Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ով ականջ ունի, թող լսի

Ով ականջ ունի, թող լսի
27.10.2017 | 11:54

Տարածքային հրդեհներն ու երաշտը կկարողանայինք կանխել, եթե թույլ չտայինք, որ հանրապետությունում «արտադրված» 8 մլն խմ ջուրը «փախչեր» հարևան երկրներ, այլ պահ տայինք մեր հողերին: Պարզվում է՝ դա կարելի էր այդպես անել, բայց չարեցինք: Ինչու՞…
Նշված բնական աղետների պատճառը այսօր համարում են ջերմային բարձր ֆոնը և տեղումների սակավությունը:


Բնապահպանների հավաստմամբ՝ այս իրավիճակը առաջիկա տասնամյակներում ավելի է սրվելու. հողի խոնավությունը նվազելու է մոտավորապես մեկ երրորդով, օդի ջերմաստիճանը բարձրանալու է:
Եվ եթե ընդունենք, որ թե՛ երաշտը, թե՛ հիմնականում դրանով պայմանավորված տարածքային հրդեհները հողի խոնավության պակասի արդյունք են, ապա պիտի փաստենք, որ մեզ սպասում են ծանր ժամանակներ` հատկապես շրջակա միջավայրի հրդեհային անվտանգության պահպանման և գյուղատնտեսության ոլորտներում:
Մինչդեռ, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հավաստմամբ, մեր երկրով տարեկան անցնում է 8 մլրդ խմ ջուր, որից ամբարվում է 1,2-1,3 մլրդ խմ, այսինքն` ընդհանուրի մոտավորապես 15 %-ը:
Անցնող տարին ցույց տվեց, որ ամբարվող ջրի քանակը շատ քիչ է բուսաբուծությունը երաշտից փրկելու համար. նյութական վնասը նշանակալի էր: Խոշոր հաշվով խնդիրը չլուծեց նաև Սևանից հավելյալ ջրառը: Միակ մխիթարությունը թերևս այն էր, որ ջրովի բուսաբուծությունում չունեցանք տարածքային հրդեհներ, համատարած երաշտ:
Դրությունը բոլորովին այլ է անասնապահության ենթակա հողատարածքներում. վիճակագրության համաձայն՝ այդ տարածքները (արոտներ, խոտհարքներ, այլ հողեր) կազմում են հանրապետության ընդհանուր մակերեսի 76,5 %-ը, անջրդի են, և ինչպես ցույց տվեց անցնող տարին, ավելի են հակված երաշտի` խոտածածկույթի չորացմանը և, որպես հետևանք, պատահական կայծից դրանց բռնկմանը և հրդեհի տարածմանը:
Այս իրողությունների պայմաններում ի՞նչ է արվում հանրապետությունում վիճակը շտկելու, երաշտն ու տարածքային հրդեհները կանխելու համար:
Կառուցում ենք Վեդու ջրամբարը, որը կկուտակի 29 միլիոն խորանարդ մետր ջուր, կարժենա մոտավորապես 60 միլիոն եվրո և կոռոգի 4000 հեկտար տարածք: Կկառուցենք ևս 10 փոքր ջրամբար: ՈՒ վե՞րջ…


Մոտավոր հաշվարկներով այդ բոլոր ջրամբարների ընդհանուր տարողունակությունը կկազմի 70 միլիոն խորանարդ մետր, ինչը հանրապետությունից «փախչող» ջրաքանակի մոտավորապես 1 տոկոսն է, կամ Սևանից այս տարվա հավելյալ ջրառի 70 տոկոսը: ՈՒրեմն ի՞նչ… Եթե Աստված մի արասցե, այս տարվա ջերմային ֆոնը և սակավաջրությունը հետագա տարիներին էլ կրկնվեն (բնապահպանները դա չեն բացառում), դարձյալ ունենալու ենք հրդեհավտանգ, երաշտի իրողություն, դարձյալ դիմելու ենք Սևանին:
Եվ դա այն դեպքում, երբ այդ ամենի կանխարգելիչ ուժը` ջուրը, անարգել հոսում է հարևան երկրներ:
Թվում է՝ խնդրի լուծումը ջրամբարների քանակի շեշտակի ավելացումն է: Բայց նախ, դա խիստ թանկ հաճույք է (հանրապետությունից «փախչող» 7 միլիարդ խորանարդ մետր ջուրը ամբարելու համար կպահանջվի մոտավորապես 15 միլիարդ ԱՄՆ դոլար) և, երկրորդ, այդ ջրամբարները լուծելու են համեմատաբար հարթավայրային բուսաբուծության ջրարբիացման, երաշտի կանխման խնդիրները:


Բայց երաշտն ու հրդեհները բռնկվեցին նախալեռնային և լեռնային տարածքներում` արոտներում, խոտհարքներում և այլուր, որոնք, ինչպես արդեն ասվեց, հանրապետության ընդհանուր հողային մակերեսի գերակշռող մասն են` 76,5 տոկոսը:
Ստացվում է՝ խնդրի լուծումը պետք է սկսել հենց այս տարածքներից: Սակայն սարերում ջրամբարներ չես կառուցի, ու անձրևաձնհալ, թափառող ջրերը, «փախչելով» հանրապետությունից, կշարունակեն աջակցել երաշտավտանգ, հրդեհավտանգ իրավիճակների (ինչպես դա տեղի ունեցավ այս տարի), ջրհեղեղների (հիշենք Արթիկի մոտակա անցյալի ջրհեղեղը) կայացմանը, լվալով հողաշերտերը` հազարավոր տոննաների հասնող հումուսը տեղափոխելով արտերկրներ, հողը զրկելով պտղաբերելու իր հիմնական գործառույթից (փորձագետ Գագիկ Մկրտչյանի հավաստմամբ՝ 50 տարի հետո Հայաստանում վարելահող չի մնա), սարալանջերը ամբողջովին կվերածվեն հեղեղատարների, լուրջ վնաս հասցնելով արոտային տնտեսությանը, խոտհարքներին (հիշենք, որ միայն արոտներից և խոտհարքներից հանրապետությունը ստանում էր ամենաէժան և որակյալ կաթնամսամթերքի 70 տոկոսից ավելին, իսկ երաշտն ու հրդեհը դա զրոյացնում են, իմա՝ թանկանում են խոտը, կաթնամսամթերքը (կարագն ու միսը արդեն թանկացել են), սրվում են կենցաղային խնդիրները:


Գումարային արտահայտությամբ նշված վնասները կարող են կազմել միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ:
Հասկանու՞մ են արդյոք այս ամենի վտանգը երկրի կառավարիչները, փորձու՞մ են գտնել խնդրի լուծման տարբերակները՝ համախմբելով գիտատեխնիկական ներուժը, արդյունավետ օգտագործելով այդ նպատակների համար վերցրած միլիոնավոր դոլար վարկերը:
Այս հարցերի պատասխանը առայժմ թողնում եմ ընթերցողներին և, հետևելով երկրի ղեկավարի հորդորներին՝ չսրել իրադրությունը, քննադատելու փոխարեն գտնել փոխզիջումային տարբերակներ, տեղափոխվում եմ զուտ կառուցողական դաշտ, չարաշահելով «Իրատեսի» բարյացակամությունը, ներկայացնելով խնդրի մեր պատրաստի, փորձված լուծումները, առավել ևս, որ կառավարությունն առայժմ լուծումներ չունի:
Եվ այսպես. ինչպե՞ս կանխել երաշտը, տարածքային հրդեհները, ջրհեղեղները, հողատարման երևույթները, ինչպես այս ամենի պատճառ ջրի չարագործ, ավերիչ ուժը վերածել «բան» ստեղծող կենարար ուժի` եռապատկելով արոտների, խոտհարքների բերքատվությունը, բարելավելով խոտի որակը, մեծացնելով գյուղացու շահույթը` դրանով նրան ամուր կապելով մայր հողին: Եվ վերջապես, ինչպե՞ս այս ամենը առանց ավելորդ քաշքշուկների ներդնել արտադրությունում:


Այս խնդիրների լուծման շղթայում առաջնայինը և ամենակարևորը հանրապետությունից փախչող անձրևաձնհալ ջրերն արոտներին և խոտհարքներին «պահ» տալն է, խոնավությունը այնտեղ կուտակելն է: Դա իրագործելու համար հողաշերտը կտրում ենք (ճեղքում ենք), ինչպես կտրում ենք պանիրը, միսը, հացը և այլն: Այդ կտրվածքներով (ճեղքերով` խորությունը 10-12 սմ) կուլտիվատորի թաթիկը իջեցնում ենք ներքև և փխրեցնում խոտածածկույթի արմատային հողաշերտը մոտավորապես 20 սմ լայնքով` ճեղքերի ամբողջ երկարությամբ: Այսպիսով, արոտի, խոտհարքի հողի տակ ստեղծվում են փխրեցված հողաշերտի թունելներ, որտեղ վերևից բացված ճեղքերով լցվում է անրձևաձնհալ ջուրը՝ ստեղծելով հողի խոնավության որոշակի պաշար: Հենց այս պաշարն էլ դիմակայում է երաշտին` բուսածածկույթը չի ջրազրկվում, չի չորանում, ինչն էլ կասեցնում է պատահական` մարդածին թե բնական, կայծերից խոտածածկույթի հրդեհային բռնկումները:
Եթե, օրինակ, սպասվող կլիմայական տարում կուտակված խոնավությունը (շատ թե քիչ) կարող է խաթարել բույսի նորմալ աճը, ապա, կարգավորելով ճեղքի լայնքը, կարող եք կարգավորել նաև խոնավության գոլորշացման չափը:


Փխրեցված հողաշերտը պարարտացնում ենք, ինչը նպաստում է նաև բույսի (խոտի) արմատային զանգվածի հզորացմանը, ինչը ոչ միայն կայունացնում է հողաշերտը, պատնեշում սողանքները, այլև հողի խորքերից ավելի շատ ջուր վերև բարձրացնելով մեծացնում է բույսի վերգետնյա մասը առավել երկար ժամանակ մշտադալար պահելու հավանականությունը՝ գործնականում զրոյացնելով հրդեհների առաջացման հավանականությունը նույնիսկ ջերմային բարձր ֆոնի պայմաններում:
Այս տեխնոլոգիայի կիրառմամբ կանխարգելվում են նաև ջրհեղեղները, հողատարման երևույթները, խորխորատների առաջացումը. աստիճանաբար ջուրը ներառելով փխրեցված հողաշերտերում, նաև ճեղքերի շուրթերի միկրոդիմադրությունների շնորհիվ, նվազում են ջրհեղեղի թափը, ջրհեղեղ զանգվածի ավերիչ ուժը:
Հասկանալի է՝ այս ամենը կատարվում է մեքենայի միջոցով: Լուսանկար 1-ում Լոռվա տոհմաբուծարանի արոտներում աշխատող այդ մեքենան է և նրա գործառույթների արդյունքում արոտի սխեմատիկ կտրվածքը:


Մշակված ճմաշերտի կտրվածքը
1. կտրված ճմաշերտ , 2. փխրեցված հող,
3. խոտաբույսերի սերմեր, 4. պարարտանյութ
Այս նկարը դիտելիս շատերը կառարկեն, թե մեր պայմաններում այն չի կարող աշխատել քարերի առկայության, տեղանքի մեծ թեքության, իսկ անտառներում՝ նաև մեքենայի ընդգրկման մեծ լայնությամբ պայմանավորված անանցանելիությամբ: Բայց մեքենան կարգավորում են այնպես, որ քարի հանդիպելիս բանվորական օրգանը` կուլտիվատորի թաթիկը, շրջանցում կամ հանում է քարը (նկար 2):


Այս խնդիրն ունի նաև բնապահպանական նշանակություն. թույլ, վատ կապակցված հողերում, հատկապես լեռնալանջերին, նպատակահարմար չէ հանել քարերը՝ սողանքներից խուսափելու համար, իսկ հարթավայրային շրջաններում այն օգտակար է: Մեքենան աշխատունակ է նաև տեղանքի թեքությունները հաղթահարելու առումով. մինչև 12 աստիճան տեղանքները ընդգրկում են արոտների ու խոտհարքների 100 տոկոսը:
Երբեմն հնչող կարծիքը, թե բացված ճեղքերով ջուրը կհոսի և կուժեղացնի հողատարման երևույթները, ճիշտ չէ, որովհետև ճեղքերը բացվում են հորիզոնականներով, և ջուրը շարժվում է ոչ թե աջ կամ ձախ, այլ դեպի ճեղքի խորքը՝ ներծծվելով հողի մեջ, ինչն էլ մեր նպատակն է:
Ինչ վերաբերում է անտառներին, ապա ունենք մոտոբլոկի տարբերակը, 80 սմ ընդգրկման լայնությամբ: Այսինքն, եթե մարդն անցնում է անտառով, ուրեմն կանցնի նաև նշված գործողությունները իրագործող մոտոբլոկը:
Լոռվա տոհմաբուծարանի արոտներում մեքենայի փորձարկումները ցույց տվեցին, որ մշակված տեղամասերում անձրևաձնհալ ջրերն ամբողջովին կլանվել են հողում, և որ այդտեղ, ի տարբերություն չմշակվածի, խոտածածկույթը մշտադալար էր և իր բարձրությամբ միջին հաշվով 1,5 անգամ ավելի էր, իսկ պարարտացված արոտում այն ավելի էր 2-3 անգամ:
Հպանցիկ նշեմ, որ պարարտանյութը օրգանական էր՝ տեղական արտադրության վարակազերծված գրանուլացված թռչնաղբ, որի հումքը մեզանում մի տարվա հաշվով անցնում է 300000 տոննայից, և որն այսօր առանց վարակազերծելու, ազոտի զգալի կորստով, մեր թռչնաֆաբրիկաները վաճառում են գյուղացիներին` վարակելով հողը հում թռչնաղբում առկա ախտածին մանրէներով: Սա էլ մեր երկրի գյուղատնտեսությունը տապալելու հաջորդ ռումբն է, երաշտից և տարածքային հրդեհներից ոչ պակաս ավերիչ ուժով, ռուս փորձագետների գնահատականով` ոՏՎոՈ ջՈՎպՊսպվվՏչՏ ՊպռրՑՉՌÿ:
Մինչդեռ կառավարության ղեկավարին պատասխան գրությամբ նախարարները փաստում են հում թռչնաղբից վարակազերծված գրանուլացված պարարտանյութի շահութաբերության բարձր մակարդակը` 31,2 տոկոս, բերքի համեմատական աճը` 20-25 տոկոս, բնապահպանական խնդիրների լուծումը:


