«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Քաղաքացիական անհնազանդության հայկական տարբերակ կամ՝ «Արժեքների հեղափոխություն»

Քաղաքացիական անհնազանդության հայկական տարբերակ կամ՝ «Արժեքների հեղափոխություն»
10.11.2014 | 17:57

Մեկ տարուց ավելի է, ինչ Երևանի Ազատության հրապարակում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները գտնվում են անազատության մեջ: ԵԽԽՎ չափանիշներով նրանք համարվում են քաղբանտարկյալներ:

2013 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացի, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը Երևանի Ազատության հրապարակում իր սակավաթիվ համախոհների հետ անցկացնում էր շուրջօրյա ակցիա՝ որպես նշանաբան կրելով «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառը: Այդ օրերին նա հարցազրույցներ էր տալիս տարբեր ԶԼՄ-ների (օրինակ, irates.am, 01.11.2013թ.) և հանրությանը բացատրում, թե ինչու է գնացել այդ քայլին և ինչու է ուզում, որ մարդիկ իրեն միանալով պահանջեն իշխանափոխություն: Իր ղեկավարած շարժումը նա անվանել էր «Արժեքների հեղափոխություն»: Շանթ Հարությունյանն ասում էր, որ ինքը մինչև վերջ նվիրվելու է այդ պայքարին, քանի որ ուզում է Հայաստանում հասնել արժեհամակարգի փոփոխության, որի դեպքում իշխանությունները չեն վերարտադրվի փողի, ուժային լծակների ու կեղծիքի միջոցով, իսկ ընդդիմությունն էլ ամեն անգամ ժողովրդին հրապարակ բերելով և հետո նրան մենակ թողնելով իշխանության ապօրինությունների դեմ, չի հիասթափեցնի: Շանթ Հարությունյանի կարծիքով՝ հեղափոխությունը չեն իրականացնում միլիոններով, բայց եթե գտնվեն չորս-հինգ հազար սկզբունքային, պայքարին նվիրված մարդիկ, ապա կարող են իշխող էլիտայի արժեքներին հակադրել իրենց արժեքները, որոնք էլ կհանգեցնեն փոփոխությունների: Իր հարցազրույցներում և դատական նիստերի ժամանակ ունեցած ելույթներում Շանթ Հարությունյանը նշում էր, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները գործում են համաձայն ՌԴ հրահանգների: Դատարանում ունեցած իր ելույթներից մեկում Շանթ Հարությունյանը նշեց, որ այսօր փորձ է արվում վերականգնելու խորհրդային համակարգը, որպեսզի մարդիկ չզբաղվեն քաղաքական գործունեությամբ: Նա միաժամանակ հույս էր հայտնել, որ այդ դատավարությամբ կկարողանա փոխել հանրության պատկերացումները:
Երբ նոյեմբերի 5-ին նա իր համախոհների հետ Գայ Ֆոքսի դիմակներով Երևանի Ազատության հրապարակից փորձեց իրականացնել երթ, ոստիկանների հետ ունեցած բախումների պատճառով նրանց ձերբակալեցին: Շանթ Հարությունյանի հետ ազատազրկվեցին նաև Ալբերտ Մարգարյանը, Ալեք Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Ավետիս Ավետիսյանը, Հայկ Հարությունյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Միսակ Առաքելյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Սևակ Մնացականյանը, Տիգրան Պետրոսյանը, Վահե Մկրտչյանը, Վարդան Վարդանյանը:
Այս տարվա հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրանց դատապարտեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով՝ տուգանքից մինչև 7 տարվա ազատազրկման: Շանթ Հարությունյանի 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ:
Շանթ Հարությունյանի և նրա համախոհների՝ ազատազրկման մեջ գտնվելու մեկ տարվա ընթացքում ի պաշտպանություն նրանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, իրավապաշտպաններն ու քաղաքացիական ակտիվիստները կազմակերպել են տարբեր ակցիաներ: Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները ոստիկանությունում ենթարկվել էին բռնությունների, քննիչի որոշմամբ արգելվել էին տեսակցությունները հարազատների հետ: Հայաստանի մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ՝ Հելսինկյան ընկերակցությունը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, այլք, նրանց ձերբակալման օրվանից ճանաչել են որպես քաղբանտարկյալներ: Նախքան դատավճռի՝ ուժի մեջ մտնելը, մեղադրական եզրակացության հրապարակումից հետո, Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին ԵԽԽՎ չափանիշներով քաղբանտարկյալներ են ճանաչել նաև Ազգային ժողովում ներկայացված «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Իրավապաշտպանները քանիցս ահազանգել են նաև, որ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ տասնհինգամյա Շահենի նկատմամբ իրականացվում է քաղաքական հալածանք: Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը հանդես էր գալիս որպես ակցիաների կազմակերպիչ, իսկ 2013 թ. նոյեմբերի 5-ին նա միջամտել է ոստիկանական գործողություններին, երբ տեսել է, թե ինչպես են իր հոր նկատմամբ կիրառում բռնություն: Ըստ փաստաբան Արա Զաքարյանի՝ կան Եվրոպական դատարանի նախադեպեր՝ որոշումների տեսքով, որոնց համաձայն՝ ոստիկանների ցուցմունքները չեն կարող դրվել մեղադրանքի և մեղադրական դատավճռի հիմքում, եթե դրանք հիմնված չեն այլ ապացույցների վրա և չեն հաստատվում դրանցով:
Հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանին միջնորդեց վերսկսել դատաքննությունը, որի ժամանակ կցուցադրեն մի տեսաերիզ, որը կապացուցի իր պաշտպանյալների անմեղությունը: Ինեսա Պետրոսյանը նշեց, որ տեսաերիզը վերաբերում է ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները հանցագործներ են: Փաստաբանը պահանջել էր վերսկսել դատավարությունը և հարցաքննել երկրի նախագահին: Ինեսա Պետրոսյանի այդ միջնորդությանը միացել էր նաև փաստաբան Արա Զաքարյանը: Վերջինս նշել էր, որ երկրի նախագահի խոսքում առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման օրինակներ, անմեղության կանխավարկածի խախտում, ուստի և՝ պահանջել էր, որ նրան հրավիրեն և հարցաքննեն որպես վկա: Դատարանը մերժել էր այդ միջնորդությունը՝ այն պատճառաբանությամբ, որ պաշտոնատար անձանց խոսքը հիմք չէ: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն էլ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ասել էր, որ երկրի նախագահին հարց են տվել, ինքն էլ իր կարծիքն է հայտնել: Փաստաբանները պնդում են, սակայն, որ երկրի ղեկավարը, արտահայտելով իր կարծիքը, թույլ է տալիս անմեղության կանխավարկածի խախտում:
Հայտնի է, որ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարանում, և, եթե սպառվեն ներպետական ատյաններում արդարության հասնելու բոլոր ռեսուրսները, այս գործը կարող է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այս տարի, նոյեմբերի 5-ին էլ Երևանի Ազատության հրապարակից Շանթ Հարությունյանի համախոհները կազմակերպեցին երթ՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նրանք ներկայացել էին քաղբանտարկյալների նկարներով և Գայ Ֆոքսի դիմակներով: Երթի ժամանակ ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի քաղաքացիական ակտիվիստների, հետո նրանց ազատ արձակեց: Ոստիկաններին զայրացրել էին Գայ Ֆոքսի դիմակները, որոնք այդ օրն ընդունված է կրել ամբողջ աշխարհում, Անոնիմուսների երթի ժամանակ: Այս ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախաձեռնությամբ նկարահանվել է նաև Շանթ Հարությունյանի և նրա համախոհների մասին պատմող «Շանթ» ֆիլմը:
Հայաստանը տակավին խորհրդային արժեհամակարգից լիովին չձերբազատված երկիր է, ինչն արտահայտվում է միջազգային պայմանագրերով և Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքական ու քաղաքացիական իրավունքներն իրացնելիս: Եվ քաղաքացիական անհնազանդության այսպիսի օրինակները միայն խորհրդային մտածողությունից ու արժեհամակարգից ձերբազատվելու առաջին սաղմերն են:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 22879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