-ին, բայց մայիսի 4-ից կարանտինը Հայաստանում հանվում է, որքան էլ կոչվի մասնակի: Եվ դա հարկադրական քայլ է, որովհետև բնակչությունը չի կարողանում… կոմունալները վճարել: Ի՞նչ կարող է լինել: Ոչինչ: 14 օրից Covid-19-ի տարածումը կհաշվենք հազարներով, ախտանիշներ չունեցողներին հիվանդանոցներից տուն կուղարկեն՝ վարակելու տան մնացած անդամներին ու բազմապատկելու հիվանդացածների թիվը: Նախարար Արսեն Թորոսյանը ստիպված կլինի հետ կանչել թոշակառու բժիշկներին՝ հաշվի չառնելով տարիքային ռիսկը, և մայիսի վերջին կհայտարարի, որ վիրուսին հաղթել ենք, որովհետև ձևավորվել է կոլեկտիվ իմունիտետ: Կարևոր չէ՝ այդպես է, թե ոչ:
Եվ որովհետև մենք միշտ և ամենուր հաղթում ենք՝ կոռուպցիայից մինչև կորոնավիրուս, ամեն ինչ կավարտվի բնակչությանը անկարգապահության ու անհասկացողության մեջ մեղադրելով, հարազատներ կորցրածներին՝ հեռահար ցավակցելով ու… վերջ:
Առավելագույնը հունիսից կանցնենք կյանքի բնականոն ռեժիմի՝ արդեն անիմաստ կլինի որևէ սահմանափակում ու անօգուտ` որևէ որոշում: Իսկ բողոքողներին կասվի, որ ամբողջ աշխարհն է պայքարում, ամբողջ աշխարհն է պարտվում, քանի դեռ չկա հաստատված դեղամիջոց ու պատվաստանյութ, ամբողջ աշխարհում է ճգնաժամ ու գործազրկություն, պետք է դիմանալ: Մենք կհաղթենք, մենք հպարտ հայ ենք: Հարցեր կա՞ն: Չկան: Անցանք առաջ: Առատության եղջյուրից ամբողջ աշխարհում էլ մանանա չի հորդում, բայց հասկանալով իրավիճակի ամբողջ բարդությունը, ֆորսմաժորային կառավարման քայլեր են ձեռնարկվում՝ համախմբելով պետության բոլոր ռեսուրսները: Իսկ Հայաստանում Covid-19-ի միայն պոլիտիկոդեմիայի մասն է լիարժեք գործառնում: Պետության բոլոր ռեսուրսների համախմբման ոչ մի քայլ չձեռնարկվեց, հակառակը՝ զարկ տրվեց ներքաղաքական թնջուկներին: Վարչապետի թեթև ձեռամբ պատերազմ հայտարարվեց Հայ առաքելական եկեղեցուն: Մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին այն կառույցն է, որ ոչ միայն համախմբում է Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հավատացյալներին: Վերջապես՝ գաղտնիք չեն եկեղեցու էկումենիկ իրավասությունները, և ուրեմն՝ միջազգային կապերն ու ազդեցությունը համաշխարհային քաղաքականության ձևավորման վրա: Հատկապես Հայ առաքելական եկեղեցու: Նույնքան ու ավելի մեծ թափով շարունակվեցին «օլիգարխիկ պատերազմները»: Անվանեք նախահեղափոխական խոստում, կամ հետհեղափոխական քաղաքականություն, փաստը մնում է փաստ, որ պետությունը հույսը դրել է ոչ թե արտադրությունը վերականգնելու ու զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու ու արտահանման մեծացման, այլ «նախկին հանցավոր ռեժիմին» ունեզրկելով բյուջեն լցնելու վրա: Այսինքն՝ շատ արագ, անհավանական արագ հեղափոխությունը կտրվեց ժողովրդից ու վերածվեց իշխանական խաղերի, որտեղ բոլորը զինվորիկներ են ու ամեն պահի կարող են զոհաբերվել: Բայց, որքան էլ պարադոքսալ է, ոչինչ չի լինելու. Covid-19-ի ոչ մի հետևանքից վարչապետը որևէ եզրակացություն չի անելու: Գործելու է «Շրջադարձին ձիերին չեն փոխում» սկզբունքը, թեպետ «Տանջահար