Տարեկան միլիոնից ավելի տոննայի է հասնում հանրապետությունում «արտադրված» գոմաղբը, որն այսօր կեղտոտում է շրջակա միջավայրը, իր գարշահոտությամբ և ճանճերի բազմությամբ խաթարում գյուղական տուրիզմը, մինչդեռ, ինչպես և թռչնաղբը, վերամշակվելով կարող էր զգալիորեն ավելացնել գյուղացու շահույթը:
Տասը տարուց ավելի է, ինչ օրենք ենք ընդունել օրգանական գյուղատնտեսության մասին, բայց շարունակում ենք միլիոնավոր դոլարներ ծախսել քիմիական պարարտանյութ ներկրելու, դրանք սուբսիդավորելու վրա: Մինչդեռ առկա են խնդրի լուծման պատրաստի, բազմիցս փորձարկված, այդ թվում՝ նախարարությունների հավանությանը պաշտոնապես արժանացած լուծումները, որոնք սակայն ոչ մի կերպ չեն ներդրվում, որովհետև բախվում են չինովնիկների անձնական շահերին:


Սա այլ թեմա է. որի մասին կխոսենք առանձին, բայց սա նաև հենց այն խնդիրն է, որն անմիջականորեն առնչվում է երաշտի, հրդեհների հետ:
Թեք տեղանքներում «անձրևաձնհալ» հողին ջուրը «պահ» տալու խնդիրը դիտարկելիս նշենք, որ դրանք ինչ արագությամբ էլ կազմավորվեն, գործնականում չեն ներծծվում հողում, հատկապես արոտներում, որը հանրապետության տարածքի կեսից ավելին է, որովհետև կենդանիների և տեխնիկայի ծանրությունից հողը կորցնում է ծակոտկենությունը (բույսի նորմալ աճի համար այն պետք է կազմի հողազանգվածի մոտավորապես կեսը, մինչդեռ միայն խոշոր եղջերավոր անասունների կշռից հողի մեկ քսմ-ի վրա ճնշումը միջին հաշվով 10 կգ է), պնդանում, գործնականում վերածվում է ջրանթափանցիկ շերտի, ինչի արդյունքում բույսի արմատները ջուր և սնունդ չեն ստանում, թերաճ են, հակված չորացման, երաշտի, իսկ չներծծված ջրազանգվածը թեքությունների վրա ահագնանալով, հարևան երկրներ «փախչելիս», ինչպես արդեն նշեցինք, լվանում է հողազանգվածը, առաջացնելով խորխորատներ, իր հետ տանելով հումուսը, ավերելով շրջապատը:
Այսպիսով, երաշտի, տարածքային հրդեհների դեմ պայքարի մեր առաջարկած տեխնոլոգիան, մեքենան, որն ամրագրված է ՀՀ հեղինակային իրավունքով, իրատեսական են, աշխատունակ մեր պայմաններում:


Մեքենայի տեխնիկատնտեսական ցուցանիշներն են. արտադրողականությունը՝ 1,5 հա/ժ, ընդգրկման լայնությունը՝ 2,8 մ, բանվորական արագությունը 5,6 կմ/ժ, սպասարկող անձնակազմը` տրակտորիստ, տրակտորը՝ ՄՏԶ80 (82):
Հաշվարկները ցույց են տալիս, որ մի մեքենան (5 ամիս 8-ժամյա աշխատանքի դեպքում) կմշակի 1800 հա տարածք, ծախսերը մեկ հեկտարի հաշվով կազմում են 8528 դրամ, օգուտը մեկ հեկտարից (խոտի բերքի աճից¤` 44657 դրամ: 1,2 մլն հեկտար արոտ և խոտհարք մշակելիս մաքուր օգուտը մեկ տարվա հաշվով մոտավորապես 90 միլիոն ԱՄՆ դոլար է:
Հրդեհների առաջացման պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միայն այս տեխնոլոգիայով և մեքենայով հնարավոր չէ դրանք ամբողջապես կասեցնել: Խնդիրն այն է, որ մեր արոտներում, խոտհարքներում շատ են չուտվող թունավոր բույսերը: Գյուղնախարարության տվյալներով՝ դրանք ընդհանուրի մոտավորապես 70 տոկոսն են: Արոտային շրջանում կենդանին շրջանցում է դրանք, ուտում հարակից «ուտվող» խոտը, տեղ բացելով ոչ պիտանի խոտաբույսի առաջխաղացմանը, տարածմանը սերմերի միջոցով: Բնականաբար, այդ բույսերը ոչ ոք չի հնձում-հեռացնում, և պատահական կայծի դեպքում դրանք բռնկվում են` հրդեհավտանգ օջախներ ստեղծելով: Այս առումով արոտների և խոտհարքների գերակշռող մասը` 70 տոկոսը, որը չուտվող բույսերի սերմերի տարածմամբ աճելու միտում ունի, աստիճանաբար վերածվում է վառոդի տակառի. բավական է մի փոքր կայծ, և ամբողջ տարածքը բռնկվում է հրդեհով: Այս վտանգի դեմ պայքարի մեքենան ցույց է տրված 3-րդ լուսանկարում:

Մեքենան մանրացնում և գետնին է փռում նշված բուսածածկույթը՝ նվազեցնելով բռնկման հավանականությունը, նպաստելով հողի պարարտացմանը: Մեքենայի տեխնիկատնտեսական ցուցանիշներն են. արտադրողականությունը՝ 0,4 հա/ժ, ընդգրկման լայնությունը` 1,5 մ, բանվորական արագությունը՝ 3-7 կմ/ժ, սպասարկող անձնակազմը՝ տրակտորիստ:

Հարգելի ընթերցող, ես փորձեցի հիմնավորել, որ իմ և իմ գործընկերների ջանքերով մշակված, փորձարկման բոլոր փուլերն անցած, հեղինակային իրավունքով ամրագրված տեխնոլոգիաները և մեքենաները օգտագործելը ոչ միայն կկասեցնի երաշտը, տարածքային հրդեհները, հողատարման գործընթացները, այլև էականորեն կնպաստի խոտի բերքի բազմապատիկ աճին, որակի բարելավմանը, գյուղացու շահույթն ավելացնելուն և դրանով գործազրկության ու աղքատության մակարդակը իջեցնելուն:
Ցավոք, տարիների իմ ջանքերն անցնում են ապարդյուն: Պարզվեց, որ ոչ այնքան դժվար է «նոր բան» ստեղծելը, որքան այն ներդնելը: Իրողության աբսուրդն այն է, որ նշված տեխնոլոգիաների և մեքենաների մասին շահագրգիռ բոլոր նախարարություններն էլ դրական են արտահայտվել, այդ թվում՝ պաշտոնական գրություններով, բայց խնդիրը չի լուծվում, թեպետ դրանց մանրամասները բազմիցս բարձրաձայնվել են «Իրատես»-ում, հեռուստահաղորդումներում և ասուլիսներում:
Թերևս այս իրավիճակի պատճառը կառավարման համակարգում անձնական շահագրգռության բացակայությունն է, որը կարելի էր լուծել ներդրման աջակցողին փաստացի շահույթից նշանակալի մասնաբաժին հատկացնելով: Ցավոք, իմ այս առաջարկությունն էլ մնաց անպատասխան:
Երևի ճիշտ է «Իրատեսի» հեղինակ հարգարժան Սոկրատ Հովսեփյանը. «...կկարդան Ձեր գրածը և կասեն՝ միևնույն է, հիմարները չեն ուղղվում: Եվ նրանք ճիշտ են»:
Իսկ երաշտն ու հրդեհները, ջրհեղեղները, բնապահպանների հավաստմամբ, ավելի հաճախակի են լինելու:

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Նկար 1. Մշակված ճմաշերտի կտրվածքը 1. կտրված ճմաշերտ , 2. փխրեցված հող,  3. խոտաբույսերի սերմեր, 4. պարարտանյութ
  • Նկար 2
  • Նկար 3
Դիտվել է՝ 4960

Մեկնաբանություններ