ձիերին գնդակահարում են»՝ ինչպես ամերիկյան հայտնի ֆիլմում է: Իշխանությունը ինքն իր վրա կկրակի միայն մեկ դեպքում՝ եթե վստահ լինի, որ գնդակը չի դիպչի: Մինչդեռ կային ու կան բազում հնարավորություններ, որ կորչում են, որովհետև ՄԱՍՆԱԳԵՏ լինելը Հայաստանում այդպես էլ ոչ միայն պատվաբեր չդարձավ, այլև արհամարհվեց: Կա մեդալի հակառակ կողմն էլ՝ Հայաստանում օրեցօր ակտիվանում են արտաքին ֆինանսաքաղաքական աջակցություն ստացող ուժերն ու անձինք, որ գործում են ԱԺ-ում ու ԱԺ-ից դուրս՝ կատարելով հավերժական «հինգերորդ շարասյան» դերը, նպատակ ունենալով ապակայունացնել վիճակը՝ խաղը դնելով սոցիալական վիճակից դժգոհ մարդկանց վրա: Գտնվելու են նաև ուժեր, որ իրենց հայտարարելու են ոչ հին, ոչ նոր ու համախմբման կոչեր են անելու խիստ ազգային օրակարգի շուրջ՝ հասնելու իշխանափոխության, և, իհարկե, արդարության: Իրականում՝ ընդամենը ձևավորելու են կեղծ օրակարգ և խնդիր են դնելու ապակողմնորոշումը: Օրեցօր շատանալու են պետությանն ու ժողովրդին իրենց փորձը, գիտելիքը, կապերը անշահախնդիր օգտագործելու պատրաստակամություն հայտնողները, բայց ինչպես Հրանտ Մաթևոսյանն է ասել. «Պետությանը գող ծառաներ պետք չեն»: Այս խառնաշփոթում կանցնի ամառը: Աշնանը ոչ ոք չի հիշի պսևդոարտակարգ դրությունն ու ձախողված կամ պաշտոնազրկված պարետին, չի փորձի առողջապահության նախարարի չկատարած քայլերը համեմատել այլ երկրների առողջապահության նախարարների քայլերի հետ՝ սկսած սանիտարական նորմերից մինչև թեստավորում, հիվանդանոցային բուժման հնարավորություններ, դիահերձում: Որովհետև սա Հայաստանն է, ու՝ վերջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ճգնաժամի հիերոգլիֆը Հայաստանում երբեք չի կարդացվի «Շանս» իմաստով, որովհետև ոչինչ չի փոխվել. ոմանք կորցրել են իշխանությունը, ոմանք՝ գտել: Եվ ինչպես միշտ՝ ոչ ոք պատրաստ չէր ոչ կորուստներին, ոչ ձեռքբերումներին: Պրոբլեմները՝ սկսած պետության կառավարումից մինչև Covid-19-ը, ոչ թե լուծվում, այլ շրջանցվում են, բոլորը տարված են գործողությունների իմիտացիայով, ժողովրդին մնում է ձևացնել, թե ապրում է: Հայաստանում օրական միջինը 15 մահ է գրանցվում քաղցկեղից, ոչ ոք արտակարգ իրավիճակ հայտարարել չի մտածում, թեպետ մահացության այդքան բարձր թվի պատճառը ոչ թե բուժում չլինելն է, այլ չորրորդ ստադիայում ախտորոշումը, իմա՝ բուժսպասարկման անմատչելիությունը և չկանխարգելումը: Մեկ մարդու մահը ողբերգություն է, տասնյակներինը՝ վիճակագրություն: ԱՄԷ-ում ցողունային բջիջների միջոցով COVID-19-ի բուժման մեթոդ է մշակվել, տասնյակ երկրներում տասնյակ դեղեր են փորձարկվում, Հայաստանում առողջապահության նախարարը հիվանդանոցներ է փակում՝ արդյունավետ կառավարման անվան տակ: Ողջ լերուք: Եթե կստացվի:
Խեղդվողների փրկության գործը խեղդվողների գործն է: Փրկօղակի մի սպասեք: Դուք պուրիմի տոն չունեք, իսկ պուր հրեերենից թարգմանաբար նշանակում է ԺԱՄԱՆԱԿ: Եվ եթե չունեք ժամանակի ՏՈՆ, ուրեմն ժամանակը առօրյա է, կամ մատներից հոսող ավազ, որ քար չի դառնում: Համենայն դեպս՝ «Stay home»: